Հա

Ազգային

10/12/2018 - 15:00

«Մենք շնորհակալ ենք ՀՅԴ-ին կողմ քւէարկած քաղաքացիներին». Հ.Յ.Դաշնակցութեան յայտարարութիւնը

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ներկայացւած չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում:

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ներկայացւած չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում:

Սա պարտութիւն է, սակայն ոչ մեր ընտրողների:

Եւ այս պարտութեան մէջ մենք տեսնում ենք հետեւեալը.

Ա. ընտրողն այսօր իր ձայնը տւեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին,

Բ. ընտրութեան մասնակիցների մի ստւար զանգւածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրայ ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին եւ ներքին վտանգներին հանդիման,

Գ. Դաշնակցութեան մօտեցումներն այսօր ընկալւում են փոքրամասնութեան կողմից,

Դ. պատշաճօրէն չի կարեւորւում Արցախեան գործօնը քաղաքական օրակարգում,

Ե. Ձեւաւորւում է Ազգային ժողով առանց յստակ գաղափարական եւ ազգային դիմագծի:

Այս կարճատեւ քարոզարշաւը նաեւ կարեւորւեց նրանով, որ մենք՝

Ա. Ստացանք իրատեսական պատկերացում համակիրների այն բանակի մասին, որը կը մասնակցի մեր պայքարին: Այդ բանակը փոքրաթիւ է, բայց փոխարէնը իրական, նրա որոշումը յստակ է, ոչ մոդայիկ եւ թելադրւած է միայն ու միայն ներքին համոզմամբ ու յստակ գիտակցութեամբ: Ոչ մի անգիտակից քւէ, ոչ մի պատահական մարդ:

Բ. Կարողացանք բանավիճել, բարձրաձայնել մեր մտահոգութիւնները, հակադարձել վտանգաւոր միտումներին, բերել մեր փաստարկները: Այս պահին մեր խօսքը լայն ընկալում չունեցաւ ու թերագնահատւեց, սակայն մեզ յաջողւեց ցոյց տալ իրավիճակն անտեսւած կողմից, մտածելու ու վերլուծելու առիթ ստեղծել ու արթնացնել զգօնութիւնը: Ժամանակի ընթացքում անկողմնակալ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու Արցախի հիմնախնդրի նշանակութիւնը ճիշտ պատկերացնող մեր քաղաքացիները կը համադրեն ամէն օր ստացւող նորութիւնները մեր հնչեցրած մտահոգութիւնների հետ եւ կը գիտակցեն, թէ ինչի մասին էինք խօսում, ահազանգում:

Մենք շնորհակալ ենք ՀՅԴ-ին կողմ քւէարկած քաղաքացիներին,

Մենք շնորհակալ ենք մեր երիտասարդներին՝

- անմնացորդ նւիրումի ու կրակոտ էներգիայի համար,

- մեր ընդհանուր գործի մէջ հոգի դնելու համար,

- հայութեան ամենաազգային եւ ամենապատասխանատու կազմակերպութեան հետ իրենց կեանքը կապելու համար,

Շնորհակալ ենք մեր շարքերին՝

l ամենօրեայ հետեւողական աշխատանքի,

l տարիներով ապացուցւած հաւատարմութեան,

l խստապահանջութեան, դիտողութիւնների, բայց եւ կարգապահութեան համար:

Փակւում է պատմութեան այս փուլը ու գալիս է նորը: Մենք մուտք ենք գործում այդ նոր պատմութեան մէջ համազգային կուռ կառոյցով, ապագայի մեր երազանքով ու պայքարելու վճռականութեամբ:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

10 դեկտեմբեր 2018 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։