Երեւանի աւագանու ընտրութիւնների քարոզարշաւի շրջանակներում երէկ՝ սեպտեմբերի 11-ին ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երեւանի Աջափնեակ վարչական շրջանի բնակիչների հետ, ներկայացրել իրենց ծրագիրը:
«alikonline.ir» - Երեւանի աւագանու ընտրութիւնների քարոզարշաւի շրջանակներում երէկ՝ սեպտեմբերի 11-ին ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երեւանի Աջափնեակ վարչական շրջանի բնակիչների հետ, ներկայացրել իրենց ծրագիրը:
ՀՅԴ կողմից առաջադրւած քաղաքապետի թեկնածու Միքայէլ Մանուկեանը «yerkir.am»-ի հետ զրոյցում նշեց, որ իրենց նպատակն է Երեւանը դարձնել համահայկական մայրաքաղաք: «Մենք պատկերացնում ենք, թէ ինչպէս պէտք է դա անենք: Մենք կարողանում ենք մոբիլիզացնել մեր ուժերը սահմանամերձ բնակավայրերի համար, կարող ենք դա անել նաեւ Երեւանի համար»,- ասաց նա:
Մանուկեանի խօսքով՝ սփիւռքում ՀՅԴ կառոյցները գործընկերային յարաբերութիւններ ունեն իրենց շրջանի քաղաքապետերի, աւագանիների հետ: «Ունենք ռեսուրս թէ փորձի փոխանակում եւ թէ ֆինանսական աջակցութիւն ստանալու: Մենք կարող ենք իսկապէս համայն հայութեանը կապել Երեւանի հետ, Երեւանի հոգսերով զբաղւելու հնարաւորութիւն պէտք է ունենայ համայն հայութիւնը»,- նշեց նա:
Մանուկեանը նշեց, որ քարոզարշաւի ընթացքում Երեւանում կը լինեն արտասահամանի տարբեր քաղաքներից ժամանած դաշնակցական քաղաքապետերը:
ՀՅԴ ցուցակով աւագանու անդամ Խաչատուր Ստեփանեանն էլ դիմելով բնակիչներին՝ նշեց, որ իրենք ցանկանում են Երեւանում մտցնել աւելի լաւ կառավարում: «Մեր թիմով խոստանում ենք, որ մեր առաջադրած սկզբունքներով փորձելու ենք դարձնել Երեւանն աւելի բարեկարգ, աւելի գեղեցիկ, աւելի անվտանգ, աւելի գրաւիչ քաղաք՝ ոչ միայն երեւանցիների, այլեւ Երեւան այցելող հիւրերի համար»,- շեշտեց նա:
Ստեփանեանը եւս նշեց, որ առաջարկում են Երեւանը համահայկական մայրաքաղաք հռչակելու սկզբունք եւ որ իրենց աշխարհասփիւռ կառոյցի շնորհիւ առաջարկելու են, որ Երեւանն ունենայ այն բոլոր պայմանները, որոնք յարիր են քաղաքակիրթ մայրաքաղաքներին: «Մեր երիտասարդ, պրոֆեսիոնալ թիմն ի զօրու է ձեր վստահութեան քւեն ստանալուց յետոյ իրագործել իր բոլոր ծրագրերը: Կոչ ենք անում անպայման մասնակցել աւագանու ընտրութիւններին եւ քւէարկել խղճի մտոք»,- եզրափակեց նա:
Այնուհետեւ ՀՅԴ-ականները զրուցեցին քաղաքացիների հետ, ծանօթացան համայնքի խնդիրներին: