Հա

Ազգային

31/07/2018 - 10:00

Հանրութեան պառակտում՝ «մեծ սիրոյ» փաթեթաւորմամբ

ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսեանը գրում է.

ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսեանը գրում է.

«Որ համերաշխ հանրութիւնը մեծ ուժ է, կարծեք, ոչ մէկը դեռ կասկածի տակ չի առել: Բայց «մեծ սիրոյ» փաթեթաւորմամբ հանրային պառակտումը սկսւել է, ցաւօք: Ֆէյսբուքը դարձել է ատելութեան մի եռացող կաթսայ, որտեղ հայհոյանքների, իրար ոչնչացնելու, մեղադրանքներ ու լուտանքներ թափելու եւ պաշտպանական ճառերի պակաս չի զգացւում: Իշխանութեան եւ ընտրութիւնների հոտը շատերն արդէն իրենց քթներին են քնում ու հորինում իրենց ճառերն ու բեմական սցենարները՝ կատաղած փնչացնելով այս ու այն կողմ: Կարծում եմ «կարգին» ընտրութիւններն էլ այնքան հեռու չեն:

Սա էլ է նորմալ՝ ներկայ պայմաններում: Բայց աննորմալ է թոյնն ու անհանդուրժողականութիւնը՝ այլակարծութեան նկատմամբ, որին հետեւում է շատ տրամաբանական մի հարց՝ այս ատելութիւնը իրօ՞ք «մեծ սիրոյ» արգասիք է:

«Հանդուրժողականութիւնը» հասել է այնտեղ, որ Լեւոն Տէր-Պետրոսյեանի միակ ճիշտ քայլն է որոկւում Դաշնակցութեան փակումը եւ սա մի ինչ-որ պատահական մարդու զառանցանք չէ: Ծիծաղելի է, որ ոմանք կարդալ գիտեն, բայց հասկանալ՝ ոչ: Եթէ մտահոգութիւն է հնչում երկրի երկրորդ նախագահին եւ նախկին բարձրաստճան զինւորականներին ներկայացւած՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի տարօրինակութեան եւ անկանխատեսելի հետեւանքների մասին, ոմանք դա ընկալում են, որ Դաշնակցութիւնը իրեն դատապաշտպանի տեղ է դրել:

Հանգստացէ՛ք, սիրելիներս, Դաշնակցութիւնը գործընթացները չի անձնաւորում, երբ հարցը վերաբերւում է պետական եւ ազգային շահին: Մենք մեր սկզբունքային դիրքորոշումը 2008-ի մարտի 1-ի վերաբերեալ այն ժամանակ ենք դեռ ասել, հիմա էլ ենք կրկնում. մենք բարիկադների վրայ սպիտակ աղաւնիներ էինք թռցնում, երբ բարիկադի 2 կողմերում իրենց սրերն էին սրում եւ ռեւանշիզմն ու իշխնական կիրքը մթագնել էր բախման պատրաստւողների ուղեղն ու սիրտը: Լեւոնի ռեւանշիզմի մոլի վկաներին՝ ՀԱԿ-ի լեգիոնականներին, կրկին յիշեցնում ենք, որ մենք ազատագրւած հայրենիք չունենք թշնամուն տալու: Դաշնակցութիւնը երեւոյթները կոչում է իրենց անունով:

Մի՛ գնացէք պառակտման ճանապարհով՝ պետութիւնը համախմբիչ դեր ու ֆունկցիա ունի: Մի՛ գնացէք երկրի հեղինակութիւնը վարկաբեկելու ճանապարհով՝ միջազգային հարթակներում հեղինակութեան կորուստն ուղղակի հարւած է մեր անվտանգութեանը: Մի՛ գնացէք երեւոյթներն ընտրողաբար քննելու ճանապարհով, եթէ այդպէս պիտի արւի, ապա անկախ արդարադատութեան նկատմամբ հաւատը խորտակւում է:

Մի՛ վարկաբեկէք բանակը, այն յաղթանակած բանակ է: Մի՛ վարկաբեկէք իրօք վաստակաշատ հրամանատարներին, բոլորը տուշոնկայ գողացող չեն: Մի՛ վարկաբեկէք մեր յաղթանակները, դրանք արեամբ են ձեռք բերւել:

Մի՛ վարկաբեկէք մեր հերոսներին, նրանք մանկամիտ չեն եղել, այլ իմացեալ մահով են անմահացել: Մի՛ վարկաբեկէք մեր եկեղեցուն, այն համազգային եւ հոգեւոր անվտանգութեան մեր կայուն եւ բազմադարեայ Սուրբ Տունն է: Մանկամիտներին մի՛ տւէք «դուխ» եւ քարոզչական էնք, նրանք դեռ բահ բռնած չկան: Մի տարէք մեզ փորձութիւնների նոր ճանապարհներով, մենք որոշ «ժողովրդավարների», աշխարհաքաղաքացիների եւ այլասերւածների մատաղ անելու հայրենիք, պետականութիւն եւ ազգային արժէքներ չունենք:

Մի՛ մսխէք ժողովրդի յոյսը, այն վերականգնելը չափազանց դժւար է:

Մի՛ վարկաբեկէք, վերջապէս, Դաշնակցութեանը, այն դեռեւս միակ համազգային եւ համաշխարհային հայ ազգային-քաղաքական կուսակցութիւնն է, որը միշտ եւ այսօր պատրաստ է կեանքի գնով պաշտպանել Հայաստանի եւ հայութեան բովանդակ շահերը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։