Հա

Ազգային

01/11/2018 - 12:20

ԱԳՆ. «Աւստրալիան Արցախի հակամարտութեան հարցում կողմերից ոչ մէկին չի սատարում»

Աւստրալիայի Արտաքին գործերի եւ առեւտրի նախարարութիւնը հաւաստիացրել է, որ Աւստրալիան Արցախեան հակամարտութիւնում կողմերից ոչ մէկին չի պաշտպանում: Այս մասին յայտնում է Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը:

«alikonline.ir» - Աւստրալիայի Արտաքին գործերի եւ առեւտրի նախարարութիւնը հաւաստիացրել է, որ Աւստրալիան Արցախեան հակամարտութիւնում կողմերից ոչ մէկին չի պաշտպանում: Այս մասին յայտնում է Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը: Գրում է «news.am»-ը:

Աւստրալիայի Սենատի 2018-19-ի բիւջէի նախահաշւարկների նիստում նախկին սենատոր Լի Ռիանոնը մտահոգութիւն էր յայտնել այն մասին, որ Աւստրալիան կարող է Արցախի Հանրապետութեան ազատագրւած տարածքների շուրջ հակամարտութիւնում Արդրբեջանի կողմից լինել: Նրա մտահոգութեան համար հիմք են հանդիսացել Աւստրալիայի կառավարութեան կողմից պարբերաբար արած յայտարարութիւնները, որոնցում առանձնացւում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան սկզբունքի ճանաչումը, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացւող խաղաղ բանակցութիւնները հիմնւած են 3 հաւասարազօր սկզբունքի` ինքնորոշման իրաւունքի, ուժի չկիրառման եւ տարածքային ամբողջականութեան վրայ:

«Մեր կառավարութեան հեռահար քաղաքականութիւնը ենթադրում է աջակցութիւն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը. Աւստրալիան չի ճանաչում Արցախը որպէս անկախ պետութիւն, քանի որ մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ չենք ցանկանում միջամտել հակամարտութեանը»,- յայտարարել էր Ավւստրալիայի արտգործնախարարութիւնը, ինչի առիթով էլ սենատոր Լին ասել է. «Ինչպէ՞ս կարող է Աւստրալիան ճանաչել Ադրբեջանի տարածքայն ամբողջականութիւնը առանց հաշւի առնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի միւս երկու` ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման հիմնական սկզբունքները»:

Տւեալ հարցադրմանը արտգործնախարարութիւնը պատասխանել է, որ ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` «վերոնշեալ երեք սկզբունքների հիման վրայ Արցախի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում: Աւստրալիան հակամարտութեան կողմերից եւ ոչ մէկին չի սատարում»:

Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը ապա փորձել է պարզել տւեալ հարցում Աւստրալիայի պաշտօնական դիրքորոշումը` հաշւի առնելով նաեւ Աւստրալիայի Միջազգային զարգացման խաղաղովկիանոսեան նախարար Կոնսետա Ֆիերաւանտի-Վելսի` Բաքւում արւած յայտարարութիւնն այն մասին, որ Աւստրալիան լիարժեքօրէն ճանաչում է Ադրբեջանի ինքնավարութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը եւ Արցախյան հակամարտութիւնում աջակցում է ադրբեջանական կողմին:

Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Կայսերեանի խօսքով` «Աւստրալիայի անկողմնակալութեան մասին պարզաբանումը կարեւոր առաջընթաց է արձանագրում հակամարտութեան հարցում Աւստրալիայի կառավարութեան դիրքորոշման մէջ: Երեք սկզբունքները հաւասարազօր ճանաչելով` Աւստրալիայի արտգործնախարարութիւնը միանգամայն ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը տւեալ հակամարտութեան կարգաւորման գործում»: Նա նաեւ ասել է, որ նման յայտարարութեամբ չեղարկւում են Աւստրալիայի կողմնակալութեան մասին հնչած նախկին յայտարարութիւնները:

«Արցախի հանրապետութեան շուրջ բուֆերային գօտուն վերադառնալու մասին առաջարկը միանգամայն անընդունելի է, քանի որ այդպիսով Ադրբեջանին բաց հրաւէր կը տրւի Արցախի հայ բնակչութեան հանդէպ զինւած յարձակումներ եւ էթնիկ զտումներ իրականացնելու համար»,- յաւելել է Կայսերեանը:

Աւստրալիայում Արցախի ճանաչման հարցում կարեւոր ձեռքբերումներից է նաեւ այն, որ բարձրաձայնւում է Երեւանում եւ Բաքւում ԵԱՀԿ Մինսկի խմբի գրասենեակների փակման շուրջ Ադրբեջանի ջանքերի մասին: Ռիանոնի մեկնաբանութիւնների վերաբերեալ խօսելիս` Աւստրալիայի արտգործնախարարութիւնը յայտնել է, որ տեղեակ է այդ ամէնի մասին, ինչպէս նաեւ Հայաստանի հաւատարիմ նւիրւածութեանը Մինսկի խմբի գործունէութեանը:

Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի կարծիքով` այստեղից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի հիմքերը թուլանում են, եւ բացայայտւում են Արցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցում նրա ապակառուցողական գործողութիւնները:

Կայսերեանը յայտնել է, որ նախկին սենատորի հետ հարցազրոյցում հնարաւոր է դարձել արձանագրել Աւստրալիայի կառավարութեան պաշտօնական դիքորոշման հետեւեալ կարեւոր կէտերը.

1) ԵԱՀԿ Միսնկի խմբի եւ խաղաղ բանակցութիւնների 3 հիմնական սկզբունքների ճանաչում,

2) Անկողմնակալութիւն,

3) Մինսկի խմբի խաղաղ կարգաւորման գործընթացում ադրբեջանական կողմի ապակառուցողական գործողութիւնների ճանաչում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։