Հա

Ազգային

13/11/2018 - 15:10

Յեղափոխականութեան էջը պէտք է փակել եւ գնալ երկրի զարգացման

ՀՅԴ անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ռէյտինգային ընտրակարգով առաջադրւելու է կա՛մ Երեւանում, կա՛մ Շիրակի ընտրատարածքում: «Ես վստահ եմ, որ մենք կը յաղթենք, որովհետեւ մենք իրական այլընտրանք ենք: Մեր խնդիրն այժմ ուղղակի յետյեղափոխական զարգացումն է, յեղափոխականութեան էջը պէտք է փակել եւ գնալ երկրի զարգացման»,- «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Ա. Խաչատրեանը:

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ռէյտինգային ընտրակարգով առաջադրւելու է կա՛մ Երեւանում, կա՛մ Շիրակի ընտրատարածքում: «Ես վստահ եմ, որ մենք կը յաղթենք, որովհետեւ մենք իրական այլընտրանք ենք: Մեր խնդիրն այժմ ուղղակի յետյեղափոխական զարգացումն է, յեղափոխականութեան էջը պէտք է փակել եւ գնալ երկրի զարգացման»,- «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Ա. Խաչատրեանը:

Ընտրութիւններում յաջողութեան հասնելու դէպքում ՀՅԴ անդամը չի բացառում համագործակցութիւնը ՔՊ-ի, ՀՀԿ-ի կամ այլ ուժերի հետ. «Համագործակցում են խնդիրների իրականացման շուրջ: Եթէ ՔՊ-ն որոշակի խնդիր է դնում, որը մեզ համար ընդունելի է եւ ճիշտ է, մենք համագործակցելու ենք ՔՊ-ի հետ, եթէ խնդիր է դնում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կամ այլ ուժ, նրանց հետ ենք համագործակցում»:

 

- Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին Դուք ռէյտինգային ընտրակարգով առաջադրւելո՞ւ էք, եթէ այո, ապա որ ընտրատարածքում:

- Ամենայն հաւանականութեամբ կառաջադրւեմ, իսկ ընտրատարածքի մասով դեռ կամուկացի մէջ եմ:

 

- Դուք մօտ մէկ տարի Շիրակի մարզպետի պաշտօնում էք եղել, Շիրակի մարզն ընդգրկող, թէ՞ այլ ընտրատարածքում կարող է առաջադրւէք:

- Ես գրանցւած եմ եւ ապրում եմ Երեւանում: Շիրակում եղել եմ մէկ տարի, բայց բաւականին դրական հետք եմ թողել: Այնպէս որ, երկու այլընտրանքն էլ կա՝ կամ Շիրակում, կամ Երեւանում: Կուսակցութեան հետ պէտք է քննարկէք հարցը եւ վերջնական որոշում կայացնենք:

 

- Շիրակի մարզում պայքարը բաւականին թէժ է՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակեանը, ներկայիս մարզպետ Կարէն Սարուխանեան:

Այդ պատճառո՞վ է, որ հնարաւոր է Շիրակում չառաջադրւէք:

- Ոչ, կուսակցութեան նպատակայարմարութեան խնդիրն է: Կարծում եմ՝ Երեւանում շատ աւելի թէժ է լինելու: Ես գրանցւած եմ Արաբկիրում, այսինքն, եթէ Երեւանում առաջադրւեմ, ապա Արաբկիր-Դաւթաշէն-Աջափնեակ ընտրատարածքում:

 

- Ընդհանրապէս, ընտրութիւններում Ձեր անհատական եւ կուսակցութեան շանսերն ինչպէ՞ս էք գնահատում:

- Դրական: Մենք ունենք մեր յստակ դիրքորոշումը, մեր սկզբունքները եւ կարող ենք լինել իրական այլընտրանք՝ հանդէս գալով ազգային արժէքների պահպանման եւ սոցիալական արդարութեան միջեւ:

 

- Կարծո՞ւմ էք, որ ՀՅԴ-ն խորհրդարանում նւազագոյնը ներկայացւած 3 ուժերից մէկն է լինելու:

- Ընտրութիւններից առաջ կանխատեսում անելը ճիշտ չէ, բայց, իհարկէ, այդպէս եմ կարծում: Ես լիայոյս եմ, վստահ եմ, որ մենք կը յաղթենք, որովհետեւ մենք իրական այլընտրանք ենք, մենք աջակցել ենք յեղափոխութեանը, մեր խնդիրն ուղղակի յետյեղափոխական զարգացումն է: Յեղափոխականութեան էջը պէտք է փակել եւ գնալ երկրի զարգացման: Մենք տեսնում ենք որոշակի ռիսկեր թէ երկրի զարգացման ուղղութեամբ, թէ սոցիալ-տնտեսական քաղաքականութիւնում, մասնաւորապէս, այդ 100 հազար հոգուն դուրս թողնելը հանրային հատւածից, 800 հազար հոգուն «բեռ» կոչելը: Վտանգներ ենք տեսնում նաեւ արտաքին քաղաքականութիւնում եւ այստեղ մենք ունենք մեր մօտեցումները ու պատկերացումները:

 

- Վարչապետի խորհրդականի՝ 100 աշխատակիցներին պետական ապարատից կրճատելու եւ Նիկոլ Փաշինեանի՝ «350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու» յայտարարութիւնների մասի՞ն է խօսքը:

- Այո, պետութիւնը չի կարող այդպէս անել: Այսինքն՝ պետութիւնը պէտք է պատասխանատու լինի բոլորի նկատմամբ:

 

- Ներկայիս իշխանութեան ներկայացուցիչները յայտարարում են, որ պետական ապարատն ուռճացւած է, պէտք է օպտիմալացում լինի եւ պետական ծառայողները մասնաւոր սեկտորում տեղաւորւեն:

- Նախ պէտք է այլընտրանք ստեղծել այդ մարդու համար: Եթէ դու իր համար այլընտրանք չես ստեղծում, նրան ուղղակի շպրտում ես դուրս: Իսկ հաշւի առնելով մեր ազգի մոբիլութիւնը, այդ մարդն իր տունը կը վաճառի, ճամպրուկը կը հաւաքի եւ երկրից կը գնայ: Առանց այդ էլ դեմոգրաֆիական աղէտի առաջ ենք կանգնած, հիմա էլ թողենք, որ եւս 50-100 հազար հոգի գնա՞ն:

 

- Դաշնակցութիւնը 2016 թ.-ին ՀՀԿ-ի հետ էր կոալիցիայի մէջ, այնուհետեւ դուրս եկաւ, հետագայում «Քաղաքացիական պայմանագրի» հետ ազգային համաձայնութեան կառավարութիւն ձեւաւորեցիք եւ մի քանի ամիս անց դուրս եկաք, նաեւ Ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների նախագծի տապալման համար շատերը ՀՅԴ-ին էին մեղադրում: Այդ վերջին տարիների իրադարձութիւնները չե՞ն ազդի ՀՅԴ ձայների վրայ:

- Երկու պատգամաւոր չեն եկել, բայց քանի՞ հոգի չեն եկել, ովքեր իրենց հաւատարմութիւնն էին յայտնել վարչապետին եւ իշխող քաղաքական թիմին: Նրանք, ովքեր քննադատում էին ՀՅԴ-ին անձրեւ գալու կամ շոգ լինելու համար, միեւնոյն է, մեր ընտրազանգւածը չեն: Տեսէք, մենք ՀՀԿ-ի հետ 1998 թ.-ից ենք եղել, այն ժամանակ, երբ Լեւոն Տէր-Պետրոսեանը գնաց, երկրին սպառնաց սոդոմ-գոմորով, պատերազմով, մերժում էր Ցեղասպանութեան միջազգային ճանաչման անհրաժեշտութիւնը, «Պատերազմ, թէ խաղաղութիւն. լրջանալու պահը» յօդւածն էր գրել եւ այստեղ արդէն պէտք էր պետութիւնն ուժեղացնել եւ թէ՛ Ղարաբաղի, թէ՛ Ցեղասպանութեան ճանաչման ու պահանջատիրութեան հարցում հզօր դիրքորոշում էր պէտք որդեգրել: Բայց վերջին մի քանի տարիների փորձը մեզ ցոյց տւեց, որ երկրում, քանի դեռ չի ձեւաւորւել իրական կոալիցիոն կառավարում, որտեղ կառավարութեան մասնակցութիւնը պայմանաւորւած է ԱԺ-ում մասնակցութեամբ, կառավարութիւնում մասնակցելն այդքան էլ ճիշտ մօտեցում չէ: Մենք կառավարութեան մաս էինք, որոշակի յաջողութիւնների հասանք, բայց յաջողութիւնների հետ մէկտեղ նաեւ, փաստօրէն, կրել ենք ձախողումների պատասխանատւութիւնը:

 

- Առաջիկայ ԱԺ ընտրութիւններին ՀՅԴ-ն առանձի՞ն է մասնակցելու:

- Այո:

 

- Ընտրութիւններում յաջողութեան հասնելու դէպքում ՀՀԿ-ի կամ ՔՊ-ի, կամ այլ ուժի հետ համագործակցութիւնը հնարաւոր համարո՞ւմ էք:

- Համագործակցում են խնդիրների իրականացման շուրջ: Եթէ ՔՊ-ն որոշակի խնդիր է դնում, որը մեզ համար ընդունելի է եւ ճիշտ է, մենք համագործակցելու ենք ՔՊ-ի հետ, եթէ խնդիր է դնում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կամ այլ ուժ, նրանց հետ ենք համագործակցում: Այսինքն, համագործակցում են ոչ թէ կուսակցութիւնների հետ, այլ համագործակցութեան բազիսը խնդիրն է, որը պէտք է լուծել, եւ նաեւ ընդդիմութեան բազիսն է խնդիրը, որը պէտք է լուծել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։