Հա

Ազգային

19/11/2018 - 14:40

Թաքցնում են հանրութիւնից, որ նրանց տնօրինւող եկամուտներն աւելանալու են, սակայն բարձրանալու են նաեւ ապրանքների գները

«Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրին են հիւրընկալւել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արմէն Գրիգորեանն ու ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու Սուրէն Պարսեանը:

«alikonline.ir» - «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրին են հիւրընկալւել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արմէն Գրիգորեանն ու ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու Սուրէն Պարսեանը:

«2017 թւականի մայիսին հիմնադրւած այս գրասենեակի նպատակն է մշակել ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութիւնը եւ դրա նկատմամբ որոշակի մոնիթորինգ ներկայացնել: Այլ կերպ ասած` գրասենեակի նպատակն է մշակել ՀՅԴ-ի ինքնուրոյն սոցիալ-տնտեսական տեսլականը, մօտեցումները, ինչը հնարաւորութիւն կը տար մեր հանրութեանը տարբերակելու ՀՅԴ-ին այլ քաղաքական ուժերից»,- պատասխանելով «Ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակը» հարցին` ասել է Պարսեանը:

Նա նշել է, որ այս ընթացքում գրասենեակը մի շարք վերլուծութիւններ է իրականացրել սոցիալ-տնտեսական տարբեր թեմաներով, եւ, ինչպէս նախորդ կառավարութեան ժամանակ, այնպէս էլ այս կառավարութեան ժամանակ  իրենք ներկայացրել են այլընտրանքային մօտեցումներ, տարբերակներ, վերլուծութիւններ, ինչը հնարաւորութիւն կը տայ մեր երկրի զարգացումը տանելու այլընտրանքային, այլ ոչ թէ տարիներ շարունակ կիրառւող նեոլիբերալ ճանապարհով:

Անդրադառնալով այս տարի սոյն գրասենեակի հրապարակած` սոցիալ-տնտեսական հիմնադրոյթների նախագծին` ԳՄ անդամ Արմէն Գրիգորեանն իր հերթին նշել է, որ այդ փաստաթուղթը ներառել է սոցիալիստական գաղափարախօսութիւնը` տեղայնացւած Հայաստանի սոցիալ-տնտեսական ուղղութիւնների համար:

«Այնտեղ մեր պատկերացումներն են նախանշւած, թէ ի՞նչ երկիր ենք ուզում տեսնել: Բազմիցս են հետաքրքրւել` ի՞նչ են իրենցից ներկայացնում ՀՅԴ սոցիալ-տնտեսական հիմնադրոյթները: Սա մի փաստաթուղթ է, որի շուրջ, մեր պատկերացմամբ, պէտք է կառուցւի երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականութիւնը: Ցաւոք, մեր ժողովուրդն այդպիսի ծրագիր տեսել է տարբեր ժամանակներում նախընտրական պլատֆորմների տեսքով, իսկ մենք այլ նշաձող ենք բերել, որ այսուհետ քաղաքական ուժերը ստեղծեն իրենց այն փաստաթուղթը, որով մեր հանրութեանը ցոյց կը տանք, թէ ի՞նչ տեսակի երկիր ենք ուզում կառուցել»,- նշել է Գրիգորեանը:

Նրա խօսքով` այս փաստաթղթի կենտրոնում մարդն է, նրա սոցիալական վիճակը, այդ վիճակի բարելաւման ուղիները, նրա կրթութեան եւ առողջապահական ու բազմատեսակ այլ սկզբունքներ: «Մենք` որպէս սոցիալիստական կուսակցութիւն, պարտավոր էինք սա տալ հանրութեանը, քանի որ մեր շրջանակներում գիտենք` ի՞նչ տեսակի երկիր ենք ուզում կառուցել, ուղղակի հանրութեանն էլ պէտք է ներկայացնել, որպէսզի նա եւս հասկանայ Դաշնակցութեան մօտեցումները սոցիալ-տնտեսական հարցերում»,- ընդգծել է Գրիգորեանը:

Անդրադառնալով տնտեսական աճին` Պարսեանը նշել է, որ ՀՅԴ-ն ոչ միայն կարեւորում է եկամուտների ստեղծումը, այլեւ դրանց վերաբաշխումը: «Երբ ասում ենք` մեր երկրում 7.5 տոկոս տնտեսական աճ է տեղի ունեցել, բայց չենք խօսում այդ աճի բաշխման կամ վերաբաշխման մասին, ըստ էութեան, ոչնչի մասին չենք խօսում: Անցած տարի էլ մեր երկրում գրանցւեց 7.5 տոկոս տնտեսական աճ, բայց ովքե՞ր օգտւեցին դրանից, հիմնականում` խոշոր գործատէրերը: Այս տարի էլ 6.5 տոկոս տնտեսական աճ ունենք` 9 ամիսների կտրւածքով: Դարձեալ հիմնականում օգտւել են խոշորները, մոնոպոլիստները, մենաշնորհները: Այդ աճը չի բաշխւել հասարակութեան լայն շերտերի միջեւ»,- նշել է նա:

Պարսեանի խօսքով` հէնց այստեղ է ՀՅԴ-ի տարբերութիւնը քաղաքական միւս ուժերից, քանի որ նրանք կարեւորում են տնտեսական աճը, իսկ ՀՅԴ-ն` այդ աճի բաշխւածութիւնը:  

Դիտարկմանը, թէ Հայաստանի Առաջին Հանրապետութեան ժամանակ «շատից` շատ, քչից`քիչ» հարկային քաղաքականութիւնն էր, Պարսեանը նշել է, որ այս համահարթեցւած մօտեցումը նոր չէ: «Այս մօտեցումը մշակւել է  մէկ տարի առաջ` Կենտրոնական բանկի մասնագէտների կողմից: Ի դէպ, նշեմ, որ ԿԲ-ն որեւէ լիազօրութիւն չունի եկամտային քաղաքականութիւն մշակելու, ինչպէս նաեւ կուտակային կենաթոշակային, որը նախկինում արեց եւ ներդրեց: Նրանց հիմնական նպատակը տնտեսութեան մէջ խնայողութիւններ ստեղծելն է: Այսինքն` ԿԲ-ն եւ դրա մասնագէտները այլ բանի մասին չեն մտածում, եւ նախորդ կառավարութիւնը մերժեց այդ համահարթեցւած մօտեցումը: Սակայն ԿԲ-ն կարողացաւ համոզել այս կառավարութեանը եւ առաջ տանել այս  նեոլիբերալ, ծայրայեղ մօտեցումը, որը տանելու է սոցիալական խնդիրների սրման: Ըստ էութեան` ստացւում է, որ 90 տոկոս ցածր եկամուտ ստացողները պէտք է պահեն 10 տոկոս բարձր եկամուտ ստացողներին»,- նշել է Պարսեանը:

Նրա խօսքով` հարկային այս բարեփոխումների մաս է կազմում նաև անուղղակի հարկերի բարձրացումը, որի մասին չեն խօսում: «Ցանկանում են եկամտից հարկումը տեղափոխել սպառում, այսինքն` մարդկանց մօտ ստեղծեն այն մտածողութիւնը, որ նրանց տնօրինւող եկամուտները բարձրացել են, բայց ապրանքների գները կաւելանան: Օրինակ` յունւարի 1-ից ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկերն աւելանալու են: Ըստ էութեան` քո եկամտային հարկը նվազեցնում են, բայց անուղղակի հարկերը` բարձրացնում. երբ գնաս ապրանք գնելու, գնելու ես նոյն չափով: Այնպէս չէ, որ կարողանալու ես աւելի շատ ապրանք գնել: Հէնց այստեղ է հիմնական գաղտնիքը: Նման ծայրահեղ մօտեցում երբեք չի եղել: Այս մասը թաքցնում են հանրութիւնից, որ, սիրելի' հայրենակիցներ, ձեր տնօրինւող եկամուտներն աւելանալու են, սակայն ապրանքների գները բարձրանալու են, քանի որ անուղղակի հարկերը բարձրանալու են, և արդիւնքում` դուք գնելու էք նոյն քանակութեամբ ապրանքներ: Սա է հիմնական գաղտնիքը կամ, այսպէս ասած, խորամանկութիւնը»,- նշել է Պարսեանը` շեշտելով, որ խօսքը միայն ալկոհոլային խմիչքների մասին չէ, կան նաև այլ ապրանքատեսակներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։