Հա

Ազգային

09/10/2018 - 15:00

Դաշնակցութեան օրակարգում վարչապետ Փաշինեանի հետ յուշագիր ստորագրելու հարց չկայ

Դաշնակցութեան օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ յուշագիր ստորագրելու հարց չկայ, այսօր «Ազատութեան» հետ զրոյցում ասաց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արսէն Համբարձումեանը։

«alikonline.ir» - Դաշնակցութեան օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ յուշագիր ստորագրելու հարց չկայ, այսօր «Ազատութեան» հետ զրոյցում ասաց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արսէն Համբարձումեանը։ 

Համբարձումեանի խօսքով՝ յուշագրի ստորագրումը պէտք է իմաստաւորւած լինի։ «Կարծում ենք, որ քաղաքական ուժերի միջեւ փոխվստահութիւնը շատ աւելի կարեւոր է քան ցանկացած ստորագրւած փաստաթուղթ։ Եթէ յետագայ քննարկումների ընթացքում դրա անհրաժեշտութիւնը կառաջանայ, պատրաստ ենք նաեւ քննարկել այդ տարբերակը, բայց այսօր մեր օրակարգում նման հարց չունենք։ Մենք բազմիցս ասել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման անհրաժեշտութիւնը կասկածի տակ չի կարող դրւել»,- ասաց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամը։ 

«Ազատութեան» դիտարկմանը, թէ խմբակցութիւնը ժամկէտների հետ կապւած խնդիր էր տեսնում, Համբարձումեանն այսպէս արձագանգեց.- «Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման ժամկէտն էլ ինքնանպատակ չպէտք է դիտարկել։ Մենք մշտապէս արտահերթ ընտրութիւնների անցկացման հարցը կապել են այն անհրաժեշտ քայլերի եւ գործողութիւնների հետ, որոնք ձեռք են բերւել քաղաքական պայմանաւորւածութիւնների արդիւնքում եւ ամրագրւած են կառավարութեան գործունէութեան ծրագրում։ Դեկտեմբերի հետ կապւած մեր մտահոգութիւնը պայմանաւորւած է հէնց դրանով, որ իրատեսական չենք համարում մինչեւ դեկտեմբեր այն քայլերի եւ գործողութիւնների կատարումը, որոնք անհրաժեշտաբար պէտք է նախորդեն արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացմանը»,- ասաց Համբարձումեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։