Հա

Ազգային

03/11/2018 - 13:40

«Տագնապած մրջնանոցի» վերածւած ՀՀ-ի ապագայի մասին

Նիկոլ Փաշինեանն իշխանութեան եկաւ ՀՀ-ում արմատացած կոռուպցիայի, պետական համակարգում առկայ բազմաթիւ արատաւոր երեւոյթների դէմ պայքարելու, երկրում օրէնքի գերակայութիւն եւ արդարութիւն հաստատելու մասին յայտարարութիւններով, կոչերով եւ կարգախօսներով: 

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Նիկոլ Փաշինեանն իշխանութեան եկաւ ՀՀ-ում արմատացած կոռուպցիայի, պետական համակարգում առկայ բազմաթիւ արատաւոր երեւոյթների դէմ պայքարելու, երկրում օրէնքի գերակայութիւն եւ արդարութիւն հաստատելու մասին յայտարարութիւններով, կոչերով եւ կարգախօսներով:

Արդէն վարչապետի աթոռին նստելու յաջորդ պահից սկսած ՀՀ-ում ծայր առան մայրաքաղաքային եւ մարզային նախկին մանր ու խոշոր պաշտօնեաների, այդ թւում նաեւ ուժային կառոյցների ներկայացուցիչների հանդէպ յարուցւած քրէական գործերը, ըստ որոնց բացայայտւում էին բազմաթիւ եւ բազմապիսի չարաշահումներ եւ պետութեանը հասցւած վնասներ: Այդ գործընթացը շարունակւում է նաեւ այսօր:

Ինչպիսի՞ ազդեցութիւն կամ հետեւանքներ կարող է ունենալ այս ամէնը ՀՀ զարգացման վրայ: Իհարկէ, եթէ երեւոյթին նայենք զուտ տեսականօրէն` միմիայն դրական եւ կրկին դրական: Հակառակի մասին խօսելը կարող է անգամ տարօրինակ կամ զաւեշտալի թւալ: Այդուհանդերձ, իրերի խորքը քննելիս ի յայտ են գալիս բազմաթիւ խութեր, ներքին զարգացումներ, երեւոյթներ, որոնք ոչ միայն ստւեր են նետում վերոնշեալ դրականի վրայ, այլեւ կարող են երկիրը կանգնեցնել տնտեսական, ինչու չէ, նաեւ քաղաքական, կոլապսի առջեւ: Հնարաւո՞ր է դրանցից խուսափել, ինչպէ՞ս են շրջանցել աշխարհի յայտնի գործիչներն այդ անխուսափելի դժւարութիւնները, եւ ի՞նչ ունենք այսօր ՀՀ-ում:

Վերջին հարցադրումից սկսելով` փաստենք, որ այն գործողութիւնները, որոնք իրականացւում են այսօր Փաշինեանի թիմի կողմից, միտում ունեն ոչ թէ վերացնելու, այլ խորացնելու նշեալ տնտեսաքաղաքական կոլապսը, հասցնելով երկիրը կատարեալ ֆիասկոյի եզրին, որի պատճառով կարճ ժամանակ անց օրինաչափօրէն կրկին ի յայտ կարող են գալ քաղաքացիական անհնազանդութիւններ:

Ի՞նչ է արւում այսօր ՀՀ-ում: Երկրի ուժային կառոյցների համապատասխան օղակները եւ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայութիւնը` մի կողմից, պետական համակարգի, Փաշինեանի թիմի անդամ, մանր ու խոշոր չինովնիկները` միւս կողմից, ինչպէս երկրի բոլոր ոլորտներում, այնպէս էլ նախկին իշխանութիւնների օրօք աշխատանքային գործունէութիւն ծաւալած գրեթէ բոլոր պաշտօնեաների նկատմամբ (նրանցից շատերը, ի դէպ, շարունակում են աշխատել նաեւ ներկայումս) իրականացնում են ստուգումներ, կիրառում տարբեր բնոյթի եւ չափի պատժիչ գործողութիւններ (տուգանում, աշխատանքից ազատում, քրէական վարոյթների յարուցում) եւ այլն: Առաջին հայացքից` նորմալ եւ ողջունելի այս գործողութիւնների դրական եւ բացասական հետեւանքները, սակայն, որեւէ մէկը չի հաշւարկել եւ դրել նժարի վրայ:

 

Խնդրի բարոյական ասպեկտը

Նախ` փաստենք, որ վախի ու կասկածանքի այսպիսի մթնոլորտը արդիւնաւէտ եւ ստեղծարար աշխատանքի համար երբեք չի կարող ստեղծել բաւարար պայմաններ, այն ընդամենը հասարակութեան ներսում տեղի է տւել ներքին գզւռտոցների` կտրուկ աւելացնելով միմեանց դէմ պայքարողների, շեֆի աչքը մտնելու համար գործընկերոջը մատնողների թիւը, եւ այսպիսի իրավիճակում յայտնւած ՀՀ իրականութիւնն այդ մասով պարզապէս յիշեցնում է բոլշեւիկ-մենշեւիկ առճակատումների շրջանը: Ինչ վերաբերում է խոշոր տնտեսվարողներին, ապա վերջիններս ուղիղ ձեւով կիրառում են հին ու բարի, բազմիցս փորձւած մեթոդը. քրէական եւ տնտեսական հողի վրայ պատժւելու վախից նրանք, արագօրէն ճամբարափոխ լինելով, սկսել են «նոր թագաւորին» քծնելու, վերջինիս գութը շարժելով նոր հովանի գտնելու արգահատելի եւ վտանգաւոր դրսեւորումները: Սա հետեւանքների բարոյական բաղադրիչն է:

 

Խնդրի տնտեսաքաղաքական հետեւանքները

ՀՀ-ում իւրաքանչիւր ոք, լինի նա պաշտօնեայ, գործարար, բժիշկ, դասախօս կամ ցանկացած մէկը, նախկին համակարգի ժամանակ, օրինաչափօրէն, կամայ թէ ակամայ, շարժւել է տւեալ համակարգի սահմանած խաղի կանոններով: Արդիւնքում` ՀՀ-ում գերակշռում են նրանք ովքեր չեն ապրել «մաքրամաքուր» կեանքով: Մէկը կաշառք է տւել հարկային ոլորտի աշխատողներին` սեփական բիզնեսի կայացման համար, մէկը` թաղային ոստիկաններին կամ քաղաքապետարանին` պատշգամբը փակելու կամ մայթին մի խանութ կառուցելու համար, մէկը` գիւղապետարանին, մէկը` մարզպետարանին, մէկը` բժշկին, մէկը` դասախօսին, մէկը մի խոշոր ոլորտ իր ձեռքում պահելու համար «տեսել է» նախագահականին մերձակայ մէկին, մէկի վրայ վերեւներից դրւած է եղել տարեկան կամ ամսական մուծման չափաբաժին, եւ նա էլ իր հերթին նոյնը կիրառել է իր ենթակաների վրայ… եւ այսպէս անվերջ ու անընդհատ մի շղթայ…

Փաշինեանի թիմի հակակոռուպցիոն գործողութիւններով ստեղծւած մթնոլորտում` երկրի ազգաբնակչութեան մէկ հատւածը, որն այս կամ այն կերպ առնչւել է կոռուպցիայի այս կամ այն տեսակի հետ, յայտնւել է իւրատեսակ փակուղու առջեւ: Յաւելենք նաեւ, որ խոշոր տնտեսվարողներից, հասկանալի պատճառներով, ոչ բոլորին է յաջողւում կիրառել վերոնշեալ «ճամբարափոխութեան» եւ «պաշտամունքային» գործիքները. շատերը, ամուր թելերով կապւած լինելով նախկին ռեժիմների հետ, պարզապէս դա չեն կարող անել:

Արդիւնքում` պատժւելու, տարիների ընթացքում կուտակածը (նաեւ` ստեղծածը) մէկ օրում կորցնելու վախից, պաշտօնը կամ հասարակութեան մէջ ունեցած հեղինակաւոր դիրքը կորցնելու տագնապից երկրում սկսւել է նախադէպը չունեցող «զօրաշարժ». առնետավազք` պաշտօնեաների շրջանում, սկսած գիւղապետերից, մինչեւ միջին օղակի չինովնիկներ ու բարձրագոյն մարմինների ներկայացուցիչներ: Բիզնեսի տեղափոխում ապահով վայրեր` Փաշինեանի քաղաքական հովանու ներքոյ, կամ արտերկիր: Դրամական միջոցները եւս տեղափոխւում են աւելի գաղտնի եւ իրաւապահ մարմինների համար համեմատաբար դժւարամատչելի վայրեր, կամ այս ոլորտում եւս տեղի է ունենում աննախադէպ արտահոսք դէպի օֆշորային գօտիներ, արտերկրեայ տնտեսական միջավայր եւ այլն:

Այսօր ՀՀ-ում ստեղծւած նշեալ իրավիճակն աւելի պատկերաւոր ներկայացնելու համար այն կարելի է համեմատել քարի տակ գտնւող մրջնաբնի հետ, երբ քարի հեռացմամբ ստեղծւած «արտակարգ իրավիճակից» տագնապած, իւրաքանչիւր մրջյիւն խուճապահար ձգտում է գլուխը փախցնել ապահով մի վայր: Աւելորդ չենք համարում նշել, որ այսպիսի պայմաններում, ՀՀ նոր իշխանութիւնների քիմքին ոչ այնքան հաճոյ նախկին շատ խոշոր տնտեսվարողներ ոչ միայն ձեռնպահ են մնում նոր գործեր ձեռնարկելուց, այլեւ ներդրումներ չեն անում անգամ իրենց գործող բիզնեսներում (շուտով նկատելի կը դառնան սրա տնտեսական ծանր հետեւանքները): Այս իրողութիւնը փակ աչքերով տեսնում են նաեւ արտաքին` եւ’ սփիւռքեան, եւ' օտարազգի ներդրողները, իսկ նոր իշխանութիւնների` ներդրումների ակնկալւող աշխուժութեան մասին յայտարարութիւնները նախընտրական պարզ հնարքներ են: Ներդրումների ներկայ պատկերը ոչ մի ընդհանուր աղերս չունի լաւ կեանքի համար գարնանը փողոցներ փակած մարդկանց սպասումների հետ:

Մեզ հակադարձողները կարող են պնդել, որ խոշոր տնտեսվարողների կամ նախկին (որոշ դէպքերում նաեւ ներկայ) պաշտօնեաների կուտակած կապիտալը, աւելին, անօրինական ճանապարհով ձեռքբերւած իւրաքանչիւր քաղաքացու (գիւղապետ, քաղաքապետ, ռեկտոր, բաժնի կամ վարչութեան պետ, դասախօս, բժիշկ, ոստիկան, զինւորական եւ այլք) ունեցւածքը պէտք է վերադարձւի պետական գանձարան, եւ այս հարցը քննարկման ենթակայ չէ: Կրկնում ենք` զուտ տեսականօրէն վերջիններս միանգամայն իրաւացի են: Մենք վերեւում արդէն խօսեցինք այս առթիւ իրականացւող գործողութիւնների բարոյական եւ տնտեսաքաղաքական հետեւանքների մասին:

Այժմ մատնանշենք, թէ որքանո՞վ է դա հնարաւոր, ինչպիսի՞ ժամկէտներում եւ որքա՞ն է դրա օգտակար գործողութեան գործակիցը (ՕԳԳ): Մի պարզ հիմնարկից եթէ փորձենք անօրինական ճանապարհով մի շատ սովորական տեղեկանք վերցնել, ապա վերջինիս, անգամ ոչ փորձառու, ղեկավարը տեղեկանք կը տրամադրի տասն անգամ ծանր ու թեթեւ անելուց, մի քանի հաշւապահի ու իրաւաբանի հետ խորհրդակցելուց յետոյ միայն: Պարզորոշ է, որ տասնեակ տարիներ անօրինական ճանապարհով հարստացած տնտեսվարողները կամ պաշտօնեաները եւս խոտակեր չեն եղել եւ այսօրւայ մասին «հոգացել են» շատ վաղուց: Պարզորոշ է նաեւ, որ վերջիններիս ձեռքից գումարների բռնագանձումը պետբիւջէ տեւական ժամանակ պահանջող, շատ պարագաներում էլ անհնարին մի գործընթաց է: Աւելին` բռնագանձումների եւ ծաւալուն ստուգումների այս թոհուբոհում առաւել մեծ թափ է ստացել «տագնապած մրջնաբնի» շարժը, եւ բոլորը լեղապատառ այս ու այն կողմ են թաքցնում այդ գումարները, անխնայ ոչնչացնում հետքերը կամ ամրացնում հիմքերը (դէպի արտերկիր դրամական հոսքերի մասին այստեղ եւս պէտք է յիշեցնենք):

Չենք կարող չխօսել նաեւ այն իրողութեան մասին, որ նոր իշխանութիւններն իրենց այս հակակոռուպցիոն գործողութիւններին ձգտում են տալ հանրային մեծ հնչեղութիւն, դեռ փաստեր կամ արդիւնքներ ցոյց չտւած` յայտարարում են «լուրջ կասկածների», «սպասւելիք բացայայտումների», «շուտով հրապարակւելիք ցնցող լուրերի» եւ այլնի մասին: Տպաւորութիւն է, որ իշխանութիւնների նպատակը ոչ թէ չարաշահումները վերացնելն է, այլ այդ ճանապարհով, հանրութեան աչքին, Պեգասին թամբած դէպի ազատութեան Պառնաս սլացող ասպետի կերպարի մէջ մնալը: Այստեղ յիշեցի վրացական իշխանութիւնների կողմից վերջերս ներդրւած երկլեզւեայ (բիիլինգւիստական) ուսուցման համակարգը Ջաւախքում, երբ մէկ պարագրաֆ հայոց, մէկ` վրաց լեզուներով կազմւած քիմիայի, ֆիզիկայի կամ մաթեմատիկայի դասագրքերը նպատակ են հետապնդում ոչ թէ աշակերտին սովորեցնել տւեալ առարկաները, այլ տւեալ առարկաների միջոցով դպրոցներում անխնայ կիրառել վրացերէնը: Սրանք բոլորովին տարբեր բաներ են:

Ի՞նչ անել: Թողնել, որ անօրինական ճանապարհով կուտակածը վայելե՞ն. այսպիսի հարցադրում կանեն շատերը: Ահա այստեղ է, որ Ն. Փաշինեանը պէտք է, իր թիմի բառամթերքով ասւած, քայլ անի, համարձա'կ, պատմակա'ն քայլ, ինչպէս արեց 2018 թ. գարնանը: Փաշինեանը պէտք է քաշի հին եւ նոր իրականութիւններն իրարից բաժանող պատմական գիծը, որից այն կողմ անցեալի միջավայրն է` իր կոռումպացւած համակարգով ու արատաւոր երեւոյթներով: Գծից այս կողմ նոր միջավայրն է, որտեղ իրապէս գործում են օրէնքները, որտեղ յետայսու ամենախիստ կերպով կը պատժւեն օրինազանցները, որտեղ հին յիշողութիւններ են դառնում չարաշահումները, հովանաւորչութիւնը, կաշառքը, կոռուպցիոն այլեւայլ դրսեւորումներ եւ այլն, որտեղ բիզնես միջավայրն իրապէս ազատ է, եւ չկան այնտեղ իշխանական միջամտութիւններ կամ խանգարիչ այլ գործօններ, որտեղ բացակայում է վախի, կասկածանքի մթնոլորտը, որտեղ բոլորը ենթարկւում են ոչ թէ իշխանութիւնների քմահաճոյքներին, այլ օրէնքին, որտեղ ոչ-ոք այլեւս ջանք չի թափում ճամբարափոխութեան եւ առնետավազքի միջոցով փրկել սեփական բիզնեսը կամ յաւերժացնել իր պատգամաւորական մանդատը, որտեղ ոչ-ոք այլեւս չի մտածում սեփական դրամական միջոցներն աւելի խորը թաղելու կամ երկրից դուրս փախցնելու մասին. շարքը կարելի է շարունակել, բայց բաւարարւենք այսքանով:

Չպատժե՞լ ոչ-ոքի: Իհարկէ պատժել` հինգ հոգու, տասնհինգ հոգու (թւերը պայմանական ենք նշում)` լաւագոյնս հաշւարելուց յետոյ միայն, թէ պատժական այդ տնօրինումները որքանով կը նպաստեն պետական համակարգի կամ բիզնես միջավայրի առողջացմանը: Այլապէս` մեկնել հեռաւոր գիւղական վայրեր եւ զինւած-դիմակաւորւած անձանց միջոցով գետնին պառկեցնել գիւղական խեղճուկրակ պաշտօնեաներին, ներխուժել մայրաքաղաքային եւ մարզային տարբեր հաստատութիւններ, բարեւելուց յետոյ աջ ու ձախ կա'մ պահանջել հեռանալ, կա'մ ցոյց տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան գրասենեակի տեղը (սա, իհարկէ, ոչ բարձրաձայն) կա'մ, որպէս մեղադրեալ, ներկայանալ դատւելու` սա ոչ մի լաւ տեղ չի տանելու մեր երկիրը:

Ի վերջոյ` պէտք է գիտակցել, որ նախկին արատաւոր համակարգը ստեղծել են մի խումբ մարդիկ, իսկ դրա գերին` ինչպէս սեփական կամքով, այնպէս էլ դրանից անկախ, դարձել են միլիոնաւորները: Պատժելով այդ եզակիներին եւ «համակարգի գերութիւնից» կամ «ճահճային համակարգից» ազատելով միլիոնաւորներին` երկրում կը ստեղծւի իրապէս առողջ ու ստեղծարար մթնոլորտ, եւ նախկին համակարգի բոլոր ներկայացուցիչները, չվախենալով կորցնել իրենց կուտակած դրամական կապիտալը եւ տեսնելով իրական երաշխիքներ` դրանք կը ներդնեն երկրի տնտեսութեան մէջ` զարգացնելով արտադրութեան եւ ծառայութիւնների ոլորտը եւ այլն: Արդիւնքում` երկրում անօրինական ճանապարհով առաջացած նշեալ դրամագլուխը աւելի հեշտ ճանապարհով ու կարճատեւ ժամկէտներում կը յայտնւի տնտեսութեան մէջ, քան վերոնշեալ բռնի մեթոդների, դատական մղձաւանջների միջոցով: Այսպիսի «ինքնակամ» երկրի տնտեսութիւն հոսող կապիտալի մեծութիւնը հազարապատիկ անգամ աւելին կը լինի, եթէ այն համեմատենք դատական քաշքշուկների արդիւնքում երկրի բիւջէ մուտքագրւելիք խղճուկ միջոցների հետ: Ի վերջոյ` բոլորն են հասկանում, որ դատական գործընթացների կամ վախի ու շանտաժի միջոցով բռնագանձւած գումարները տարիներով կուտակւածի փշրանքներն են միայն:

Տպաւորութիւնն այնպիսին է, որ այն, ինչ ներկայումս կատարւում է երկրում եւ կոչւում է «պայքար կոռուպցիայի դէմ»` խորքում նպատակ ունի վախի մթնոլորտի ստեղծմամբ հասարակութեան տարբեր շերտերին ու հատւածներին թեքել դէպի իշխող կուսակցութեան կողմը եւ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների համար ձեւաւորել յուսալի յենարան: Այդ երեւոյթի ապացոյցը նախկին խոշոր բիզնեսմենների, պաշտօնեաների եւ այլ շրջանակների առնետավազքն է դէպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ցուցակներ: «Տագնապած մրջնանոցի» այս աժիոտաժի մէջ թէ ինչո՞վ է «նոր իրականութիւնը» տարբերւում «հին իրականութիւնից»` դժւար է ասել:

Ն. Փաշինեանը պարտաւո’ր է կատարել վերը յիշատակւած «բաժանարար գծի» ստեղծման պատմական քայլը: Նրան միգուցէ մեղադրեն դրա համար, նրան շատերը չեն հասկանայ, բայց յանուն պետութեան, յանուն պետականութեան պէտք է նաեւ գին վճարել: Յիշեցնենք նաեւ, որ հէնց այս սկզբունքներն էին դրւած Փաշինեանի գլխաւորած շարժման հիմքում, սկզբունքներ, որոնց անխնայ կերպով ոչնչացման ականատեսն ենք այսօր:

Նիկոլ Փաշինեանը պարտաւո'ր է կատարել պատմական այդ քայլը, եթէ իր նպատակներն ազնիւ էին եւ են:

Ի վերջոյ, համաշխարհային պատմութեան մէջ, ԱՄՆ նախագահ Ա. Լինկոլնը յիշւում է ոչ միայն որպէս առաջին հանրապետական նախագահ, ոչ միայն որպէս Հիւսիսի եւ Հարաւի միջեւ քաղաքացիական երկարատեւ ու դաժան մարտերում յաղթանակած առաջնորդ կամ ստրկատիրութեան վերացման հեղինակ, այլեւ ԱՄՆ-ի վերամիաւորման, ԱՄՆ զարգացող տնտեսութեան հիմքերի ձեւաւորման գործերում ունեցած անփոխարինելի աւանդի, ամերիկեան դեմոկրատիայի հիմնական սկզբունքների մշակման, ամերիկեան ժողովրդի ձեւաւորման եւ համախմբման, ԱՄՆ-ի պառակտւած հասարակութեան մէջ ներդաշնակութեան սերմանման եւ ստեղծարար մթնոլորտի ձեւաւորման համար: Իհարկէ` ժամանակակիցների կատաղի քննադատութիւնը եւս չէր ուշանում, դրանք նաեւ կեանք արժեցան, բայց Լինկոլնը երբեք չվախեցաւ դրանից, եւ այստեղ է ուրւագծւում նրա բացառիկ ֆենոմենը:

Ամփոփենք` մէջբերելով Աբրահամ Լինկոլնի խօսքերը. «Ոչ ոքի հանդէպ քէն չտածելով, լինելով ողորմած, ճշմարտութեան մէջ՝ ամուր, ամերիկացիները պէտք է կապեն երկրի վէրքերը…»:

Յարակից լուրեր

  • Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»
    Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»

    Ենթադրում եմ, որ այն, ինչի մասին մենք խօսում եւ զգուշացնում էինք, կարող է իրականութիւն դառնալ: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը՝ նշելով, որ Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ:

  • Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»
    Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»

    «Փաստ» թերթը գրում է. «Սոյն թւականի յունւարի 17-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկեալ միջոց կիրառել Սամուէլ Մայրապետեանի գործով եւ ցուցում է տւել Հայաստանի կառավարութեանը շտապ կերպով ապահովել Սամուէլ Մայրապետեանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնութիւն՝ համաձայն բժիշկ մասնագէտների ցուցումների՝ այդ թւում տրանսլիւմինալ դրենաւորման մեթոդի կիրառմամբ:

  • Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն
    Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն

    «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հետ կապւած հարցերի լայն շրջանակ եւ համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելուն ուղղւած կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատւած է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնից, որ տարածւել է Փարիզում յունւարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ: 

  • Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»
    Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»

    ՀՀ արտգործնախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ յունւարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

    Ինչի՞ մասին է խօսւել, ի՞նչ է քննարկւել, ինչի՞ց յետոյ են եկել համաձայնութեան՝ հարցականներ են։ «Panorama.am»-ի թղթակիցը այս ամէնի շուրջ խօսեց Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի հետ։

  • Պաշտօնական խօսքի «հիգիենան» հրապարակային քննարկումներում
    Պաշտօնական խօսքի «հիգիենան» հրապարակային քննարկումներում

    Արդէն մի քանի օր է աշխատանքներն է սկսել Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովը, եւ ականատես ենք լինում նախկինում արմատական ընդդիմութեան դիրքերից հանդէս եկող քաղաքական ուժի՝ իշխանական գործառոյթներին ադապտացման գործընթացին, ինչը զերծ չմնաց սկանդալներից ու քննադատութիւնից։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։