Հա

Ազգային

08/10/2018 - 12:55

Խորհրդարանական ուժերի միջեւ կոնսենսուսի պարագայում ՀՅԴ-ն դէմ չի լինի դեկտեմբերին ընտրութիւնների անցկացմանը

ՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութիւնը խորհրդարանական մնացած ուժերի միջեւ կոնսենսուսի  դէպքում դէմ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացմանը դեկտեմբերին: 

«alikonline.ir» - ՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութիւնը խորհրդարանական մնացած ուժերի միջեւ կոնսենսուսի  դէպքում դէմ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացմանը դեկտեմբերին: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ԱԺ ճեպազրոյցում յայտարարեց ՀՅԴ խմբակցութեան անդամ Սպարտակ Սէյրանեանը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները պէտք է կայանան ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնից յետոյ: Պէտք է լինի նաեւ ոստիկանութեան ենթակայութեան փոփոխութիւն, ոստիկանութիւնը պէտք է լինի կառավարութեան ենթակայութեան տակ: Ընտրութիւնները կարող են լինել լեգիտիմ, բայց պակաս կարեւոր չէ ընտրութիւնների նկատմամբ հանրային ընդհանուր վստահութեան ձեւաւորումը, դրա համար բոլոր խմբակցութիւնների համար պէտք է ապահովել հաւասար մրցակցային պայմաններ: Եթէ այդ բոլոր կէտերը կատարւեն, եթէ դրանք ամփոփւեն դեկտեմբերին, ընտրութիւնները թող լինեն դեկտեմբերին, թէ յունւարին, թող լինեն յունւարին: Եթէ բոլոր քաղաքական ուժերը որոշեն, որ ընտրութիւնները պէտք է լինեն դեկտեմբերին, ՀՅԴ-ն չի խոչընդոտի»,- ասաց Սէյրանեանը:

Սէյրանեանը վստահեցրեց` այդ դէպքում իրենք հաւատարիմ են մնում իրենց խոստմանը եւ չեն առաջադրի վարչապետի թեկնածու:

Հարցին` եթէ իրենց նշած կետերը չապահովւեն, նորից վարչապետի թեկնածու չեն առաջադրի, Սէյրանեանը պատասխանեց, որ Ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների տարբերակն արդէն կայ կառավարութիւնում, եւ տրամաբանական է, որ կը լինեն քննարկումներ: «Եթէ ճանապարհային քարտեզը չլինի, բայց բանակցութիւնների արդիւնքում բոլոր ուժերը յանգեն նրան, որ առանց դրա էլ ընտրութիւնները պէտք է անցկացւեն դեկտեմբերին, մենք կը համաձայնենք»,-նշեց Սէյրանեանը:

Նա ասաց` եթէ նոյնիսկ մի կողմ դրւի ընտրութիւնների մասին նոր օրէնքը, սակայն ընդհանուր կոնսեսուսի արդիւնքում քաղաքական ուժերը յագեն նրան, որ ընտրութիւնները պէտք է անցկացւեն կոնկրետ այսինչ օրը, ՀՅԴ-ն չի խոչընդոտելու: Անդրադառնալով վարչապետի թեկնածու չառաջադրելու Նիկոլ Փաշինեանի առաջարկած յուշագրի ստորագրմանը` Սէյրանեանը նշեց` եթէ քաղաքական ուժերը յանգեն նրան, որ յուշագրի ստորագրումը ճիշտ է, իրենք էլ կը համաձայնեն: «Եթէ յուշագիրը բաղկացած լինի մէկ կէտից, դա չի լինի յուշագիր: Այն պէտք է լինի բովանդակային»,- նշեց նա:

Սէյրանեանը նշեց նաեւ` ինքը յարգում է ժողովրդի մի մասի տեսակէտը, սակայն դա չի պրոյեկտում բոլորի վրայ: Եթէ ժողովուրդը կարծում է, որ բոլոր դժբախտութիւնների պատճառը խորհրդարանական ընտրութիւնների չանցկացումն է, ապա իրենք համաձայն ենք, որ դա լինի հէնց վաղը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։