Հա

Ազգային

31/10/2018 - 14:20

Դեկտեմբերին ունենալու ենք երկու ելք՝ երկուսն էլ մեր երկրի համար ոչ նորմալ

ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում նշեց, որ ՀՅԴ-ի` արտահերթ ընտրութիւններին մասնակցութեան ցուցակը դեռ կազմւած չէ, նաեւ որոշւած չէ, թէ ով է գլխաւորելու ցուցակը: 

«alikonline.ir» - ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում նշեց, որ ՀՅԴ-ի` արտահերթ ընտրութիւններին մասնակցութեան ցուցակը դեռ կազմւած չէ, նաեւ որոշւած չէ, թէ ով է գլխաւորելու ցուցակը: Գրում է «yerkir.am»-ը:

Հարցին` հնարաւո՞ր է ցուցակում լինեն անակնկալ անուններ, Ռոսւտամեանը պատասխանեց, որ կեանքը լի է անակնկալներով, այո, կարող են նաեւ այդպիսի անակնկալներ լինել:

Դիտարկմանը` ԱԺ «Ծառուկեան» խմբակցութեան պատգամաւոր Նայիրա Զոհրաբեանն ասել է, թէ ՀՅԴ-ն ռէյտինգային թեկնածուներ չունի, եւ  երկու տոկոսանոց շեմը յաղթահարելու դրոյթը նւէր էր մի շարք կուսակցութիւնների, այդ թւում` Դաշնակցութեանը, Ռուստամեանն արձագանգեց. «Մեր ռէյտինգայինները որ հիմա այստեղ պատգամաւոր են, բա ովքե՞ր են, նրանք ռէյտինգային չե՞ն: Ամէն մէկը թող իրենից խօսի: Յատկապէս այս նախընտրական փուլում կոչ եմ անում չհրապուրւել եւ այնպիսի բաներ չխօսել, որ յետոյ չկարողանան պատասխան տալ: Այս փուլը կանցնի: Մի քիչ աւելի օբիեկտիւ եղէք ձեր գնահատականներում եւ խօսէք ամէն դէպքում ճիշտը»:

Նա ասաց, որ իրենք ԸՕ փոփոխութիւնների նախագծի վրայ շատ լուրջ ջանք են թափել, որ վերացւի գործող ռէյտինգային ընտրակարգը: «Այս ամէնը մեր մօտեցումն է եղել: Հիմնական պատճառը, որ  ԸՕ նախագծի ընդունումը տապալւեց, պէտք է փնտրել այնտեղ, որ դեկտեմբեր ամիսը դրւեց, եւ սկսւեց այս ամէնը: Այս գլխաւոր պատճառը թողել, սկսել են տարբեր տեղեր մեղաւորներ փնտրել»,- նշեց պատգամաւորը:

Դիտարկմանը, թէ դեկտեմբերին արտահերթ ընտրութիւններ լինելու էին, քանի որ վարչապետը հրաժարական էր տւել, եւ խնդիրը հի՞ն, թէ՞ նոր ԸՕ-ով արտահերթին գնալու մէջ էր, Ռուստամեանն արձագանգեց, որ բոլոր դէպքերում ունենում ենք մի վիճակ, երբ շատ սեղմ ժամկէտներում տեղաւորւելու հարց է առաջացնում: «Դեկտեմբերը բերեց նրան, որ ունենալու ենք երկու ելք, որոնցից երկուսն էլ նորմալ չեն մեր երկրի համար: Առաջինը` նոր ԸՕ-ն չի ընդունւում, ունենում ենք հինը, որը լաւ չէ, երկրորդ` ընդունում ենք, ունենում ենք  ամենաշատը մէկ ամիս ժամանակ նոր ԸՕ-ով ընտրութիւններ անցկացնելու համար, ինչը նոյնպէս լաւ չէ: Հէնց սկզբից էլ մենք սրա մասին ասել ենք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՅԴ-ին մեղադրում են ՀՀԿ-ի հետ ստւերային համաձայնութեան գալու եւ ԸՕ-ն տապալելու մէջ, պատգամաւորը շեշտեց. «Դէ ասում եմ` Դաշնակցութեանը մեղադրել են Թիֆիլիսում կառքի շուռ գալու մէջ էլ, մենք դրան սովոր ենք: Երբ մարդիկ իրենց մէջ չեն գտնում պատճառները, ման են գալիս` ում գտնեն, եւ պարզւում է` դէ Դաշնակցութիւնը միշտ կայ, մի հատ եկէք Դաշնակցութեանը մեղադրենք, հարցը փակւի»:

Հարցին` ՔՊ պատգամաւորներից մէկն ասել էր, թէ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ինչ-որ գաղտնի բաներ է անում, ԸՕ-ի տապալումն այդ գաղտնի պայմանաւորւածութիւնը չէ՞ր, Ռուստամեանը պատասխանեց, որ այդ նոյն տրամաբանութեամբ կարող են ասել, թէ ՀՅԴ-ն պայմանաւորւել է նաեւ Հռոմի պապի հետ: «Սա ի՞նչ տրամաբանութիւն է, այս մօտեցումներով շատ հեռուն կարելի է գնալ: Ես էլ կասեմ, որ իրենք են ամէն ինչ արել, որ ձախողւի: Սաբոտաժը հէնց իրենց կողմից, է, որովհետեւ երկու ոտը մէկ կօշիկի մէջ դնել ու պնդել, որ հէնց դեկտեմբերին պէտք է լինի, սաբոտաժը հէնց այդտեղից սկսւեց, ուրեմն իրենք են պայմանաւորւել ՀՀԿ-ի հետ: Սա ի՞նչ տրամաբանութիւն է: Մարդկանց այդպէս մեղադրելը շատ սխալ ճանապարհ է: Մենք կողմ ենք քւէարկել, ՀՀԿ-ն դէմ է եղել»:

Անդրադառնալով մամուլում շրջանառւող լուրերին, թէ ՀՅԴ-ն համագործակցում է Գուրգէն Արսէնեանի հետ, Ռուստամեանն ասաց. «էս ի՞նչ թազա բան էր, էլ ի՞նչ կայ օդում պտտւող, մի քիչ լուրջ վերաբերւէք, էլի»:

Ինչ վերաբերում է նրան, թէ երկրորդ փուլում ինչպէս են քւէարկելու վարչապետի ընտրութեանը, պատգմաւորը յայտնեց. «Ինչպէս չենք քւէարկել առաջին փուլում, այդպէս էլ չենք քւէարկելու»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։