Հա

Ազգային

29/07/2018 - 10:30

Դաւիթ Իշխանեան. «Մեր պետական, ազգային արժեհամակարգին որոշակի հարւածներ են ուղղւում»

Պաշտօնաթող նախագահներին, տարբեր քաղաքական դէմքերին մեղադրեալի աթոռին նստեցնելը, որոնք իրենց վրայ ժամանակին կրել են որոշակի պատասխանատւութիւն, կարող է մեր համազգային նպատակների, որդեգրած քաղաքականութեան մէջ լուրջ ճեղքեր առաջացնել:

«alikonline.ir» - Պաշտօնաթող նախագահներին, տարբեր քաղաքական դէմքերին մեղադրեալի աթոռին նստեցնելը, որոնք իրենց վրայ ժամանակին կրել են որոշակի պատասխանատւութիւն, կարող է մեր համազգային նպատակների, որդեգրած քաղաքականութեան մէջ լուրջ ճեղքեր առաջացնել: Այս մասին մասին «yerkirmedia.am»-ի հետ զրոյցում՝ անդրադառնալով Հայաստանում կատարւող վերջին իրադարձութիւններին, մասնաւորապէս՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ձերբակալութեանը, ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

Նա նշեց, որ դրանով մեր պետական, ազգային արժեհամակարգին որոշակի հարւածներ են ուղղւում. «Կատարւող իրադարձութիւնները որոշակի մտահոգութիւնների տեղիք են տալիս, որոնք բխում են այսօրւայ մեր կարգավիճակից եւ մեր առջեւ ծառացած մարտահրաւէրներից, որի կիզակէտում Արցախն է: Այն, ինչ տեղի է ունենում իրաւական հարթութեան մէջ, չենք կարող մենք որոշակի գնահատական տալ, բայց մենք ունենք մեր քաղաքական մօտեցումները եւ գնահատականները, որ պարտաւոր ենք այդ մասին երբեմն բարձրաձայնել»:

Անդրադառնալով ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութեանը՝ նա նշեց, որ այն տեղին է ոչ թէ զուտ անձին պաշտպանելու, այլ ընդհանրապէս զարգացումների եւ մեր առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարմանը միտւած մտահոգութիւններով:

«Այդ մտահոգութիւնները մեզ ուղղակիօրէն բերում է ղարաբաղեան դաշտ, Ղարաբաղի հիմնահարց, եւ նկատի առնելով  մեր անցած 25-30 տարիների ազգային պայքարի պատմութիւնը, որոշակի մտահոգութիւնների տեղիք են տալիս: Չպէտք է տարանջատել ներկայ իրողութիւնները մեր ոչ վաղ անցեալի իրողութիւններից: Իրաւական դաշտում յայտնւում են անձեր, անհատներ, որոնք ուղղակիօրէն փոխկապակցւած են մեր ազգային ազատագրական պայքարի հետ եւ իրենց վրայ կրում են որոշակի պատասխանատւութիւն»,- ասաց Դաւիթ Իշխանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։