Հա

Ազգային

21/11/2018 - 12:49

ՀՅԴ-ի դերը մեծ է ժողովրդական շարժման անարիւն յաջողման գործում. Հրանտ Մարգարեանը պատմել է բանտում Փաշինեանի հետ հանդիպման մասին

Ժամանակի հետ փոփոխութիւն ապրել ենք, բայց դա մեր էութեան հետ չի առնչւել. «Երկիր Մեդիա» հեուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:

«alikonline.ir» - Ժամանակի հետ փոփոխութիւն ապրել ենք, բայց դա մեր էութեան հետ չի առնչւել. «Երկիր Մեդիա» հեուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Նա նշել է, որ Դաշնակցութիւնը ստեղծւել է, որպէսզի հայ ժողովուրդը կարողանայ անվտանգ ապրել ու զարգանալ: «Այդ առումով մեր սկզբունքը չի փոխւել, մեր էութիւնը չի փոխւել բայց, բնականաբար, ժամանակներն են փոխւել, մեր գործելաոճն ու մեթոդիկան են փոխւել: Մենք դեռ զինւորագրւած ենք հէնց այդ դատին»,- նշել է Մարգարեանը:

Անդրադառնալով տարւայ սկզբին քաղաքական բուռն իրադարձութիւններին եւ այդ հարցում Դաշնակցութեան դիրքորոշմանն ու դերակատարութեանը` Բիւրոյի ներկայացուցիչը պատմել է, որ ժողովրդական շարժման դեռ նախօրէին` սկզբնական հանգրւանում, երբ դեռ երկու տասնեակ ժողովուրդ էր հաւաքւել, ինքը հեռուստաելոյթի ընթացքում (Առաջին լրատւական) ողջունել է շարժումը: «Ես ասել եմ, որ ողջունելի է դա, եւ մենք ուզում ենք, որ այս շարժումը յաջողի, արդիւնաւորւի, չլինի այնպէս, որ այս շարժումը չյաջողի: Ես ուրախ եմ, որ յաջողել է»,- ասել է Մարգարեանը` ընդգծելով, որ ՀՅԴ-ի համար սրբութեան նման է եղել, որ ժողովուրդը ոտքի է կանգնել` իր իրաւունքներին տէր կանգնելու, այն, ինչ վատն է, տգեղ է, վնասակար է, մերժելու եւ դրանով առաջ գնալու:

Մարգարեանը նաեւ նշել է, որ թէեւ աջակցել են շարժմանը, այնուամենայնիւ, ունեցել են լուրջ մտահոգութիւններ: «Ի սկզբանէ մենք ունեցել ենք մտահոգութիւն. որքան ժողովրդային շարժումը հրաշք էր,  լաւն էր, իսկապէս ոգեւորող էր, երիտասարդութեան ներկայութիւնը բացառիկ էր, նոյնքան եւ մտահոգութիւնն էր մեծ: Մենք նկատում էինք, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, որովհետեւ աղքատութիւն կայ երկրում, կոռուպցիա կայ երկրում, խտրական քաղաքականութիւն կայ երկրում, անարդարութիւն կայ երկրում, բայց մի շարք անձինք փորձում էին այդ շարժումը շեղել կամ ուղղորդել դէպի այլ տեղ:  Այն, ինչ կոչւում է «գունաւոր յեղափոխութիւն», որն այսօր ծանօթ հասկացութիւն է եւ տարբեր երկրներում իրականացւել է, մենք այդ հարցով էինք մտահոգ, որովհետեւ «գունաւոր յեղափոխութեան» միակ գլխաւոր նպատակը տւեալ երկիրը ռուսական ազդեցութեան դաշտից դուրս բերելը եւ Արեւմուտքի ազդեցութեան դաշտ մտցնելն է: Բայց մեր ժողովուրդը դրա համար ոտքի չէր կանգնել, ժողովուրդը դրա համար փողոց դուրս չէր եկել, անարդարութիւնն էր նրան դուրս բերողը, խտրական քաղաքականութիւնը, աղքատութիւնը, բայց ժողովուրդը երբեք մտահոգ չի եղել, որ ռուսական բազաներ կան երկրում, ժողովուրդը երբեք չի ուզել, որ ազգայինը մերժւի մեր երկրում: Մենք շատ լաւ ենք հասկացել, որ երբ այդ շարժումը մտնի, այսպէս ասած, «գունաւոր յեղափոխութեան» հանգրւան, առճակատումն անխուսափելի կը լինի»,- ասել է Մարգարեանը:

Ըստ նրա` առճակատումից խուսափելու համար ՀՅԴ-ն ջանք չի խնայել: «Ճիշտ այդ պատճառով մենք մեծ ճիգ ենք թափել: Մեր դիրքը տալիս էր այդ հնարաւորութիւնը, որ մի կողմից կապի մէջ լինենք Նիկոլ Փաշինեանի հետ` որպէս շարժման ղեկավարի, միւս կողմից` Սերժ Սարգսեանի հետ` իբրեւ փաստացի վարչապետի: Մենք փորձել ենք այդ առճակատման պահը թոյլ չտալ, այսինքն` թոյլ չտալ, որ մեր երկրում երկրորդ Մարտի 1 տեղի ունենայ, արիւնայեղութիւն, բախում տեղի ունենայ, եւ, վերջապես, ամենակարևորը` մենք չպարտավորվենք այլ, օտար ծրագրի համար ազգային գին վճարել: Շատ պարզ է` Ուկրայինան գնաց այդ ուղղութեամբ, Ղրիմով վճարեց այդ գինը, Վրաստանը գնաց այդ ուղղութեամբ, Աբխազիայով վճարեց այդ գինը: Մենք չէինք ուզում, որ մենք գին վճարենք: Դրա համար էր, որ մենք ամէն ճիգ թափեցինք, որ այդ շարժումը արդիւնաւորւի առանց, այսպէս ասած, Հայաստանի` աշխարհաքաղաքական փոփոխութիւն ապրելու»,- նշել է Բիւրոյի ներկայացուցիչը:

Նա պատմել է, որ հէնց այդ ժամանակ էր, որ ՀՅԴ-ն ձեւաւորեց «քաղաքական հարթակ» հասկացութիւնը` համոզելով բոլորին, թէ՛ Նիկոլին, թէ՛ Սերժ Սարգսեանին, որ պահն այնպիսին է,  որ չպէտք է ուժերի բախումով հարց լուծել, պէտք է քաղաքական ուժերի համախմբումով կարողանալ գտնել այնպիսի լուծում, որը երկրի համար լաւագոյնն է:

«Մենք նոյնիսկ դիմեցինք երկրի նախագահին: Նա հրապարակ եկաւ նախաձեռնութեամբ, որ նման հարթակ ստեղծւի: Բայց, ինչպէս յատուկ է Հայաստանին, շաբաթը ուրբաթից շուտ էր գալիս, եւ ապրիլ 22-ին տեղի ունեցաւ Նիկոլ Փաշինեանի, Արարատ Զուրաբեանի եւ Սասուն Միքայէլեանի յայտնի ձերբակալութիւնը: Երկուշաբթի` երեկոյեան ժամը 22:00-ին, պարզւեց, որ յաջորդ օրը` ապրիլի 23-ին, պէտք է տեղի ունենայ Ազգային ժողովի նիստ, պէտք է նրանց  զրկւեն անձեռնմխելիութիւնից ու նրանց ձերբակալութիւնը դառնայ մնայուն ձերբակալութիւն: Ապրիլի 23-ի առաւօտեան ժամը 9:00-ին մտել եմ վարչապետ Սերժ Սարգսեանի մօտ եւ յստակ ասել, որ եթէ նման նախաձեռնութեամբ խորհրդարան մտնեն, Դաշնակցութիւնը դէմ է քւէարկելու, չի համաձայնելու այս մօտեցումին: Նա ինձ հարցրել է` ինչո՞ւ, եւ ես բացատրել եմ, որ սա սրման է տանելու, սա քայլ է, որ մենք գնում ենք դէպի բախում, բախումն արիւնայեղութեամբ է տեղի ունենալու, եւ մենք դէմ ենք դրան: Նա ինձ հարցրել է` իսկ ի՞նչ պէտք է անենք այս վիճակում: Ասել եմ` նախ` հետաձգիր ԱԺ նիստը, երկրորդ` թոյլ տուր հանդիպեմ Նիկոլ Փաշինեանի հետ: Նա դժւարութեամբ, բայց վերջում համաձայնել է. ԱԺ նիստը հետաձգւեց, փոխադրւեց այդ օրը` երեկոյեան, եւ ես հանդիպեցի Նիկոլ Փաշինեանի հետ»,- պատմել է Մարգարեանը:

Ներկայացնելով Փաշինեանի հետ բանտում ունեցած իր հանդիպումը` ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը նշել է, որ նոյնատիպ զրոյց ունեցել է նրա հետ: «Ես Նիկոլ Փաշինեանին ասացի, որ մենք չպէտք է գին վճարենք, պէտք է խուսափենք այս հարցով ազգային գին վճարելուց: Նա փորձեց հասկանալ` ինչի մասին է խօսքը, եւ ես բերեցի նոյն Ուկրայինայի, Վրաստանի օրինակը: Ասացի, որ մենք այլ ճանապարհով պէտք է գնանք, որովհետեւ հանգուցալուծումը յստակ է, բայց գին չպէտք է վճարենք: Վերջին հաշւով` 28 տարւայ անկախութեան այս շրջանում, հազար ու մի զրկանքներով, դժւարութիւններով, ճնշումներով հանդերձ, ազգային մակարդակների վրայ ունեցել ենք նաեւ ձեռքբերումներ եւ դրանք չպէտք է վտանգէինք ինչ-ինչ պատճառներով»,- շեշտել է Մարգարեանը:

Նրա խօսքով` Փաշինեանի` բանտից դուրս գալուց յետոյ արդէն «իրավիճակ էր փոխւել», եւ Սերժ Սարգսեանը որոշել էր մի կողմ քաշւել ու առիթ տալ Կարէն Կարապետեանին:

«Համենայն դէպս` ուրախ եմ, որ Հայաստանում արիւն չթափւեց, բախում տեղի չունեցաւ, մենք գին չվճարեցին, բայց գին չվճարելու մեր ճիգն ու ջանքը դեռ շարունակւում է: Յուսամ` բոլորս, անկախ կուսակցական պատկանելութիւնից, կունենանք այն գիտակցութիւնը, որ մեր երկիրը ղեկավարենք այնպէս, մեր գործերը դասաւորենք այնպէս, որ չպարտաւորւենք գին վճարել: Այդ գինը վճարելու իրաւունքը մենք չունենք»,- ասել է Մարգարեանը:

Դիտարկմանը, որ կալանավայրում այդ հանդիպման մասին յայտնի է հասարակութեանը, բայց Մարգարեանն առաջին անգամ է բացում փակագծերը, նա արձագանգել է, որ այդ ընթացքում հարիւրաւոր հանդիպումներ է ունեցել, այդ թւում` Նիկոլ Փաշինեանի հետ, սակայն հանդիպումների մանրամասները չի բացայայտել, քանի որ համարել է էթիկայի նորմերից դուրս:

«Քաղաքական մարդիկ կարող ենք հանդիպել, զրուցել, կարող է շատ կարեւոր հանդիպումներ լինեն պատմութեան համար, բայց օրւայ պահով այն կարող է այլ մեկնաբանութիւններ ունենալ, որ էժանացնում է ամէն ինչ: Ես մինչեւ հիմա չեմ գնացել այդ ճանապարհով, չեմ խօսել, բայց նաեւ նկատել եմ, որ չարաշահւում է: Ես հրապարակում չեմ եղել, միւսը եղել է, մէկը ջուր է բաժանել, մէկը չգիտեմ, թէ ինչ է արել, մենք ո՞ւր էին այդ ժամանակ: Այնպէս չէ, որ մենք տանն էինք կամ պասիւ դերակատարութիւն ենք ունեցել: Հակառակը` շատ ակտիւ դերակատարութիւն ենք ունեցել: Ես կարծում եմ, որ մայիսի 7-ը հասունացնելու առումով մեր դերակատարութիւնը շատ կարեւոր է եղել: Մայիսի 7-ը անարիւն յաջողեցնելու առումով մեր դերակատարութիւնը բաւական կարեւոր է եղել»,- ընդգծել է Հրանտ Մարգարեանը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։