Հա

Ազգային

04/10/2018 - 10:20

Յանուն եւ ոչ ընդդէմ

Այն ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կեանքում լուրջ մտահոգութիւնների տեղիք պէտք է տայ՝ պետական շահի տեսանկիւնից: Պետական համակարգը, բոլոր պարագաներում, որոշակի տրամաբանութեամբ գործող կառոյց է եւ այն ցնցումների ենթարկելը կամ կաւէ թաց առարկայի պէս ձեւափոխելու փորձերը կարող են երկիրը երկարատեւ քաոսի մէջ նետել, ինչը մեծ շռայլութիւն կը լինի մեր պէս հիմնախնդիրներ ունեցող երկրի համար:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Այն ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կեանքում լուրջ մտահոգութիւնների տեղիք պէտք է տայ՝ պետական շահի տեսանկիւնից: Պետական համակարգը, բոլոր պարագաներում, որոշակի տրամաբանութեամբ գործող կառոյց է եւ այն ցնցումների ենթարկելը կամ կաւէ թաց առարկայի պէս ձեւափոխելու փորձերը կարող են երկիրը երկարատեւ քաոսի մէջ նետել, ինչը մեծ շռայլութիւն կը լինի մեր պէս հիմնախնդիրներ ունեցող երկրի համար:

Հեշտ է հասարակութիւնը բաժանել սեւերի ու սպիտակների, յեղափոխականների ու հակայեղափոխականների եւ նշանակել վիճակի մեղաւորներ, դաւաճաններ, անմեղներ ու հերոսներ, բայց սա պարզունակ ամբոխավարութիւն է նշանակում, որ կենսունակ կարող է լինել թերեւս մի որոշակի ժամանակահատւած:

Ելնելով այն ճշմարտութիւնից, որ բոլորը կամ առնւազն մեծամասնութիւնը ձգտում է երկրի արմատական բարեփոխումների, կարելի է անդրադառնալ, թէ մօտեցումների տարբերութեամբ պայմանաւորւած նախաձեռնութիւններն ու դրանցից բխող իրադարձութիւնները որքանով են հաշւարկւած եւ ինչպիսի արդիւնքների ու հետեւանքների կարող են յանգեցնել:
Հայաստանը մեծ փոփոխութիւնների ընթացքի մէջ է եւ գայթակղութիւն կայ աւելի արագ ու կտրուկ դարձնել այդ փոփոխութիւնները: Ընդ որում, որպէս լոկոմոտիւ, օգտագործելով զանգւածային էյֆորիայի այն վիճակը, երբ բանականութեան փոխարէն առաջնորդում են յոյզերն ու զգացմունքները, երբ որպէս դատողութիւնների հիմք է ընդունւում ոչ թէ կոնկրետ իրականութիւնը, այլ հրամցւող տեսակէտները:

Սրա մէկ վառ օրինակն էլ մայրաքաղաքի աւագանու ընտրութիւններն էին, որոնց ժամանակ 81% հաւաքեց պետական-քաղաքական եւ վարչական մէկ օրւայ փորձ չունեցող թեկնածուն:
Այս իրադարձութիւնից առաւել ոգեւորւած վարչապետը հասարակութեանը ներարկում է այն թեզը, թէ երկրի տեղում դոփելու եւ առաջընթացը խոչընդոտող պատճառը գործող խորհրդարանն է: Տեսածին ու ոչ հրամցւածին հաւատացող իւրաքանչիւրի համար ակնյայտ է, որ նոր իշխանութիւնների յաղթանակի օրերից սկսած, խորհրդարանական ուժերը ոչ մի խոչընդոտ չեն ստեղծել վարչապետի ու իր թիմի առջեւ՝ իրականացնելու իրենց ծրագրերը: Աւելին, յստակ խօստում է տրւած, որ երբ օրէնսդրական ցանկալի հիմքերի ձեւաւորմամբ երկիրը պատրաստ կը լինի ընտրութիւններին, վերջիններս, համապատասխան ընթացակարգով, ճանապարհ կը բացեն գործող խորհրդարանի լուծարման եւ նորի ձեւաւորման համար:

Այս դէպքում շահագրգիռ ամէն մարդ պէտք է փորձի հասկանալ, թէ ինչով է պայմանաւորւած հապշտապ համապետական ընտրութիւններ անցկացնելու ցանկութիւնը:

Երկրում ստեղծւած իրական վիճակն այն է, որ ցայսօր գոյութիւն չունի տնտեսական զարգացման մօտակայ կամ հեռահար ծրագիր ու ուղենիշ, տարւայ ամենաակտիւ սեզոնում արաձանագրւել է զգալի գնաճ, ինչը սպառնում է անապահով մեծամասնութեան ուսերին առաւել ծանր բեռ դառնալ ձմեռւայ ամիսներին: Կառավարութեան ներկայացրած յաջորդ տարւայ բիւջէյով փաստւում է, որ 2019-թւականին չեն լինելու աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների եւ այլ սոցիալական ծրագրերի համար նախատեսւող բարձրացումներ: Հաւանական չեն գազի ու էլեկտրաէներգիայի համար խոստացւած վարձերի նւազեցումը եւ երեւի գոհ պէտք է լինենք եթէ դրանք չաճեն:

Փորձենք, ի դէպ, խորհել մի հետաքրքիր իրողութեան շուրջ. իշխանութիւնը, ամէն առիթով, յայտարարում է, թէ կոռուպցիան երկրում վերացւած է: Եթէ այդպէս է, ապա ինչո՞ւ հնարաւոր չդարձաւ պաշտօնապէս արձանագրւած 50% ստւերային տնտեսութիւնից զգալի միջոցներ դուրս բերել եւ մտցնել բիւջէ:

Այս ամէնի փոխարէն հասարակութեանը շարունակում են կերակրել կոռուպցիոն բացայայտումներով, կամ աւելի շուտ սենսացիոն մեղադրանքներով: Մեղադրանքներ, որոնց հիման վրայ, անորոշ հեռանկարով, շարունակում է բանտարկութեան մէջ գտնւել մէկ մարդ՝ Մանուէլ Գրիգորեանը, նոր իշխանութիւնների գոծունէութեան հինգերորդ ամսից յետոյ:

Ամէն սառը դատող մարդ կարող է իր համար եզրակացութիւնների յանգել. այն, որ թէ ներսի եւ թէ դրսի ներդողները ցայսօր չեն ցանկանում ներդրումներ կատարել խորհրդարանի խափանարարութեա՞ն հետեւանքն է, թէ երկրի տնտեսական տեսլականների անորոշութեան, վաղւայ օրւայ նկատմամբ անվստահութեան, երբ ներհասարակական-ներքաղաքական կեանքը գտնւում է բարձր լարւածութեան մէջ, աճում է անհանդուրժողութիւնը, որի քաւութեան նոխազը կարող են դառնալ չակերտաւոր յեղափոխականների եւ չակերտաւոր հակայեղափոխականների բանակները:

Ինչն է ստիպում օր առաջ ընտրութիւնների անցակացման համար գնալու այնպիսի ծայրայեղ, եւ բռնապետութիւններին հարիր քայլի, ինչպիսին է գործադիր իշխանութեան կողմից ժողովրդին հանելը օրէնսդիր իշխանութեան դէմ եւ խորհրդարանականներին պաշարելով նստել նրանց հետ բանակցութիւնների: Նոյնն է թէ պատերազմական գործողութիւններ ծաւալելով միաժամանկ դիմացինին բանակցութիւններ պարտադրել:

Ի՞նչն է պետութեան եւ հէնց իշխանութեան վարկին լուրջ հարւած հասցնող այս արտառոց քայլերի պատճառը, եթէ չկայ փաստ, որ խորհրդարանը չի ընդառաջում վարչապետի ցանկացած նախաձեռնութեան:

Վարչապետը եւ իր թիմը շատ լաւ հասկանում են, որ սենսացիոն բացայայտումներից զատ ժողովուրդը մօտ ապագայում պահանջելու է իր վիճակի բարելաւմանը ուղղւած կոնկրետ իրագործումներ: Իշխանութիւնը գիտակցում է, որ ամբոխային էյֆորիան մի օր մարելու է եւ ինչպէս մի քանի անգամ, նախորդող տարիներին պատահել է, բարձր վարկանիշները կարճ ժամանակում կարող են մերձենալ զրոյին:

Երիտասարդ իշխանութիւնը տալիս է խոստումներ եւ վախեցնում է ուրւականներով, բայց առայժմ չի կարողանում անգամ մայրաքաղաքի փողոցներով հոսող աղբի աղբահանութիւնը կազմակերպել: Գալու է չէ՞ օրը, երբ անվերապահ համախոհների ու համակիրների զանգւածները նայելու են ոչ թէ ժողովրդական հռետորների բերաններին, այլ իրենց շուրջը եւ գրպանի պարունակութեանը:

Առկայ ու հնարաւոր դժւարութիւնները յաղթահարելու ձգտումով հապշտապ ընտրութիւններ անցկացնելու իշխանութեան հաշւարկները ենթադրում են քանի տաք է մայրաքաղաքային ընտրութիւնների մթնոլորտը նման մի տոկոս էլ «խփել» ողջ Հանրապետութիւնում: Ոչ ոք թող չկասկածի, որ միակուսակցական համակարգի ձեւաւորումը, ոչ երկար ժամանակ անց, բերելու է այն նոյն հետեւանքներին ինչ լինում է միշտ եւ ինչ մեր մաշկի վրայ զգացել է հէնց մեր սերունդը:

Եթէ իշխանութիւնը չսովորի արդիւնաւէտ կառավարել երկիրը նա անընդհատ մեղաւորներ ու թշնամիներ է փնտրելու: Այսօր այդ «մեղաւորը» խորհրդարանն է, երբ վաղը նա չի լինի մեղաւորներ են դառնալու իշխանութեան տարբեր օղակներում գործող «սեւերը», նրանց չէզոքացնելուց յետոյ մեղաւոր է նշանակւելու «հակայեղափոխական ընդդիմութիւնը» եւ այդպէս շարունակ: Եւ այս վտանգաւոր անկումը շարունակւելու է եթէ դուրս չգանք զանգւածային հոգագարութեան ու ատելութեան վիճակից, եթէ կրկին հասարակութիւնը չմիաւորւի եւ երկրի ողջ կարող ներուժը չլծւի համախոհաբար երկիրը ճգնաժամի ուղուց զարգացման մայրուղի փոխադրելու գործին:

Վերջում ցանկանում եմ ասել, որ վերը շարադրւած դատողութիւնները ինչ որ մէկի դէմ չէին, այլ յանուն, խորհրդարանի պէս, բոլորիս պաշարած մտահոգութիւնների յաղթահարմանը:

«Դրօշակ»

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Աղասի Ենոքեան. «Իշխանութիւնները մեդիայի դէմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի»
    Աղասի Ենոքեան. «Իշխանութիւնները մեդիայի դէմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի»

    Տարւայ սկզբին իշխանութիւնների կողմից մամուլի դէմ յայտարարւած պատերազմի շրջանակներում ճակատային յարձակումների մի քանի փորձերից յետոյ իշխանութիւններն անցել են պարտիզանական պատերազմի մարտավարութեանը։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնութեան ղեկավար Աղասի Ենոքեանը:

  • Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ
    Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ

    «Factor.am»-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։