Հա

Ազգային

13/09/2018 - 10:10

«Մենք ենք համերաշխութեան կրողը». ՀՅԴ-ականները` Նոր Նորքում

Երեւանի աւագանու ընտրութիւնների քարոզարշաւի շրջանակներում երէկ՝ սեպտեմբերի 12-ին, ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ: 

«alikonline.ir» - Երեւանի աւագանու ընտրութիւնների քարոզարշաւի շրջանակներում երէկ՝ սեպտեմբերի 12-ին, ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

ՀՅԴ-ի թիմը շրջեց փողոցներով, լսեց մարդկանց, ծանօթացաւ խնդիրներին, ներկայացրեց իրենց ծրագիրը, որն ուղղւած է հէնց այդ խնդիրների լուծմանը:

ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայէլ Մանուկեանը լրագրողների հետ զրոյցում, անդրադառնալով հարցին` որքանո՞վ է իրենց յաջողւում ընտրողին համոզել, որ հէնց ՀՅԴ-ին ձայն տան, պատասխանեց. «Պէտք է համոզենք, դա մեր պարտքն է: Դա մեզ մօտ ստացւում է»:

Մանուկեանի խօսքով` այսօր քաղաքացիներն, իրօք, համերաշխութեան պահանջ ունեն: «Մենք ենք համերաշխութեան կրողը ու պէտք է մեր գործով եւ պահւածքով համոզենք, որ կարող ենք արդիւնաւէտ կառավարել քաղաքը, ապահովել համերաշխութիւնը»,- ասաց նա:

Իսկ թէ հիմնականում ինչի՞ց են բողոքում երեւանցիները, Մանուկեանը նշեց, որ խնդիրները բազմազան են: «Երեւանում չկայ մի ոլորտ, որ խնդիր չունենայ: Եթէ ինչ-որ բաներ էլ արւած են, դրանք վերջնական փուլին հասած չեն. աղբահանութեան խնդիր կայ, կանաչապատման խնդիր կայ, Երեւանում հիմնականում շեշտը դրւել է ծաղկապատման վրայ, այնինչ շատ կարեւոր է ծառապատումը: Բազմաթիւ են խնդիրները»,- ասաց նա:

Հարցին էլ` ո՞ւմ են համարում իրենց մրցակից, Մանուկեանն ասաց. «Բոլորին էլ մրցակից ենք համարում, բայց ամենալաւը մենք ենք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։