Հա

Ազգային

07/10/2018 - 13:50

Շատ մեծ է վտանգը, որ մենք կունենանք քաղաքական մենիշխանութիւն

ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արսէն Համբարձումեանին հարցրինք, թէ ՀՅԴ ԳՄ-ն վստա՞հ է, որ իշխանութեան հասցէին յայտարարութեան մէջ հնչեցւող կարծիքներն ու գնահատականները հաւանութեան կարժանանան նոյեմբերին տեղի ունեցող ՀՅԴ ընդհանուր ժողովի կողմից։ 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 2-ին Բաղրամեան 19-ում տեղի ունեցած բողոքի ակցիաների եւ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասով ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտարարութիւն տարածեց, որտեղ գնահատականներով հանդէս եկաւ իշխանութիւնների գործողութիւնների վերաբերեալ։ 6 կէտից բաղկացած յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւում է․ «Համոզւած ենք, որ իրավիճակը սրելու, պայմանաւորւածութիւնները խախտելու եւ դաւադրութիւնների կեղծ մեղադրանքները հասարակութեան ուշադրութիւնն ընտրութիւնների համար ազատ եւ մրցակցային պայմաններ ապահովելու հրամայականից շեղելու փորձեր են: Ստիպւած ենք արձանագրել, որ գործ ունեք ուղղակի ժողովրդավարութեան անւան տակ Հայաստանում քաղաքական մենիշխանութիւն հաստատելու նորօրեայ փորձի հետ։ Վերադարձն անցեալին բացառւած է, բայց որպէսզի ներկան եւ ապագան լինեն երաշխաւորւած, անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները։ Համոզւած ենք՝ երկխօսութեան հնարաւորութիւն դեռ կայ, եւ քաղաքական ուժերի համախոհութեամբ կարելի է գտնել իրավիճակի հանգուցալուծման ճիշտ ճանապարհը»։ 

ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արսէն Համբարձումեանին հարցրինք, թէ ՀՅԴ ԳՄ-ն վստա՞հ է, որ իշխանութեան հասցէին յայտարարութեան մէջ հնչեցւող կարծիքներն ու գնահատականները հաւանութեան կարժանանան նոյեմբերին տեղի ունեցող ՀՅԴ ընդհանուր ժողովի կողմից։ «Գերագոյն մարմինը ընդհանուր ժողովներին ընդառաջ չի կարող վստահ լինել ժողովի որոշումների բանաձեւերի առումով։ Դաշնակցութեան ժողովները, ի տարբերութիւն միւս կուսակցութիւնների ժողովների, ընթանում են առանց նախապէս կայացած որոշումների, եւ բուն ժողովների ժամանակ համապատասխան որոշումները կայացւում են։ Այդ առումով կանխատեսումներ դժւար է անել»,- «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասաց Համբարձումեանը։

 

- Այսինքն՝ հնարաւո՞ր է, որ յայտարարութեան մէջ հնչեցւած դիրքորոշումները եւ գնահատականները ընդհանուր ժողովից յետոյ տրամագծօրէն փոխւեն։ 

- Դուք ուզում էք, որ ես կանխագուշակումներ անեմ, որն այս պարագայում ճիշտ չէ։ Ես նորից եմ կրկնում, որ Դաշնակցութեան ժողովները տեղի են ունենում առանց նախապէս որեւէ որոշումների եւ նախագծերի, եւ ժողովները մեր բարձրագոյն մարմիններն են, եւ մարմիններն առաջնորդւում են ժողովների բանաձեւերով։ Եթէ ընդհանուր ժողովի ժամանակ կայացւեն այլ որոշումներ, որոնք տրամագծօրէն հակառակը կը լինեն, դա կը ենթադրի համապատասխան քաղաքականութեան վերանայումներ, եթէ ոչ, ապա կուսակցութեան ուղեգծի մէջ որեւէ փոփոխութիւն տեղի չի ունենայ։ Ամէն դէպքում մինչ օրս քաղաքական ինչ քայլ եւ գործողութիւն որ իրականացւել է, իրականացւել է համապատասխան ժողովի բանաձեւերի տրամաբանութեանը հաւատարիմ մնալով եւ ընդհանուր տրամաբանութեան շրջանակներում։ Այս առումով որեւէ խնդիր չեմ տեսնում։

 

- Պարոն Համբարձումեան, գոնէ հիմա կարո՞ղ ենք ասել, որ Դաշնակցութիւնը Հայաստանում ընդդիմութիւն է։ 

- Ես, ճիշտն ասած, նման միանշանակ ձեւակերպումներ չէի տայ։ Կոնկրետ այս պարագայում խնդիր ունենք արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման հապշտապ ժամկէտների հետ, որը, մեր գնահատմամբ, խախտում է պայմանաւորւածութիւնները, որոնք ամրագրւած են կառավարութեան գործունէութեան ծրագրում։

 

- Դաշնակցութիւնն իր մարզպետներին ու նախարարներին յետ կանչեց, յետոյ վարչապետը հրապարակայնօրէն հեռացրեց նրանց։ Ի՞նչ էք կարծում՝ հակասութիւնները վաղուց դուրս չե՞ն եկել արտահերթ ընտրութիւնների ժամկէտների հետ կապւած տարակարծութիւնների շրջանակից։ 

- Ժամանակը ցոյց կը տայ։ Մենք ամէն դէպքում մեր դիրքորոշումներին հարազատ ենք մնալու եւ միեւնոյն ժամանակ չենք բացառում, որ առաջացած խնդիրները կարելի է քննարկումների ձեւաչափով յանգեցնել ճիշտ լուծումների։

 

- Միքայէլ Մանուկեանին ազատեցին բնապահպանութեան նախարարութեան անտառային կոմիտէի նախագահի պաշտօնից, որը, ըստ էութեան, քաղաքական պաշտօն չէր։ Պատճառը, Ձեր գնահատմամբ, ո՞րն էր։

- Պարոն Միքայէլ Մանուկեանն իր դիմումի համաձայն է դուրս եկել պաշտօնից։ Միքայէլ Մանուկեանը նշանակւել է քաղաքական պայմանաւորւածութիւնների արդիւնքում, մեր բոլոր պաշտօնեայ ընկերները, ովքեր որ նշանակւել են քաղաքական պայմանաւորւածութիւնների արդիւնքում, Գերագոյն մարմնից ստացել են դիմումներ ներկայացնելու հրահանգ՝ աշխատանքից դուրս գալու վերաբերեալ։

 

- Դաշնակցութեան տարածած յայտարարութեան մէջ նշում էք, որ պէտք չէ կենտրոնանալ ընտրութիւնների ժամկէտի վրայ, այլ՝ որակի եւ դրա համար քաղաքական ու բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւաւորման վրայ։ Տեղի ունեցան Երեւանի աւագանու ընտրութիւններ, որին ՀՅԴ-ն նոյնպէս մասնակցում էր եւ չյաղթահարեց անցողիկ շեմը, եթէ ընտրութիւններն անցկացւեն 1 տարի յետոյ, ապա ՀՅԴ-ի շանսերը դրանից կաւելանա՞ն, եւ ի՞նչ մթնոլորտում անցան այդ ընտրութիւնները։

- Ժամանակը ցոյց կը տայ՝ մէկ տարի յետոյ Դաշնակցութեան շանսերը կաւելանա՞ն, թէ՞ ոչ։ Մենք ժամանակացոյցի մասին չենք ասել, այլ ասել ենք ժամկէտների մասին եւ ասել ենք, որ պէտք է ոչ թէ սեւեռւել այս կամ այն ժամկէտի վրայ, այլ պիտի առաջնորդւել այլ տրամաբանութեամբ՝ ինչ քայլեր եւ գործողութիւններ են անհրաժեշտ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ, եւ այդ քայլերով ու գործողութիւններով է պէտք պայմանաւորել հնարաւոր ժամկէտը։ Եթէ ժամկէտը դեկտեմբերն է, մենք խնդիր չունենք, եթէ փետրւարն է, մենք էլի խնդիր չունենք։ Այսինքն՝ ոչ թէ ժամկէտն է այս պարագայում կարեւոր, այլ կարեւոր են քայլերն ու գործողութիւնները։ Խօսքը եղել է ազատ, արդար եւ մրցակցային ընտրութիւնների մասին, որովհետեւ ընտրութիւնները կարող են լինել ազատ եւ արդար, ինչպէս եղան Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները։ Բայց դա բաւարար չէ, ընտրութիւններն անհրաժեշտ է, որ լինեն նաեւ մրցակցային, այսինքն՝ բոլոր քաղաքական ուժերը, անկախ նրանից՝ ներկայացւած են խորհրդարանում, թէ ոչ, պիտի հաւասար պայմաններ ունենան եւ բաւարար ժամանակ՝ ընտրութիւններին մասնակցութիւն ապահովելու համար։ Սրա մասին է խօսքը, որովհետեւ, եթէ մրցակցային ընտրութիւններ մենք չենք անցկացնում, շատ մեծ է վտանգը, որ մենք կունենանք քաղաքական մենիշխանութիւն՝ մի վիճակ, որից նախընթաց տարիների ընթացքում անընդհատ բողոքել են բոլորը։ Եւ մեր ասածը հետեւեալն է, որ եթէ չենք ուզում նախկին վիճակներին վերադարձ կատարւի, ապա դրա լաւագոյն երաշխիքը ներկայումս ճիշտ քայլերով առաջ գնալն է։

 

- Բայց այդ տարիներին, երբ Հայաստանում մենիշխանութիւն էր, Դաշնակցութիւնն այդ իշխանութեան մասն էր կազմում։ Հակասութիւններ չէ՞ք տեսնում։ 

- Հակասութիւն չենք տեսնում, որովհետեւ թէ՛ նախկինում եւ թէ՛ այսօր մենք հաշւի ենք նստել ներկայ իրողութիւնների հետ, եւ քաղաքական ուժերը, իրենց ցանկութիւններից եւ մտադրութիւններից անկախ, հարկադրւած են նաեւ որոշակի իրողութիւնների հետ հաշւի նստել։ Նախկինում իշխանութեան մէջ լինելով՝ մենք փորձել ենք մեր ունեցած հնարաւորութիւնների, ազդեցութիւնների եւ լիազօրութիւնների շրջանակներում պայքարել այդ տեսակ երեւոյթների դէմ։ Յաջողել ենք մասամբ, մենք եւս մեր արձանագրած յաջողութիւններից գոհ չենք, բայց դա չի նշանակում, որ մենք որեւէ կերպ սպասարկել ենք նման վիճակի գոյութեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։