Հա

Ազգային

Երկուշաբթի, 13 Օգոստոսի 2018 10:50

Արժէքների պատերազմ

Հայաստանեան գործընթացները աչքի են ընկնում ոչ միայն աղմկահարոյց բացայայտումներով, կալանաւորումներով, դատավարութիւններով, ազատ արձակումներով, հարկային վարչարարութեան ակտիւացմամբ, հակակոռուպցիոն եւ մենաշնորհների դէմ պայքարով, նոր ընտրութիւնների սպասումներով եւ քաղաքական ուժերի վերադասաւորումներով, այլեւ արժէքների բախմամբ: 

ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Հայաստանեան գործընթացները աչքի են ընկնում ոչ միայն աղմկահարոյց բացայայտումներով, կալանաւորումներով, դատավարութիւններով, ազատ արձակումներով, հարկային վարչարարութեան ակտիւացմամբ, հակակոռուպցիոն եւ մենաշնորհների դէմ պայքարով, նոր ընտրութիւնների սպասումներով եւ քաղաքական ուժերի վերադասաւորումներով, այլեւ արժէքների բախմամբ: Ժողովրդական արդար ընդւզումը շարժել է նաեւ հայ հանրութեան արժէքային դաշտը, որի մի հատւածը սնւում է ոչ ազգային միջավայրից եւ ուղղւած է սպասարկելու համաշխարհայնացման եւ միջազգային տարբեր ուժերի շահերը՝ հարւածելով հայ աւանդական արժէքային համակարգին ու ազգային շահերին: Սխալւած չենք լինի ասելու, որ Հայաստանում նոր թափ է ստացել ԱՐԺԷՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ:

Բարիկադների մի կողմում հայ ազգային, պահպանողական ուժերն ու անհատներն են՝ ազգային շահերի, արժէքների եւ աւանդոյթների պահպանութեան դրօշակով, միւս կողմում այդ արժէքների դէմ ոտնձգութիւններ անողները՝ ազգային եկեղեցու, աւանդական ընտանիքի եւ առողջ սեռային յարաբերութիւնների դէմ դրօշակ բարձրացրած փոքրամասնութիւնները, հայրենիքի եւ նրա ժառանգութեան, ազատագրական պայքարի ոգու դէմ մարտնչողները՝ հողայանձնման դրօշակով, ազգային նկարագրից զուրկ, բացառապէս քաղաքացիական հասարակութեան ջատագովները՝ աշխարհաքաղաքացիութեան դրօշակով: Այս շարքին կարելի է աւելացնել նաեւ ազգային նոր բուրժուազիայի որոշ ներկայացուցիչների, որոնց արժէքներն ու հայրենիքը սեփական քսակն է եւ նրանք միշտ այն կողմում են, որտեղ իրենց քսակն աւելի ապահով է: Պայքարի մեթոդներն էլ հետաքրքիր են. ագգային շահերի պաշտպանութեան անւան տակ քողարկւած, իրական արժէքների արժէզրման մեթոդներով ու իրական օրակարգերը կեղծ օրակարգերով շղարշելու մոլուցքով տարւած մեդիա-վլւլուկները «պարտիզանական» յարձակումներ են գործում ազգային գաղափարների, համակարգերի ու գործիչների վրայ: Օրինակ, կատաղած փոքրաթիւ եւ «արդարամիտ» հոգեւորականներն ու նրանց ձայնակցողները գրաւում են Վեհարանն ու լայւ-կերուխում սարքում, զինւում քարերով ու փակում Կաթողիկոսի ճանապարհը: Շահարկելով ներեկեղացական ինչ-ինչ խնդիրներ, փորձում են արդարացնել իրականում բուն եկեղեցու դէմ ուղղւած ոտնձգութիւնները:

Առաւել մեծ աղմուկ են սկսել բարձրացնել սեռական փոքրամասնութիւնները՝ մայրաքաղաքից իրենց պայքարը տեղափոխելով անտառային գօտի՝ Շուռնուխ՝ աշխարագրական ընդլայնւածութեան պատրանք ստեղծելու համար: Հասկանալի է, որ մի գրանտ արդէն ունեն, երկրորդի համար, հաւանաբար, ակցիա ու բախում էր պէտք:

Արամի եւ Արամի արձանի դէմ պայքարը այս շարքից են՝ «տեղը յարմար չէ», «բազմաթիւ խախտումներ կան», «այլ յուշարձանի վրայ է կառուցւած, պէտք է տեղափոխել», «գեղագիտական ճաշակներիս յարմար չէ»…եւ այսպէս ամիսներ շարունակ փորձ էր արւում խանգարել արձանի տեղադրումն ու հեղինակազրկել Հայոց Հանրապետութեան հիմնադիր Արամին եւ Դաշնակցութեանը:

Առաւել վտանգաւոր է ազատագրւած տարածքների թեման: Որ ՀԱԿ-ն ու նրա լեգէոնականները հողատւութեան ջատագովներ են, հանրայայտ փաստ է: Եւ տարօրինակ չէ, որ Նոր Հայաստանում այս անմտութիւնն ու զառանցանքը կրկին մէջտեղ ելաւ: Արցախում խժդժութիւններ հրահրողներն էլ իրենց նոր դրօշը բարձրացրին՝ «Նոր Արցախի» յոյսով, փորձելով տատանել մեր փխրուն մակոյկը, առանց գիտակցելու, որ ամէն ինչի նորը չէ, որ լաւ է ու ճիշտ, ամէն նորը չէ, որ բխում է հայոց ազգային շահերից ու նպատակներից:

Որ Հայաստանում ազատ խօսքի նկատմամբ անհանդուժողականութիւն կայ, արդէն ակնյայտ է բոլորին: Որ որոշ ներիքն եւ արտաքին ուժեր ցանկանում են պառակտել հայ հանրութեանը, դա էլ է ակնյայտ: Սփիւռքի եւ Հայաստանի մէջ սեպ խրողներն էլ քիչ չեն: Տխմարութիւնը հասել է այնտեղ, որ կոչեր են հնչում յեղափոխութիւն սկսել Սփիւռքում, ասել է թէ տապալել տարիներով ձեւաւորւած ազգային եւ համազգային հաստատութիւններն ու համակարգերը եւ դրանք փոխարինել «գեղեցիկ փափեթաւորւած» անորոշութիւններվ: Ազգային արժէքներ դաւանողները անւանարկւում են, որպէս յետամնացներ, ամէն ինչի մէջ «Նոր» բառ աւելացնելով: Մնում է նոր այբուբեն ստեղծելու կոչեր էլ հնչեն:

Պէտք է նորից ու նորից կրկնել՝ Հայաստանը մէկն է՝ թէ հին, թէ նոր, եւ ազգային համերաշխութիւնը, ազգային արժէքներն ու ազգային շահը հեռու պէտք է պահել ամէն մի գունաւորումից: «Գունաւոր յեղափոխութիւնները» չեն սկսւում եւ աւարտւում միայն փողոցներում եւ յեղափոխութիւնների միջոցով: «Գունաւոր յեղափոխութիւնները» սերմանւում են նախ հասարակութեան գիտակցութեան մէջ, սպանում սեփական «ես»-ը եւ պարտադրում կեղծ օրակարգեր ու արժէքներ: Հեռու՞ է, արդեօք «Գունաւոր յեղափոխութիւնը», թէ այն խորանում է Հայաստանում՝ համաժողովրդական շարժմանը զուգահեռ, գուցէ գիտակցւած եւ անգիտակից, գուցէ քողարկւած ու դանդաղ: Բայց, որ մեր համազգային կառոյցները, աւանդական արժէքներն ու ազգային շահերը թիրախ են դարձել, փաստ է:

Նոր Հայաստանը ազգային Հայաստանն է՝ խարսխւած մեր ազգային պետական շահերի վրայ, նրա կենտրոնում ազատ, արդարամիտ ու աշխատասէր հայ մարդն է, որի յաւէրժական ընթացքն է, որ պիտի ապահովւի:
Նոր Հայաստանը համերաշխ Հայաստանն է, որտեղ չկայ շահագործում, անարդարութիւն եւ ազատ մտքի դէմ մարտնչողների անդէմ բանակ:

Նոր Հայաստանը գոյութիւն չունի առանց Արցախի ու Սփիւռքի եւ նրանց շահերի գեր-գիտակցմամբ, յանուն այդ շահերի պաշտպանութեան պատրաստ, անձնազոհ հայորդիների ու հայոց բանակի:

Նոր Հայաստանը բարեկացութիւն ապահովող տնտեսութիւնն է, պետական արդիւնաւէտ միջամտութիւններով՝ հայ մարդու աշխատանքի համար պարարտ հող ապահովող իշխանութիւնը, եւ ոչ թէ աղքատ ու արտագաղթող հայն ու դրան նպաստող միջակ բիւրոկրատը:

Այս արժէքների վրայ է, որ պէտք է գործի Նոր Հայաստանի նոր իշխանութիւնը՝ ազգային համերաշխութեան հիման վրայ ձեւաւորւելիք ապագայ կառավարութիւնը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ