Հա

Ազգային

06/09/2018 - 10:40

Ինչպէս է թուրք հակահայ լաբիստը մէկ տարի ապրել ու բիզնեսով զբաղւել Հայաստանում. ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը մտահոգ է

Երեւանում յայտնաբերւած հակահայ լաբբիստ, ազգութեամբ թուրք, ԱՄՆ քաղաքացի Քեւին Օքսուզի՝ Հայաստանում ծաւալած գործունէութիւնը ոչ միայն հարցեր է առաջացրել ՀՀ-ում, այլեւ մտահոգութեան առիթ է տւել ԱՄՆ հայկական լաբբիստական կառոյցներին։ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբին, մասնաւորապէս, հետաքրքրում է, թէ ինչպէս է նա կարողացել մտնել Հայաստանի տարածք, ձեռնարկատիրական գործունէութիւն ծաւալել, եւ թէ կոնկրետ ինչով է զբաղւած եղել վերջին մէկ տարւայ ընթացքում:

«alikonline.ir» - Երեւանում յայտնաբերւած հակահայ լաբբիստ, ազգութեամբ թուրք, ԱՄՆ քաղաքացի Քեւին Օքսուզի՝ Հայաստանում ծաւալած գործունէութիւնը ոչ միայն հարցեր է առաջացրել ՀՀ-ում, այլեւ մտահոգութեան առիթ է տւել ԱՄՆ հայկական լաբբիստական կառոյցներին։ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբին, մասնաւորապէս, հետաքրքրում է, թէ ինչպէս է նա կարողացել մտնել Հայաստանի տարածք, ձեռնարկատիրական գործունէութիւն ծաւալել, եւ թէ կոնկրետ ինչով է զբաղւած եղել վերջին մէկ տարւայ ընթացքում:

«news.am»-ը Օքսուզի՝ ԱՄՆ-ում ծաւալած հակահայկական գործունէութեան եւ դրա դէմ տարւած պայքարի մասին զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբէթ Չուլջեանի հետ։

 

- Ե՞րբ է Քեւին Օքսուզը յայտնւել ձեր կառոյցի ուշադրութեան կենտրոնում։ Հակահայ  ի՞նչ գործունէութեամբ է նա աչքի ընկել։

- Օքսուզը Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ուշադրութեան կենտրոնում է յայտնւել 2011 թւականին, երբ «PBS Religion»-ը, «Ethics News Weekly»-ն եւ «Тhe New York Times»-ը զեկոյցներ էին պատրաստել Ֆեթուլլահ Գիւլէնի եւ նրա իսլամիստական շարժման մասին: Օքսուզը բոլոր նիւթերում ներկայացւում էր որպէս շարժման գլխաւոր խօսնակ:

Կարճ ժամանակ անց մենք լուրերով տեսանք, որ նրա գլխաւորած լաբբիստական խմբերը դրամահաւաքներ եւ դէպի Ադրբեջան ու Թուրքիա ուղեւորութիւններ էին կազմակերպում դաշնային, պետական եւ տեղական պաշտօնեաների համար։ Այդ ուղեւորութիւններից ամենաուշագրաւը 2013 թւականի մայիսին Բաքւում կազմակերպւած «ԱՄՆ-Ադրբեջան. Ապագայի տեսլական» համագումարն էր, որի մասնակից պաշտօնեաների ընտրութիւնը, ըստ «Washington Diplomat»-ի, կոորդինացնում էին Օքսուզը եւ իր կազմակերպութիւնները` «Turquoise Council»-ը եւ «AFAZ»-ը։

Համագումարին, որին մասնակցում էին ԱՄՆ կոնգրեսականներ, նախկին նահանգապետեր, Սպիտակ տան աշխատակիցներ, ճոխ ընդունելութիւն էր կազմակերպւել նախագահ Ալիեւի ղեկավարութեամբ՝ «խաւիարային դիւանագիտութիւնն»` իր ողջ ճոխութեամբ:

 

- Ո՞րն էր համագումարի իրական նպատակը։ Ի՞նչ մասնակցութիւն է ունեցել Օքսուզն ԱՄՆ-ում Ադրբեջանի կողմից տարւող հակահայկական քաղաքականութեանը։

- Համագումարի նպատակներն ակնյայտ էին՝ ծածկել Ալիեւի ռեժիմի՝ մարդու իրաւունքների խախտման տւեալները եւ խթանել ադրբեջանամէտ եւ հակահայկական քաղաքականութիւնը ԱՄՆ-ում: Մասնակիցներից մէկը` Ազգային անվտանգութեան խորհրդի նախկին պաշտօնեայ Դոնալդ Ս.Ֆ. Դենիէլը, «Washington Diplomat»-ին ասել է. «Նրանք մէկ յստակ խնդրանք ունէին, որ ԱՄՆ-ն օգնի իրենց Հայաստանի հետ դիմակայութիւնում»:

Համագումարի արդիւնքները բաւական արագ երեւացին Հայաստանի՝ յատկապէս Արցախի ճակատում: Մի քանի ամսւայ ընթացքում Հաւայեան կղզիների նահանգային օրէնսդիրներից մէկը, ով ներկայ էր եղել համագումարին, երկու նոր բանաձեւ ներկայացրեց նահանգի օրէնսդրութեան մեջ. մէկը՝ Խոջալուի մասին, իսկ միւսով կոչ էր արւում ընդլայնել ԱՄՆ-Ադրբեջան յարաբերութիւնները: Հաւայեան կղզիների հայ համայնքը եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան շրջանի ջանքերով երկու բանաձեւերի ընդունումը կասեցւեց:

Թենեսի նահանգի ընտրովի մի պաշտօնեայ, որը մասնակցել էր Օքսուզի կազմակերպած՝ դէպի Բաքու ուղեւորութեանը, մի ադրբեջանամէտ օրինագիծ ներկայացրեց, որը, ի վերջոյ, չընդունւեց մեր ջանքերով։

Բաքւի համագումարի մասնակից, Օկլահոմայից նախկին կոնգրեսական Ջիմ Բրայդենստայնը ստորագրեց մի նամակի տակ, որով կոչ էր արւում դադարեցնել Արցախին տրամադրւող օգնութիւնը, ինչպէս նաեւ Ադրբեջանի օգտին ելոյթ ունեցաւ Ներկայացուցիչների պալատում:

2014 թ. «Houston Chronicle»-ի հրապարակումները ցոյց տւեցին, որ համագումարին մասնակցած 11 կոնգրեսականներն աջակցում են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում նաւթին վերաբերող օրէնքի ադրբեջանամէտ բարեփոխումներին: Սա ստիպեց, որ ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի յանձնաժողովը լայնածաւալ հետաքննութիւն սկսի` պարզելու, թէ ով է իրականում ֆինանսաւորել 2013 թ. Բաքւի համագումարը, եւ մինչեւ 2015 թ. պարզ դարձաւ, որ չնայած Օքսուզն անձամբ ստորագրել է բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են, որ «Turquoise Council»-ն է կազմակերպել եւ վճարել բոլոր ուղեւորութիւնների համար, սակայն իրականում Ադրբեջանի պետական նաւթային ընկերութիւնն (SOCAR) էր, որ միայն ճանապարհի եւ մնալու ծախսերի համար 750 հազար դոլար էր վճարել:

 

- Օքսուզին առաջադրւած մեղադրանքի համաձայն՝  նա ձեւաթղթեր է կեղծել՝ այդ եղանակով ուղղակի կամ անուղղակի  թաքցնելով Ադրբեջանի կառավարութեան կողմից ստացած ենթադրեալ ֆինանսաւորման փաստը։ Ինչպէս  է բացայայտւել նրա կողմից ՝ փաստաթղթերի կեղծումը։

- Ամբողջ ընթացքում Հայ Դատի յանձնախումբը թափանցիկութեան կոչ է արել, որ Կոնգրեսի Էթիկայի յանձնախումբը յայտնաբերւած տւեալները հասանելի դարձնի հասարակութեանը, եւ որ բացայայտւի ԱՄՆ քաղաքական գործընթացում Ադրբեջանի կառավարութեան մանիպուլեացիայի եւ միջամտութեան աստիճանը: Հայ Դատի յանձնախումբը լայնածաւալ քարոզարշաւ է կազմակերպել եւ միացել է քաղաքացիական խմբերին` պահանջելով հրապարակել Էթիկայի յանձնախմբի զեկույցը: 2015 թ. հոկտեմբերին 70 էջանոց զեկոյցը եւ եւս 1000 էջ հետաքննութեան նիւթեր, ի վերջոյ, յանձնւեցին ԱՄՆ Արդարադատութեան նախարարութիւն: Հնարաւոր է, որ Օքսուզի ձերբակալութեան հրամանը հէնց այդ հետաքննութեան արդիւնքն է:

 

- Ձեզ համար տարօրինակ չէ՞ր, որ միջազգային հետախուզման մէջ գտնւող Օքսուզը յայտնաբերւեց հէնց Հայաստանում։

- Մենք լսել էինք, որ Օքսուզը Էթիկայի յանձնախմբի հետաքննութիւնից յետոյ փախել է ԱՄՆ-ից: Փաստը, որ վերջին 1 տարւայ ընթացքում նա Երեւանում էր աշխատում, զարմանալի է եւ մտահոգիչ. Օքսուզը սոցիալական ցանցերում չէր թաքցնում համագումարին մասնակցութեան համար ընտրւող պաշտօնեաների հետ իր կապերը։ Հայաստանում նրա ներկայութիւնը տեղիք է տալիս շարունակել հետաքննութիւնը` պարզելու, թէ ինչպէս է նա կարողացել մտնել երկրի տարածք, բիզնես հիմնել, եւ թէ կոնկրետ ինչով է զբաղւած եղել վերջին տարւայ ընթացքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։