Հա

Ազգային

14/08/2018 - 12:15

Դաշնակցութիւնն ուրւագծում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման իր հիմնադրոյթները

Դաշնակցութիւնն ուրւագծում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման իր հիմնադրոյթները. «yerkir.am»-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտութեան թեկնածու, դոցենտ Թադէոս Աւետիսեանը` ներկայացնելով նախագծի մանրամասները:

«alikonline.ir» - Դաշնակցութիւնն ուրւագծում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման իր հիմնադրոյթները. «yerkir.am»-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտութեան թեկնածու, դոցենտ Թադէոս Աւետիսեանը` ներկայացնելով նախագծի մանրամասները:

 

- Պարոն Աւետիսեան, ի՞նչ նպատակով է մշակւել ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթների նախագիծը:

- Նախագիծի մշակումը նախաձեռնել է ՀՅԴ Բիւրոն՝ նախորդ տարւայ աւարտին: Նախագիծը մշակել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակը: Անցել է ներքին քննարկումների առաջին փուլը եւ դրւում է հանրային բաց քննարկման՝ հրապարակայնացնելու, ինչպէս նաեւ պետական ու հանրային հատւածից, մասնագիտական ու փորձագիտական շրջանակներից առաջարկներ ստանալու նպատակով:

Իհարկէ, նախագծով առաջարկւող որոշ մօտեցումներ, դրոյթներ, առանձին լուծումներ կարող են վիճելի լինել քաղաքական եւ մասնագիտական շրջանակներում:

Ուստի, նպատակ ունենք հանրային լայն իրազեկումից բացի, առաջիկայ շահագրգիռ քննարկումների արդիւնքներով, էլ աւելի բարելաւել Դաշնակցութեան կողմից առաջ քաշւած հիմնադրոյթները: Դրա համար է, որ այն հրապարակւել է՝ որպէս նախագիծ: Հետեւաբար, հաւասարապէս կարեւորում եւ ակնկալում ենք շահագրգիռ բոլոր կողմերի լայն մասնակցութիւնը նախագծի հանրայնացմանն ու առաջիկայ քննարկումներին:

Լրամշակւած նախագծի վերջնական տարբերակը եւս կը հրապարակւի եւ ՀՀ Ազգային Ժողովի առաջիկայ ընտրութիւններին ընդառաջ՝ կարող է հիմք հանդիսանալ ՀՅԴ նախընտրական ծրագրի համար:

 

- Ի՞նչ հիմնական բովանդակութիւն ունի այն:

- Նախագիծը բովանդակում է Հայաստանի անկախացումից ի վեր վարւող նեոլիբերալ տնտեսական քաղաքականութեան ընդհանրացւած հիմնախնդիրները, վերջիններիս սոցիալական բացասական ազդեցութեան մարտահրաւէրները, միւս կողմից էլ, հաշւի առնելով նաեւ վերջին շրջանի քաղաքական զարգացումներն ու նոր իրողութիւնները, օրակարգ են բերւում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող ՀՅԴ հիմնարար մօտեցումները, սկզբունքներն ու հաւաքական լուծումները:

 

- Խնդրեմ մանրամասնէք կոնկրետ ի՞նչ հիմնախնդիրներ եւ մարտահրաւէրների մասին է խօսքը:

- Մասնաւորապէս վեր են հանւել տնտեսական հետեւեալ հիմնախնդիրները՝ պետական սեփականութեան առաւելագոյն մասնաւորեցում եւ կրճատում, տնտեսութեան ուղղակի կարգաւորումից դեպի անուղղակի մեթոդների գործադրում, ազգային արժոյթի դրամական զանգւածի սահմանափակման սկզբունքի արմատաւորում, արտաքին առեւտրային հովանաւորչական գործիքների կրճատում, տարածքային համաչափ զարգացման ոչ բաւարար գործիքակազմ, սոցիալական նւազագոյն երաշխիքների ապահովման ոչ բաւարար արդիւնքներ, աշխատաշուկայի պետական կարգաւորման անհամարժէքութիւն:

Եւ, բնականաբար, այս հիմնախնդիրները առաջ են բերել երկրի տնտեսութեան զարգացման սոցիալական ներառականութեանը վերաբերող մի շարք մարտահրաւէրներ, որոնք առանձնացրել ենք երեք հիմնական ուղղութիւններով՝ Նեոլիբերալ մակրոտնտեսական քաղաքականութեան արդիւնքում պետութեան մասնակցային, խթանիչ եւ կարգաւորիչ դերը էապէս նւազում է:

Աշխարհաքաղաքական գործօններով պայմանաւորւած մարտահրաւէրներ, որոնք օբիեկտիւօրէն կախւած են նաեւ արտաքին միջավայրային ազդակներով՝ տնտեսական շրջափակում, դէպի ծով ելքի բացակայութիւն, պատերազմի սպառնալիք ու ռիսկ, դրանով պայմանաւորւած նաեւ՝ ռազմական ծախսերի պարտադրւած աւելացում եւ այլն:

Միկրոտնտեսական մակարդակում զարգացման մարտահրաւէրները հիմնականում կապւած են ձեռնարկութիւնների տնտեսական արդիւնաւէտութեան եւ մրցունակութեան, սահմանափակ մրցակցութեան խնդիրների լուծման հետ:

 

- Որո՞նք են Դաշնակցութեան սկզբունքային մօտեցումները այս մարտահրաւէրների պարագայում տնտեսութեան զարգացման սոցիալական ներառականութիւնն ապահովելու ուղղութեամբ:

- Որպէս սոցիալական՝ պետութիւնը պէտք է լիարժէք ստանձնի իր քաղաքացու սոցիալ-տնտեսական բարեկեցութեան եւ կեանքի որակի առաջանցիկ աճի ապահովման առանցքային դերը: Դաշնակցութիւնն այս հիմնարար նպատակի իրացման հիմքում դնում է հետեւեալ արժէքները՝ ազատութիւն, արդարութիւն, համերաշխութիւն:

Այսպէս՝ իրական ազատութեան կարելի է հասնել, եթէ ապահովւած են տնտեսական նախադրեալներն ու հաւասար հնարաւորութիւնները, մարդն ունի սոցիալական երաշխիքներ, որոնք ապահովում են նրա ազատ կամարտայայտութիւնը: Արդարութիւնը պահանջում է տնտեսական արդիւնքի արդար բաշխում եւ վերաբաշխում: Սակայն այն չի ենթադրում խորհրդային բացարձակ «հաւասարութիւն»: Չի հակասում նաեւ աշխատանքն՝ ըստ քանակի ու որակի վարձատրելու շուկայական սկզբունքին: Արդարութիւնը սոցիալական պետութեան հիմքն է եւ երաշխաւորում է հասարակութեան համերաշխութիւնը։

Իսկ համերաշխութիւնը լոկ բարեգործութիւն չէ, այն գոյատեւման եւ ազգի տեսլականին հասնելու գրաւականն է, կեանքի որակի եւ կայուն զարգացման ապահովման նախապայմանը:

Ինչ վերաբերում է տնտեսական մոդելին, ապա հարկ է նշել, որ կարգաւորւող շուկայական տնտեսութեամբ, սոցիալական ու ժողովրդավարական երկիր ունենալու Դաշնակցութեան հայեցակարգի հիմքում առաջ են քաշւում երեք հիմնական սկզբունքներ՝ առաջանցիկ տնտեսական աճ, սոցիալական ներառականութիւն եւ արդարութիւն, կայուն զարգացում:

 

- Կարող էք որոշակիօրէն մանրամասնել, թէ կոնկրետ ի՞նչ լուծումներ են առաջադրւել այս հիմնական սկզբունքներն ապահովելու համար:

- Փորձեմ հակիրճ ներկայացնել նշւած սկզբունքների ներքոյ մեր կողմից առաջարկւող հաւաքական լուծումները:

Նախ առաջին սկզբունքի ներքոյ.

Տնտեսութիւնը պէտք է զարգանայ ոչ թէ շուկայական, տարերային կերպով, այլ պէտք է զուգորդւի պետական անհրաժեշտ կարգաւորմամբ ու նպատակային մասնակցութեամբ. շուկայի դասական «անտեսանելի ձեռքի» ուժը պէտք է լիարժէք լրացւի «պետութեան տեսանելի ձեռքի» ուժով:

Տնտեսութեան ներուժը պէտք է ունենայ երկրի համեմատական առաւելութիւնների ամրապնդման եւ նորարարական լուծումներով ընդլայնման կայուն հիմքեր: Իսկ սոցիալական ներառականութեան եւ կեանքի որակի տեսանելի փոփոխութեան համար անհրաժեշտ է տնտեսութեան առաւելագոյն ներուժին ձգտող կայուն տնտեսական աճ:

Հարկային քաղաքականութեան հիմքում պէտք է դրւի «շատից շատ, քչից քիչ» սկզբունքը: Այսինքն՝ հանրային բարեկեցութիւնից առաւել մեծ բաժին ստացողը դրա դիմաց պէտք է յարաբերականորեն աւելի մեծ պատասխանատւութիւն ստանձնի հասարակութեան առաջ:

Մրցակցային զարգացման միջավայրի ձեւաւորումը իր հերթին պահանջում է՝ մեծացնել տուգանքները գերիշխող դիրքի չարաշահումների համար, նախատեսել հակամրցակցային գործողութեան վնասի փոխհատուցման մեխանիզմ եւ հզօրացնել հակամենաշնորհային պայքար իրականացնող պետական մարմնի ինստիտուցիոնալ կարողութիւնները:

Սոցիալ-տնտեսական զարգացման եւ անվտանգութեան հիմնական ենթակառուցւածքային մակրոգործօն են բնական մենաշնորհները, որոնք պէտք է ոչ միայն անուղղակի կարգաւորւեն պետութեան կողմից, այլեւ՝ ունենան ուղղակի պետական մասնակցութիւն, որոշումներ կայացնելու հսկիչ փաթեթով:

Ենթակառուցւածքային մեծ ծրագրեր նախաձեռնելիս անհրաժեշտ է խուսափել «ենթակառուցւածքային ծուղակից», երբ ծրագրի փաստացի ժամկէտն ու բիւջէն բազմապատիկ անգամ գերազանցում են նախահաշիւը եւ չի ապահովւում ծրագրի արդիւնքը:

Արտաքին ռիսկերի կառավարման ճկուն համակարգ ունենալու համար անհրաժեշտ է արտաքին տնտեսական տարբերակւած քաղաքականութիւն՝ տնտեսութեան ինովացիոն զարգացման եւ մարդկային կապիտալում արդիւնքահեն ներդրումների ներգրաւման հիմնական նպատակներով:

Արտաքին եւ ներքին ներդրումների ներգրաւման հիմնական երաշխիքներից է նաեւ միջազգային չափանիշներով՝ արդար, անկախ եւ արդիւնաւէտ դատաիրաւական համակարգի ձեւաւորումը, ներառեալ արբիտրաժային դատարանները:

Այս նպատակադրումների համատեքստում հայկական սփիւռքը պէտք է դիտւի՝ որպէս հենասիւնային մակրոգործօն եւ այդ ներուժը պէտք է լիարժէք իրացւի սփիւռքի հետ տնտեսական կապերի զարգացման ռազմավարութեանը համապատասխան:

Արտահանման խթանման համար (յատկապէս՝ զբօսաշրջութեան ոլորտում) անհրաժեշտ են՝ ակտիւօրէն եւ ծրագրւած օգտագործել ՀՀ դեսպանատների եւ առեւտրային ներկայացուցչութիւնների հնարաւորութիւնները, արտահանման սուբսիդաւորումից ու ապահովագրութիւնից բացի՝ ներդրնել պետական երաշխիքով առեւտրի ֆինանսաւորման արդի գործիքներ:

Միւս կողմից, ներմուծման փոխարինման գործիքակազմը չի կարող արդիւնաւէտ լինել, եթէ գոնէ պետական գնումներում նախապատւութիւն չտրւի տեղական արտադրողին:

Տնտեսական քաղաքականութիւնը պէտք է ուղղւած լինի նաեւ աճի առաջնային բեւեռների ձեւաւորմանը՝ ՓՄՁ, աշխատատար եւ գիտելիքայեն ճիւղեր, զբօսաշրջութեան ներուժ ունեցող բնակավայրեր, ռազմական արդիւնաբերութեան բարձր տեխնոլոգիատար բնագաւառներ, խոշոր ներդրումներով եւ նոր աշխատատեղեր ստեղծող առանձին ձեռնարկութիւններ, յատկապէս՝ սահմանամերձ, բարձր լեռնային բնակավայրերում:

Գիւղատնտեսութեան զարգացման համար անհրաժեշտ է ապահովագրւած, կայուն եկամտաստեղծ եւ ինտենսիւ տնտեսվարման պայմանների լիարժէք ձեւաւորում՝ «անապահովութիւնից դէպի կայուն զբաղւածութիւն» սկզբունքով:

Երկրորդ սկզբունքն ապահովելու համար տնտեսական աճը անհրաժեշտ, բայց ոչ բաւարար պայման է:

Զուգահեռաբար եւ փոխադարձութեան սկզբունքով՝ տնտեսական զարգացումը պէտք է անշեղօրէն ուղենշւի սոցիալական ներառականութեամբ եւ արդարութեամբ:

Նախ՝ ՀՆԱ-ի առնվազն 25 տոկոսը, ներկայիս մօտ 12 տոկոսի փոխարէն, սահմանւած թիրախներին ու առաջնահերթութիւններին համաչափ, պէտք է ուղղւի սոցիալական պաշտպանութեան, առողջապահութեան, կրթութեան եւ մշակոյթի ոլորտներին:

Պետական միջոցների կայուն աւելացմանը զուգահեռ պէտք է իրականացւեն պետական եւ համայնքայեն արդիական ծրագրեր՝ իւրաքանչիւր քաղաքացու նւազագոյն սոցիալական կարիքների բաւարարման վերջնանպատակով:

Զուգահեռաբար, առաջնային կարեւորութիւն ունի աշխատաշուկայի պետական կարգաւորումը եւ աշխատողների սոցիալ-աշխատանքային իրաւունքների պաշտպանութիւնը: Մասնաւորապէս՝

Զբաղւածութեան պետական աջակցութեան ծրագրերի ակնկալւող արդիւնք պէտք է սահմանվի գործազուրկի կայուն զբաղւածութեան ապահովումը այն մօտեցմամբ, որ իւրաքանչիւր շահառուի համար ծախսւած պետական միջոցները վերադարձւեն նրա եկամտահարկով:

Պետութեան համար առաւել նպատակայարմար պէտք է լինի աշխատատար ճիւղերի ձեռնարկութիւնների մասնակի սուբսիդաւորումը՝ որպէս անապահովութեան նպաստին այլընտրանք եւ տարածքային համաչափ զարգացման գործիք:

Հաշմանդամութիւն ունեցող անձանց զբաղւաղւածութեան ապահովման համար, ի լրումն, անհրաժեշտ են նաեւ՝ խոշոր գործատուների կողմից պարտադիր ապահովման աշատատեղերի քւոտայի լիարժէք կիրառումը, պետական աջակցութեամբ սոցիալական ձեռնարկատիրութեան կայացումն ու զարգացումը:

Նւազագոյն աշխատավարձը պէտք է շարունակաբար բարձրացւի սոցիալական գործընկերութեան հարթակում, իրական բանակցութիւնների հենքի վրայ՝ կենսապահովման նւազագոյն զամբիւղի արժէքին համաչափ, նւազագոյն/միջին աշխատավարձ յարաբերակցութիւնը պահելով՝ 50-60 տոկոս միջակայքում:

Իսկ սոցիալական գործընկերութեան արդիւնաւէտ զարգացման հիմնական պայման են՝ իրապէս անկախ, ներկայացուցչական եւ հզօր արհմիութիւնները:

Միւս կողմից, ՀՀ ստանձնած միջազգային պարտաւորութիւններին համապատասխան՝ անհրաժեշտ է ամբողջականացնել աշխատանքային օրէսդրութեան կատարման նկատմամբ պետական վերահսկողական համակարգը՝ բարձրացնելով արդիւնաւէտութիւնը, բացառելով առկայ եւ հնարաւոր կոռուպցիոն ռիսկերը:

Նւազագոյն աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ պէտք է պարբերաբար վերանայւեն անապահովութեան նպաստի չափերը՝ հիմք ընդունելով պետական բիւջէի աճող հնարաւորութիւնը եւ կենսապահովման նւազագոյն զամբիւղի արժէքը:

Սակայն անապահովութեան նպաստ պէտք է ստանան աղքատ այն ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ, իսկ աշխատանքային տարիքի աշխատունակ անձանց պէտք է առաջարկւի պետական աջակցութեամբ կայուն զբաղւածութիւն:

Կենսաթոշակային նոր համակարգի ձեւաւորման համար առաջարկւում են հետեւեալ հիմնական սկզբունքները՝ պետութեան պոզիտիւ պարտաւորութիւն, միջսերնդային եւ ներսերնդային համերաշխութիւն, գործատու - աշխատող - պետութիւն ամբողջական մասնակցութիւն, համարժէքութիւն՝ կենսաթոշակի չափի համար ելակէտ պէտք է հանդիսանայ կենսաապահովման նւազագոյն զամբիւղի արժէքը կամ երկրի միջին աշխատավարձի առնւազն 40%-ը, օրինական եւ կայուն աշխատանքի խթանում՝ աշխատանքային ստաժի հաշւառում թոշակի չափի որոշման համար:

Եւ վերջում նաեւ կայուն զարգացման ապահովման նպատակադրման վերաբերեալ:

Կայուն զարգացումը պահանջում է, որ քաղաքականութիւնը միտւած լինի կեանքի որակի առաջանցիկ բարելաւմանը, նաեւ՝ վաղւայ բարեկեցութեան հիմքերի ապահովմանը:

Այստեղ յենասիւնային են՝ ժողովրդագրութիւնը, կրթութիւնը, առողջապահութիւնը, մշակոյթը, շրջակայ միջավայրի պաշտպանութիւնը:

Ծայրայեղ վիճակի հասնող ժողովրդագրական խնդիրների լուծման համար տնտեսական աճն ու սոցիալական լարւածութեան թուլացումը ինքնին բաւարար չեն: Անհրաժեշտ է պետական համակարգւած մօտեցմամբ ձեւաւորել ժողովրդագրական զարգացման ռազմավարական աջակցութիւն, հետեւեալ հիմնական ուղղութիւններով՝ ծնելիութեան խթանում, արտագաղթի կանխում եւ ներգաղթ, տարածքային համաչափ զարգացում ու կեանքի որակի բարելաւում:

Կրթական քաղաքականութիւնը պէտք է բխի ոչ միայն աշխատաշուկայի առկայ պահանջարկից, այլ նաեւ՝ առաջանցիկ լուծումներով, որակեալ կադրերի պատրաստումը պէտք է դառնայ գիտելիքայեն եւ ինովացիոն տնտեսութեան զարգացման հիմքը:

Ծառայութիւնների որակի ու մատչելիութեան երաշխիքների լիարժէք ներդրմամբ եւ պետական ֆինանսաւորմամբ՝ պէտք է անվճար ապահովւեն նախադպրոցական կրթութիւնը, հանրակրթութիւնը եւ մասնագիտական կրթութիւնը:

Առողջապահութեան ոլորտում բարեփոխումները պէտք է ուղղւած լինեն՝ նւազագոյն բազային փաթեթով պարտադիր պետական ապահովագրութեան փուլային ներդրմանը, ինչպէս նաեւ ծառայութիւնների արդիականացմանը, որակի ու մատչելիութեան բարձրացմանը, համակարգի ամբողջական էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրմանը, ճկուն սակագների ձեւաւորման խթանների ապահովմանը:

Մարզերում պէտք է ձեւաւորւեն Երեւանի բուժհաստատութիւններին չզիջող բժշկական կենտրոններ։

Մշակութային ժառանգութեան զարգացումն ու կապիտալացումը պէտք է մշտապէս լինեն պետութեան նպատակային աջակցութեան ներքոյ, հիմքում ունենալով՝ հոգեւոր աղքատութեան յաղթահարումը, նորարարութիւնների խթանումը, մշակութային բազմազանութեան քաջալերումն ու հասանելիութիւնը, ազգային մշակութային արժէքների միջազգայնացումը, ինչպէս նաեւ մշակութային կրթութեան եւ գեղարւեստական դաստիարակութեան համար ինստիտուցիոնալ հիմքերի ապահովումը:

Բնապահպանական առումով ընդունելի վիճակի ապահովումը եւս հանդիսանում է կայուն զարգացման մակրոգործօն՝ ներկայ սերունդի համար ստեղծելով համերաշխութեան մթնոլորտ, իսկ ապագայ սերունդիների համար՝ զարգացման հաւասար պայմաններ։

Հետեւաբար, քաղաքականութիւնը պէտք է միտւած լինի՝ բնական ռեսուրսների գերշահագործման բացառմանը, շրջակայ միջավայրի, այդ թւում՝ մարդու կեանքի եւ առողջութեան վրայ բացասական ազդեցութեան նւազեցմանը, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը, ստացւող եկամուտների արդար բաշխմանը:

 

- Ինչպէ՞ս կարելի է առաջարկներ ներկայացնել այս փաստաթղթի վերաբերեալ:

- Ինչպէս սկզբում արդէն նշեցի, փաստաթուղթը առաջիկայ երկու ամիսներին դրւելու է հանրային լայն քննարկման, իհարկէ նաեւ՝ առարկայական առաջարկներ ստանալու նպատակով:

Նաեւ ցանկանում եմ տեղեկացնել, որ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հասու է՝ arfd.info էջում:

Իսկ փաստաթղթի վերաբերեալ առաջարկները կարելի է ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցէով: Ակնկալում ենք առարկայական եւ շահագրգիռ առաջարկներ:

Հարցազրոյցը վարեց Արազ Գայմագամեանը

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։