Հա

Ազգային

13/08/2018 - 13:00

Արսէն Համբարձումեան. «Ազգային համաձայնութեան կառավարութիւնից դուրս գալու հարց, այս պահին, օրակարգում չունենք»

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հետ «factor.am»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի աղմկայարոյց յայտարարութիւններից յետոյ ՀՅԴ-ի՝ Ազգային համաձայնութեան կառավարութիւնում մնալ-չմնալու եւ այլ հարցերի շուրջ։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հետ «factor.am»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի աղմկայարոյց յայտարարութիւններից յետոյ ՀՅԴ-ի՝ Ազգային համաձայնութեան կառավարութիւնում մնալ-չմնալու եւ այլ հարցերի շուրջ։

 

Պարոն Համբարձումեան, վարչապետ Նիկոլ Փաշինեանը Տաւուշի մարզում պատասխանելով լրագրողի հարցին, որ կոալիցիոն գործընկեր Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի կարծիքով՝ Հայաստանում տեսակէտ, կարծիք ու մտահոգութիւն յայտնելու առումով մտքի տեռոր էասաց, որ նրանք, ովքեր իրենց դուրս են համարում Ազգային համաձայնութիւնից (կառավարութիւնից այսինքն) ազատ են, ոչ մէկի ձեռքը չեն բռնել։ Յաւելեց, որ Հայաստանում չկայ կոալիցիոն կառավարութիւն։ Սա համարո՞ւմ էք քաղաքական ապահարզան։

- Նախ, ուզում եմ արձանագրել, որ դա Ձեր գնահատականն է։ Այսինքն, որ դա պատասխանն էր Հրանտ Մարգարեանի ասածին։ Եւ եկէք ենթադրութիւններ չանե՛նք։ Հիմա ըստ էութեան․Հայաստանի ներկայ կառավարութիւնը քաղաքական ֆորս մաժորի արդիւնքում է ձեւաւորւել եւ, այն, բնականաբար, դասական իմաստով քաղաքական կոալիցիա չէ։ Պայմանականօրէն այն ստացել է Ազգային համաձայնութեան կառավարութիւն անունը եւ դա ամրագրւած է նաեւ Կառավարութեան գործունէութեան ծրագրում։ Այս առումով, չեմ կարծում, որ որեւէ նոր բան է ասւել եւ յատուկ մեկնաբանման կարիք կայ։ Իսկ առհասարակ, ցանկացած քաղաքական համագործակցութիւն մարտավարական բնոյթ ունի եւ թելադրւած է կոնկրետ քաղական իրողութիւններով։ Եւ բնական է, որ գործընկերային յարաբերութիւնների մէջ գտնւող քաղաքական ուժերը տարբեր հարցերի հետ կապւած կարող են ունենալ նաեւ տարբեր մօտեցումներ։ Մանաւանդ այս պարագայում, երբ կողմերը կաշկանդւած չեն որեւէ համաձայնագրով։ Եւ ոչ միայն Ռոբերտ Քոչարեանի, այլեւ Հայ առաքելական եկեղեցու, պարտադիր կուտակային համակարգի հետ կապւած հարցերում մենք մեր մօտեցումները հրապարակային արտայայտել ենք եւ չի բացառւում, որ հետագայում եւս հանդէս գանք տարբեր մօտեցումներով։ Եւ գործընկերութիւնն ամենեւին չի նշանակում բոլոր հարցերում միակարծութիւն։ Եւ վաղն էլ տարբեր ցուցակներով ենք մասնակցելու Երեւանի աւանագու ընտրութիւններին։

 

Ասում էք՝ նոր բան չի ասել, բայց նորն այն էր, որ ասաց՝ մենք ոչ մէկի ձեռքը չենք բռնում։

- Իսկ նախկինում որեւէ մէկը որեւէ մէկի ձեռքը բռնե՞լ է։

 

Միգուցէ չի բռնել բայց բոլորս յիշում ենք, թէ ինչպէս Նիկոլ Փաշինեանը պարտադիր կուտակային համակարգի հետ կապւած բաց տեքստով, եւ անգամ՝ զայրացած՝ ՀՀ տնտեսական եւ ՀՀ ներդրումների ձեր նախարարին ասաց, որ ոչ ոք չի կարող դէմ քւէարկել ընդունւող որոշումներին, չնայած ՀՅԴ-ական նախարարը նախապէս ասել էր, որ սկզբունքօրէն դէմ լինելով՝ կողմ է քւէարկելու։

- Արծւիկ Մինասեանն ասել է, որ դէմ է պարտադիր կուտակային համակարգին, նոր բերւած օրէնքի նախագիծը բոլորովին այլ բանի մասին էր, որ ժամանակաւոր լուծում է տրւում հետագայում պարտադիր կուտակային համակարգի հարցին բովանդակային անդրադարձ կատարելու համար։ Այնպէս որ, եկէք ասւած ամէն մի բառ, ամէն մի արտայայտութիւն ճիշտ գնահատենք՝ տարակարծիք մեկնաբանութիւնների տեղիք չտալու համար։

 

Ճիշտ գնահատե՛նք։ Ուղղակի, երբ ասում էք՝ սա պատասխանը չէր Հրանտ Մարգարեանին, ապա ասեմ, որ հարց տրւեց, թէ ինչպէս է գնահատում Նիկոլ Փաշինեանը կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի Բիւրոյի ներկայացուցչի յայտարարութիւնը, ինչից յետոյ Նիկոլ Փաշինեանն ասաց այն, ինչ ասաց։

- Մենք էլ ասել ենք այն, ինչ ասել ենք։ Եւ հիմա էլ ասում ենք, որ մեր համագործակցութիւնը միտւած է մէկ բանի, որպէսզի համաժողովրդական շարժման արդիւնքում սկսւած գործընթացները ճիշտ հունով գնան, որպէսզի չվտանգենք մեր անվտանգութիւնը, մեր երկիրն ու ժողովուրդն իրապէս շահեն եւ զարգացման նոր հնարաւորութիւններ ստեղծւեն։ Եւ մենք հաւատացած ենք, որ իշխանութեան թէ՛ յաջողութիւնը, թէ՛ ձախողումը բոլորինս է։ Եւ այս առումով, մեր մօտեցումներում ոչինչ չի փոխւել․ թէ՛ 3 ամիս առաջ, թէ՛ հիմա։ Եւ մենք անկեղծօրէն ամէն ինչ անում ենք, որ Հայաստանում սկսւած գործընթացները յաջողեն։

 

-Հ ետեւաբար, Ազգային համաձայնութեան կառավարութիւնը լքելու հարց շարքերում, կուսակցութիւնում չի բարձրացւել։

- Բնականաբար, իմ ասածների տրամաբանութեան շրջանակներում, Ազգային համաձայնութեան կառավարութիւնից դուրս գալու հարց, այս պահին, մեր օրակարգում չունենք։

 

- «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթները» նախագծի շնորհանդէսին «Ծառուկեան» դաշինքը ներկայացւած էր Վահէ Էնֆիաջեանով, «Ելք»-ից, առհասարակ, մարդ չկար։

- Ոչ միայն «Ելք»-ից չկային։ Բազմաթիւ այլ քաղաքական ուժեր եւս, ովքեր հրաւէրներ ստացել էին, տարբեր պատճառներով ներկայ չէին։ Ներկայ չլինելու հետ կապւած հարցերը կարող էք ուղղել իրենց, ես այդտեղ որեւէ միտում չեմ տեսնում։ Մանաւանդ, որ օգոստոս ամիսն է, եւ մարդկանց զգալի մասը հանգստի է մեկնել։

 

Երեւանի աւագանու ՀՅԴ ցուցակը երբ կը հրապարակւի։

- Երբ յայտնի կը լինի կառավարութեան որոշումը այն ժամանակ կը խօսենք։

 

Այսուհանդերձ, շատ քաղաքական ուժեր հրապարակել են իրենց առաջին համարների անունները։ Եւ հաշւի առնելով այս բազմազանութիւնը, ձեր թեկնածուն արդեօ՞ք մրցունակ կը լինի։ Նո՞ր դէմք է, հասարակութեանը քաջ յայտնի՞։

- Առաջին հարցի հետ կապւած ասեմ, որ մենք շարժւում ենք օրէնքի տառին եւ ոգուն համահունչ։ Իսկ միւս հարցի հետ կապւած՝ չկասկածէք։

Յարակից լուրեր

  • Հինգ դաս Ալէն Սիմոնեանին
    Հինգ դաս Ալէն Սիմոնեանին

    Կան մարդիկ, որոնք քաղաքական գործիչ են դառնում իրենց աշխատասիրութեան, համառութեան ու կամքի շնորհիւ: Յարգում եմ այդպիսի մարդկանց, բայց եւ չեմ կարող բաւարարել ընթերցողներիս պահանջ-հարցադրումը` ինչո՞ւ Դուք քաղաքական գործիչ չէք դառնում: Ես չեմ ուզում քաղաքական գործիչ դառնալ, որովհետեւ քաղաքական գործիչներին հետեւելն ու նրանց գործունէութիւնը գնահատելն աւելի հետաքրքիր գործ է ինձ համար:

  • ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը
    ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը

    Յունւարի 19-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր-Խաչատրեանի գլխաւորած պատւիրակութեանը։

  • Լիացած Ռոստոմի յիշատակով
    Լիացած Ռոստոմի յիշատակով

    Երէկ՝ Յունուարի 18-ին լրացաւ ազգային պատմութեան ազատագրական պայքարի, հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան փուլի առասպելական գործիչներէն, ՀՅԴ հիմնադիր երրորդութեան կրտսերագոյն անդամի՝ Ռոստոմի (Ստեփան Զօրեան) մահուան հարիւրերորդ տարելիցը: Ան այս աշխարհէն հեռացաւ 1919-ի այդ օրը, վարակուած բծաւոր տիֆէ:

  • Պարզաբանումներ Քաջազնունու հեռագրի վերաբերեալ
    Պարզաբանումներ Քաջազնունու հեռագրի վերաբերեալ

    Վերջին տարիներին տարբեր դրդապատճառներով շատ է շահարկւում Հայաստանի առաջին Հանրապետութեան Կառավարութեան հեռագիրը ուղղւած` Օսմանեան կառավարութեան զինւած մինիստր Էնւեր փաշային: Հեռագիրը ստորագրւած է Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան նախագահ` Յովհաննէս Քաջազնունին, զինւորական մինիստր` Արամ Մանուկեանը եւ Կառավարութեան Խորհրդի նախագահ` Աբրահամ Սահակեանը:

  • Յուշագրութիւն Դաշնակցութեան որոշման եւ ԳԽ առաջին նախագահի ընտրութեան մասին
    Յուշագրութիւն Դաշնակցութեան որոշման եւ ԳԽ առաջին նախագահի ընտրութեան մասին

    Դեկտեմբերի 29-ին Վալերի Բալայեանի բնակարանում կայացել է խորհրդաժողով, որին ներկայ էին ընտրւած գրեթէ բոլոր դաշնակցական պատգամաւորները, կուսակցութեան բոլոր կառոյցների ղեկավարները եւ ներկայացուցիչներ Շահումեանի շրջանից: Ստեփանակերտի «Արամ Մանուկեան» ենթակոմիտէից ներկայ էին Աշոտ Սարգսեանը, Ֆելիքս Գաբրիէլեանը եւ Դաւիթ Իշխանեանը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։