Հա

Ազգային

30/08/2018

Միքայէլ Մանուկեանին զրպարտում են. պարզաբանում

Երէկ որոշ կայքերի «Մամուլի տեսութիւն» բաժնում իբրեւ «Ժամանակ» թերթի նիւթ, հրապարկւել է ՀՅԴ Երեւանի աւագանու ցանկը գլխաւորող Միքայէլ Մանուկեանին վերաբերող մի յօդւածից հատւած, որն իրականութեան հետ աղերս չունի։ Առ այդ, հարկ ենք համարում պարզաբանել։

Երէկ որոշ կայքերի «Մամուլի տեսութիւն» բաժնում իբրեւ «Ժամանակ» թերթի նիւթ, հրապարկւել է ՀՅԴ Երեւանի աւագանու ցանկը գլխաւորող Միքայէլ Մանուկեանին վերաբերող մի յօդւածից հատւած, որն իրականութեան հետ աղերս չունի։ Առ այդ, հարկ ենք համարում պարզաբանել։

«1in.am» կայքում, օգոստոսի 28-ին, ժամը 18։04 հրապարակւել է Սոնա Յարութիւնեանի ստորագրութեամբ մի յօդւած՝ (https://www.1in.am/2414873.html), ուր ակնյայտ կեղծ եւ արժանապատւութիւնը վիրաւորող տեղեկութիւններ են հրապարկւել եւ գնահատականներ են տրւել ՀՅԴ Երեւանի աւագանու ցանկը գլխաւորող, ԱԺ նախկին պատգամաւոր Միքաէլ Մանուկեանի հասցէին։

Սոյնով ներկայացնում ենք կեղծ տեղեկութիւնների անհիմն լինելու փաստարկները:

Լրագրողը գրում է՝ «Ուշագրաւ է, որ ՀՅԴ թեկնածու Միքայէլ Մանուկեանը քրէական անցեալ ունի…»։ Մարդուն քրէական անցեալի համար կարող են մեղադրել, եթէ այդ յանցանքն ապացուցւած է դատարանի որոշմամբ եւ որը չի կորցրել վաղեմութեան ժամկէտը։ Քրէական գործն անգամ դատարան չուղարկւած, նոյն նախաքննական մարմնի գործը կարճւել է: Միքայէլ Մանուկեանը, քաղաքական պատճառներով 12 ամիս, կեղծ մեղադրանքով անազատութեան մէջ գտնւելով, արդարացւել է, ինչպէս նրա հետ անազատութեան մէջ գտնւած իր բոլոր չորս ընկերները:

Լրագրողը գրում է՝ «սպանութիւնից երեք օր անց ՀՅԴ-ական Միքայէլ Մանուկեանի նկատմամբ հետախուզում էր յայտարարւել, որից յետոյ նա յայտնաբերւել էր եւ տեղափոխւել ԱԱԾ մեկուսարան»։ ՍՈՒՏ է այս տեղեկութիւնը։ Միքայէլ Մանուկեանի նկատմամբ հետախուզում յայտարարելը, հեռուստատեսութեամբ նրա լուսանկարը ցոյց տալը այդ օրերին էլ, շատերի համոզմամբ, ունէր քաղաքական ենթատեքստ եւ տեղաւորւում էր օրւայ իշխանութեան՝ ՀՅԴ նկատմամբ սանձազերծւած լայնածաւալ յարձակման տրամաբանութեան մէջ։ Այդ իսկ պատճառով, Միքայէլ Մանուկեանը ներկայացավ ԱԱԾ՝ նախապէս տեղեակ պահելով այդ օրերին գործող մի քանի լրատւամիջոցների։ ԱԱԾ մուտքի մօտ, բազում քաղաքացիների եւ լրագրողների ընկերակցութեամբ, իբր ողջ Հայաստանով փնտրւող «կասկածյալ» Միքաքէլ Մանուկեանը, մի շարք լրագրողների եւ ԱԺ պատգամաւորների ներկայութեամբ, ստիպւած էր շուրջ 40 րոպէ կանգնել ու սպասել ԱԱԾ գլխաւոր մուտքի դիմաց։ Պարզապէս քննիչները խառնւել էին եւ իրենց սցենարը տապալւել էր. Միքայէլ Մանուկեանն իր ոտքով էր եկել նախաքննական մարմին։

Միքայէլ Մանուկեանին եւ ընկերներին ուղղւած մեղադրանքներն այնքան հիմնազուրկ էին, որ անգամ քննութեան համար ձեւաւորւած աշխատանքային խմբի առաջին ղեկավարը հրաժարւեց գործը քննել, ինչից յետոյ այն փոխանցւեց ոչ անյայտ, հետագայում ԱԱԾ պետ դարձած Կարլոս Պետրոսեանին։ (Առնւազն լրագրողը նրա հետ կարող էր զրուցել, որի ՀՅԴ նկատմամբ մեղմ ասած ոչ բարեկամական վերաբերմունքը բոլորին է յայտնի)։

Այդ ժամանակ ՀՀ քրէադատավարական օրէնսգրքով նախատեսւած առաւելագոյն կալանքի ժամկէտ սահմանւած 9 ամիսների ընթացքում, նախաքննական մարմինը չկարողացաւ գտնել որեւէ փաստ։ Ժամանակ շահելու համար, այդ օրւայ քաղաքական իշխանութիւնը գնաց աննախադէպ քայլի. մի քանի օրւայ ընթացքում, հապճեպ Ազգային Ժողովի քւէարկութեամբ փոխւեց ՀՀ քերադատավարական օրէնսգիրքը, եւ նախնական կալանքի ժամկէտը դարձրեցին 12 ամիս, որպէսզի վերեւից իջեցւած քաղաքական պատւէրը քրէօրէն հիմնաւորեն եւ Միքայէլ Մանուկեանին յայտարարեն Համբարձում Գալստեանի սպանութեան մեղաւոր։ Սակայն յաջորդ երեք ամիսների անարդիւնք աշխատանքից յետոյ, նախաքննական մարմինն ու քաղաքական իշխանութիւնը ստիպւած էին ընդունել իրենց ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ։

Լրագրողը գրում է «…Ըստ շրջանառւող լուրերի՝ այլեւս քաղաքապետի լիազօրութիւններ չունեցող Գալստեանի հետ ՀՅԴ-ն բիզնես խնդիրներ էր ունեցել, որոնք լուծում չէին ստացել»։ Նախ, ՀՅԴ-ն երբեք չի ունեցել տնտեսական հետաքրքրութիւններ։ Միաժամանակ, լրագրողի տարիքը թերեւս թոյլ չի տալիս, որ յիշի ինչ լուրեր էին այդ օրերին շրջանառւում, ու օդից վերցրել է կեղծ մեղադրանք ՀՅԴ տնտեսական շահերի մասին։ Այնինչ այդ օրերին բոլորը գիտէին, մամուլը գրում էր, թէ Համբարձում Գալստեանը ինչ խոր հակասութիւններ ունէր իր անդամակցած ՀՀՇ վերնախաւի որոշ անդամների հետ։

Լրագրողը, խախտելով անմեղութեան կանխավարկածը, լրագրողական էթիկայի նորմերը, առանց երկու կողմերի կարծիքը լսելու, դիմել է միայն Միքայքէլ Մանուկեանի դեմ սարքւած քրէական գործի գլխաւոր «ճարտարապետներից մէկին»՝ այդ ժամանակ ԱԱԾ պետի տեղակալ, այդ օրերի ԱԱԾ պետ Դաւիթ Շահնազարեանի մերձաւոր ազգական, ոստիկանութեան համակարգից, նոր ԱԱԾ տեղափոխւած եւ իր ոչ պրոֆեսիոնալիզմով յայտնի Գուրգէն Եղիազարեանի օգնութեանը։

Գուրգէն Եղիազարեանը ՍՏՈՒՄ է, ասելով, որ «…Իսկ Միքայէլ Մանուկեանին ես եմ բռնել հետախուզում յայտարարելուց յետոյ…»: Վերոշարադրեալում նշել ենք, որ Միքայէլ Մանուկեանն անձամբ է ներկայացել նախաքննական մարմին:

Գուրգէն Եղիազարեանը շինծու գործն արդարացնելու համար յղում է անում Համբարձում Գալստեանի եղբօր վկայութեանը, թէ իբր «Գալստեանի եղբայրն էր ասել, որ Մանուկյանն է եղել…»: Եղիազարեանը ՍՏՈՒՄ է, քանի որ Համբարձում Գալստեանի եղբօր եւ Միքայէլ Մանուկեանի առերեսման ժամանակ, առաջինը լոկ արդէն հետախուզում յայտարարելու հաղորդագրութիւնում ցուցադրւած լուսանկարով է նմանեցրել Մանուկեանին, բայց հաստատապէս չի կարողացել պնդել։ Ինչն էլ հիմք է դարձել, որ հակառակ քաղաքական պատւէրին, նախաքննական մարմինն անգամ չհամարձակւի այդ վկայութիւնը մեղադրանքի հիմքում դնել։

Ինչ վերաբերում է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգէն Եղիազարեանի մասնագիտական ունակութիւններին, մենք չէ, որ պէտք է դատողութիւն անենք։ Դրա մասին պարբերաբար լաւագոյնս բարձրաձայնել են ԱԱԾ պաշտօնեաները, երբ անգամ նրան սւիններով են ընդունել իր պաշտօնավարման օրերին, ինքն էլ կէս տարւայ պաշտօնավարումից յետոյ ստիպւած էր հեռանալ այդ համակարգից։ Եթէ կարիք լինի, կարող ենք պարոն Եղազարեանի յիշողութիւնը թարմացնել. Օրինակ՝ մէկ այլ քրէական գործով այնքան ոչ մասնագիտօրէն էր կեղծել մի խնդրահարոյց փաստաթուղթ, որ պարզապէս պաշտօնազրկման էր արժանացել՝ ոչ որակեալ կեղծման համար։

Ինչ վերաբերում է «1in.am» կայքի ազնւութեանն ու անաչառութեանը։ Այն, որ յստակ է արժանաւոր թեկնածուներից մէկին սեւացնելու միտումը, վկայում են թէկուզ յօդւածը պատրաստելուց նրա կարծիքը չլսելը եւ հակառակ խօսքի հնարաւրութիւն չտալը։ Նիւթն առաւել շատ տարածում գտնելու համար, կայքը «հետաքրքրական» քայլի է դիմել։ Յօդւածը կայքում տեղադրւել է օգոստոսի 28-ի երեկոյեան 18։04-ին՝ (https://www.1in.am/2414873.html), ապա առաւօտեան հրապարակւել նոյն կայքի տպագիր «Ժամանակ» թերթում, ապա տպագրումից յետոյ, իր իսկ հրապարակած յօդւածը 1in.am կայքը, օգոստոսի 29-ին, 08։16-ին, «ՀՅԴ քրէական թեկնածուն. Միքայէլ Մանուկյանը մեղադրվել է Համբարձում Գալստեանի սպանության համար. «Ժամանակ»» վերնագրով կրկին հրապարակել է կայքում՝ (https://www.1in.am/2415113.html)։

Առաջին անգամ չէ, որ այս կայքն իր ոչ օբիեկտիւ, ոչ մասնագիտական, կեղծ ու ապատեղեկատւութիւն պարունակող յօդւածներով ու լուրերով յայտնւում է հանրութեան ուշադրութեան կենտրոնում։

Պարբերաբար ՀՅ Դաշնակցութեան կառոյցը եւս յայտնւել է «1in.am» կայքի թիրախում, հիմնազուրկ հրապարակումներով։ Ամէն անգամ, ազատ խօսքի եւ արտայայտւելու իրաւունքի մտասեւեռումով, անուշադրութեան ենք մատնել այդ հրապակումները։ Մենք օգտւելու ենք ՀՀ օրէնսդրութեամբ մեզ տրւած բոլոր միջոցներից, մեր կազմակերպութեան, մեր ընկերների հեղինակութիւնն ու պատիվը պաշտպանելու համար։

ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակ
29.08.2018

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։