Հա

Ազգային

04/09/2018

Ե՞րբ ենք շօշափելու երկնիշի հասնող տնտեսական աճի սոցիալական ազդեցութիւնը

Վիճակագրութիւնը արձանագրում է, իսկ պատասխանատու պետական պաշտօնեաները փաստում են, որ մեր երկրում 2018 թւականի առաջին կիսամեակում գրանցւել է բարձր տնտեսական աճ՝ 8,3%: Սա իհարկէ տնտեսական զարգացման տեսանկիւնից դրական ցուցանիշ է:

Վիճակագրութիւնը արձանագրում է, իսկ պատասխանատու պետական պաշտօնեաները փաստում են, որ մեր երկրում 2018 թւականի առաջին կիսամեակում գրանցւել է բարձր տնտեսական աճ՝ 8,3%: Սա իհարկէ տնտեսական զարգացման տեսանկիւնից դրական ցուցանիշ է:

Սակայն հասարակ քաղաքացու տեսանկիւնից, զուգահեռաբար եւ օբիեկտիւօրէն, նորից առաջ են գալիս հետեւեալ հարցերը՝

իրական է արդեօ՞ք վիճակագրութեան արձանագրումը,

եթէ այո, ապա ե՞րբ ենք շօշափելու արդէն իսկ երկնիշի հասնող տնտեսական աճի սոցիալական ազդեցութիւնը:

Պատասխանը, կարծում ենք, միանշանակ է.

Այս հարցերը կառաջանան եւ առարկայական կլինեն, քանի դեռ մեր երկիրը չունի կայուն տնտեսական աճ, որն ուղեկցւում է սոցիալական պետութիւնը բնութագրող՝ սոցիալական ներառականութեամբ: Իսկ վերջինս էլ իր հերթին պահանջում է՝ պետութեան դերի վերաիմաստաւորում, տնտեսութեան կարգաւորման եւ սոցիալական քաղաքականութեան համակարգային նոր մօտեցումներ, որոնք կապահովեն երկրում ստեղծւող համախառն եկամտի արդար, բայց ոչ հաւասար բաշխումը:

Առիթներ ունեցել ենք բազում անգամներ նշելու առարկայական այն փաստը, որ անկախացումից ի վեր Հայաստանում դեռեւս չլուծւած են սոցիալական բազմաբնոյթ ու տարածւած մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում արդիւնք են տնտեսութեան տարերային զարգացման ու շուկայի ձախողումների:

Հետեւաբար, պարզ է դառնում նաեւ, որ տնտեսութեան դրւագային աճերը, եթէ նոյնիսկ դրանք իրականում առկայ են, չեն կարող ինքնաբերաբար յանգեցնել սոցիալական խորացող խնդիրների լուծմանը՝ բազմաչափ աղքատութեան վերացման վերջնանպատակով: Ինչքան էլ ցանկանանք եւ յայտարարենք, միեւնոյն է տնտեսական աճի արդիւնքները ինքնաբերաբար չեն մտնելու իւրաքանչիւր քաղաքացու տուն եւ չեն փոխելու իւրաքանչիւրի կեանքի որակը:

Այս նպատակներին հասնելու ապացուցւած արդիւնաւէտ ճանապարհը մէկն է՝ առաջանցիկ եւ կայուն տնտեսական աճը պէտք է հաւասարապէս ուղեկցւի սոցիալական ներառականութեամբ եւ արդիւնքի արդար բաշխմամբ: Իսկ այս պարագայում, պետութիւնը պէտք է լիարժէք պարտաւորութիւն եւ ակտիւ դերակատարութիւն ստանձնի տնտեսութեան կայուն զարգացման ապահովման գործում: Պետութիւնը պէտք է վերադառնայ շուկայ՝ շտկելու շուկայի ակնյայտ բացթողումները, խթանելու առողջ մրցակցութիւնը եւ ստանձնելու կեանքի դժւարին իրավիճակում յայտնւած, սոցիալապէս խոցելի անձանցու խմբերի կեանքի որակի հետեւողական բարձրացման երաշխաւորի հիմնական դերը:

Ստեղծւող նոր արդիւնքի արդար բաշխման ինստիտուցիոնալ իրականացումը կարճ ժամանակահատւածում ի զորու է աւելացնել պետական միջոցները՝ տնտեսութեան ներառական զարգացումը լիարժէք ապահովելու համար անհրաժեշտ չափով: Պետութեան շարունակաբար եւ տնտեսութեան ներառական զարգացմանը համարժէք աճող միջոցները կայուն կերպով պէտք է ուղղւեն՝ սոցիալական պաշտպանութեան պետական ու համայնքային նոր ծրագրերին, տարածքային համաչափ զարգացման աջակցութեանը, կայուն զբաղւածութեան աջակցութեանը՝ ներդրումների աճին եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսապահովման նւազագոյն զամբիւղի փոփոխւող արժէքին համապատասխան կենսաթոշակների ու անապահովութեան նպաստների չափերի բարձրացմանը, ի վերջոյ՝ իւրաքանչիւր քաղաքացու նւազագոյն սոցիալական կարիքների բաւարարման վերջնանպատակի լիարժէք կենսագործմանը:

Սոցիալական պետութեան եւ տնտեսութեան ներառական զարգացման մոդել ունեցող երկրների դրական օրինակով կարելի է հաւաքական կերպով փաստել, որ մեր երկրում եւս՝ տնտեսութեան պետական կարգաւորման եւ մասնակցութեան համակարգային նոր մօտեցումները տնտեսական կայուն աճին զուգահեռ, պէտք է ապահովեն, որ ՀՆԱ-ի առնւազն 25%-ը (2017 թ. շուրջ 12%-ի փոխարէն), բնագաւառների համար սահմանւած թիրախներին ու ծրագրային առաջնահերթութիւններին համաչափ ուղղւեն սոցիալական ոլորտին, ներառեալ՝ սոցիալական պաշտպանութիւնը, առողջապահութիւնը, կրթութիւնը, մշակոյթը:

Պարզ հաշւարկ-ամփոփում. եթէ այս թիրախն ապահովւի, միաժամանակ՝ արդար մրցակցային միջավայրի ձեւաւորման ու կոռուպցիայի դէմ արդիւնաւէտ պայքարի արդիւնքում նւազագոյնի հասցւի, տարբեր գնահատումներով, աւելի քան 50%-ի հասնող ստւերային տնտեսութիւնը, ապա, առանց նոյնիսկ տնտեսական աճի հաշւառման,պետութիւնը կունենայ առնւազն չորս անգամ աւելի մեծ (ներկայի համեմատ) հնարաւորութիւններ եւ արդիւնքներ՝ երկրում կուտակւած սոցիալական խնդիրների լուծման համար:

Մեր երկրի տնտեսութեան ներառական զարգացմանը վերաբերող վերը բերւած մօտեցումները, առաւել ամբողջական եւ հաւաքական լուծումներով, ներկայացւած են հանրային քննարկումների ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթների նախագծի ձեւով:

Նախագծի էլեկտրոնային տարբերակը հասու է «www.arfd.info» էջում:

 

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող,
տնտեսագիտութեան թեկնածու, դոցենտ Թադէոս Աւետիսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։