Հա

Ազգային

03/12/2018 - 14:30

Ամբոխավարութիւն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով

Ես չեմ էլ կասկածում, որ ոչ հեռու ապագայում Նիկոլ Փաշինեանից մէջբերումներ կանեն ոչ միայն որպէս քաղաքական գործչի, ՀՀ վարչապետի, այլեւ մի մարդու, որը մեծ աւանդ ունի Հայաստանում ամբոխավարութիւնը բոլորովին նոր «մակարդակի» բարձրացնելու գործում:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Ես չեմ էլ կասկածում, որ ոչ հեռու ապագայում Նիկոլ Փաշինեանից մէջբերումներ կանեն ոչ միայն որպէս քաղաքական գործչի, ՀՀ վարչապետի, այլեւ մի մարդու, որը մեծ աւանդ ունի Հայաստանում ամբոխավարութիւնը բոլորովին նոր «մակարդակի» բարձրացնելու գործում:

Եւ այսպէս՝ դեկտեմբերի 1-ին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հերթական հաւաքի ժամանակ նա ինչպէս միշտ բարձարացաւ բեմահարթակ ու, չխախտելով նախընտրական ողջ ընթացքի /ես կասէի վերջին 6-7 ամիսների/ աւանդոյթը, իր ելոթը համեմեց մրցակից ուժերին ուղղւած մեղադրանքներով: Միայն թէ այս անգամ նա իսկապէս գերազանցեց ինքն իրեն՝ ընդդիմախօսներին, ոչ աւելի, ոչ պակաս, մեղադրելով «պետական դաւաճանութեան» մէջ: «Եթէ որեւէ մէկը ժողովրդական յեղափոխութիւնը, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրւած կառավարութեանը կը փորձի կասկածել որեւէ հակազգային կամ հակապետական դաւադրութեան մէջ, մենք իրաւունք կը վերապահենք այդ մարդկանց կասկածելու առնւազն օտարերկրեայ ազդեցութեան գործակալներ լինելու մէջ»,- ասաց նա, որից յետոյ էլ ԱԱԾ-ին եւ ԶՈՒ հակահետախուզութեանը յորդորեց զբաղւել այդ մարդկանց հարցով:

Լաւ, հասկացանք, նախընտրական շրջան է, եւ քաղաքական գործիչները փորձում են ամբոխին հրամցնել այն ապրանքը, ինչ ցանկալի է նրանց, իսկ մեր օրերում ամենափնտրւած ապրանքը դէպի բացարձակ յաղթանակ տանող, ատելութեան ամենագռեհիկ շպարմամբ էժանագին ամբոխավարութիւնն է, որն ամբոխի կողմից ընկալւում է դիւրութեամբ: Հասկացանք, որ աւելի շատ ձայն կը հաւաքի նա, ով կը կարողանայ աւելի ուժեղ ու գռեհիկ հայհոյել մրցակցին եւ աւելի անպատասխանատու խօսել ժողովրդի անունից: Հասկացանք, որ դրա համար կարելի է խաղադրոյք կատարել հասարակութեան որոշակի խաւի մթագնած, խիստ սահմանափակ գիտակցութեան, գլխի դատարկ պարունակութեան եւ ուղեղի ծալքերի սակաւութեան վրայ, իսկ յետո՞յ...

Գալու է վաղւայ օրը, եւ Դո՛ւք, պարո՛ն Փաշինեան, ստիպւած էք լինելու հնձել ձեր իսկ ցանած մղձաւանջի՝ սեւի, խաւարի, ատելութեան, սադրանքի ու դաւադրութեան մթնոլորտի եւ բարոյազրկութեան քամու՝ փոթորկի հունձքը: Ու դա շատ թանկ է արժենալու ձեզ համար, քանի որ նոյն այդ դատարկ գլուխներն ու սակաւ ծալքերով ուղեղները զոհ են պահանջելու ձեզնից՝ ատելութեան իրենց անյագ քաղցը յագեցնելու համար: Եւ հէնց այդ ժամանակ էլ ստիպւած էք լինելու ձեր իսկ «նեղ խմբային եւ անձնային շահերի» սպասարկմանը կոչւած էժանագին ու անմակարդակ այս մարտավարութեան արդիւնքում արձանագրել սեփական քաղաքական մահը: Այդպէս է եղել էժանագին ամբոխավարութիւնը որպէս գործելաոճ իւրացրած` անխտիր բոլոր քաղաքական գործիչների անխուսափելի ճակատագիրը: Պատմութիւնը դա է փաստում:

Յ.Գ. Պէտք չէր, պարո՛ն Փաշինեան, խուսափել ուղղակի խօսքից: Բոլորը հասկացան, որ Ձեր մեղադրանքներն ուղղւած էին Հայ Յեղափոխական Դաշնակցութեանն ու նրա Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանին: Ի՞նչ էք կարծում, ստացւե՞ց, արդեօք, այն, ինչ ցանկանում էիք: Պատասխանը մէկն է ու միանշանակ` ո՛չ:

Առաջինը՝ հասարակութեան գիտակից խաւը լաւ գիտի Դաշնակցութեանն ու դաշնակցականներին: Լաւ գիտի, որ նրանց համար կայ մի կարմիր գիծ, որն անհնար է խախտել, իսկ դա Հայրենիքն ու նրա անվտանգութիւնն է:

Երկրորդը՝ նման յոխորտանքները միգուցէ ինչ-որ տպաւորութիւն թողնեն ձեր անմիջական շրջապատի կամ այլոց վրայ, բայց ոչ հաստատապէս՝ Դաշնակցութեան եւ դաշնակցականների վրայ: Յիշում էք, չէ՞, ՀՀՇ-ի` նման անյաջող փորձը դեռեւս 90-ականներին: Իսկ ի՞նչ եղաւ արդիւնքը: Կարծում եմ գիտէք: Այնպէս որ` մի՛ փորձէք, չի ստացւելու:

«alikonline»-ի պատասխանատու-խմբագիր

յատուկ «yerkir.am»-ի համար

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։