Հա

Ազգային

14/11/2018 - 10:00

Հայ քաղաքական կեանքի մենակը կամ «մեղաւոր է դաշնակցութիւն»

Հերթական ընտրութիւններն են անկախ Հայաստանի պատմութեան մէջ եւ ինչպէս բոլոր ընտրութիւններից առաջ, սկսւել է Դաշնակցութեան դէմ հակաքարոզչութիւնը… Քաղաքական պայքարի տեսակէտից գուցէ տարօրինակ բան չկայ, ցաւալին այն է, որ Դաշնակցութեանը մերժելու մտասեւեռումը մղում է նսեմացնել մեր ազգային արժէքները, ոչ հեռաւոր անցեալի պատմութիւնն ու հերոսական էջերը՝ վերջին 100 տարւայ ազգային ձեռքբերումները, առանց որոնց, որպէս ազգային-պետական հաւաքականութիւն այսօր չէինք լինի:

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆ

 

Հերթական ընտրութիւններն են անկախ Հայաստանի պատմութեան մէջ եւ ինչպէս բոլոր ընտրութիւններից առաջ, սկսւել է Դաշնակցութեան դէմ հակաքարոզչութիւնը… Քաղաքական պայքարի տեսակէտից գուցէ տարօրինակ բան չկայ, ցաւալին այն է, որ Դաշնակցութեանը մերժելու մտասեւեռումը մղում է նսեմացնել մեր ազգային արժէքները, ոչ հեռաւոր անցեալի պատմութիւնն ու հերոսական էջերը՝ վերջին 100 տարւայ ազգային ձեռքբերումները, առանց որոնց, որպէս ազգային-պետական հաւաքականութիւն այսօր չէինք լինի: Քանի որ անհնար է զատել Դաշնակցութիւնը ազգ-հայրենիք-պետութիւն գաղափարից, սկսում են կռիւ մղել այդ գաղափարի դէմ: Ցաւալիօրէն, մեր պատմութեան ընթացքում, յաճախ են այդպէս վարւել, երբ միմեանց մերժելու, նեղ խմբային շահերն առաջ մղելու մոլուցքով տարւած՝ մերժել են մեծագոյն գաղափարները, արհամարհւել է ազգային շահը: Նաեւ սա է պատճառ դարձել, որ կորցրել ենք պետականութիւնը՝ յետոյ աղէտ աղէտի հետեւից…Դաշնակցութիւնը ծնւել է շտկելու համար հայոց ողբերգութեան հետեւանքները: Ոտնատակ տրւած գաղափարը դարձրել է դրօշ ու ծրագիր, դռնէդուռ ընկած համոզել է ոտքի կանգնել, ուղղել կորացած մէջքը, սպանել մեր մէջ նստած ստրուկին, յեղափոխւել, փրկել ազգ, հայրենիք, արժանապատւութիւն: Դաշնակցութիւնը մեր քուն մտած ազգային ոգու, արթնացումն է եղել…

Դաշնակցութեան երդւեալները այսօր էլ ջանում են, որ ազգային գաղափարը մտնի ամէն հայի հոգու մէջ, որ նա՝ լինի սփիւռքում, թէ հայրենիքում, իրեն զգայ լիարժէք հայ, տէրն իր երկրի, պատմութեան ու մշակոյթի…Եւ վերջապէս տէրը հզօր ապագայի: Դաշնակցութեան այս գործի, մօտեցման ու գաղափարի դէմ կռւելն անհնար է ու անմիտ (դա նոյնն է, թէ մերժես ազգն ու հայրենիքը, հայ ու հայութիւն՝ թէեւ մեր ճանապարհին դրա փորձն էլ եղաւ):

Հիմա ինչ, 100 տարին մէկ պարտադի՞ր է նոյն սխալը գործել… Հնարաւոր չէ՞ քաղաքական ճանապարհ հարթել առանց ազգային արժէքների ու գաղափարների հետ հակադրւելու, աղմկելու թե էլի «մեղաւոր է Դաշնակցութիւնը»: Փորձում են համոզել այն ժողովրդին, ում համար ստեղծւել ու ապրում է Դաշնակցութիւնը, նրան, ով որպէս փրկութեան փարոս ու ազատութեան ճիչ ծնել է Դաշնակցութեանը… Ու երանի թէ այդ երկունքը հայ ժողովդրի կեանքում շուտ եղած լինէր…

Պէտք է հասկանալ, որ Դաշնակցութիւնը նախ գաղափար է, յետոյ դրա վրայ յենւած կազմակերպական մարմին ու ուժ: Նա իր ծննդեան օրից փորձել է գաղափարը տեղ հասցնել, առաջնորդել դէպի ազատ ու անկախ հայրենիք, դէպի պայծառ գալիք (մի բանում անվերապահ յաղթել է. հիմա այդ գաղափարներից խօսում են բոլորը):

Իսկ այդ ճանապարհին ինչ չստացւէր, մեղաւոր էր Դաշնակցութիւնը: Մեղաւոր էր, որ յաճախ մենակ էր, ինքն էր ու իր մաշւած հագուստով հայդուկը, անվերարկու պաշտօնեան, իր չափից շատ ժողովրդավար վարչապետն ու անվերապահ հաւատը մեծ գաղափարին, որի հետ վերջում էլի մենակ էր մնալու: Մենակ, թափառական, բայց ոչ մի օր գաղափարին չդաւաճանող ու անտէր չթողնող, քանզի գիտէր, որ դա է իր առաքելութիւնը, գիտէր, որ երբ դաւել ենք մեր ազգային գաղափարաբանութեանը, ստրակացել ենք, լքել ազգ ու հայրենիք, դարձել օտարամոլ, կտակել Անին Բիւզանդիային… Մինչեւ այն ժամ, երբ նորից մէկը գոռացել է՝ Մահ կամ ազատութիւն… Եղաւ թէ՛ մահ, թէ՛ ազատութիւն, թէ 1915 եւ թէ 1918…15-թիւ եղաւ, որովհետեւ ազգովի չորդեգրեցինք զէնքի գաղափարը ու բանակ չդարձանք… 18 թիւ եղաւ, որովհետեւ էլ փախուստի տեղ չկար, «մահ կամ ազատութիւն» կարգախօսի անբեկանելիութեանը չհաւատալու իրաւունք չկար … Կային Արամ ու Դրօ, կամաւոր երդւեալների մի քաջարի բանակ… Դաշնակցութիւնն այդ ժամանակ մենակ չէր, ազգը նրա կողքին էր…. Յետոյ մեծ շահեր, փոքր ժողովուրդ, անտէր մնացած Սեւրի պայմանգիր, հային խաբող թուրք ռուս ու եւրոպացի, քարոզչութեան գերի հայ բոլշեւիկ ու եղաւ պետականութեան կորուստ… Տարագիր Դաշնակցութիւն, գերւած հայրենիք, մահ ու անազատութիւն… Կար ժողովուրդ, բայց ոչ ազգ, ու կար մի վախ, որի մտրակող կարգախօսն էր՝ «մեղաւոր է դաշնակցութիւն»…

Դաշնակցութեան «մեղքը» խորհրդային կարգերի վերացման հետ չսրբւեց… Դաշնակցութեանը մեղաւոր էր պիտակաւորւելու նաեւ նորանկախ Հայաստանում, որովհետեւ չէր կարող անձերին կուռք ընդունել՝ ստորադասելով իր գաղափարական սկզբունքայնութիւնը, չէր կարող անտեսել քաղաքական փորձն ու իմաստնութիւնը, աչք փակել ապազգային դիրքորոշումների ու գործերի վրայ: Դաշնակցութիւնը, անկախ Հայաստանի գրեթէ 30-ամեայ պատմութեան մէջ, ոչ մի օր չի դադարել լինել ազգային ու գաղափարական, պետականամէտ ու պետակաշէն կուսակցութիւն: Թէեւ որդեգրած ծրագրերի իրագործումը ամբողջովին դեռ չի յաջողել…Չի յաջողել, որովհետեւ մանր ու մեծ խաբեբաները բազում ձեւերով մոլորեցրել են ժողովրդին՝ շեղել նրա ուշադրութիւնը:

Ազգային մտածողութիւնը սպանելու համար, 70 տարի, կոմունիստ քարոզիչները զբաղւած էին Դաշնակցութեան խարազանմամբ: Դաշնակցականները ազգի «թշնամիներ էին» երբ նույն ժամանակ, «ազգի թշնամիները» հայրենիքից դուրս ազգի հայրենազուրկ բեկորները փրկում էին ուծացումից, նրա հոգում վառ էին պահում երկիր վերադառնալու հաւատն ու հայրենիք ունենալու հպարտութիւնը: Այս մեծ գործի մէջ խրւած Դաշնակցութիւնը համոզւած էր. «կաշառւում են պատմաբանները, պատմութիւնը՝ երբեք»: Կարեւորը գործն էր, ազգային ճեմարան ու մշակութային միութիւն հիմնելը, նւիրումը ազգին, եռագոյնը ծոցում տաք պահելը… Կարեւորը հային հայ պահելն էր: Առաքելութիւն, որ այսօր էլ Դաշնակցութեան համար չի աւարտւել…

Սպասւած զօրաշարժը եղաւ 1988-ին: Հայաստանում հնչեց ազատութեան շեփորն ու նորից հայոց արեւի տակ շողարձակեց եռագոյնը: Նորից մեր հայրենիք, նորից առիւծ ու արծիւ, նորից միացում ու նորից մի հարց՝ ո՞ւր է Դաշնակցութիւնը: Իսկ Դաշնակցութիւնն արդէն վերադարձել էր… Վերադարձել էր սկզբում որպէս գաղափար ու նպատակ, իսկ յետոյ որպէս կամք եւ կենդանի գործ: Մենք այդ ժամանակ դաշնակցական էինք ու դա օգնեց անկախութեան հռչակման ու յաղթանակ կերտելու գործում… Որպէս կազմակերպւած, կարգապահ ուժ եւ զինեալ պայքարի փորձառութիւն ունեցող կառոյց Դաշնակցութիւնը անգերազանցելի էր մարտի դաշտում: Պետական ու քաղաքական կեանքի կայացման, ճիշտ որոշումների ընդունման մէջ նոյնպէս մեծ էր նրա դերը, գիտելիքն ու հմտութիւնը… Կամաց-կամաց ազգային գաղափարներին ու արժէքներին իշխանութիւնները հակադրեցին նեղ անձնական ու խմբային շահերը… Դաշնակցութիւնը չէր ընդունում կենտրոնաձիգ կառավարումը, (ի սկզբանէ առաջարկում էր խորհրդարանական մոդել): Կուռքեր ստեղծելը համարում էր վտանգաւոր՝ առաջնային պէտք է լինէր գաղափարը, ազնիւ կառավարումը՝ յենւած յստակ ազգային ուղեգծի վրայ… Սկսւեց անհաշտ պայքար, պայքար գաղափարների ու արժէքների, ազգային շահի ու կուսակցականութեան միջեւ: Ընդդիմադիր Դաշնակցութեան դէմ ծաւալւեց անհաշտ պայքար, քանզի նա համարձակւել էր լինել այլընտրանք, ձեւաւորել հակադիր բեւեռ, իսկ նորընծայ կուռքերը, որ հասցրել էին զգալ իշխանութեան համը, չէին կարող չվախենալ դրանից:

Քաղաքական կեանքից դուրս մղելու համար 94-ի դեկտեմբերին, անկախ բազմակուսակցական եւ ժողովրդավարական հռչակւած Հայաստանում կասեցւեց ազգային կուսակցութեան գործունէութիւնը:

Քաղաքական դաշտն ամլանում էր, որի հետեւանքները առաւել ծանր էին լինելու: Իշխանութիւնն ամբողջովին իր ձեռքում կենտրոնացրած ուժը չկարողացաւ երկիրը տանել զարգացման ճանապարհով, փոխարենը վաստակեց անվստահութեան ու հակակրանք, ինչը ծանր դրսեւորում ստացաւ 1996 թ.-ի նախագահական ընտրութիւններից յետոյ: Երկիրը կանգնած էր քաղաքացիական առճակատման շեմին:

1996 թ. նախագահական ընտրութիւններից յետոյ տեղի ունեցած յայտնի դէպքերից յետոյ Հայաստանի քաղաքական կեանքն առողջացնել հնարաւոր չեղաւ: Քաղաքական աճպարարութիւնը դարձաւ վարքագիծ: Հետագայ համապետական ընտրութիւնների ժամանակ, փրկչի դիմակ հագած նորայայտ կուսակցութիւներն ու մի գիշերում կուսակցութիւն փոխած գործիչները, հետեւողական շարունակեցին մոլորեցնել ժողովրդին: Չզգացւեց բարեգործի դիմակ հագած իմաստուն շաղակրատողների պակաս, ծաղկեց ընտրողների ձայների առեւտուրը: Հասարակութեան մէկ հատւածը որդեգրեց կրաւորական դիրքորոշում…

Անկախ ամէն ինչից Դաշնակցութիւնը մնաց քաղաքականպէս ակտիւ, քաղաքական պայքարի մէջ բիրտ ուժին, փողին ու քաղաքական ամբոխվարութեանը հակադրեց արդար ու ծրագրային-գաղափարական ընտրապայքար: Փակուղուց դուրս գալու եւ արդիւնաւէտ կառավարում իրականացնելու ուղիներից մէկը Դաշնակցութիւնը համարում էր անցումը խորհրդարանական կառավարման: Դժւարութեամբ, բայց յաջողւեց օրւայ իշխանութիւններին մղել գնալու այդ ճանապարհով՝ սկզբունքային պայքարը պսակւեց յաջողութեամբ:

Դաշնակցութեան ցանած սերմերը երբեմն ուշ, բայց միշտ պտուղներ են տւել: Բազում գաղափարներ, սկզբունքներ, օրէնքներ ու բազմապիսի ծրագրեր, որ կեանքի են կոչւել անցնող տարիներին տւել են ու դեռ պիտի տան ցանկալի արդիւնք: Շատ յաճախ, առաջին հայացքից, դրանք տեսանելի չեն եղել կամ չեն ընկալւել խորութեամբ:

Ազգային-պետական արժէքների ու աւանդոյթների ամրապնդման գործում անգնահատելի ներդրում է ունեցել Դաշնակցութիւնը: Նա Դարձել է երկրի կայունութիւնը ապահովող ուժերից մէկը: Երբեք կշեռքի նժարին պետութեան անվտանգութեան հարցը չի դրել, երբեք չի գնացել ամբոխվարական սին խոստումներով ժողովրդին հաճոյանալու ու շահաբաժին կորզելու ճանապարհով՝ քաջ գիտակցելով, որ մի օր գալու է հաշւետւութեան ժամը:

Սթափ լինելու դէպքում կարձանագրէինք, որ Դաշնակցութեան թեկնածուները, գիտելիքով ու անցած ճանապարհով, միշտ տարբերւել են մրցակիցներից: Բայց մենք, ե՞րբ ենք այդ արժանիքները հաշւի առնելով ընտրութիւն կատարել… Չենք արել, դրա համար Դաշնակցութիւնը մենակ է մնացել, յետոյ մեր աչքին դարձել մեղաւոր… Մեզ մի օր հարց տւի՞նք՝ ինչու դաշնակցական որեւէ հրամանատար ու կռւած տղայ, յետոյ չդարձաւ օլիգարխ ու ինքնակոչ զօրավար, չյոխորտաց, թէ ես կռւել եմ, դու՝ չէ… Ինձ կարելի է ամէն ինչ, քեզ ոչինչ. ինձ պիտի ընտրես պատգամաւոր….Բայց այդ անգաղափար ջրոտբերաններն աւելի շատ քւէ են հաւաքել, քան մտաւորական որեւէ դաշնակցական: Կարեւոր չէ, թէ ինչու եւ ինչ դրդապատճառներով ենք ուրիշին ընտրել՝ կարեւորն այն է, որ նրանց, ովքեր կարող էին գալ ու մեր կեանքը փոխել, չենք օգնել ու չենք վստահել անհրաժեշտ քւէով…

Բայց երկիրը բարեփոխելու Դաշնակցութեան ձգտումը երբեք չի մարել: Նպատակին հասնելու ուղիներից մէկն էլ Դաշնակցութիւնը դիտարկել է կոալիցիոն համագործակցութեամբ, իշխանութեան որոշակի բեռ ուսերին վերցնելու միջոցը: Ի դէպ՝ ՀՀ պատմութեան մէջ առաջին կոալիցիոն համագործակցութեան սկզբունքը որդեգրողը հէնց Դաշնակցութիւնն է եղել: ՀՅԴ-ն 1918-20 թթ. լինելով իշխող կուսակցութիւն, երկու անգամ կոալիցիոն կառավարութիւն է կազմել խորհրդարանական այլ ուժերի հետ: Մեղադրել ՀՅԴ-ին իշխանութեան հետ համագործակցելու համար արդար չէ… Մանաւանդ, որ կոալիցիոն գործընկերութիւնը երբեք չի կաշկանդել նրան: ՀՅԴ-ն շարունակել է մնալ ինքնուրոյն եւ հաւատարիմ իր ազգային ուղեգծին:

Դաշնակցութիւնը հայ քաղաքական կեանքի մենակն է, որովհետեւ մտածողութեամբ մէկ քայլ առաջ է, մեծ գաղափարների տէր ու կրող է, անտրտունջ ու հաւատաւոր է, չկոտրւող է, հողի ցաւով տառապող ու կռւող է… Դաշնակցութիւնը հիմա էլ մենակ է, որովհետեւ նոյնն է ասում, ինչ 1990-ականների սկզբին. անձերին մի դարձրէք կուռք ու մի օժտէք անվերահսկելի իշխանութեամբ:

 

Յ. Գ.
Քաղաքական պայքարում Դաշնակցութեան պարտութիւնը ցանկացողները պէտք է հասկանան, որ ՀՅԴ-ն վաղուց յաղթել է եւ իր դէմ կռիւ տւողն անգամ, այդ յաղթանակի արդիւնքն է: Դաշնակցութեան երազանքը անկախ պետականութեան գոյութիւնն է եղել, Խատիսեանի բառերով ասած՝ ստեղծել «տուն, բոյն, ուր կը կռւի ժողովրդական միտքը»: ՀՀ ու ազատ Արցախի գոյութիւնն աներկբայ իրողութիւններ են՝ հայ մանուկը յաճախում է ազգային դպրոց, ծածանում է եռագոյնը ու երգում է ազգային երգեր: Անկախութեան ամրապնդումը, հզօր բանակը, ազգային երազանքներին հաւատարմութիւնը բոլորի մտածողութեան մէջ ամրագրւած է: Դա Դաշնակցութեան յաղթանակն է. նա արդէն յաղթել է… Եւ բնաւ կարեւոր չէ, թէ, օրինակ՝ ջահերով երթն առաջինն ո՞վ է կազմակերպել. կարեւորը երթի յարատեւութիւնն է…

Յարակից լուրեր

  • Ընկեր Աբոյին յիշելիս
    Ընկեր Աբոյին յիշելիս

    Արամ Թովմասնեանը «Facebook»-ի իր էջում գրութիւն է տեղադրել, յիշելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կարկառուն գործիչներից մէկին՝ Աբօ Աշճեանին:

  • Մենք ենք, մեր կուռքերը
    Մենք ենք, մեր կուռքերը

    ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններն անցան ազատ, արդար, թափանցիկ: Դրանք մեր նորագոյն պատմութեան ամենաարդար ընտրութիւններն էին, կայ համընդհանուր վստահութիւն ընտրութեան արդիւնքների նկատմամբ… Ամէն ինչ հրաշալի է, գրեթէ` թաւշեայ: Արեւմուտքը, կարծես, բաւարարւել է` մեզնից մի փոքր աւելին պահանջելով, յոյս է յայտնել, որ ապագայում աւելի լաւ ընտրութիւն կունենանք: 

  • Ընդդիմութեան դաշտին կազմաւորումը, կամ՝ ձախակողմեան այլընտրանքը Ազգային ժողովէն դուրս
    Ընդդիմութեան դաշտին կազմաւորումը, կամ՝ ձախակողմեան այլընտրանքը Ազգային ժողովէն դուրս

    Հ. Յ. Դաշնակցութեան ցանկին վրայ Ազգային Ժողովի պատգամաւորի թեկնածու Արթուր Խաչատրեան ընտրարշաւի ժամանակ առիթով մը հարցազրոյցի մը մէջ ըսած է թէ շատ դժուար էր Աջ կառավարութեան մը մէջ Ձախ ըլլալ: Խաչատուրեան այն քիչերէն է հայկական իրականութեան մէջ Ընկերվար Միջազգայնականի միակ անդամ կուսակցութեան հանրածանօթ դէմքերէն, որոնք Դաշնակցութեան գաղափարախօսական ինքնութիւնը պարզ ու մէկին բանաձեւած է որպէս «Ձախ»:

  • ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն. «Մենք անհամբերութեամբ սպասում ենք նոր կառավարութեան կառուցողական ներգրաււածութեանը»
    ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն. «Մենք անհամբերութեամբ սպասում ենք նոր կառավարութեան կառուցողական ներգրաււածութեանը»

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի խօսքով՝ իրենք դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները ողջունում են որպէս ժողովրդավարութեան յաղթանակ, որը ռազմավարական առումով կնորացնի ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնները:

  • «Փաստ». «Յուսանք, որ այս «փրկիչը» հաշւի կառնի նախորդից ստացած դասերը եւ նոյն սխալները թոյլ չի տայ»
    «Փաստ». «Յուսանք, որ այս «փրկիչը» հաշւի կառնի նախորդից ստացած դասերը եւ նոյն սխալները թոյլ չի տայ»

    «Փաստ» թերթը գրում է. «Երբ վերջին արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները համեմատում ենք նախկինում տեղի ունեցած ընտրութիւնների հետ, ապա կարող ենք արձանագրել, որ այս անգամ դրանք միանշանակ եւ՛ արդար էին, եւ՛ ազատ, եւ՛ մրցակցային, «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրոյցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանեանը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։