Հա

Ազգային

Հինգշաբթի, 02 Օգոստոսի 2018 10:10

Եկէք հիմա մենք մեզ չխաբենք. Կիրօ Մանոյեանն անդրադարձել է Փաշինեանի յայտարարութեանը

Յուլիսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանն «Ալ Ջազիրա» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի հետ: Այս յայտարարութեան եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ  Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանի հետ:

«alikonline.ir» - Յուլիսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանն «Ալ Ջազիրա» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի հետ: Այս յայտարարութեան եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ  Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանի հետ: 

 

- Պարո՛ն Մանոյեան, վարչապետի յայտարարութիւնն առ այն, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի հետ, այս պահին ճի՞շտ քայլ էր:

- 1991 թ. ի վեր Հայաստանի իշխանութիւնները դա են ասել, որ իրենք պատրաստ են առանց նախապայմանի յարաբերութիւններ սկսել Թուրքիայի հետ: Հիմա վարչապետը նոր բան չի ասել: 

 

- Թուրքիայի ԶԼՄ-ներն այս յայտարարութիւնը որակել են որպէս կարեւոր, անգամ պատմական: 

- Մի թերթ է գրել, մնացածը մանր-մունր կայքեր են: Բայց ո՛չ պաշտօնական արձագանգ կայ, ո՛չ հեռուստատեսութիւնն է անդրադարձել դրան: 

 

- Եւ սա ինչո՞վ էք բացատրում: 

- Նոր չէ, որ Հայաստանի արարքներն ու ասածները Թուրքիայում անտեսւում են, որովհետեւ Հայաստանի հետ յարաբերութիւնները Թուրքիայի համար այսօր առաջնային խնդիր չեն: Եւ հիմա մենք մեզ չխաբենք, որ այս յայտարարութիւնը մեծ արձագանգ է գտել: 

 

- ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալը բացատրում էր հայ-թուրքական արձանագրութիւնների խնդրով: Հիմա կարիք կա՞յ նոր արձանագրութիւնների: 

- Ոչ, այս բոլորից յետոյ Հայաստանի կողմից 3 պարբերութեամբ նախագիծ պէտք է սեղանի վրայ դրւի, որտեղ ասւում է` 2 պետութիւնները որոշել են դիւանագիտական յարաբերութիւն հաստատել, իրենց ցամաքային ճանապարհները բացել, տնտեսական յարաբերութիւններ զարգացնել եւ վերջինը` 2 պետութիւնները որոշել են իրենց միջեւ առկայ բոլոր խնդիրները կարգաւորել խաղաղորեն, միջազգային իրաւունքի եւ պրակտիկայի համաձայն: Եթէ մի օր Թուրքիայում կը լինի իշխանութիւն, որն իսկապէս առանց նախապայմանների պատրաստ կը լինի ՀՀ-ի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել եւ ցամաքային շրջափակումը հանել, այդ ժամանակ էլ կը ստորագրենք: Այլապէս դրա վրայ ժամանակ վատնելու կարիք չկայ: Մենք ոչ թէ Թուրքիայի հետ յարաբերութիւններին դէմ ենք, մենք դուրս եկանք կոալիցիայից, որովհետեւ ապրիլի 22-23-ին համատեղ ճանապարհային քարտէզ հրապարակւեց, որից մենք` որպէս կոալիցիայի անդամ, տեղեակ չէինք: Եւ ընդհանրապէս, մենք արձանագրութիւններին դէմ էինք, որովհետեւ դրանք բաւարարում էին Թուրքիայի 3 նախապայմաններից առնւազն երկուսին: Մենք պահանջում ենք, որ ՀՀ-ի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատի, որովհետեւ այս պահւածքը, որ կայ, մերժում է յարաբերութիւններ հաստատել հարեւանի հետ եւ ցամաքային ճանապարհը բացել, փաստօրէն, դիւանագիտական տեսանկիւնից պատերազմական կեցւածք է: Մենք պահանջում ենք, որ Թուրքիան իր թշնամական կեցւածքը փոխի եւ փորձի առնւազն նորմալացնել ՀՀ-ի հետ յարաբերութիւնները: Մենք դրա դիմաց տալու ոչինչ չունենք:

 

- Նախորդ իշխանութեան` այս հարցում հիմնական սխալը հենց հայ-թուրքական արձանագրութիւննե՞րն էին:

- Հիմնական խնդիրը դա էր: Ստորագրութիւնները հանւեցին, բայց Թուրքիան որոշ չափով այդ արձանագրութիւններից օգտւեց: Ճիշտ է, Թուրքիայի սխալների պատճառով Ցեղասպանութեան 100-րդ տարելիցից առաջ` 2015- 2017 թթ. ինչ-որ իմաստով ՀՀ-ն էլ կարողացաւ օգտագործել այն փաստը, որ Թուրքիան արձանագրութիւնները չէր վաւերացնում:

 

- Վարչապետն ընդգծել է, որ հայ-թուրքական յարաբերութիւնները Թուրքիան կապում է ԼՂ հակամարտութեան հետ: Ի՞նչ էք կարծում, ներկայիս իշխանութիւնը կը կարողանա՞յ երկու երկրների յարաբերութիւններում առաջընթաց գրանցել առանց արցախեան խնդիրը մէջտեղ բերելու: 

- Ոչ, որովհետեւ դա ոչ թէ ՀՀ իշխանութիւնների կեցւածքի պատճառով էր, այլ Թուրքիայի կեցւածքն է եղել: Հիմա մեզ մոտ իշխանութիւնը փոխւել է, բայց Թուրքիան իր կեցւածքը չի փոխում: Եւ դա պայմանաւորում է այլ շահերով, ոչ թէ նրանով, թէ Հայաստանում ով է իշխանութեան: Այն օրը, երբ Թուրքիան նման հարց չդնի, արդէն կարելի կը լինի յարաբերութիւններ հաստատել:

 

- Դա, ըստ Ձեզ, ե՞րբ կը լինի: 

- Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ նոր տեղի ունեցան, եւ արդէն ճշտում են, թէ Հայաստանի հետ ինչպիսի յարաբերութիւններ կարող են ունենալ: Կարծում եմ` Թուրքիայում տակաւին կը շարունակւի աւելի ազգայնական, ազգայնամոլ արմատականացման գնալը, եւ դա նաեւ պատճառներից մէկն է, որ Թուրքիայի իշխանութիւնների համար ՀՀ հետ յարաբերութիւններն առաջնային խնդիր չեն առնւազն առաջիկա 1, 2 տարիներին: 

 

- Հնարաւո՞ր է` ՀՅԴ-ն դէմ գնայ վարչապետի յայտարարութեանը եւ յայտնի այդ մասին:

- Ոչ: Այնպէս չէ, որ Փաշինեանն ասում է` վաղն ինչ-որ գործընթաց է սկսելու Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատման համար: Կեցւածք են ցանկացել իմանալ, ինքն էլ յայտնել է:

 

- Իսկ պատրաստւո՞ւմ էք այս հարցով վարչապետի հետ խօսել:

- Չեմ կարծում, որ վարչապետը չգիտի մեր տեսակէտը: Ենթադրում եմ, որ նաեւ այդ տեսակէտները հաշւի առնելով է, որ ինքն ի վերջոյ եզրակացրել է: 

Զրուցեց Մերի Մարտիրոսեանը

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ