Հա

Ազգային

04/08/2018 - 12:30

Ժողովուրդն ուժեղ է պետութիւնով, պետութիւնը՝ պետական ինստիտուտներով

«Yerkir.am»-ի զրուցակիցն է ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը:

«alikonline.ir» - «Yerkir.am»-ի զրուցակիցն է ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը:



- Պարո'ն Սէյրանեան, շուտով կը լրանայ նոր վարչապետի, նոր իշխանութեան գործունէութեան 100 օրը։ Ի՞նչ իրողութիւն ունենք այսօր:

- Իրողութիւնն այսպիսին է` երկրում կա նոր իշխանութիւն, որը դիմակայում է բազմաթիւ դժւարութիւնների` ներքին ու արտաքին, առարկայական ու ենթակայական, հին ու նոր: Առկայ են լուծման կարիք ունեցող, պետութեան ու հասարակութեան կենսագործունէութեան անխտիր բոլոր ոլորտներին, իւրաքանչիւր քաղաքացու առնչվող բազում հիմնախնդիրներ, որոնց ամէն օր աւելանում են նորերը: Դա բնական է. արդի աշխարհը յարափոփոխ է, գործընթացները` աննախադէպ արագ ու հակասական, իսկ կուտակւած խնդիրները` շատ: Ցանկացած երեւոյթ իր մէջ թէ' նոր վտանգներ ունի, թէ' նոր հնարաւորութիւնների առիթ։ Հասկանալի է նաեւ, որ այդ հիմնախնդիրների լուծման հեշտ բանաձեւեր չկան:

Կառավարութեան ու յատկապէս վարչապետի վրայ հսկայական ճնշում կայ` թէ' ներքին, թէ' արտաքին, թէ' իւրայինների, թէ' հակառակորդների կողմից: Ինքնին պակաս ճնշող չէ նաեւ դրական սպասումների այն մթնոլորտը, որն առաջացաւ համաժողովրդական շարժման արդիւնքում։ Այս իրողութիւնն էլ է բնական, թէեւ ունի նաեւ բազմաթիւ վտանգներ: Դրական սպասումները պէտք է բաւարարւեն, ընդ որում` իրական, խորքային, համակարգային ու համակարգաստեղծ քայլերով: Այստեղ չի կարելի ո'չ անտեղի շտապել, ո'չ էլ անիմաստ դանդաղել: Շատ կարեւոր է ոչ միայն խնդիրների լուծման կամքը, այլեւ լուծումների արդիւնաւէտութիւնն ապահովող մեթոդաբանութիւնը, յստակ ժամանակացոյցը, բանիմացութիւնը, կայացրած որոշումների իրականացման ու արդիւնաւէտութեան մոնիտորինգը, բազմաթիւ այլ կառավարչական գործիքներ: Հասկանալի է, որ առկայ իրավիճակում կառավարութիւնն ունի որոշակի կաշկանդումներ` կապւած յաճախ ոչ պոպուլեար, բայց անխուսափելի քայլեր կատարելու պարտադրանքի կամ այդ պարտադրանքից, որոշ դէպքերում տակտիկական նկատառումներով, խուսանաւելու հետ: Սա էլ է բնական ու հասկանալի, եւ այս առումով մեծ վտանգներ չկան: Աւելի ճիշտ` այս առումով առայժմ չկան սխալներ ու թերացումներ, որոնք ենթակայ չեն սրբագրւելու կամ ուղղւելու:

Վարչապետի անձնական բարձր վարկանիշը կարեւոր քաղաքական կապիտալ է։ Սակայն ցանկացած վարկանիշ միշտ ենթակայ է վայրիվերումների։ Կարծում եմ, որ այդ վարկանիշն այսօր այնքան էլ կախւած չէ ո'չ վարչապետի քաղաքական կուսակցութեան, ո'չ նրա նշանակած կադրերի, ո'չ էլ նոյնիսկ նրան սատարող ուժերի` առանձին վերցրած վարկանիշից։ Ինչ-որ իմաստով կարելի է ասել, որ դեռեւս վարչապետի վարկանիշն է պայմանաւորում կառավարութեան ու ընդհանրապէս իշխանութեան վարկանիշը։ Բայց դա` առայժմ։ Վաղը դա կարող է փոխւել։ Զուգահեռ գործընթացը՝ կառավարութեան արդիւնաւէտ գործունէութեան ազդակը վարչապետի ու ամբողջ իշխանութեան վարկանիշի բարձրացման վրայ դեռ նշմարելի չէ, յաճախ հակառակն է։ Դա էլ է, թերեւս, ինչ-որ իմաստով օրինաչափ, քանզի քաղաքական կամ գործադիր աշխատանքի լուրջ ցենզ ունեցողները նորանշանակ պաշտօնեաների մէջ այնքան էլ շատ չեն։ Հանրութեան զգալի հատւածի մօտ կայ ոգեւորութիւն, որոշ հատւածի մօտ՝ զգուշավոր լաւատեսութիւն, քիչ չեն նաեւ այն շերտերը, որոնք կառավարութեան քայլերից այնքան էլ լաւ չեն պատկերացնում սոցիալական ու տնտեսական հարցերի արդիւնաւէտ լուծման ուղիները։ Այսօր խիստ կարեւոր է, որ մարդիկ տեսնեն, թէ կառավարութեան որոշումներն ինչպիսի փոփոխութիւններ ու շօշափելի դրական արդիւնքների են յանգեցնելու իրենց կեանքում ու կենցաղում, ընտանիքի բիւջէում, գների վրայ, ծառայութիւններից օգտւելու հասանելիութեան ու մատչելիութեան վրայ։ Անշուշտ, ոչ միայն հացիւ, բայց` նաեւ հացիւ։

Ամենավտանգաւորը կը լինէր ժողովրդի ոգեւորութեան անկումը, յոյսերի ու սպասումների մէջ յուսախաբ լինելը։ Դրանից պէտք է խուսափել, եւ մենք մեր ամբողջական հնարաւորութիւններով պէտք է աշխատենք, որ կառավարութիւնը յաջողի։ Դա կը լինի բոլորիս յաջողութիւնը, կառավարութեան ձախողումն էլ կը լինի բոլորիս ձախողումը՝ անկախ ունեցած պորտֆելների քանակից կամ դերակատարման չափից։

 

- Ասացիք վարչապետի վրայ կայ նաեւ արտաքին ճնշում։ Երեւի նկատի ունեք Արեւմուտքի սպասւածից աւելի կրաւորական կեցւածքը՝ կառավարութեանը նիւթապէս օգնելու չափերի առումով, Ռուսաստանի քաղաքական ու պետական որոշ գործիչների արտայայտութիւնները Արցախի հիմնախնդրի կարգաւորման առումով, եւ Լաւրովի վերջին յայտարարութիւնը։

- Նկատի ունեմ բոլոր ազդակները՝ թէ դրական, թէ բացասական, թէ չէզոք, թէ վտանգաւոր։ Որեւէ պետութեան բնականոն կենսագործունէութեան դիտանկիւնից ամենավտանգաւորն այն վիճակն է, երբ ներքին ճնշումներին, որոնց մասին արդէն խօսեցինք՝ թէ դրական, թէ բացասական առումներով, աւելանում է արտաքին ճնշումը: Ես հեռու եմ այն մտայնութիւնից, որ Հայաստանը տիեզերքի կենտրոնն է ու բոլորի միակ հետաքրքրութեան առանցքը: Սակայն մեր տարածաշրջանը միշտ եղել է համաշխարհային քաղաքականութեան շահերի խաչմերուկ` յաճախ մրցակցութեան, յաճախ էլ առճակատման։ Այդպէս է նաեւ այսօր, այդպէս է լինելու տեսանելի ապագայում: Եւ դա վերաբերում է ոչ միայն մեզ, այլեւ տարածաշրջանի բոլոր պետութիւններին ու ժողովուրդներին: Այս իրողութիւնից հնարաւոր չէ խուսափել, այս իրողութեանը համարժէք քայլեր են պէտք: Եւ ոչ միայն համարժէք քայլեր արտաքին քաղաքական իմաստով, այլեւ ներքին իմաստով:

Անհրաժեշտ է համընդհանուր կոնսոլիդացիա, բոլոր ուժերի ու ռեսուրսների կենտրոնացում վտանգաւոր արտաքին միտումները չէզոքացնելու համար: Ցանկացած արտաքին մարտահրաւէրի ամենաարդիւնաւէտ պատասխանի գրաւականն է համաձայնութեան, համերաշխութեան, միասնականութեան ներքին մթնոլորտը, որի միջոցով է պետութեան որեւէ ղեկավարի որեւէ քայլ, յայտարարութիւն, որոշում դառնում տասնապատիկ աւելի ազդու: Մեզ անհրաժեշտ է համընդհանուր կոնսենսուս Հայաստանի ու Արցախի անվտանգութեան պահպանման, մեր բնականոն զարգացմանը խոչնդոտող արտաքին մարտահրաւէրներին դիմակայելու համար։ Տասնամեակների զրկանքների, դժւարութիւնների, տառապանքի, հազարաւոր զոհերի ու հարիւր հազարաւորների զոհողութիւնների գնով ձեռք բերւածը չենք կարող վտանգել։ Իսկ վտանգը միայն դրսից չէ, որ կարող է գալ. ներքին ցանկացած տարանջատում կարող է դուռ բացել արտաքին վտանգների ահագնացման համար։

Վերջերս վարչապետի հարցազրոյցներից մէկում նշւած էր կարեւոր հիմք մեր արտաքին քաղաքականութեան շեշտադրումների առումով. մեր արտաքին քաղաքականութիւնը ոչ Արեւմտամէտ է, ոչ Ռուսամէտ, այն Հայաստանամէտ է։ Անշուշտ, Հայաստանի համար հաւասարապէս կարեւոր են բազմակողմանի յարաբերութիւնների խորացումը թէ՛ Արեւմուտքի, թէ՛ Ռուսաստանի հետ: Դրանք հակադրելի չեն, քանզի այդ յարաբերութիւնները մէկը միւսով փոխարինելի չեն իրենց ամբողջութեան մէջ: Այս իմաստով շատ բարդ իրավիճակ կայ հիմա ու շատ զգոյշ քաղաքականութիւն վարելու անհրաժեշտութիւն։

Տարածաշրջանը հերթական անգամ մեծ ձեւափոխումների փուլում է։ Նախորդ նման փուլերում մենք միշտ չէ, որ կարողացել ենք չէզոքացնել բացասական ու վտանգաւոր միտումները։ Մենք պէտք է ամէն ինչ անենք, որ առիթ չտանք, որ մեր երկրի պարագայում գերտէրութիւնների մրցակցութիւնը վերածւի «սառը» կամ «տաք», թաքնւած կամ բացայայտ առճակատման։ Մենք պէտք է ամէն ինչ անենք, որ մեր երկրի պարագայում խուսափենք մեր հակառակորդների եւ որեւէ գերտէրութեան շահերի թէկուզ ժամանակաւոր, թէկուզ հատւածական համընկնում տեղի ունենայ։ Դա կը բերի ոչ միայն սահմանային լարւածութեան նոր ալիքի, այլեւ, Աստւած չանի, նոր պատերազմի։ Սահմանափակ ռեսուրսներ, շրջափակման իրողութիւնից բխող լրջագոյն դժւարութիւններ ունեցող մեր երկրի համար շահերի նմանօրինակ համընկնման թէկուզ մի քանի օրը կարող է մարդկային, տարածքային անդառնալի կորուստների յանգեցնել, երկրի հետագայ զարգացման գործընթացը հետ գցել տասնամեակներով։ Այս իրողութիւնները մեզ չպէտք է վախեցնեն, այլ պէտք է ստիպեն միշտ պատրաստ լինել ամենավատ սցենարներին ու զերծ մնալ որեւէ կերպ նմանօրինակ գործընթացների սրմանը ակամայ նպաստելուց։ Աստւած չանի, նոր պատերազմ լինի։ Վստահ եմ, էլի կը յաղթենք, բայց գինը շատ թանկ կը վճարենք։

 

- Դաշնակցութեանն էլ ոմանք մեղադրում են Արցախի հարցում անզիջում կեցւածքի համար, նոյնիսկ պատերազմատենչ են համարում։

- Մենք պատերազմ չենք ուզում, շատ շատերից աւելի լաւ գիտենք ինչ բան է պատերազմը։ Հայաստանի ու Արցախի ազատութեան համար, մեր տարածքներն ազատագրելու համար զոհւած իմ ընկերների թիւը տասնեակ անգամներ աւելի է, քան այսօր դրանք յանձնելու մասին խօսող կազմակերպութեան անդամների կամ անհատների թիւը։ Մենք պատերազմ չենք ուզում, որովհետեւ եթէ այն սկսւի, էլի առաջինների մէջ իմ ահել ու ջահել ընկերներն են շտապելու դիրքեր։ Ու ոչ թէ երկու ժամով կամ սելֆի անելու, այլ առաջնագծում շաբաթներով հերթափոխի կանգնելու համար։ Իմ խորին համոզմամբ, պատերազմից խուսափելու լաւագոյն ձեւը խաղաղութիւն պարտադրելն է՝ այդ հասկացութեան ամենալայն ընդգրկմամբ։ Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ներքին միասնականութիւն։

 

- Վերադառնանք ներքին կեանք։ Անցած շաբաթ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ը յայտարարութիւն տարածեց` կապւած երկրի երկրորդ նախագահ Ռ. Քոչարեանին առաջադրւած մեղադրանքի հետ։ Եղան ամենատարբեր մեկնաբանութիւններ, գնահատականներ, նոյնիսկ մեղադրանքներ։ Ձեզ չի՞ մտահոգում, որ հանրութեան մէջ, հաշւի առնելով առկայ մթնոլորտը, կուսակցութիւնը դիւիդենտներ է կորցնում ընտրութիւններից առաջ։

- Նախ, մեզ համար վարկանիշային միաւորներ հաւաքելը կամ կորցնելը չեն կարող որոշիչ լինել մեր տեսակէտները յայտնելու եւ դրանք պաշտպանելու համար։ Եթէ յանուն քւէների ես պէտք է հակասեմ իմ սկզբունքներին, պէտք է չասեմ ինչ մտածում եմ, ապա ես ոչ թէ սկզբունքային մարդ եմ, այլ պատեհապաշտ, եթէ չասեմ՝ վախկոտ։ Նորանկախ Հայաստանի հասարակական ու քաղաքական բազում հիմնախնդիրների լուծման մասին մենք երբեւէ չենք վարանել մեր մօտեցումներն ասել, անկախ նրանից՝ մենք իշխանութեան մաս ենք կազմել, թէ ընդդիմութեան։ Եւ բնաւ էլ չենք մտահոգւել, մեր կեցւածքի արդիւնքում իշխանութիւնից դուրս կը գանք, թէ ոչ։ Այո, յաճախ մեր մօտեցումներն ու տեսակէտները շատերը չեն հասկացել, շատերը շատ լաւ էլ հասկացել են, բայց չեն ուզեցել ընդունել, շատերը մեզ քննադատել են, անգամ մեղադրել, անգամ կուսակցութիւնն ու լրատւամիջոցներն արգելել, ղեկավարներին էլ շինծու մեղադրանքով բանտ նետել։ Բայց դրանք անցողիկ երեւոյթներ են, ժամանակն ապացուցել է, որ մենք ճիշտ էինք, իսկ մեզ քննադատողները՝ սխալ։ Այնպէս որ մի քանի պատգամաւորական մանդատ աւել կամ պակաս ունենալու համար մենք երբեք չենք վարանի յայտնել մեր տեսակէտը, որքան էլ որ այն տւեալ պահին չհասկացւի կամ հարւածների թիրախ դառնայ։ Տեսնում ենք, թէ պատեհապաշտ կուսակցութիւններն ու գործիչներն ուր են, մենք՝ ուր։ Եւ մենք այն կուսակցութիւնը չենք, որ վարանենք բարդ հարցեր բարձրացնել կամ լռել ու սպասել, յետոյ չարախնդալու կամ սխալ գործածների հաշւին միաւորներ հաւաքելու համար։

Երկրորդ, մեր յայտարարութիւնն ի պաշտպանութիւն Ռ. Քոչարեանի յայտարարութիւն չէր։ Մենք չենք ասել, որ նա անմեղ է կամ մեղաւոր, չենք էլ ասել, որ նրա կամ որեւէ այլ նախկին կամ ներկայ պաշտօնեայի հանդէպ դատական տաբու կայ։ Ամնեւին։ Մենք ասել ենք, որ նմանօրինակ ձեւակերպումը, որով նրա հանդէպ քրէական գործ է յարուցւել, խիստ վտանգաւոր ձեւակերպում է ոչ թէ Քոչարեանի, այլ երկրի նախագահի ինստիտուտի հանդէպ։ Որովհետեւ նմանօրինակ ձեւակերպումով նախադէպ է ստեղծւում ոչ միայն յետ գնալու, ասենք, մինչեւ առաջին նախագահը, այլեւ ապագայի որեւէ ղեկավարի համար։ Նախադէպ ենք սարքում ցանկացած յաջորդ պետութեան ղեկավարի կողմից իր նախորդի հանդէպ նոյնաբովանդակ մեղադրանք ներկայացնելու համար։

Ի դէպ, առաջին նախագահի պահով։ 1995-ի Սահմանադրական հանրաքւէի,1996-ի խորհրդարանական ընտրութիւնների հսկայածաւալ ապացուցողական հիմքով փաստւած աղաղակող կեղծումը բոլոր հիմքերը տալիս էին ու տալիս են նրա հանդէպ հէնց այդ նոյն ձեւակերպումով դատ յարուցելու համար։ Բոլորը շատ լաւ յիշում են տանկերը քաղաքի կենտրոնում, ցուցարարների ծեծուջարդը։ Այդ ժամանակ բարեբախտաբար հնարաւոր եղաւ խուսափել զոհերից բացառապէս, կրկնում եմ՝ բացառապէս թեկնածու Վազգէն Մանուկեանի ու նրան սատարող ուժերի, այդ թւում Դաշնակցութեան, կեցւածքի շնորհիւ, որոնք հրաժարւեցին թէկուզ մէկ մարդու արեան գնով յանուն նախագահական աթոռի վտանգաւոր առճակատումից։

Աւելին ասեմ, 1998-ի իշխանափոխութիւնից յետոյ շատերի մօտ կար գայթակղութիւնը՝ վերոնշեալ հիմքով դատի տալու առաջին նախագահին։ Բայց դրան առաջինը դէմ եղան Վահան Յովհաննիսեանը, Հրանտ Մարգարեանը, Արմէն Ռուստամեանը եւ միւսները, որոնք տարիներ շարունակ բանտում անցկացրեցին շինծու մեղադրանքով։ Նոյն կերպ էլ վարւել էր 1992-ին Հրայր Մարուխեանը, յորդորելով ու համոզելով իր անօրինական արտաքսման դէմ բողոքի գործողութիւնների պատրաստ իր կուսակիցներին։

Այնժամ էլ, հիմա էլ մեզ համար պետութեան ղեկավարի ինստիտուտը, կրկնում եմ՝ ինստիտուտը, ոչ թէ անձը, աւելի կարեւոր են։ Այնժամ էլ, հիմա էլ համոզւած ենք, որ նմանօրինակ ձեւակերպումը հարւած է պետութեան ղեկավարի ինստիտուտին, անկախ նրանից` ղեկավարն ով էր երէկ, ով է այսօր, ով կը լինի վաղը։

Ժողովուրդն ուժեղ է պետութիւնով։ Պետութիւնն ուժեղ է պետական ինստիտուտներով ու այդ ինստիտուտի հանդէպ հանրային վերաբերմունքով։ Կրկնում եմ՝ անկախ նրանից, թէ տւեալ պահին ով է այդ ինստիտուտը ներկայացնում։ Եւ եթէ այսօր որեւէ մէկը Դաշնակցութեանն այս մօտեցման համար պէտք է քննադատի կամ մեղադրի, ապա դա իր հասկացողութեան ու խղճի հարցն է։ Մենք ասում ենք այն, ինչ մտածում ենք եւ ասում ենք բաց՝ առանց վախենալու քննադատութիւնից կամ էլ թաքուն ու երկչոտ։ Նոյն կերպ վերաբերւել ենք նախկինում, նոյն կերպ վերաբերւում ենք հիմա, նոյն կերպ կը վերաբերւենք նաեւ ապագայում, եթէ նմանօրինակ երեւոյթ կրկնւի:

Երրորդ, մեր այս կեցւածքը ոչ թէ վարչապետ Նիկոլ Փաշինեանի դէմ է, ինչպէս կարող են իրենց շահախնդրութիւնից ելնելով մեկնաբանել հին ու նոր պատեհապաշտներն ու վարձկան «վերլուծաբանները», այլ ճիշտ հակառակը՝ դա Նիկոլ Փաշինեանի օգտին է։ Ոչ թէ առանձին քաղաքական ուժի ղեկավարի, ոչ թէ հասարակութեան որեւէ շերտի սիրելիի, այլ ամբողջ երկրի, բոլորի քաղաքացիների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի օգտին է։ Պետութեան մէջ չպէտք է լինեն երեւոյթներ, որոնք թէկուզ նւազագոյն հնարաւորութիւն ու դուռ բացեն շահարկումների, այլազան որակումների համար։ Եթէ այս գործի հետ կապւած քաղաքական պիտակ կամ որակում առաջանայ, ապա այն միանգամից արտապատկերւելու է թէ նախորդ, թէ հնարաւոր յաջորդ բոլոր գործերի վրայ` անկախ նրանից, թէ ինչ ձեւակերպումներով են դրանք յարուցւել, ում դէմ եւ ինչի համար: Սա առաջ է բերելու լուրջ կասկած երկրում արդարադատութեան հանդէպ։ Սա չի կարելի թոյլ տալ։ Սա մեր համոզումն է եւ հէնց սա է մեր յայտարարութեան իմաստն ու նպատակը։

 

- Իսկ ի՞նչ էք կարծում վարչապետի յաջորդ հարիւր օրերի կամ ընդհանրապէս առաջիկայ անելիքների մասին, որո՞նք են առաջնահերթութիւնները։

- Անշուշտ, կարելի է մատնանշել սոցիալական, տնտեսական, ներքին ու արտաքին բազում հիմնախնդիրներ եւ դրանք բոլորն էլ առաջնահերթ կը լինեն ու խիստ կարեւոր։ Բայց կարծում եմ այսօր ամենակարեւորը հասարակական համերաշխութեան, միասնականութեան հաստատումն է։ Սիրոյ ու համերաշխութեան մասին կարելի է շատ խօսել, բայց կարեւորը գործերն են ու դրանց արդիւնքում ձեւաւորւող միջավայրը։ Այս առումով այսօր լուրջ մտահոգութիւններ կան: Մտահոգիչ է ազատագրւած տարածքները գրաւեալ ու «հետեւաբար» յանձնելի որակելու առայժմ եզակի, բայց համոզւած եմ` կրկին միտումնաւոր կերպով վերակենդանացած թեզը: Մտահոգիչ է «Արցախի հարցը թող արցախցիներին վերաբերւի» կամ դարձեալ «հայաստանցի-ղարաբաղցի» թեզերը վերակենդանացնելու ճիգերը։ Մտահոգիչ է բանակի սպայի ու ազատամարտիկի կերպարի աղաւաղումը եզակի բացասական օրինակների «հիման վրայ» կամ համատարած կասկածը բոլորի հանդէպ: Մտահոգիչ է «Ազգ-բանակ» եզրոյթի բովանդակութեան աղաւաղումն ու թերագնահատումը` դրանով իսկ այդ կարեւոր կոնցեպտի մոռացումը: Մտահոգիչ է ազգային աւանդական հոգեւոր, հասարակական, մշակութային կառոյցների, ինստիտուտների ու արժէքների հանդէպ քամահրական, ծաղրական, սադրիչ ու պառակտիչ գործողութիւնների իրողութիւնը: Մտահոգիչ է, երբ դարձեալ հասարակութեան մէջ սկսում են ջրբաժաններ ստեղծել ու բարիկադներ կառուցել «Ով մեր պէս չի մտածում՝ նա տականք է» կամ «Ով մեր հետ չէ՝ նա ազգի թշնամին է» խորշելի ու խիստ վտանգաւոր բանաձեւերով։ Մտահոգիչ է պետական ինստիտուտների գործունէութեան հանդէպ ցանկացած քննադատական խօսք կամ նոյնիսկ այլընտրանքային առաջարկ որպէս խափանարարութիւն կամ թշնամանք որակելն ու քննադատողի հանդէպ թշնամանքով լի կեցւածք որդեգրելու միտումները։ Մտահոգիչ է, երբ որոշ շրջանակների կողմից վարկաբեկւում է ու պախարակւում իրենցից տարբերւող ցանկացած անձնական կարծիք, երբ սեփական տեսակէտ յայտնողը «սիրոյ ու համերաշխութեան» որոշ անզուսպ ջատագովների կամ երկրորդական մակարդակի չինովնիկների կողմից դառնում է սոցիալական ցանցերում անձնական բնոյթի որակումների, ատելութեան ու հայհոյանքների թիրախ: Իմ խորին համոզմամբ սա ամենամեծ վտանգներից է վարչապետի, այսօրւայ իշխանութեան համար։

Հասկանում եմ, քաղաքական լուրջ տրանսֆորմացիաներից յետոյ որոշակի ժամանակահատւածում հասարակութիւնն ատոմիզացւում է. դեռ խորն են լինում քաղաքական առճակատման մթնոլորտի հետեւանքները։ Այս իմաստով յոյս ունեմ, որ թւարկածս մտահոգութիւնները վերաբերում են անցնող հարիւր օրերին։ Հասկանում եմ նաեւ, որ նոր իշխանութիւն է, շատ բարդ խնդիրների լուծմանը լծւել են նոր մարդիկ, ժամանակ է պէտք նաեւ նրանց համար։ Հոյակապ հասկանում եմ, որ նման իրավիճակներում ակտիւանում են նաեւ որոշակի խմբակային կամ անհատական շահախնդրութիւններով ու մղումներով առաջնորդվողներ, որոնք, բնականաբար, առաջին հերթին պայքար են սկսում թիւ մէկ պաշտօնեայի շրջապատում տեղ գրաւելու, որոշումների կայացման գործնթացներին մասնակցելու, դրանք, ինչու չէ, նաեւ սեփական քաղաքական ապագայի համար ծառայեցնելու առումով։ Դրանից դեռ ոչ մի ղեկավարի չի յաջողւել խուսափել։ Դրանով եմ հակւած բացատրել նաեւ որոշ վայրիվերումներ ու առանձին մօտեցումներ։ Սակայն այսօր բոլորը, առաջին հերթին քաղաքական որոշումների ընդունման մէջ դերակատար մարդիկ պէտք է յստակ գիտակցեն, որ այլեւս գործ ունենք ոչ միայն առանձին մի կուսակցութեան, կամ որոշակի քաղաքական կողմնորոշման թիմի ղեկավարի, այլ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի հետ, որն արդէն բոլորի վարչապետն է. ոչ միայն իր համախոհների, այլեւ իր քաղաքական մրցակիցների կամ, նոյնիսկ, հակառակորդների, բոլորի՝ առանց որեւէ տարաբաժանման։ Եւ վարչապետի առաջնահերթ խնդիրն, իմ կարծիքով, այդ դերակատարման լիարժէք կրողը լինելն է, եթէ կուզէք՝ այդ առաքելութեան իրականացնողը լինելն է։

Այսօր երկիրն ու ժողովուրդը լրջագոյն մարտահրաւէրների են դիմակայում՝ ներքին ու արտաքին։ Մենք մեր ներքին խնդիրներն ինքներս պէտք է լուծենք, պէտք է բացառենք որեւէ արտաքին միջամտութիւն: Հիմա ոչ թէ եղած տարանջատումները խորացնելու, նոր տարանջատումներ փնտրելու եւ «գտնելու», հասարակութիւնը յաղթածների ու պարտւածների բաժանելու, այլ համախմբւելու, միասնականութեան եզրեր գտնելու, եղած տարանջատումները վերացնելու հրամայականի առաջ ենք: Եւ ոչ միայն իշխանութիւնն ու վարչապետը։ Բոլորս։ Որովհետեւ դժւարութիւններն ու վտանգները, առաւել եւս մեր հակառակորդը, չեն տարբերակելու մեր մէջ իշխանամէտին ու ընդդդիմադիրին, որեւէ կուսակցութեան ներկայացուցչին կամ անկուսակցականին, հաւատացեալին, աթեիստին, ահելին ու ջահելին։ Կամ ԲՈԼՈՐՍ կը յաղթենք, կամ ԲՈԼՈՐՍ կպարտւենք:

Որոշումներ կայացնողի, պատերազմի ժամանակ հրամաններ տւողի իրաւական լեգիտիմութիւնը շատ կարեւոր է։ Բայց ոչ պակաս, եթէ ոչ աւելի, կարեւոր է այդ անձի քայլերի ու որոշումների հանդէպ համընդհանուր, համաժողովրդական լեգիտիմութեան մթնոլորտը։ Երբ որոշումն ու հրամանը կատարւում են ոչ միայն այն պատճառով, որ դրանք ընտրւած, ընտրութիւններում յաղթած մարդու որոշումներ ու հրամաններ են, այլ որովհետեւ դրանք բոլոր, կրկնում եմ՝ անխտիր բոլոր քաղաքացիների շահերը ներկայացնող ու պաշտպանող մարդու որոշումներ ու հրամաններ են։ Փաշինեանն այսօր երէկւայ հակամարտող բոլոր կողմերի վարչապետն է եւ նրա համար այլեւս մեր հասարակութեան մէջ «կողմեր» չկան։ Եւ թող ոչ ոք չփորձի արհեստական անջրպետ ստեղծել իշխանութեան ու հասարակութեան որեւէ, թէկուզ ամենափոքր հատւածի միջեւ: Սա կը լինի հարւած առաջին հերթին վարչապետի, պետական ինստիտուտի դէմ:

Համոզւած եմ. նշածս առաջնահերթութիւնների լուծման ժամկէտներից ու արդիւնաւէտութիւնից շատ բան է կախւած։ Դրանով է չափւելու մեր պետութեան ու հասարակութեան հասունութեան աստիճանը, դրանով է մեծանալու բոլորիս առջեւ կանգնած մարտահրաւէրներին դիմակայելու մեր ներուժը, դա է մեր յաջողութիւնների հիմքը։ Ուստի առաջին հերթին հէնց այդ հարցերում եմ ուզում յաջողի վարչապետը, որ յաջողենք բոլորս։

Զրուցեց՝ Ագնեսա Խամոյեանը

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։