Հա

Ազգային

21/11/2018 - 10:20

Ռուս-ադրբեջանական հողային «բազարների» մասին

Բաքուն այլեւս ոչնչի առջեւ կանգ չի առնում` ՀԱՊԿ-ում Հայաստանի գործերը փչացնելու հարցում:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

 

Բաքուն այլեւս ոչնչի առջեւ կանգ չի առնում` ՀԱՊԿ-ում Հայաստանի գործերը փչացնելու հարցում:

Ադրբեջանական «OXU․az» կայքին ռուսական «Նացիոլանա Օբոռոնա» հանդէսի գլխաւոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի տւած հարցազրոյցն, ըստ էութեան, ակնարկ է այն մասին, որ պաշտօնական Բաքուն հոգու խորքում համաձայն է ՀԱՊԿ խաղաղարար ուժեր տեղակայել Արցախի ազատագրւած տարածքներում, միայն թէ այդ տարածքներից հանւեն հայկական զինւած ուժերը:

«Պէտք է յիշել, որ ՀԱՊԿ-ը յետսովետական տարածքում անվտանգութեան ցանկացած հարց լուծելու ի զօրու կառոյց է եւ երբ վերջանայ նոր գլխաւոր քարտուղարի նշանակման հարցը, ՀԱՊԿ-ը կարող է հանդէս գալ խաղաղարարական նախաձեռնութեամբ նաեւ՝ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցով»,- ասել է Իգոր Կորոտչենկոն եւ յաւելել, որ դա կը լինի ղարաբաղեան հարցի կարգաւորման փուլային տարբերակի իրականացման լաւագոյն ձեւը:

Մեզ անշուշտ զարմացրեց ռուս փորձագետի` ՀԱՊԿ-ի «զօրաւոր» լինելու մասին այս «լաւատեսութիւնը»:

Ճիշտն ասած` մինչ օրս բոլորին յայտնի էր, որ ՀԱՊԿ-ը կարող է միջամտել կազմակերպութեան անդամ երկրներից մէկի անվտանգութեանն սպառնացող վտանգի դէպքում միայն: Բայց, ահա, պարզւում է, որ ՀԱՊԿ-ն ի զօրու է հարցեր լուծել նաեւ ոչ անդամ Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ուկրայինայի, Վրաստանի, մերձբալթեան երկրների համար: Պարոն փորձագէտին, ի դէպ, կուզենայի հարցնել` ինչո՞ւ ՀԱՊԿ-ը խաղաղապահներ չի տեղակայում ռուս-ուկրայինական շփման գծում` Ղրիմից մինչեւ Դոնբաս: Ու մինչեւ Կորոտչենկոն կը մտածի այդ հարցի վրայ, տեղեկացնենք, որ ՀԱՊԿ-ին, հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղարար առաքելութիւն իրականացնելու համար, ամենաքիչը ՄԱԿ-ի համաձայնութիւնն է պէտք, քանզի Հայաստանն ու Ադրբեջանը ոչ աւել, ոչ պակաս, ՄԱԿ-ի անդամ են: Այլ հարց է, որ Ադրբեջանն անգամ ԴԱԷՇ-ի գրոհայինների է համաձայն տեղաւորել շփման գծում, միայն թէ շրջանները վերադարձւեն, բայց ո՞վ թոյլ կը տայ: Նոյն Ռուսաստանը թոյլ կը տայ, որ ՆԱՏՕ-ի խաղաղապահները տեղակայւեն հայ-ադրբեջանական շփման գծում, միայն թէ փուլային «կարգաւորումն» իրականութիւն դառնայ:

Փաստօրէն մենք գործ ունենք Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հերթական սադրանքի հետ: Եթէ սա սադրանք չէ, ապա ինչո՞ւ հանկարծ « Նացիոլանա Օբոռոնա » հանդէսի գլխաւոր խմբագիրը մոռացաւ, որ նման առաքելութիւն ստանձնելու համար ՀԱՊԿ-ին առնւազն կողմերի համաձայնութիւնն է պէտք, եթէ չասենք` խնդրանքը: Արդեօք, Ադրբեջանը պաշտօնապէս դիմե՞լ է ՀԱՊԿ-ին, թէ՞ առայժմ նման էժանագին հարցազրոյցներով ազդակներ է ուղարկում Մոսկւային` խնդիրը նախապէս համաձայնեցնելով Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հետ:

ՀԱՊԿ-ի զօրութիւնն էլ, ի դէպ, Ադրբեջանին եւ Հայաստանին վաղուց է յայտնի: Այն «խաղաղասիրական» յայտարարութիւններից այն կողմ երբեք չի անցել, երբ Ադրբեջանը գնդակոծել է ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքը: Հոխորտացել են` ՀԱՊԿ-ը ստիպւած կը լինի միջամտել, եւ միայն այսքանը: Այսինքն, ՀԱՊԿ-ը նոյնիսկ սեփական դերը չի խաղում, էլ ո՞ւր մնաց խաղաղապահութիւն իրականացնի յետխորհրդային ողջ տարածքում:

Մեղա տէր, յետոյ էլ ասում են` փողը մութ տեղը լոյս չի տալիս: Հիմա տեսնում ենք, թէ Ալիեւի փողերն ինչպէս են լուսաւորել ռուսական պաշտօնական լրատւամիջոցի գլխաւոր խմբագրի ուղեղը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։