Հա

Ազգային

14/11/2018 - 08:50

Մուրադ Փափազեան. «Դաշնակցութիւնը լաւագոյն ուժն է, որը կարող է միաւորել Հայաստանն ու Սփիւռքը դէպի Հայաստանի հզօրացում»

Հայաստանում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերի, ծրագրային եւ գաղափարական առաջնահերթութիւնների մասին «yerkir.am»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի հետ:

«alikonline.ir» - Հայաստանում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերի, ծրագրային եւ գաղափարական առաջնահերթութիւնների մասին «yerkir.am»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի հետ:

 

- Պարո'ն Փափազեան, որպէս Սփիւռքում եւ Հայաստանում քաղաքական փորձ ունեցող կուսակցական, ինչպէ՞ս էք գնահատում Դաշնակցութեան դերն ապագայ Հայաստանում:

- Դաշնակցութիւնը լաւագոյն ուժն է, որը կարող է միաւորել Հայաստանն ու Սփիւռքը դէպի Հայաստանի հզօրացում: Դաշնակցութիւնն իր պատմութեան ամբողջ ընթացքում միշտ պաշտպանել է հայ ժողովրդի շահերը: Երբ երկիրը սովետական բռնատիրութեան տակ էր, լինելով Հայաստանի անկախութեան զինւորը, Դաշնակցութիւնը միակ ուժն էր, որ երազում էր հայ ժողովրդի փայլուն ապագայի մասին: Դժբախտաբար, ծայրայեղ հակադաշնակցական եւ էժանագին սովետական քարոզչութիւնը հասել է իր նպատակին: Ցաւօք, պէտք է ընդունել, որ մենք չենք յաջողել Հայաստանի ժողովրդին ՀՅԴ-ի իրական պատկերը փոխանցելու հարցում, սակայն ուշ չէ:

 

Ի՞նչ պէտք է անել այդ ուղղութեամբ:

- Այսօր, երբ Հայաստանը դարձել է անկախ պետութիւն, եւ որպէս առաջնահերթութիւն` պէտք է բարձրացնել պետականութեան հզօրութիւնը, Դաշնակցութիւնը միասնականութեան պատգամ է յղում բոլորին: Միասնական ու պատասխանատու ուժը նշանակալի իմաստ ունի մեր ժողովրդի համար, յատկապէս այն դէպքում, երբ անվտանգութեան լուրջ մտահոգութիւններ կան: Չկարծենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը հրաժարւել են իրենց պատերազմական ոճը գործադրել Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի դէմ:

 

- Ձեր կարծիքով` տեսանելի ապագայում որո՞նք պէտք է լինեն ՀՅԴ ծրագրային եւ գաղափարական առաջնահերթութիւնները:

- Դաշնակցութիւնը` աշխարհի աւելի քան 30 երկրներում իր ներկայութեամբ, Հայ Դատի իր յանձնախմբերի եւ գրասենեակների միջոցով, իր տասնեակհազարաւոր աշխոյժ անդամներով, հաւատարիմ երիտասարդական շարքերով, ազդեցիկ համակիրներով, այն ուժն է, որի կարիքը ժողովուրդն ունի: Համահայկական բնոյթ ունեցող Դաշնակցութիւնը` իր ներքին փայլուն ռեսուրսներով եւ արտաքին լայն լծակներով ու կապերով, անպաշտօն եւ լրջագոյն դիւանագիտութիւն, ուժ է` ի նպաստ հայ ժողորդի շահերի:

Այսօր, ժողովրդի կամքի շնորհիւ, ժողովրդական շարժման հետեւանքով նոր սկիզբ է որդեգրւել: Լիովին յարգելով ժողովրդի` փոփոխութեան ուղղութեամբ յոյսերը, միասին վերանայենք Դաշնակցութեան մասին հին եւ սխալ գաղափարները: Հաւատանք նորին եւ ճշտին` մի կողմ դնելով կեղտոտ, օտար ուժերի կողմից դեռեւս հին ժամանակներից ՀՅԴ-ի դէմ տարւող քաղաքականութիւնը: Յարգենք նոր սկզբի գաղափարը` դեկտեմբերի 9-ին քւէարկելով ՀՅԴ-ի կողմից առաջադրւած թեկնածուների օգտին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։