Հա

Ազգային

17/11/2018 - 10:50

ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, տնտեսագէտ Արմէն Գրիգորեանը, որն Արարատի մարզում վարկանիշային կարգով առաջադրւել է պատգամաւորութեան թեկնածու, «Իրատես»-ի հետ զրոյցում հաւաստիացրեց՝ դաշնակցականներն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում են իշխանութիւն ունենալու համար։ Ըստ նրա՝ նախընտրական շրջանը հեշտ չէ, քանի որ մասնակցում է 11 ուժ, բայց ընտրապայքարին պէտք է դուրս գալ առաջինը լինելու ձգտումով: 

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, տնտեսագէտ Արմէն Գրիգորեանը, որն Արարատի մարզում վարկանիշային կարգով առաջադրւել է պատգամաւորութեան թեկնածու, «Իրատես»-ի հետ զրոյցում հաւաստիացրեց՝ դաշնակցականներն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում են իշխանութիւն ունենալու համար։ Ըստ նրա՝ նախընտրական շրջանը հեշտ չէ, քանի որ մասնակցում է 11 ուժ, բայց ընտրապայքարին պէտք է դուրս գալ առաջինը լինելու ձգտումով: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Մեզ մրցակից ենք համարում հաւասարապէս բոլորին եւ փորձելու ենք այս կարճ ժամանակահատւածում հնարաւորինս ամբողջացնել մեր քարոզարշաւը։ Քաղաքացիներին յայտնելու ենք բոլոր այն մօտեցումները, որոնք այս փուլում կարեւոր ենք համարում, առաջին հերթին, երկրի զարգացման կոնցեպտուալ, երկարաժամկէտ ռազմավարական ծրագրերը»,- ասաց նա։

 

Ի տարբերութիւն Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնների՝ խորհրդարանական ընտրութիւններին պայքարը, ըստ Ձեզ, գաղափարական դաշտ կը տեղափոխւի՞:

- Աւագանու ընտրութիւնների քարոզարշաւին դաշնակցութիւնը մասնակցել է կայացած ուժին հարիր ձեւով եւ բովանդակութեամբ, բայց ցաւալիօրէն աղմուկ էր, եւ այդ աղմուկի մէջ լսելի չդարձաւ բանական խօսքը։ Հետաքրքիրն այն էր, որ յայտարարւած «սեւ» ուժերը չէին էլ մասնակցում ընտրութիւններին ու քաղաքական գործօն չէին։ Բայց եղաւ այն, ինչ եղաւ: ԱԺ ընտրութիւնները պէտք է անցկացնել գաղափարական դաշտում ու ծրագրային պայքարի ծիրի ներքոյ։ Չկայ աւելի կարեւոր քաղաքական գործընթաց, քան խորհրդարանական ընտրութիւնը պառլամենտական կառավարման համակարգ հռչակած երկրում։ Չի կարելի այս ընտրութիւնների ընթացքը ձեւախեղել, ինչն առաջին հերթին կը խանգարի ընտրութեան առջեւ կանգնած մեր քաղաքացիներին: Հանրութեանը չի կարելի զրկել իր ու երկրի հոգսերի, խնդիրների եւ առաջարկւող լուծումների մասին լսելու հնարաւորութիւնից։ Պէտք է գնալ բացառապէս ծրագրային ուղով, այստեղ Դաշնակցութեան ասելիքներն ու բերւող հիմնաւորումները ծանրակշիռ են՝ սկսած անվտանգութեան ու պաշտպանութեան, աւարտած սոցիալ-տնտեսական, զարգացման ու կայացման տեսլականներից:

 

Սեղմ ժամկէտներում ինչպէ՞ս էք հասցնելու շփւել ընտրողների հետ, ստանալ նրանց վստահութեան քւէն:

- Ժամանակն իսկապէս սահմանափակ է, ու ես այդ առումով բաւականին բարդութիւնների առաջ եմ կանգնել: Առաջադրւել եմ Արարատի մարզում, որն ունի 90-ից աւելի գիւղական եւ 4 քաղաքային համայնք, իսկ ակնկալւող արդիւնքն ապահովելու համար հարկ է այցելել բոլոր բնակավայրերն ու ժողովրդին ներկայացնել ծրագրերը, որոնք ցանկալի է դառնան հանրութեան սեփականութիւնը, ինչն էլ ծանրութեթեւ անելով՝ վստահութեան իրենց քւէն ինձ տան: Ուղղակի հրաշալի կը լինէր, եթէ քաղաքացին կիրառէր թեկնածուին քննելու գործիքը՝ յիշելով, թէ ինչ են իրեն խոստացել քարոզարշաւի ժամանակ եւ ինչ են արել ընտրութիւններից յետոյ, եւ ըստ այդմ որոշել՝ նորի՞ց ընտրել նոյն թեկնածուին, թէ՞ այս անգամ պատժել նրան։ Ես քարոզարշաւին մասնակցելու եմ աւելի հրապարակային ճանապարհով, կարճ ժամանակը կոմպենսացնող մեթոդով։ Քարոզարշաւի ընթացքում փորձելու եմ ամբողջական եւ մրցակցային լինել, առաւել ընդգրկուն ներկայացնել համապետական խնդիրների ու դրանց լուծումների մասին իմ պատկերացումները: Կիրառելու եմ շատ պարզ գործիքներ, հանրութեան հետ խօսելու եմ յստակ եւ ուղիղ, ասելու եմ` ինչն է վատ, ինչին եմ դէմ, եւ ինչպէս պէտք է շտկել:

 

Բայց ինչպէ՞ս էք համոզելու հասարակութեանը, եթէ ֆաւորիտն այժմ մէկ ուժ է:

- Եթէ դիտարկենք ծրագրերը, ապա կը տեսնենք, թէ իրականում ում ծրագիրն է ֆաւորիտային։ Դիմում եմ քաղաքական բոլոր ուժերին` բերէք ձեր պատկերացումները երկրի զարգացման մասին, թէ ինչ տեսակի երկիր էք ուզում ունենալ, մենք էլ մերը բերենք, խումբ ստեղծենք, քննարկենք, հանրութիւնն էլ որոշի ֆաւորիտին։

 

Առաջադրւելով վարկանիշային կարգով՝ կը ցանկանայի՞ք, որ այդ ընտրակարգը չգործէր:

- Ի սկզբանէ ասեմ՝ Դաշնակցութիւնը դեմ է գործող Ընտրական օրէնսգրքին, որն իր մէջ անարդարութեան տարրեր ունի: Մի ընտրատարածքում առաջադրւած ռէյտինգային թեկնածուն կարող է շատ քւէ ստանալ եւ չընտրւել, իսկ քիչ ստացողը՝ գնալ խորհրդարան։ Ընտրական օրէնսգրքի բարեփոխումների փաթեթը, որն այդպէս էլ չընդունւեց խորհրդարանի կողմից, իր թերութիւններն ունէր, եւ, օրինակ, ամբողջապէս փակ ցուցակները քաղաքացուն կարող էին զրկել իր իսկ ցանկութեամբ ու անմիջական մասնակցութեամբ խորհրդարանի ձեւաւորումից: Տապալւած օրինագիծն ունէր նաեւ լաւ կարգաւորումներ, բայց խաղի կանոններն արդէն գծւած են, եւ բոլորը ստիպւած են մասնակցել այդ կանոններով։

 

Դուք ՀՅԴ-ի համեմատաբար երիտասարդ ու «թարմ» դէմքերից էք, ի՞նչ նորարարութիւն էք բերելու ձեր թիմ ու առհասարակ քաղաքական դաշտ:

- Ներկուսակցական շրջանակների համար այնքան էլ նոր դէմք չեմ մի պարզ պատճառով՝ ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ եմ, ինչը նշանակում է կուսակցական որոշակի տարիք, քաղաքական գործառոյթների եւ մասնագիտական յանձնախմբերի աշխատանքային փորձ։ Ես մասնագիտութեամբ տնտեսագէտ եմ եւ դաշնակցական տնտեսագէտների հետ բազմաթիւ ուսումնասիրութիւններ եմ արել, օրինակ, Հիւսիս-հարաւ տարանցիկ ճանապարհի ներդրումային ծրագրի խնդիրների, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրների, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաների խնդիրների, մանրածախ առեւտրում տեղի ունեցող խնդիրների եւ բազում այլ ոլորտների մասին։ Եւ այժմ ժամանակն է, որ փորձս ու գիտելիքներս ծառայեցնեմ ի նպաստ երկրի զարգացման ու բարօրութեան:

 

Տպաւորութիւն է, թէ կուսակցութիւններն առաւել ընդդիմադիր երեւալու տիտղոսը ստանալու պայքար են տանում: Սա, ի վերջոյ, քաղաքակա՞ն պայքար է, թէ՞ ընդդիմութիւն դառնալու:

- Կայ պարզ քաղաքագիտական հասկացութիւն՝ եթէ իշխանութիւն չես, ապա ընդդիմութիւն ես: Եթէ կուսակցութիւնը չի ձգտում իշխանութեան, ապա պէտք է վերաձեւակերպւի, օրինակ, հասարակական կազմակերպութեան եւ փոխի իր կազմակերպաիրաւական ձեւը։ Ինչ խօսք, երկրին անհրաժեշտ են փոխզսպող եւ հակակշռող ուժեր ու մեխանիզմներ, որոնք կենտրոնանում են ընդդիմութեան ձեռքում, բայց Դաշնակցութիւնն առաջին ընդդիմութիւն լինելու պայքարի մասնակիցը չէ: Մենք համակարգի կայացման կողմնակից ենք, ինչի համար էլ գնում ենք յաղթելու։



ՀՅԴ-ն ներառւած էր համաձայնութեան կառավարութիւնում, ունէր որոշակի պորտֆելներ, հնարաւո՞ր է նախկինում ունեցած լծակներն ինչ-որ ձեւով ծառայեն ընտրութիւններին, ու, այսպէս ասած, «ձայն բերեն»:

- Դաշնակցութիւնը, այո, մաս էր կազմում ազգային համաձայնութեան կառավարութեան, իսկ կուսակցական իմ ընկերները, թէկուզ կարճ ժամանակում, բայց իրենց նւիրումով, պատասխանատւութեան բարձր գիտակցումով հասցրին լաւագոյնս դրսեւորւել: Մեր թէ՛ նախարարները, թէ՛ մարզպետներն առաջնորդւել են երկրի շահերով, կատարած աշխատանքով կուտակել են վարկանիշ, առաւել լայն շրջանակների մօտ ձեւաւորել են յարգանք եւ այժմ այդ ամէնը կիրառելու են քւէներ ստանալու համար։ Իսկ պաշտօններով ձայներ բերելու էջը մեր երկրում փակւած է, մանաւանդ որ ո՛չ դրա կողմնակիցն ենք, ո՛չ էլ այժմ պաշտօն ունենք։

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը
    ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը

    Յունւարի 19-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր-Խաչատրեանի գլխաւորած պատւիրակութեանը։

  • Լիացած Ռոստոմի յիշատակով
    Լիացած Ռոստոմի յիշատակով

    Երէկ՝ Յունուարի 18-ին լրացաւ ազգային պատմութեան ազատագրական պայքարի, հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան փուլի առասպելական գործիչներէն, ՀՅԴ հիմնադիր երրորդութեան կրտսերագոյն անդամի՝ Ռոստոմի (Ստեփան Զօրեան) մահուան հարիւրերորդ տարելիցը: Ան այս աշխարհէն հեռացաւ 1919-ի այդ օրը, վարակուած բծաւոր տիֆէ:

  • Պարզաբանումներ Քաջազնունու հեռագրի վերաբերեալ
    Պարզաբանումներ Քաջազնունու հեռագրի վերաբերեալ

    Վերջին տարիներին տարբեր դրդապատճառներով շատ է շահարկւում Հայաստանի առաջին Հանրապետութեան Կառավարութեան հեռագիրը ուղղւած` Օսմանեան կառավարութեան զինւած մինիստր Էնւեր փաշային: Հեռագիրը ստորագրւած է Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան նախագահ` Յովհաննէս Քաջազնունին, զինւորական մինիստր` Արամ Մանուկեանը եւ Կառավարութեան Խորհրդի նախագահ` Աբրահամ Սահակեանը:

  • Յուշագրութիւն Դաշնակցութեան որոշման եւ ԳԽ առաջին նախագահի ընտրութեան մասին
    Յուշագրութիւն Դաշնակցութեան որոշման եւ ԳԽ առաջին նախագահի ընտրութեան մասին

    Դեկտեմբերի 29-ին Վալերի Բալայեանի բնակարանում կայացել է խորհրդաժողով, որին ներկայ էին ընտրւած գրեթէ բոլոր դաշնակցական պատգամաւորները, կուսակցութեան բոլոր կառոյցների ղեկավարները եւ ներկայացուցիչներ Շահումեանի շրջանից: Ստեփանակերտի «Արամ Մանուկեան» ենթակոմիտէից ներկայ էին Աշոտ Սարգսեանը, Ֆելիքս Գաբրիէլեանը եւ Դաւիթ Իշխանեանը: 

  • Մեկնարկ` Լեռնալիբանանի Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին
    Մեկնարկ` Լեռնալիբանանի Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին

    Լիբանանի տարբեր շրջաններուն մէջ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով կազմակերպուած դասախօսական հանդիպումներուն, լիբանանցի օրէնսդիրներ եւ քաղաքական գործիչներ արծարծած էին նաեւ Օսմանեան կայսրութեան կողմէ Լեռնալիբանանի դէմ կիրարկուած սովամահութեամբ զանգուածային սպանութիւններ կազմակերպելու պետական քաղաքականութեան հետեւանքները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։