Հա

Ազգային

28/07/2018 - 17:30

Մենք կորցրեցինք լաւագոյն ընկերոջ, լաւագոյն դաշնակցականի, լաւագոյն հայի

Վահէն դաշնակցական ընկեր էր, մեր ընկերն էր, իմ ընկերն էր եւ ընկեր էր՝ բառի լիարժէք իմաստով:

Դժւար ու ծանր է այս առիթով գրել. գրել ընկերոջ մասին, ում հետ մեծացել ես, գրել ընկերութեան մասին, որը երբեք չի ընդհատւել…

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը Վահէ Յարութիւնեանի մահւան առիթով

 

Վահէն դաշնակցական ընկեր էր, մեր ընկերն էր, իմ ընկերն էր եւ ընկեր էր՝ բառի լիարժէք իմաստով:

Դժւար ու ծանր է այս առիթով գրել. գրել ընկերոջ մասին, ում հետ մեծացել ես, գրել ընկերութեան մասին, որը երբեք չի ընդհատւել…

Վահէի հետ դպրոց ենք յաճախել, դասի ժամանակ միասին սովորել ու կարդացել, դասից դուրս միասին ժամանակ ենք անցկացրել, լաւ ու վատ օրեր տեսել, կուշտ ու քաղցած եղել, կռիւներ ենք արել՝ պաշտպանելով հայ աղջիկներին ու ֆիզիկապէս թոյլ մեր դասընկերներին: Միասին հասունացել ենք, ճանաչել մեր ժողովրդին ու աշխարհը եւ պատանեկան տարիների ապրումների ու պրպտումների արդիւնքում ձեւաւորւել է մեր աշխարհհայացքը՝ հիմքում ունենալով ազգն ու հայրենիքը:
Յետոյ արդէն կեանքի աւելի լուրջ փուլ մտնելով եկաւ մեր ցաւի ու խնդիրների համար պատասխանատւութիւն կրելու ու պայքարելու գիտակցումը:

Այն օրերի առաջին գիծը՝ պայքարի ճակատը Լիբանանն էր, վտանգւած էր լիբանանահայութեան ճակատագիրը: Վահէն չէր կարող այնտեղ չլինել: Տեսակով մտաւորական իմ ընկերը չնայած գնաց Լիբանան ուսանելու, բայց նա մշտապէս այնտեղ էր, ուր խնդիր կար, ուր կարող էր օգտակար լինել ու մասնակցել ինքնապաշտպանութեան ընդհանուր գործին:

Նա մարտնչելու պէս ուսանեց: Այնտեղ լինելն արդէն իսկ համարձակութիւն էր, պատասխանատւութիւն: Առաջին գծի մարդ չէր Վահէն, բայց ոչ թէ որովհետեւ պակաս համարձակ էր, այլ առաւել խորիմաստ՝ գիտակցելով, թէ որտեղ կարող է աւելի օգտակար լինել, որտեղ կարող է առաւել արդիւնաւէտ ծառայեցնել իր ընդունակութիւնները ընդհանուր գործին: Նրա համար երբեք կաեւոր չէր հերոսանալը, նրան երբեք բնորոշ չէր իրեն ցոյց տալը: Ինքը մարտիկի, հերոսի կողքին էր իրեն բնորոշ գործով ու դերակատարութեամբ:

Յետոյ արդէն եկաւ հայրենիքի ժամանակը: Արցախեան ազատամարտի թէժացման առաջին իսկ օրերից Վահէն Հայաստանում էր: Ու թէպէտ չկար կուսակցական յատուկ յանձնարարական ինքն արդէն ազատամարտի կազմակերպման գործի կիզակէտում էր:
Մենք կողք կողքի էինք այդ ժամանակ, կողք կողք էինք նաեւ երբ ես ստանձնեցի Բիւրոյի ներկայացուցչի պարտականութիւնը: Վահէն դարձաւ Բիւրոյի գործերի կառավարիչը կամ, ինչպէս մենք ենք ասում՝ Բիւրոյի գործավարը:
Չնայած Վահէի գործը պաշտօնեայի գործ էր, բայց ինքը երբեք չեղաւ պաշտօնեայ, այլ իր երկաթեայ կարգապահութեամբ գաղափարական մաքրութեամբ ու սկզբունքայնութեամբ եղաւ իր կուսակցութիւնն ու կուսակցական ընկերներին ճիշտ գծի վրայ պահողը, չափի մէջ պահողը, ամուր պահողը, կուռ պահողը:

Մենք յաճախ ենք մտավախութիւն ունեցել մեր հաշւետւութիւնների մէջ Վահէն յանկարծ շռայլութիւն չնկատի, որոշումների գործադրման մէջ՝ ծուլութիւն ու թափթւածութիւն, ամէն ճիգ ի գործ դնելու պակաս չնկատի: Մենք յարգանք, ակնածանք ունէինք իր նկատմամբ: Ամօթ պիտի զգայինք, եթէ Վահէի մօտ անգամ աննշան կասկած հարուցւէր մեր անկեղծութեան, շիտակութեան, անշահախնդրութեան հարցերում:

Վահէն խստութեան, կարգապահութեան, գաղտնապահութեան, պատասխանատւութեան, սկզբունքայնութեան մարմնացումն էր, եւ մենք պիտի սովորէինք իրենից:

Իսկական ընկեր էր Վահէն, ով աչք չէր փակում ընկերոջ սխալների, բացթողումների, սայթաքումների վրայ: Եւ գիտեր դրանք ուղղելու ճիշտ ձեւը: Չէր լռում, բայց եւ ասում էր այն ժամանակ, երբ որ պէտք էր՝ առանձին, կողմնակի ուշադրութիւնից հեռու, նուրբ, բայց ճակատային ու համոզիչ: Նա պատասխանատու անձ էր, որ ձիգ էր պահում նաեւ մեզ: Հսկայական ծաւալի աշխատանք էր վերահսկում, կարգաւորում, ղեկավարում եւ այդ ամէնն անում էր ոչ ցուցադրական, լուռ ու աննկատ, բայց ծայրայեղութեան հասնող բծախնդրութեամբ ու խստապահանջութեամբ: Նա դողում էր կուսակցութեան վարկի, կանոնագրի, որոշումների, անգամ՝ գոյքի վրայ:

Նա հաւատարմութեան տիպար էր՝ հաւատարմութիւն կուսակցութեան նկատմամբ ազգի ու հայրենիքի նկատմամբ, ընկերոջ նկատմամբ: Վահէն ունէր արժէքների ամենաարժէքաւորը՝ արդարութեան գիտակցումը: Նրա հաւատարմութիւնը բխում էր իր համոզմունքից, սկզբունքներից, գաղափարախօսութիւնից:

Կուսակցութեան շահը, կուսակցական հաւատարմութիւնը իր մօտ վեր էր ամէն ինչից նոյնիսկ իր պաշտամունքի հասնող ընկերականութիւնից:

Մենք կորցրեցինք լաւագոյն ընկերոջ, լաւագոյն դաշնակցականի, լաւագոյն հայի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։