Print this page
01/09/2018

Երբ լրատւամիջոցը վերածւում է կեղտոտ տեխնոլոգիաների խողովակի

Նախընտրական ժամանակահատւածները նորանկախ Հայաստանում միշտ էլ աչքի են ընկել ներքին լարւածութեան մեծացմամբ եւ, յատկապէս, կեղտոտ տեխնոլոգիաների կտրուկ ակտուալացմամբ: Քաղաքական պայքարը դառնում է աւելի թէժ, բայց քաղաքական ճամբարները ոչ բոլոր դրւագներում են կարողանում զերծ մնալ հակառակորդներին անխնա սեւացնելու, նրանց վրայ ցեխ շպրտելու գայթակղութիւնից` յուսալով, թէ կը կարողանան այդ կերպ մի քանի դիւիդենտ ճարել սեփական իմիջը դրական լոյսի մէջ ցուցանելու համար:

ՀՅԴ ֆէյսբուքեան էջում գրւած է. 

«Նախընտրական ժամանակահատւածները նորանկախ Հայաստանում միշտ էլ աչքի են ընկել ներքին լարւածութեան մեծացմամբ եւ, յատկապէս, կեղտոտ տեխնոլոգիաների կտրուկ ակտուալացմամբ: Քաղաքական պայքարը դառնում է աւելի թէժ, բայց քաղաքական ճամբարները ոչ բոլոր դրւագներում են կարողանում զերծ մնալ հակառակորդներին անխնա սեւացնելու, նրանց վրայ ցեխ շպրտելու գայթակղութիւնից` յուսալով, թէ կը կարողանան այդ կերպ մի քանի դիւիդենտ ճարել սեփական իմիջը դրական լոյսի մէջ ցուցանելու համար:

Նորութիւն չեմ ասի, եթէ նշեմ, որ քաղաքական շրջանակների կիրառած կեղտոտ տեխնոլոգիաների շարժիչ ուժը գրեթէ միշտ եղել են զանգւածային լրատւամիջոցները, որոնք նաեւ հրաշալի թաքստոց են ծառայում քաղաքական անփառունակների համար: Մամուլի հրապարակումներում նրանց դէմքը, սովորաբար, չի երեւում: Մէջտեղում լրատւամիջոցն է` իր ընթերցողով եւ հէնց այդ անմիջական շփման պահին էլ թաքստոցից նետւած թոյնը սահուն կերպով ներարկւում է ընթերցողին: Մեխանիզմը բաւականին հուսալի է, բայց այնքան բարդ չէ, որպէսզի քիչ թէ շատ քաղաքական հոտառութիւն ունեցողը չզգայ, թէ ինչ է կատարւում իրականում:

Ահաւասիկ առջեւում Երեւանի աւագանու ընտրութիւններ են եւ կրկին նոյն պատկերն է մեզանում: Չխօսելով մասնակից առանձին ուժերի ու դաշինքների էութեան մասին` նշեմ միայն, որ արդէն իսկ ուրւագծւում է այն լրատւամիջոցների շրջանակը, որոնք ստանձնել են քարոզարշաւն ու պայքարը մունդռելու «սուրբ» գործը: Շքերթը գլխաւորողների մէջ է, բնականաբար, «Ժամանակ» թերթը` «1in.am» էլեկտրոնային իր տարբերակով հանդերձ, որտեղ, չգիտես ինչ «պատահականութեամբ» կենտրոնացած է սկանդալային անցեալով մարդկանց մի շրջանակ, որոնք այսօր խուսափում են անգամ իրենց սեփական անուն ազգանուններով հանդէս գալ: «Մանր» խուլիգանութիւններով յայտնի են գլխաւոր խմբագրից մինչեւ զանազան Արծրունիներ ու Կայծունիները, որոնք իրենց կեանքում լիուլի ճաշակել են հասարակական պարսաւանքի դառը համը, սակայն միշտ փրկւել` ընտրած մասնագիտութիւնը սրա-նրա ոտքի տակ փալաս դարձնելու գնով:

Եւ ահա, «Ժամանակ» թերթը եւ «1in.am»-ը կրկին յայտնւել են սկանդալի կենտրոնում, այս անգամ Երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Միքայէլ Մանուկեանի մասին մի ստայօդ հրապարակման պատճառով: ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակն արդէն իսկ հակադարձել է «Առաջին» լրատւականի այդ հրապարակմանը եւ ամենայն մանրամասնութեամբ հերքել ԶԼՄ-ի «փաստական» խեղաթիւրումներն ու զրպարտութիւնները, սակայն լրատւամիջոցը շարունակել է իր խոտոր ընթացքը` մէկ այլ հրապարակմամբ փորձելով արդարանալ, թէ ինքն, իբր, ոչ վաղ անցեալի իրողութիւններն է ներկայացրել:

Ես միշտ մտածել եմ, որ «Առաջին» լրատւականում «ճարպիկներ», «աֆերիստներ», «քցողներ» են աշխատում: Բայց որ նրանք կարող են նաեւ, շատ «միամիտ» լինել, չէի մտածել: Տեսէք` իրենց առաջին հրապարակման մէջ գրել են. «Ուշագրաւ է, որ ՀՅԴ թեկնածու Միքայէլ Մանուկեանը քրէական անցեալ ունի: Նա մեղադրւել եւ բանտարկւել է Երեւանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստեանի սպանութեան համար»: Յետոյ, երբ ՀՅԴ-ից սրանց ասել են, որ դա զրպարտութիւն է, շուռ են եկել, թէ` մենք հիմնւել ենք հաւաստի աղբիւրների վրայ: Լաւ, իսկ այդ հաւաստի աղբիւրները ձեզ չե՞ն պատմել, որ Միքայէլ Մանուկեանին ներկայացւած մեղադրանքն այդպէս էլ չի հաստատւել եւ նա մէկ տարի անց ազատ է արձակւել: Հիմա ո՞վ քրէական անցեալ ունի` Միքայէլ Մանուկեա՞նը, թէ՞ այն ժամանակւայ ԱԱԾ-ն ու երկրի ղեկավարութիւնը, որոնք իրենց թիրախն էին դարձրել ընդդիմադիր կուսակցութեանն ու նրա անդամներին: Բա չէ՞ք ասի, ԱԱԾ տնօրէնի նախկին տեղակալ Գուրգէն Եղիազարեանն ասել է, որ ինքն է «բռնել» Միքայէլ Մանուկեանին: «Առաջին» լրատւականի «ասերը» նախկին պաշտօնեայի` անսթափ վիճակում արած այս յայտարարութիւնը համարում են Միքայէլ Մանուկեանի «քրէական անցեալի» ապացոյց` յոյս ունենալով, որ հասարակ ընթերցողը կուլ կը տայ խայծը: Բայց աւաղ, ԶԼՄ-ի գրչակների տարիքն իրօք չի ներում, որպէսզի յիշեն 1994 թւականից Դաշնակցութեան դէմ սկսւած տոտալ յարձակումը, որ պէտք է իր անփառունակ վախճանին հասնէր 97-98 թւականներին:

«Առաջին» լրատւականը, եթէ հաւատանք իրենց խօսքին, «այսօրւանից սկսած անդրադառնալու է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ իրենց ծրագրերով ու թեկնածուներով, ինչպէս նաեւ անդրադառնալու է քարոզարշաւին՝ վերլուծելով 12 օրերի ընթացքը, հնչած գաղափարները, կուսակցութիւնների ու դաշինքների մարտավարութիւնը, նախընտրական խոստումները»: Եթէ համարենք, որ Դաշնակցութեան թեկնածուին արդէն իսկ «անդրադարձել են», ապա կարելի է ասել, որ դա արել են թերի եւ շատ ապաշնորհ ձեւով: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետեւ Միքայէլ Մանուկեանին շատ-շատերը գիտեն Արցախեան հերոսամարտի օրերից, նրան ճանաչում են որպէս հարուստ կենսափորձ ունեցող, բնաւորութեամբ զուսպ եւ շիտակ հայ մարդու, որին ոչ պետական եւ ոչ էլ կուսակցական ղեկավար մարմիններում ստանձնած պաշտօնները չփոխեցին: Երեւանի քաղաքապետի այսօրւայ լաւագոյն թեկնածուներից մէկի` Միքայէլ Մանուկեանի մասին ուրիշ ասելիք չունէ՞ր «Առաջին» լրատւականը, թէ՞ որպէս լրատւամիջոց իր պարտքն է համարել հերթական ծառայութիւնը մատուցել ազգային արժէքներ չհանդուրժող եւ մեզանում արդէն 30 տարի մրափող նեոբոլշեւիկական շրջանակներին»:

Էդիկ Անդրէասեան

Յարակից լուրեր