Print this page
03/10/2018 - 15:00

Ռուստամեան. «90-ականներին էլ տեսել ենք 90 տոկոսանոց իշխանութիւն եւ տեսել ենք, թէ ոնց է այն քանդւել»

Վարչապետի` ՀՅԴ նախարարներին ազատելու հրամանը ստորագրւել է այն բանից յետոյ, երբ Դաշնակցութիւնն արդէն յետ էր կանչել իր նախարարներին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: «Այս հարցի հետ կապւած պէտք չէ շոուներ անել: Մենք յետ ենք կանչել կառավարութեան մեր անդամներին, դրանից յետոյ են եղել համապատասխան հրահանգները»,- ասաց նա:

«alikonline.ir» - Վարչապետի` ՀՅԴ նախարարներին ազատելու հրամանը ստորագրւել է այն բանից յետոյ, երբ Դաշնակցութիւնն արդէն յետ էր կանչել իր նախարարներին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: «Այս հարցի հետ կապւած պէտք չէ շոուներ անել: Մենք յետ ենք կանչել կառավարութեան մեր անդամներին, դրանից յետոյ են եղել համապատասխան հրահանգները»,- ասաց նա:

Անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» օրէնքում աղմկայարոյց փոփոխութեանը՝ Ռուստամեանը նշեց, որ փոփոխութիւնը չի արւել արտահերթը կանխելու համար: Ըստ պատգամաւորի` դա թիւրըմբռնում է: «Փաստւեց, որ ճիշտ ենք արել, որ երէկ ընդունել ենք այդ օրէնքը: Եթէ մեր 7 պատգամաւորից 4-ի աշխատանքին խոչընդոտել են, խոչընդոտել են հայհոյանքներով, անպատիւ խօսքերով, սրան նորմալ չեմ վերաբերւում: Խօսում ենք սիրոյ եւ համերաշխութեան յեղափոխութիւնից, բայց սիրուց ու համերաշխութիւնից բան չի մնացել»,- ասաց նա:

Այդ օրենքը, ըստ Ռուստամեանի, այն բանի համար է, որ ԱԺ-ն լուծարւի այնպէս, ինչպէս Սահմանադրութիւնն է պահանջում: «Եթէ այսպէս չգնանք, կը լինի ուժի իրաւունքով լուծարում, սրանից մենք զերծ պահեցինք»,- ասաց նա:

Պատգամաւորը նշեց, որ կտրականապէս մերժում է այն թէզը, որ վարչապետը նետել է հրապարակ, թէ դա պատերազմ յայտարարել էր ժողովրդին: «Եթէ սահմանադրական ճանապարհով խորհրդարանը լուծարելու գործընթացը ժողովրդին պատերազմ յայտարարել է, ուրեմն մենք չենք հասկանում` ինչի մասին ենք խօսում: Եթէ որեւէ մէկի մտքով անցնում է որեւէ բան ասել վարչապետի ասածից դուրս, դառնում է հակայեղափոխական, սեւ ուժ: Մենք այսպէս ո՞ւր ենք գնում ընտրութիւնների, այս ձեւով ԱԺ-ն ո՞ւմ է պէտք»,- ընդգծեց նա ու շարունակեց, որ այս դէպքում մէկ տարի յետոյ կարող է դրւել Ազգային ժողովի լեգիտիմութեան հարցը, ոնց որ հիմա է արւում:

«Այսօր մեզ ասում են, թէ Ազգային ժողովը չի ներկայացնում ժողովուրդին: Մենք ասում ենք, որ ներկայացնում ենք մեզ ձայն տւած 103 հազար քաղաքացիներին: ՀՅԴ-ն ոչ մի ձայն փողով չի գնել, թող բերեն մի դէպք, որ Դաշնակցութիւնը փողով թէկուզ մէկ ձայն է վերցրել, այդպիսի դէպք չկայ: Ուրեմն ես լեգիտիմ իրաւունք ունեմ խօսելու 103 հազարի անունից»,- յայտարարեց պատգամաւորը:

Ռուստամեանն ընդգծեց, որ կեղծ թեզ է, որ ասում են` դուք ոչ մէկի չէք ներկայացնում: Միեւնոյն ժամանակ շեշտեց, որ ժողովրդի տրամադրութիւնները նոյնը չեն մնում: «Եթէ այդպէս է` թող կարգ մտցնեն, եւ վեց ամիսը մէկ փաստենք` ով որքան ձայն ունի: Տեսնենք` մէկ տարի յետոյ իրենք այդ 80% ձայնները կարո՞ղ են փաստել: Երբ, քաղաքական շահից ելնելով, խնդիր է լուծւել երկրում, տեսել ենք, թէ դա ոնց է փլւել. 90-ականներին տեսել ենք 90 տոկոսանոց իշխանութիւն եւ տեսել ենք, թէ ոնց են քանդւել»,- եզրափակեց նա:

Յարակից լուրեր