Հա

Ազգային

02/09/2018 - 08:25

Գործել եմ բացառապէս «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի եւ կանոնադրութեան շրջանակներում. Աղաբէկեանը չի ընդունում առաջադրւած մեղադրանքները

Արցախի հերոս, ՀՀ ԶՈւ գեներալ-լէյտենանտ Արթուր Աղաբէկեանը չի ընդունում իրեն առաջադրւած մեղադրանքները:

«alikonline.ir» - Արցախի հերոս, ՀՀ ԶՈւ գեներալ-լէյտենանտ Արթուր Աղաբէկեանը չի ընդունում իրեն առաջադրւած մեղադրանքները: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Յիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտէն Արթուր Աղաբէկեանին մեղադրանք է առաջադրել «Մարտիկ» հիմնադրամում առերեւոյթ չարաշահումների դէպքի առթիւ:

Արթուր Աղաբէկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

««Մարտիկ» հիմնադրամի գործունէութեան վերաբերեալ հարուցւել է քրէական գործ եւ այդ շրջանակում հարցաքննւել եմ՝ որպէս «Մարտիկ» հիմնադրամի նախագահ։ Ինձ մեղադրանք է առաջադրւել հիմնադրամի խնդիրների եւ ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։ Մեծ պատրաստակամութեամբ, այս օրերին համագործակցել եմ վարոյթն իրականացնող մարմնի հետ։ Մանրամասն պատասխանել եմ բոլոր հարցադրումներին՝ համարելով, որ երբեք առիթ չեմ ունեցել հանգամանօրէն ներկայացնելու «Մարտիկ» հիմնադրամի իրականացրած մի քանի հարիւրի հասնող հայրենանւէր ծրագրերը։ Թէ բարեգործական, թէ ռազմահայրենասիրական եւ թէ մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եմ անձնական պատասխանատւութիւն, որոնք իրականացրել եմ պատւախնդրութեամբ եւ գտնում եմ, որ գործել եմ բացառապէս «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի եւ կանոնադրութեան շրջանակներում։

Ի գիտութիւն բոլոր անհանգստացողներին՝ հիմնադրամի հաշւին առկայ է 1.241.000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի գումար, որը ձեւաւորւել է 8200 փաստացի մասնակցի ներդրումից (իւրաքանչիւրը 100 ԱՄՆ դոլար է նւիրաբերել «Մարտիկ» հիմնադրամին), եւ 421.000 ԱՄՆ դոլար բանկային տոկոսներից, որը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախեան ազատամարտում զոհւած 4210 ազատամարտիկների անունից նւիրաբերւել է հիմնադրամի հաշւին եւ համալրւել է անձեռնմխելի գումարը։ Իսկ զոհւած ազատամարտիկների անունները զետեղւել են «martik.am» կայքում՝ ի յիշատակ նրանց։

Բարեկամներիս տեղեկացնեմ, որ չընդունելով մեղադրանքը շարունակելու եմ համագործակցել քննչական մարմինների հետ։ Խոստանում եմ պարբերաբար իմ իրաւասութեան շրջանակում այս մասին տեղեկացնել իմ հեղինակութեամբ եւ «Մարտիկ» հիմնադրամի ապագայով մտահոգւող ընկերներիս եւ բարեկամներիս»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։