Հա

Ազգային

08/09/2018

Հարիւր հազար դրամ է՞ պակասում, որ ընտանիքներում ծնւեն երկրորդ երեխաները

Կառավարութեան նախորդ նիստում քննարկւեց եւ համաձայնութիւն տրւեց որոշման մի նախագծի, որով նախատեսւում է երկրորդ երեխայի ծննդեան միանւագ նպաստը 50 հազարից դարձնել 150 հազար դրամ: Այս փոփոխութիւնը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելաւմանը:

Կառավարութեան նախորդ նիստում քննարկւեց եւ համաձայնութիւն տրւեց որոշման մի նախագծի, որով նախատեսւում է երկրորդ երեխայի ծննդեան միանւագ նպաստը 50 հազարից դարձնել 150 հազար դրամ: Այս փոփոխութիւնը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելաւմանը:

Իհարկէ, դրւած նպատակը խիստ առարկայական է խորացող ժողովրդագրական խնդիրների պարագայում, եւ մօտեցումը՝ պետական միանւագ դրամական աջակցութեան չափի աւելացումը, կը թողնի որոշակի սոցիալական ազդեցութիւն:

Սակայն այս փոփոխութեան նպատակի իրացման եւ ակնկալւող արդիւնքի տեսանկիւնից՝ օբիեկտւօրէն առաջ են գալիս հետեւեալ առանցքային հարցերը.

- ի՞նչ գործօնների հաշւառմամբ են որոշւել միանւագ պետական աջակցութեան առաջարկւող աւելացման թիրախն ու չափը,

- այս փոփոխութեամբ ծնունդները խթանելու համար պետական բիւջէից լրացուցիչ պահանջւող տարեկան 1.5 միլիարդ դրամը ի՞նչ չափով կաւելացնի երկրորդ երեխաների նւազող թիւը, ի դէպ, ներկայացւած նախագծում այս առումով ազդեցութեան գնահատում առկայ չէ,

- սոցիալական քաղաքականութեան բարեփոխումների շրջանակներում քննարկւո՞ւմ են արդեօք միջազգային պրակտիկայում ընդունւած եւ դրական արդիւնքներ արձանագրած պետական աջակցութեան մի շարք այլ ծրագրեր, որոնք առաւել առարկայական, կայուն ու չափելի արդիւնքներով կարող են ազդել երեխաների ծնունդների աճի վրայ եւ ունեն բնակչութեան ընդլայնւած վերարտադրութեան ապահովման իրական ներուժ:

Միանգամից կարելի է արձանագրել. առանց այս հարցերի ամբողջական պատասխանների, ընդհանուր առմամբ, անորոշ եւ հետեւաբար նաեւ՝ ռիսկային է դառնում առաջարկւող փոփոխութեան նպատակի գործնական իրացումը:

Նախ յատկանշական է, որ վերջին տարիներին մեր երկրում կրճատւում են ոչ միայն երկրորդ երեխայի ծնունդները, այլ նաեւ՝ առաջին, երրորդ եւ յաջորդ երեխաների ծնունդները:
Միւս կողմից՝ բնակչութեան ընդլայնւած վերարտադրութեան ապահովման հիմնական նպատակադրումն առարկայօրէն պահանջում է, որ պետական աջակցութիւնը թիրախաւորւի առնւազն երրորդ երեխայի ծնունդների հարցում, այլ ոչ թէ՝ երկրորդ: Եւ սա պէտք է դիտւի՝ որպէս ծնունդների խթանման պետական աջակցութեան օբիեկտիւ հիմնանպատակ:

Այս հիմնանպատակի ու թիրախաւորման տեսանկիւնից, իհարկէ, կարեւոր են նաեւ հետեւեալ միջանկեալ նպատակադրումները՝ ամուսնութիւնների աճը, առաջին երեխայ ունենալու ժամանակ մօր միջին տարիքի նւազեցումը, առաջին եւ երկրորդ երեխաների ծնունդների աճը եւ այլն:

Ծայրայեղ վիճակի հասնող ժողովրդագրական հիմնախնդիրների եւ սահմանափակ պետական միջոցների պարագայում, ինչպիսին, ցաւօք, արձանագրւած է մեր երկրում, ժողովրդագրական իրավիճակի էական բարելաւման համար առանձին ուղղութիւններով առաջարկւող լուծումների արդիւնաւէտութեան բանաձեւը պէտք է լինի հետեւեալը՝ դրւած օբիեկտիւ հիմնանպատակից բխող առաջնահերթութիւնների լիարժէք ամրագրում, որից յետոյ միայն, այդ առաջնահերթութիւնների հենքի վրայ, պետական գործող ծրագրերի վերաիմաստաւորում եւ նոր ծրագրերի իրականացում:
Հետեւաբար կարծում ենք. բնակչութեան ընդլայնւած վերարտադրութիւն ապահովելու հիմնական նպատակով՝ Սահմանադրութեամբ սոցիալական հանդիսացող պետութիւնից օր առաջ պահանջւում են պետական աջակցութեան արմատական եւ համալիր նոր մօտեցումներ, այլ ոչ թէ՝ արդիւնքի տեսանկիւնից ռիսկային եւ շահառուների նեղ շրջանակի վերաբերող, դիսկրետ փոփոխութիւններ:
Մասնաւորապէս՝ ծնելիութիւնը խթանող գործող սոցիալական աջակցութեան բոլոր ծրագրերի վերաիմաստաւորում եւ նոր ծրագրերի ներդրում այն հիմնարար սկզբունքի համաձայն, որ յաջորդ երեխայի, յատկապէս՝ սկսած երրորդ երեխայից, ծնունդը ընտանիքում դառնայ զարգացման եւ սեփական երկրում ամրանալու նոր ու իրական հնարաւորութիւն, այլ ոչ թէ՝ սոցիալական խնդիրները խորացնելու պատճառ:

Եւ վերջում. այս հիմնարար սկզբունքի ներքոյ իրականացման տեսանկիւնից կարող են դիտարկւել ժողովրդագրական խնդիրներ ունեցող մի շարք երկրներում դրական փորձ արձանագրած հետեւեալ հաւաքական լուծումները.

- նոր ձեւաւորւող ընտանիքների համար, առաջնահերթ՝ գիւղական, սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում, բնակարանաշինութեան պետական նպատակային աջակցութիւն, այն մօտեցմամբ, որ երրորդ երեխայի ծնւելուց յետոյ պետութիւնը ամբողջութեամբ ֆինանսաւորի բնակարանի մնացորդային արժէքը եւ ընտանիքը դառնայ բնակարանի սեփականատէր,

- Հանրապետութեան ողջ տարածքում պետական եւ (կամ) համայնքային ամբողջական ֆինանսաւորմամբ, երեխայի ծնողի համար անվճար նախադպրոցական հաստատութիւնների ապահովում,

- երեխաների թւաքանակից կախւած՝ ծնողների եկամտահարկի դրոյքաչափի նւազեցում, ինչպէս նաեւ գործազուրկ ծնողներին զբաղւածութեան աջակցութեան պետական ծրագրերում ընդգրկւելու իրական առաջնահերթութիւնների սահմանում եւ լրացուցիչ հնարաւորութիւնների նախատեսում, ընդ որում՝ այս արտօնութիւնները առաւել մեծ տոկոսներով պէտք է աճեն երրորդ երեխայից ծննդից սկսած,

- բազմազաւակ ընտանիքների (չորս եւ աւելի երեխայ ունեցող) համար պետական բազմակողմանի եւ նպատակային աջակցութեան համակարգի ներդրում, աջակցութեան ամենամեա՛ ծրագրերի իրականացում,

- երրրորդ երեխայի ծնունդից յետոյ՝ ծնողների համար առողջապահական պետական ապահովագրութեան իրաւունքի նախատեսում՝ նւազագոյն բազային փաթեթով եւ այլն:

 

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող,
տնտեսագիտութեան թեկնածու, դոցենտ Թադէոս Աւետիսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։