Հա

Ազգային

05/09/2018 - 11:00

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Սահմանադրական փոփոխութիւնների տարբերակը ենթադրում է աւելի բարդ ու դժւարին ճանապարհ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը սեպտեմբերի 2-ին Ֆէյսբուքի ուղիղ եթերի ընթացքում կրկին անդրադարձել է սահմանադրական փոփոխութիւնների խնդրին, որոնց մասին նա առաջին անգամ խօսել էր օգոստոսի 17-ի հանրահաւաքում։ Այդ փոփոխութիւնների արդիւնքում ՀՀ Ազգային ժողովը պէտք է կարողանայ ինքնալուծարւել՝ առանց վարչապետի հրաժարականի։

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը սեպտեմբերի 2-ին Ֆէյսբուքի ուղիղ եթերի ընթացքում կրկին անդրադարձել է սահմանադրական փոփոխութիւնների խնդրին, որոնց մասին նա առաջին անգամ խօսել էր օգոստոսի 17-ի հանրահաւաքում։ Այդ փոփոխութիւնների արդիւնքում ՀՀ Ազգային ժողովը պէտք է կարողանայ ինքնալուծարւել՝ առանց վարչապետի հրաժարականի։

«Հետեւելով Հայաստանի քաղաքացիների տրամադրութիւններին՝ նրանք ուզում են, որ լինեն որոշակի երաշխիքներ, որ իրենք վարչապետի ենթադրւող հրաժարականից յետոյ նորից ստիպւած չեն լինելու յեղափոխութիւն անել: Բնականաբար, ես կարծում եմ, որ անհրաժեշտութեան դէպքում Հայաստանի քաղաքացիները կանեն այդ յեղափոխութիւնը, բայց, նաեւ մարդկանց այս ուղերձը ընկալելով, կարծում եմ, որ մենք պէտք է ունենանք երաշխիքներ, որ հակաժողովրդական գործընթացներ ձեռնարկելու փորձեր չեն արւելու»,- ասել է Փաշինեանը՝ նշելով 2 տարբերակ՝ կա՛մ սահմանադրական փոփոխութիւններ, կա՛մ խորհրդարանական ուժերն ուղղակի այդ մասին ստորագրեն համաձայնագիր։ Սակայն, ընդգծել է Փաշինեանը, համաձայնագիրը կարող է բաւարար չթւալ հանրութեանը, եւ հիմա նախապատրաստւում է սահմանադրական փոփոխութիւնների փաթեթը։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը «168.am»-ի հետ զրոյցում կարծիք յայտնեց, որ նախ պէտք է արձանագրել, որ ԱԺ պատգամաւորների գերակշիռ մեծամասնութիւնը եւ, ըստ էութեան, բոլոր պատգամաւորական խմբակցութիւնները քւէարկել են կառավարութեան ծրագրի օգտին, որտեղ ամրագրւած է, որ 1 տարւայ ընթացքում պէտք է անցկացւեն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ։

«Ըստ էութեան՝ գործ ունենք քաղաքական կոնսենսուսի հետ։ Հետեւաբար՝ կարծում ենք, որ քաղաքական այդ կոնսենսուսը նկատի ունենալով՝ պէտք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների՝ համաձայնութեան հիման վրայ։ Քանի դեռ այդ համաձայնութիւնը, այդ քւէարկութիւնը կասկածի տակ չի դրւել, եւ որեւէ քաղաքական ուժ հրապարակաւ չի հրաժարւել արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների գնալուց, գործող իրաւակարգաւորումների շրջանակներում սահմանադրական բարեփոխումների տարբերակը, կարծում ենք, վաղաժամկէտ է քննարկման օրակարգ բերել։ Տեսականօրէն չբացառելով նման հնարաւորութիւնը ինքնին, կարծում ենք, որ այդ քւէարկութիւնից յետոյ որեւէ իրողութիւն չի փոխւել»,- ասաց Ա. Համբարձումեանը։

Ըստ նրա՝ ընտրական օրէնսդրութեան բարեփոխման ընթացքն էլ դրա վկայութիւնն է. «Քաղաքական կոնիւնկտուրայից ելնելով՝ չենք կարծում, որ սահմանադրական փոփոխութիւնների նախաձեռնութիւնը եւս օգտակար կը լինի»։

Թէ ի՞նչն է Փաշինեանին կասկածի տեղիք տալիս, Ա. Համբարձումեանը պատասխանեց, որ եթէ կան մտավախութիւններ, դրանց վերաբերեալ կարելի է քաղաքական ուժերի հետ նախաձեռնել քննարկումներ եւ փորձել դա վերածել նաեւ համաձայնութեան, եթէ բուն քւէարկութիւնը, կառավարութեան գործունէութեան ծրագրին կողմ արտայայտւելը, որտեղ խօսւում է 1 տարւայ ընթացքում արտահերթ ընտրութիւններ անցկացնելու մասին, ենթադրւում է, որ կարող է մօտեցումների փոփոխութիւն արձանագրւել.

«Բայց գոնէ մեր մօտեցումների մէջ որեւէ փոփոխութիւն չի եղել, եւ այն փաստացի իրավիճակը, որ Հայաստանում ստեղծւել է, այդ դէ ֆակտօ իրավիճակը դէ իւրէ ամրագրելու եւ քաղաքական այս իրավիճակից դուրս գալու համար ամենալաւ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրութիւններն են։ Այստեղ 2 կարծիք լինել չի կարող։ Իսկ թէ ինչ ճանապարհով, դա արդէն պէտք է քննարկել, որովհետեւ սահմանադրական փոփոխութիւնների տարբերակը ենթադրում է աւելի բարդ ու դժւարին ճանապարհ»։

Դիտարկմանը, որ ԱԺ-ն կառավարութեան ծրագրին է հաւանութիւն տւել, բայց հրաժարականի դէպքում այդ ծրագիրն էլ «զրոյանում» է, եւ ԱԺ-ն կարող է նոր վարչապետ ընտրել, Ա. Համբարձումեանը պատասխանեց.

«Դրա համար էլ ասում եմ՝ կարելի է նախաձեռնել համապատասխան քննարկումներ եւ փորձել դա ձեւակերպել՝ նաեւ որպէս համաձայնութիւն քաղաքական ուժերի, որոնք ներկայացւած են ԱԺ-ում։ Եթէ այդ տարբերակը չի յաջողւի, այսինքն՝ սպառւած կը համարւեն միւս ճանապարհները, այդ պարագայում նոր կարելի է անդրադառնալ նոր իրաւակարգաւորումներով արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման ճանապարհին։ Ամէն դէպքում, քանի դեռ նախագիծը որպէս այդպիսին ներկայացւած չի եւ համապատասխան հիմնաւորումները ներկայացւած չեն, չեմ կարծում, որ յաւելեալ մեկնաբանութիւնների անհրաժեշտութիւն կայ այսօր։ Երբ կը լինեն, մեր տեսակէտներն ու մօտեցումներն աւելի ամբողջական կը ներկայացնենք։

Մենք ընդամենը ելնում ենք այսօր այն իրողութիւնից, որ ըստ էութեան կայ քաղաքական կոնսենսուս, որը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացում գործող իրաւակարգաւորումների շրջանակներում, ու չէինք ուզենա,յ որ վատ նախադէպ ստեղծւի քաղաքական կոնիւնկտուրայից ելնելով՝ Սահմանադրութիւնը փոփոխութիւնների ենթարկելու, որովհետեւ այն մեղադրանքները, որ ժամանակին հնչեցւել են թէ՛ Լեւոն Տէր-Պետրոսեանի, թէ՛ Ռոբերտ Քոչարեանի, թէ՛ Սերժ Սարգսեանի օրօք, որ Սահմանադրութիւնները կարւել են գործող իշխանութիւնների հագով, մենք չէինք ուզենայ, որ որեւէ կերպ նման մեղադրանք հնչեցւէր օրւայ իշխանութիւնների հասցէին»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։