Հա

Ազգային

04/09/2018 - 10:20

Յեղափոխութիւնների օրինաչափութիւնները

Յեղափոխութիւնից առաջ տիրող վարչակարգերի դէմ գաղափարական պայքարի տրամաբանութեան մէջ է մտնում իշխանութեան քարոզած արժեհամահարգի դէմ պայքարը, դրա տարբեր հիմնասիւների հիմքերի սասանումը, անհատական վարքագծով ընդունւած վարքականոններին ցուցադրական հակադրումը։ Այսպէս է եղել ամբողջ աշխարհում եւ Հայաստանը բացառութիւն չէ։ 

ԲԱԳՐԱՏ ԵՍԱՅԵԱՆ

 

Յեղափոխութիւնից առաջ տիրող վարչակարգերի դէմ գաղափարական պայքարի տրամաբանութեան մէջ է մտնում իշխանութեան քարոզած արժեհամահարգի դէմ պայքարը, դրա տարբեր հիմնասիւների հիմքերի սասանումը, անհատական վարքագծով ընդունւած վարքականոններին ցուցադրական հակադրումը։ Այսպէս է եղել ամբողջ աշխարհում եւ Հայաստանը բացառութիւն չէ։ Որքան երկար է տեւում վարչակարգերի հոգեվարքը, հասարակութեան առաւել արմատական շերտի կարճ ժամանակում որպէս վարքագծային տարբեր դրսեւորումը աստիճանաբար յանգեցնում է «գաղափարական» այլընտրանքային մօտեցումների համակարգի ձեւաւորմանը։ Այս համակարգի առանցքը կազմում են առաջին հերթին իշխանութեան կրողների կողմից անարդարութեան, կոռուպցիայի, անպատժելիութեան, յղփացածութեան, համատարած ստի ու կեղծիքի եւ այլ յոռի երեւոյթների դէմ անհաշտ պայքար մղելու վճռականութիւնը։ Այսպիսի դրսեւորումների ամենաակնառու օրինակն է հիպիական շարժումը, որը սկիզբ է առել 60-ականներին ԱՄՆ-ում, սակայն այս գաղափարները տարածւել են ամբողջ աշխարհում։ Ոչ քաղաքական հիպպիական, իր էութեամբ հասարակական գոյութիւն ունեցող արժէքների մերժման վրայ ստեղծւած շարժումը չէր կարող չդրսեւորւել նաեւ քաղաքական համակարգի մերժման մէջ, եւ այստեղ հիպպիական շարժման միջից ծնունդ է առնում յիպպիական շարժումը, որը մերժելով քաղաքական գոյութիւն ունեցող համակարգը, ինքը չձեւաւորւելով որպէս քաղաքական շարժում կազմակերպում է ցոյցեր եւ երթեր իշխանութիւնների դէմ եւ նոյնիսկ առաջադրում է նախագահութեան իր «թեկնածուին»՝ Պեգասուս անունով խոզին։ Այդ շարժումների շարքին կարելի է դասել նաեւ 1968-ին Ֆրանսիայում սկիզբ առած ուսանողական շարժումնը, որի ծագման պատճառը սոցիալական էր, սակայն գաղափարական առումով իր մէջ ներառում էր քաղաքական ամբողջ ներկապնակը՝ ուլտրաաջերից մինչեւ կոմունիստներ, անարխիստներից մինչեւ պացիֆիստներ։

Սակայն արժեհամակարգի համատարած մերժողականութիւնը յաճախ յանգեցնում է նաեւ իշխանութեան կողմից քարոզչութեան ընթացքում օգտագործւող, իրականում հասարակութեան գոյատեւման եւ զարգացման համար իսկապէս անհրաժեշտ արժէքների (ընտանիք, հայրենիք, հաւատ, անկախութիւն, բանակ, հայրենասիրութիւն, բարոյականութիւն) եւ դրանց մասին խօսող ոչ միայն իշխող վարչակարգի կարկառուն ներկայացուցիչների, այլեւ քաղաքական, մտաւորական, գիտական եւ այլեւայլ շրջանակների վարկաբեկմանն ու մերժմանը։ Այս արժէքների ցուցադրական վարկաբեկումը յաճախ նոյնացւում է «արմատական յեղափոխականութեան» հետ եւ հասարակութեան մի զգալի մասի կողմից սկսում են ընկալւել որպէս «ռեժիմի» դէմ անհաշտ պայքարի արտայայտութիւն։ Հասարակութեան ներսում առկայ՝ իշխանութեան դէմ խոր եւ խուլ դժգոհութեան «պահանջարկը» յաճախ սկսում է բաւարարւել բացայայտ հայհոյանքի «առաջարկով» եւ այդ հասարակութեան ամբողջ արժեհամակարգը թիրախաւորողները սկսում են ընկալւել որպէս հասարակութեան սպասելիքների եւ ակնկալիքների արտայայտողներ։

Թէ ինչքան կը շարունակւի նման իրավիճակը, կախւած է հիմնականում իշխանութիւնների վարքագծից, մասամբ նաեւ ընդդիմութեան գործելակերպից։ Յաճախ իշխանութիւնը ձեռնարկում է քայլեր՝ կուտակւած հասարակական լարւածութիւնը լիցքաթափելու ուղղութեամբ։ Դրանց արդիւնաւէտութիւնը կախւած է առաջին հերթին այն հանգամանքից, թէ ինչքանով են այդ քայլերը համապատասխանում հասարակութեան ակնկալիքներին։ Եթէ իշխանութիւնը իրավիճակը գնահատում է վերահսկելի, նրա կողմից ձեռնարկւած քայլերը կրում են իմիտացիոն բնոյթ, նպատակ ունենալով հնարաւորինս պահպանել ստատուս քւոն, դրանով իսկ շարունակելով առաւելագոյնս օգտւել իրենց իսկ ստեղծած քաղաքական, տնտեսական եւ հասարակական յարաբերութիւնների համակարգի՝ իրանց եւ իրենց մերձաւոր շրջապատի առաւելագոյն օգուտներ ստանալու հնարաւորութիւնից։ Նման համակարգերում կարեւորագոյն դերակատարութիւն է վերապահւած ներքին անվտանգութեան, իրաւապահ համակարգերին, որոշ դէպքերում նաեւ բանակին կամ ռազմականացված միաւորումներին։

Հասունացող յեղափոխութեան վտանգը առաւել իրատեսօրէն գնահատող իշխանութեան մարմինները փորձում ենք լարւածութիւնը չէզոքացնել վերեւից նախաձեռնելով համակարգային որոշակի փոփոխութիւններ, կատարելով նաեւ որոշ, առաւել վարկաբեկւած անձանց եւ պաշտօնեաների կադրային փոփոխութիւններ, միեւնոյն ժամանակ հնարաւորինս անխախտ պահելով «համակարգի» հիմնասիւները»։ Այս գործելակերպի ամենավառ դրսեւորումը եղաւ խոր ճգնաժամում յայտնւած Խորհրդային Միութիւնը, որի նոր, երիտասարդ առաջնորդ Միխայիլ Գորբաչեովը փորձեց կոսմետիկ, լոզունգային փոփոխութիւններ իրականացնելով կասեցնել երկրի փլուզումը։ Նոյն բանն արդէն արել էին Անգլիական Կարլ 1-ին եւ Լիւդովիկոս 16-րդ թագաւորները։ Գրեթէ նոյն գործելակերպը որդեգրեց Հայաստանում Սերժ Սարգսեանը։ Սա կարող է որոշ ժամանակով երկարացնել ռեժիմի հոգեվարքը, բայց այս քայլերը չեն կարող կասեցնել հասարակութեան արմատականացման, յեղափոխական կոչերի եւ գաղափարների տարածման, առաւել անհանդուրժողական հակահամակարգային կոչերով հանդէս եկող գործիչների ժողովրդականութեան աճին։ Սկսում է ձեւաւորւել դասական իրավիճակ, երբ «վերեւներն այլեւս չեն կարող ապրել հին ձեւով, ներքեւներն էլ չեն ուզում ապրել հին ձեւով»։

Յեղափոխական այս իրավիճակի հանգուցալուծումը սովորաբար կատարւում է խարիզմատիկ առաջնորդի կողմից ժողովրդի համար առաւել ընդունելի ու հասկանալի կարգախօսներով վճռական պայքարի դուրս գալով։ Այս պայմաններում իշխանութիւնն ունի երկու ճանապարհ՝ ուժի գործադրմամբ, ճնշումների գնալով, ամէն գնով պահել իշխանութիւնը (որը յայտնի չէ կը յաջողւի, թէ ոչ), կամ էլ ինքնակամ հեռանալ։ Ուժի գործադրմամբ իշխանութեան պահպանումը, եթէ դրանից անմիջապէս յետոյ չեն կատարւում արմատական, համակարգային եւ իրական փոփոխութիւններ, միայն կարող են ժամանակաւորապէս յետաձգել յեղափոխութիւնը։ Ուժի գործադրմամբ իշխանութիւնը պահելու փորձերը բազմաթիւ են՝ սկսած Բուրժուական առաջին յեղափոխութիւնից Անգլիայում, վերջացրած Մարտի 1-ի իրադարձութիւններով Հայաստանում։ Բոլոր այն դէպքերում, երբ ուժի գործադրմանը չեն հետեւում արմատական ռեֆորմներ, յեղափոխութիւնը յետաձգւում է կարճ ժամանակով։ Ուժի գործադրումից առաջ սկսւած եւ յետոյ շարունակւած արմատական բարեփոխումներով յեղափոխութեան հետագայ զարգացման օրինակ կարող է հանդիսանալ Չինաստանը, որը 1989 թ. Տեանանմին հրապարակում ուսանողական ցոյցերը դաժանաբար ճնշելուց յետոյ կարողացաւ իրականացնել տնտեսական յարաբերութիւնների ապագաղափարականացման, շուկայական տնտեսութեան արտօնմանն ուղղւած լայնածաւալ բարեփոխումներ, որը դարձաւ այսօրւայ չինական «հրաշքի» սկիզբը։

Սկզբում արդէն նշեցի, որ նախայեղափոխական շրջանում հասարակական պահանջներին համահունչ կարգախօսների հետ միաժամանակ հնչում են նաեւ հասարակութեան տարբեր դժգոհ շերտերի ու խմբերի իրենց կողմը գրաւելու, յեղափոխական ընդհանուր, հնարաւորինս հուժկու ալիք ձեւաւորելուն ուղղւած կոչեր։ Այսպիսով ակնյայտօրէն մարգինալ, իշխանութեան կողմից ձեռնարկւած իւրաքանչիւր քայլի վարկաբեկմանն ու մերժմանն ուղղւած կարգախօսներով հանդէս եկող ուժերն սկսում են իրենց իդենտիֆիկացնել որպէս յեղափոխութեան հիմնական շարժիչ ուժ, իսկ իրենց կարգախօսները՝ յեղափոխութեան հիմնական կարգախօսների անբաժանելի մաս։ 

Այսպիսով յեղափոխական շարժման մէջ, մինչեւ դրա յաղթանակը միաձուլւում են տարբեր, յաճախ իրարամերժ գաղափարական կողմնորոշումներ, տարբեր արժեհամակարգեր կրող ուժեր ու լիդերներ։ Սա արւում է մի տրամաբանութեամբ՝ «առաջնահերթը իշխող ռեժիմի հեռացումն է, իսկ մեր տարբերութիւնների մասին մենք կմտածենք յեղափոխութեան յաղթանակից յետոյ»։ Այսպիսի «էկլեկտիկ» յեղափոխական ղեկավարութիւնների օրինակները բազմաթիւ են՝ Ֆրանսիայում կոմս Միրաբոյից մինչեւ Մարատ եւ Ռոբեսպիեռ, Ռուսաստանում՝ Օկտեաբրիստերից ու կադետներից մինչեւ Էսէսռներ ու բոլշեւիկներ։

Յեղափոխութեան յաղթանակից յետոյ իշխանութեան մէջ են ընդգրկւում դրա ընթացքում քիչ թէ շատ աչքի ընկած տարբեր գործիչներ։ Ստեղծւած էյֆորիկ մթնոլորտում հնչող յեղափոխական, հասարակական սպասելիքների բաւարարմանն ուղղւած պահանջները՝ նախկին արատաւոր համակարգի ամբողջական կազմաքանդման, հակաօրինական գործողութիւններով աչքի ընկած օդիոզ դէմքերին օրէնքով նախատեսւած պատասխանատւութեան կանչելու, անօրինական միջոցներով կուտակած հարստութիւնը պետական գանձարան վերադարձնելու մասին, սկսում են ուղեկցւել նախայեղափոխական շրջանում «բողոքային վարքականոն» ունեցող անձանց յայտարարութիւններով, որոնք փորձում են, արդէն որպէս իշխանութեան կրողներ, հասարակութեանը պարտադրել իրենց դաւանած մերժողականութիւնը նաեւ աւանդական արժէքների, հեղինակութիւնների, վարքականոնի, փոխյարաբերութիւնների նկատմամբ, դրանք ներկայացնելով որպէս յեղափոխական արժէքներ եւ յեղափոխութեան ձեռքբերումներ։ Բաւական է յիշել բոլշիկեան յեղաշրջումից առաջ եւ յետոյ «պատերազմում սեփական երկրի պարտութեան գնով յեղափոխութիւն սկսելու», թշնամուն տարածքներ յանձնելու գնով իրենց իշխանութեան ամրապնդման փորձ անելու, եկեղեցին որպէս հասարակութեան հիմարացման գործիք, ընտանիքը, որպէս անցեալի մնացուկ ներկայացնելու փորձրը։ Նման ծայրայեղ դրսեւորումների մենք, ցաւօք ականատես ենք լինում նաեւ Հայաստանում։

Յեղափոխութեան յաղթանակից յետոյ, տարբեր արժեհամակարգեր դաւանող, երկրի զարգացման տարբեր պատկերացումներ ունեցող, պետական կառավարման համակարգին անծանօթ անհատների ներգրաւումը պետական համակարգ, մինչ այդ իրենց կողմից ամենասուր քննադատութեան ենթարկւած ոլորտների համար պատասխանատւութեան ստանձնումը ամենամեծ փորձութիւնն է յեղափոխութեան առաջնորդների համար։ Առաջին իսկ պահից սկսած փորձ է արւում գործերով ապացուցել իրենց յեղափոխականութիւնը, մերժելով տարիներով ստեղծւած, օբիեկտիւօրէն անհրաժեշտ, հասարակութեան կենսագործունէութիւնն ապահովող ու կարգաւորող օրէնքներն ու կանոնակարգերը։ Դրանք յայտարարւում են անցեալի մնացուկներ, իշխանութիւնների կողմից իրենց հասարակութիւնները կեղեքելու համար ստեղծւած յատուկ գործիքներ։ Առաջացած հսկայական բացը փորձ է արւում լրացնել անձնական պատկերացումներով ու նախասիրութիւններով, պահի անհրաժեշտութեամբ թելադրւած մօտեցումներով, իսկ դրանց համար որպէս հիմնաւորում է դիտարկւում յեղափոխութեամբ ստեղծւած նոր իրավիճակն ու յեղափոխական անհրաժեշտութիւնը։ Դրա վառ օրինակ են Ֆրանսիայում 1793-ին ստեղծւած Հասարակութեան փրկութեան կոմիտէն, Սովետական Ռուսաստանում յայտարարւած ռազմական կոմունիզմի ժամանակաշրջանը, Չինաստանում Մաո Ցզեդունի կողմից իրականացւած «կուլտուրական յեղափոխութիւնը»։ Շատ դէպքերում այս որոշումները ոչ միայն չեն բերում իրավիճակի բարելաւմանը եւ հասարակութեան սպասելիքների արդարացմանը, այլեւ ստեղծում են անորոշութեան, խառնաշփոթ իրավիճակի։ Յեղափոխութեանն աջակցած, տապալւած ռեժիմները մերժած հասարակութեան մէջ աստիճանաբար սկսում են ճեղքեր առաջանալ։ Հասարակութիւնն իր ամբողջութեան մէջ մնում է յեղափոխութեան արդիւնքների աջակիցը, սակայն արդիւնքների սպասող եւ արագ փոփոխութիւններ ակնկալող մարդիկ սկսում են դժգոհել կոնկրետ քայլերից, դրանց անհասկանալիութիւնից ու անարդիւնաւէտութիւնից։

Իշխանութեան եկած անհատները, ունենալով տարբեր տեսլականներ ու պատկերացումներ զարգացման ուղղութիւնների մասին, գործնական քայլերի մէջ ընկնում են խարխափումների ու անորոշութեան մէջ, իսկ ամենավտանգաւորը՝ իրենց կատարած քայլերի անարդիւնաւէտութիւնը փորձում են բացատրել ինչ որ դաւադրութեամբ, սաբոտաժով։ Անհրաժեշտութիւն է առաջանում նոր տերմինի՝ «հակայեղափոխութեան»։ Յեղափոխութիւնների մարդասիրական կարգախօսները՝ «Արդարութիւն, հաւասարութիւն, եղբայրութիւն», «Հաց եւ խաղաղութիւն», սկսում են աստիճանաբար մոռացւել։ Առաջնահերթութիւն է յայտարարւում «հակայեղափոխականների» բացայայտումն ու պատիժը։ 

Յեղափոխութեան առաջին թշնամիները բնականաբար հռչակւում են նախկին ռեժիմն անձնաւորող, հասարակութեան մէջ ամենաբացասական երեւոյթների մարմնաւորումը հանդիսացող, կամ այդպիսին ներկայացւող գործիչները։ Նրանք նոր իշխանութեան կողմից առաջինն են թիրախաւորւում, վերցւում վերահսկողութեան տակ (Կառլ 2-րդ թագաւորն Անգլիայում, Լիւդովիկոս 16-րդը Ֆրանսիայում, Նիկոլայ 2-րդը Ռուսաստանում, Աբդուլ Համիդ 2-րդը Օսմանեան կայսրութիւնում)։ Նրանք դիտարկւում են որպէս անմիջական վտանգ յեղափոխութեան անիւը յետ պտտելու հարցում։ Ռեժիմի հեռացումն իշխանութիւնից առաջացնում է նրանց դաշնակից պետութիւնների հակազդեցութիւնը, որը երբեմն դրսեւորւում է արտաքին միջամտութեան փորձերով։ Զինւած հակայեղափոխական պայքարի սանձազերծման դէպքում յեղափոխութեան յաղթանակին ուղեկցող հայրենասիրական վերելքը, ժողովուրդների համախմբումը դառնում է պայքար յեղափոխութեան նւաճումների, իսկ այն դէպքերում երբ առկայ է նաեւ ատաքին միջամտութիւնը՝ նաեւ Հայրենիքի պաշտպանութեան համար։ Արտաքին միջամտութեան հետեւանքով ժողովրդային աննախադէպ միասնութեան օրինակները բազմաթիւ են՝ սկսած Ֆրանսիական մեծ յեղափոխութիւնից, Ռուսաստանում արտաքին ինտերւենցիայով ուղեկցւող քաղաքացիական պատերազմից մինչեւ Թուրքիայի 1920-24  թթ. քեմալական շարժումը։

Իրական հակայեղափոխութեան դէմ պայքարի առաջին փուլն աւարտւում է առաջին «արեամբ»՝ հակայեղափոխութեան խորհրդանիշը չէզոքացւում է (սպանւում է, բանտարկւում է, վտարւում է երկրից)։ Սա արւում է նաեւ հասարակութեան՝ նախկին կեղեքիչներին պատժելու հասարակական պահանջը բաւարարելու համար, ապացուցելու համար, որ փոփոխութիւններն անդառնալի են, իրենք էլ վճռական են։ Շոուն աւելի լիակատար դարձնելու, նախորդների հետ տարբերութիւններն աւելի ցայտուն դարձնելու համար վերացւում են նախկին արտօնութիւնները, փոխւում է դիմելաձեւը, նոր ղեկավարութիւնը ձգտում է հնարաւորինս «ժողովրդական» դարձնել իր վարքագիծը, կենցաղը, նոյնիսկ հագուստը։ Ֆրանսիայում իրար են սկսում դիմել «քաղաքացի», Ռուսաստանում՝ «Ընկեր», Մի տեղ արգելւում են կեղծամները, մի ուրիշ տեղ մինչ այժմ շարունակում են յեղափոխական ղեկավարները ֆրենչներ կրել։

Սակայն առաջին փուլի աւարտը սովորաբար չի բերում իրական փոփոխութիւնների ժողովուրդների կեանքում, որի պատճառները բազմաթիւ են՝ ռեֆորմների միասնական հայեցակարգի բացակայութիւնը, գաղափարական տարաբնոյթ հոսանքների առկայութիւնն իշխանութեան մէջ, պետական կառավարման փորձի բացակայութիւնը եւ այլն։ Իրենց անյաջողութիւններն արդարացնելու համար յեղափոխական իշխանութիւնները սկսում են փնտրել ներքին հակառակորդներ, ներքին «հակայեղափոխականներ»։ Երկրորդ փուլում որպէս այդպիսին սկսում են ներկայացւել նախորդ ռեժիմների ժամանակ իշխանութեան համակարգում եղած, նրանց հետ համագործակցած անձիք։ Սկսւում է նրանց «մերկացումը», «հակայեղափոխական գործունէութեան բացայայտումը», «յանցաւոր ռեժիմի հետ համագործակցութիւնը»։ Այս մեղադրանքներն ուղեկցւում են «յեղափոխական» զանգւածների մասսայական աջակցութեան հրապարակային դրսեւորումներով։

Նախորդ ռեժիմի ներկայացուցիչների, ռեժիմի հետ համագործակցողների հետ հաշւեյարդարը ուղեկցւում է երկրում առկայ բոլոր պրոբլեմներում նրանց մեղադրելով։ Երկրում առկայ իրավիճակում զգալի փոփոխութիւններն ուղեկցւում են աղմկալից մեղադրանքներով ու հաշւեյարդարներով։ Հակայեղափոխութեան ուրւականի դէմ անհաշտ պայքարը յաճախ վերածւում է յեղափոխութեան հիմնական գործառոյթի։ Ստեղծւում են յատուկ այս նպատակին ծառայող պատժիչ մարմիններ, նախորդ ռեժիմի օրէնքները, որոնք նախատեսւած չէին հակայեղափոխականներին պատժելու համար յայտարարւում են ժամանակավրէպ, դատարանները՝ նախորդ ռեժիմի սպասարկողներ, մեղադրանքի առաջադրումն ու դրա ապացուցումը՝ ժամանակի կորուստ եւ ձեւականութիւն։ Ստեղծւում են դատական գործառոյթներ իրականացնող, յեղափոխութեանն իրենց նւիրւածութիւնն ապացուցած անձանցից բաղկացած յատուկ մարմիններ, որոնք արդարադատութիւնն իրականացնում են ոչ թէ նախկին օրէնքներով, այլ իրենց յեղափոխական խղճին ու գաղափարներին համապատասխան։ Հակայեղափոխութեան դրսեւորում են սկսում դիտարկւել ոչ միայն այլ գաղափարների դաւանումն ու հրապարակային արտայայտելու փորձը, այլեւ յեղափոխութեան առաջնորդների իւրաքանչիւր գործողութեանն ու արտայայտած մտքին հրապարակային հաւանութիւն չտալը։ Շարունակ ընդլայնւում է հակայեղափոխութեան մէջ մեղադրւողների շրջանակը։ Հակայեղափոխականներ են յայտարարւում հասարակութեան նորանոր շերտեր։ Մեղադրենքների բովանդակութիւնը գնալով ծայրայեղանում են, իսկ պատիժները եւ դրա մեթոդները հարմարեցւում են յեղափոխական մասսաների՝ արիւնոտ տեսարաններին ականատես լինելու պահանջին։ Ֆրանսիական յեղափոխութեան ընթացքում նոյնիսկ կիրառւեց յեղափոխութեան առաջին առաջնորդներից մէկի՝ կոմս Միրաբոյին գերեզմանից հրապարակային հանելն ու որպէս դաւաճան՝ նորից թաղելը, իսկ Յեղափոխութեան հարպարակում հասարակութեան մասնակցութեամբ գիլիոտինի գործարկումը կրում էր հարահոսի (կոնւէյերի) բնոյթ։ Սկսւում է քաղաքական այլ կուսակցութիւնների եւ հոսանքների չէզոքացումն ու ֆիզիկական ոչնչացումը։ Հասարակութիւնն աստիճանաբար վարժեցւում է «արեան համին», յեղափոխութեանը հերթական զոհի մատուցումը ներկայացւում է որպէս զանգւածների պահանջի կատարում։ Մասսայական ֆանատիկացումը դառնում է իշխանութեան հիմնական խնդիրներից մէկը, հասարակութիւնը ներգրաււում է «վհուկների որսում»։ Յեղափոխական իշխանութիւնը արիւնայեղութեան մէջ որպէս «գործընկեր» ներգրաւում է հասարակութեան մեծամասնութեանը, փոքրամասնութեանը վերապահւում է լաւագոյն դէպքում անխօս վկայի, վատագոյն դէպքում՝ զոհի կարգավիճակ։ Մարդասիրական կարգախօսները անդառնալիօրէն անցնում են անցեալի գիրկը։

Հակայեղափոխականութեան մեղադրանքների ծաւալի մեծացման համեմատ դրանց հասցէատէրերի թփում սկսում են յայտնւել յեղափոխութիւնը նախաձեռնած, իրականացրած, նոր իշխանութեան մէջ կարեւոր դիրքեր գրաւող անձիք։ Սկսւում է յեղափոխութեան 3-րդ փուլը՝ պայքարն իշխանութեան համար, որն ուղեկցւում է յեղափոխութեան առաջնորդների փոխադարձ ոչնչացմամբ։

Իշխանութիւնը վերցնելուց յետոյ «հակայեղափոխական» կամ այդպիսին հռչակւած ուժերի դէմ պայքարին զուգահեռ, որը յաճախ ուղեկցւում է նրանց ֆիզիկական չէզոքացմամբ, իշխանութեան մէջ առանցքային դարակատարութիւն ստանձնած անհատների միջեւ սկսում է քողարկւած պայքար միանձնեայ անսահմանափակ իշխանութեան, յեղափոխական թիմի համար անառարկելի հեղինակութիւն հռչակւելու համար։ Արդէն հիշատակեցինք, որ յեղափոխութիւնից առաջ ռեժիմի դէմ միասնական ճակատի ձեւաւորումն իրականանում է առանց գաղափարական, աշխարհայացքային, ծրագրային տարբերութիւնների հաշւի առնելու, այդ ճակատի մէջ են ընդգրկւում նախորդ ռեժիմի նկատմամբ անհաշտ դիրք ունեցող բոլոր գաղափարական, իսկ երբեմն նոյնիսկ անգաղափար, ուղղակի նախկինի անհաշտ մերժմամբ հանդէս եկող անհատներն ու ուժերը։ Իշխանութեան համար պայքարն ուղեկցւում է յաճախ աւելի «արիւնալի» տեսարաններով։ Հակայեղափոխականներ են հռչակւում երէկւայ դաշնակիցնեը, յեղափոխութիւնը միասին իրականացրած անհատները։ Գաղափարական, աշխարհաքաղաքական տարբեր մօտեցումները, հասարակական զարգացման ուղղութիւնների մասին նրանց տարբերւող րատկերացումները յայտարարւում են ոչ բաւարար արմատականութեան դրսեւորում, յեղափոխութեան արդիւնքների վերանայման, նախորդ ռեժիմը վերականգնմանն ուղղւած քայլեր։ Այդ պայքարի զոհ են դառնում նոյնիսկ այն գործիչները, որոնք յեղափոխութեան ժամանակ իրենց գործունէութեամբ թւում է պէտք է ապահոված լինէին «արմատական յեղափոխականի» վարկը։ Դրա ամենավառ ապացոյցն իհարկէ Ֆրանսիական մեծ յեղափոխութեան այնպիսի գործիչներ, ինչպէս Ժորժ Դանտոնն ու Քամիլ Դեմուլենը (1789 թ. յուլիսի 14-ին առաջինն է հնչեցրել «Ի զէն» կոչը, որն աւարտւել է Բաստիլի գրաւումով)։ Քաղաքական թատերաբեմից մրցակիցների հեռացումը դեռեւս չի երաշխաւորում նրանց հեռացնողների երկարակեցութիւնը իշխանութեան ղեկին։ Դանտոնին ու Դեմուլենին մահապատժի դատապարտած Ռոբեսպիեռն ու Սեն-Ժիւստը ընդամենը 3 ամիս անց մահապատժի ենթակւեցին՝ առանց դատի։ Նման պայքարում շատ յաճախ յաղթում է յեղափոխութեան խարիզմատիկ ղեկավարը, որը դառնում է երկրի անսահմանափակ իշխանութեան տէրն ու կրողը, դառնում է պաշտամունքի առարկայ (Օլիւէր Կրոմւել, Լենին, Մաօ Ցզեդուն)։ Սակայն նրա ստւերում պայքարը շարունակւում է ժառանգորդ յայտարարւելու իրաւունքի համար, որը նոր ուժով բորբոքւում է առաջնորդի մահից յետոյ, եւ ուղեկցւում է նոր բռնութիւններով ու զոհերով՝ Ստալինի պայքարը Տրոցկու դէմ, հետագայում այդ պայքարում իր դաշնակիցների՝ Կամենեւի եւ Զինովեւի, Բուխարինի դէմ, Դէն Սեոպինի պայքարը Մաոյի կնոջ՝ Ցզեան Ցինի եւ «չորսի բանդայի» դէմ Չինաստանում։ Այս ամէնը սովորաբար աւարտւում է ոչ միայն յեղափոխութեան կարգախօսները, այլեւ յեղափոխութեան գաղափարախօսութիւնը մոռացութեան մատնելով եւ բովանդակային առումով նախայեղափոխական նոյնատիպ ռեժիմի վերականգնումով, ինչպէս այժմ Ռուսաստանում, որոշ չափով նաեւ Չինաստանում, իսկ շատ յաճախ յեղափոխական «թոհուբոհից» յոգնած ժողովուրդը չի ընդդիմանում, յաճախ նոյնիսկ գոհունակութեամբ է ընկալում ու ընդունում Ռեստաւրացիան՝ հին կարգերի ամբողջական վերականգնումը, ինչպէս Ֆրանսիայում եւ Անգլիայում։ Սա արդէն բոլորովին այլ խօսակցութեան թեմա է։

«yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։