Հա

Ազգային

29/12/2018 - 12:05

Միասնութիւնը պէտք է լինի Արցախի եւ արտաքին մարտահրաւէրների յաղթահարման հիմնաքարը

Անցնող տարւայ գնահատականների եւ գալիք` 2019 թ., սպասելիքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ:

«alikonline.ir» - Անցնող տարւայ գնահատականների եւ գալիք` 2019 թ., սպասելիքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ:

 

- Պարոն Իշխանեան, քաղաքական առումով ինչպէ՞ս կը գնահատէիք 2018 թւականը:

- 2017 թ. աւարտին ոչ մէկը չէր պատկերացնում, որ 2018-ը վայրիվերումներով այսքան լի տարի է լինելու: 2018 թ. ազգովի բաւականին մեծ դժւարութիւններ յաղթահարեցինք: Կարծում եմ, որ մենք ներքին քաղաքական կեանքում եւ արտաքին մարտահրաւէրների ասպարէզում ունեցել ենք դժւար որոշումներ կայացնելու պահեր: Թերեւս, այդ ամէնը ետեւում է, բայց ամենակարեւորն այն է, որ կարողացել ենք 2018 թ. ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կայունութիւն ապահովել եւ այդ կայունութիւնը թելադրւած էր 2016 թ. ապրիլից յետոյ ստեղծւած հաւասարակշռութեամբ:

Այդ ամէնով հանդերձ՝ 2018-ն աւարտում ենք ստեղծւած համեմատաբար կայունութեամբ եւ 2019-ն ենք թեւակոխում այն ակնկալիքով, որ կը կարողանանք ամրապնդել կայունութիւնը, աւելի խոհեմ որոշումներ կը կայացնենք վայրիվերումներից խուսափելու համար:

 

- 2018 թ. բաւականին հարուստ էր ներքաղաքական փոփոխութիւններով, հրաժարականներով ու նշանակումներով: Արդեօ՞ք դրանք համահունչ էին ՀՅԴ քաղաքական կուրսին:

- 2018թ. ներքաղաքական կեանքն, իհարկէ, լեցուն էր քաղաքական բուռն իրադարձութիւններով, հրաժարականներով ու նոր նշանակումներով, բայց այդ ամէնը չպէտք է դիտարկենք ՀՅԴ քաղաքական կուրսին համահունչ լինելու կամ չլինելու հարթութեան մէջ, որովհետեւ մեր քաղաքական կուրսը ձեւաւորւում է 4 տարին մէկ տեղի ունեցող համադաշնակցական կառոյցների բարձրագոյն ժողովում՝ Ընդհանուր ժողովում եւ երկու տարին մէկ տեղի ունեցող Արցախի բարձրագոյն ժողովում` Շրջանային ժողովում:

Ներքին կեանքում առկայ հիմնախնդիրներն այս կամ այն առումով արտացոլւեցին 2018 թ. յունիս, յուլիս եւ յաջորդող ամիսներին տեղի ունեցած իրադարձութիւններում: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ակտիւ գործընթացները, իշխանափոխութիւնը հանրութեան մօտ լուրջ ակնկալիքներ առաջացրին ոչ միայն կառավարման համակարգում տեղի ունեցող փոփոխութիւնների, այլ նաեւ արմատական մեծ փոփոխութիւնները սովորական կեանքում արձանագրելու առումով: Այդպիսի ակնկալիքներ ունեին նաեւ քաղաքական ուժերը:

ՀՅԴ Արցախի կառոյցն իր տեսակէտները եւ պատկերացումները հանրութեանն է ներկայացրել յայտարարութիւնների, հարցազրոյցների տեսքով, նաեւ առաջարկութիւնների փաթեթ է ներկայացրել Արցախի նախագահին՝ ակնկալելով այդ առաջարկութիւնների փաթեթի իրականացումը դարձնել հէնց երկրի ներքին կեանքում բարեփոխումների լուրջ գործընթացի մաս:

 

- Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն էր 2018 թւականը Արցախեան հիմնահարցի կարգաւորման տեսանկիւնից, եւ ապագայում ի՞նչ սպասելիքներ ունէք այդ առումով:

- 2016 թ. ապրիլից յետոյ մենք բանակցային գործընթացում փաստացի փակուղային իրավիճակում յայտնւեցինք: Վերջին ամիսներին նկատելի են բանակցային գործընթացում նոր շեշտադրումներ անելու եւ նոր ուղղութիւններ ճշգրտելու որոշակի տեղաշարժեր: Անշուշտ, այստեղ պէտք է անդրադառնալ ՀՀ իշխանութիւնների կողմից վերջերս վարւող քաղաքականութեանը՝ ստւեր ձգելու Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանաւորւածութիւնների վրայ: Արտաքին քաղաքականութեան մէջ դրանք այն յաղթաթղթերն էին, որոնց չէզոքացումը կարող է բերել նոր արկածախնդրութեան: Բայց ողջունելի են նաեւ ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւնները Արցախեան կողմին բանակցային գործընթացին ուղղակի ներգրաւելու առումով:

Անցած 10 տարիների ընթացքում ԱՀ իշխանութիւններն Արցախի հարցի նկատմամբ որդեգրել են կարծր կեցւածք, եւ յոյս ունենք, որ առաջիկայ տարիներին Արցախի իշխանութիւնները կը շարունակեն այդ նույն քաղաքական գիծը:

 

- Նախորդ տարւայ հարցազրոյցներից մէկում նշել էիք, որ դժւար է գնահատական տալ մի քանի ամսւայ կեանք ունեցող կառավարութեան գործունէութեանը եւ Ձեր գնահատականը կարող էք տալ նւազագոյնը 1-1.5 տարի անց: Այժմ ի՞նչ գնահատական կը տաք ԱՀ կառավարութեան գործունէութեանը:

- 2017 թ. սահմանադրական փոփոխութիւններից յետոյ ձեւաւորւած նոր կառավարութեան մասին հարցումներին դժւար էր անմիջական պատասխան տալ՝ գործունէութեան գնահատականի առումով: Անշուշտ, անցած 1-1.5 տարիների ընթացքում ի յայտ եկան կառավարութեան կողմից որդեգրւած քաղաքականութեան դրական եւ բացասական կողմերը: Մենք այդ ամէնին պէտք է անդրադառնանք տնտեսական ցուցանիշներով եւ դրանց արդիւնքներով ընդհանուր գնահատական հնչեցնենք:

Հաշւի առնելով զարգացման ցուցանիշները՝ պէտք է դրական գնահատենք կառավարութեան գործունէութիւնը: Բայց այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կայ, թէ ինչպիսի տնտեսական բարեփոխումների քաղաքականութիւն է որդեգրել կառավարութիւնը, եւ արդեօք այդ տնտեսական բարեփոխումների ծրագիրը եւ քաղաքականութիւնը կարող են բաւարարել եւ նոր տնտեսական զարգացման հնարաւորութիւններ ընձեռել Արցախի Հանրապետութեանը: Այստեղ ես որոշակի վերապահումներ ունեմ՝ կապւած տնտեսական զարգացման տեմպերին՝ բարեփոխումների գործընթացով լիցք հաղորդելու կառավարութեան որդեգրած մօտեցումներին:

Անցած օրերին ԱԺ-ում ընդունել ենք 2019 թ. պետական բիւջէի մասին օրէնքը: Այդ օրէնքի ամբողջական պատկերը հէնց արտացոլումն է 2017 թ. եւ դրան յաջորդող տնտեսական քաղաքականութեանը: Դրական եմ գնահատում դեֆիցիտային բիւջէտային քաղաքականութիւնից պրոֆիցիտայինին անցումը: Կարեւորում եմ ֆինանսների ճիշտ տեղաբաշխման եւ ուղղորդման քաղաքականութիւնը, որը կարող է զարգացման նոր տեմպեր ապահովել եւ նոր հնարաւարութիւններ ընձեռել:

Կուզենայի անդրադառնալ կառավարութեան կողմից ֆինանսական հոսքերի ուղղորդմանը դէպի Ստեփանակետ քաղաք եւ վարչական շրջանների նկատմամբ համեմատական «մեղմ» քաղաքականութիւնը: Մենք պէտք է ամէն ինչ անենք, որպէսզի կարողանանք երկրի համաչափ զարգացման քաղաքականութիւնը դարձնել առանցքային ուղղութիւններից մէկը, որով պէտք է պայմանաւորւած լինի ժողովրդագրական իրավիճակի փոփոխութիւնը եւ կայուն զարգացումը:

 

- Ի՞նչ էք կարծում՝ արդեօ՞ք 2019 թ. Արցախի քաղաքական կեանքում արմատական փոփոխութիւններ կը լինեն:

- Քաղաքական կեանքի արմատական փոփոխութիւնները պայմանաւորւած են երկրում առկայ տնտեսական եւ քաղաքական իրավիճակի ընդհանուր գնահատականով, նաեւ համապետական ընտրութիւններով: 2019 թ. անշուշտ լինելու է ակտիւ քաղաքական տարի, եւ դա պայմանաւորւած չէ 2019 թ. համապետական նշանակութիւն ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններով, այլ պայմանաւորւած է լինելու 2020 թ. միւս երկու կարեւոր` խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններով:

Չեմ կարծում, թէ 2019 թ. սեպտեմբերին ՏԻՄ ընտրութիւններն Արցախի ներքաղաքական կեանքում լուրջ փոփոխութիւններ կարող են արձանագրել:

Միւս կողմից, ներքաղաքական կեանքն ունենալու է բուռն զարգացումներ` որպէս 2020 թ. խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններին նախորդող տարի: Վերջին ամիսներին արդէն իսկ ակնյայտ են որոշակի ակտիւութիւններ` նոր կուսակցութիւնների ծնունդ, քաղաքական յայտարարութիւններ ու վերադասաւորումներ:

 

- ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները ի՞նչ ազդեցութիւն են ունենալու Արցախի վրայ, յատկապէս՝ ՀՅԴ Արցախի կառոյցի քաղաքականութեան վրայ:

- Արդէն իսկ պարզ է ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորւած նոր խորհրդարանի քաղաքական կազմը, եւ պէտք է արձանագրենք, որ ՀՅԴ-ն ՀՀ խորհրդարանից դուրս ուժ է, եւ արտախորհրդարանական քաղաքական ուժի ձեւաչափով, վստահ ենք, որ իր ազդեցութիւնը կունենայ ՀՀ ներքին եւ արտաքին կեանքի վրայ:

Դաշնակցութեան՝ խորհրդարանում չյայտնւելն իր անուղղակի ազդեցութիւնը կարող է ունենալ ՀՅԴ Արցախի կառոյցի վրայ, մասնաւորապէս՝ նկատի ունենալով առաջիկայ տարիների քաղաքական զարգացումները եւ ընտրական գործընթացները: Բայց, այնուհանդերձ, ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնները եւ դրանց արդիւնքները, ՀՅԴ Արցախի կառոյցի կողմից վարւող քաղաքականութիւնը փոխկապակցւած չեն: Արցախում մենք միշտ էլ ունեցել ենք մեր կարեւոր բեռը, եւ տարբեր առիթներով յայտարարել ենք, որ ՀՅԴ Արցախի կառոյցի պատասխանատւութեան չափաբաժինը չի սահմանափակւում միայն Արցախի ներքին կեանքում ունեցած իր դերակատարութեամբ, այլ մեր պատասխանատւութիւնը համահայկական է: Արցախի հիմնահարցի եւ ԱՀ միջազգային ճանաչման գործընթացը հաշւի առնելով՝ կարեւոր դեր ունի ՀՅԴ համահայկական կառոյցը: Այդ առումով մենք յաւելեալ նոր ծանրութեան բեռ ենք ունենալու: Մենք պարզ գիտակցում ենք այդ ամէնը, եւ պէտք է մեր ընդհանուր քաղաքական կուրսն ունենայ այնպիսի ուղղութիւններ, որոնք պէտք է միտւած լինեն մեր ընդհանուր հիմնախնդիրների յաղթահարմանը:

 

- Ի՞նչ սպասելիքներ ունէք 2019 թւականից:

- 2019 թ. սպասելիքների մասին խօսելուց՝ պէտք է նշել, որ բաւականին ծանր ու դժւար տարի ենք ունենալու, եւ այդ դժւարութիւնների յաղթահարման առումով անհրաժեշտ են լինելու յաւելեալ ճիգերի գործադրում եւ ոչ ստանդարտ իրավիճակների յաղթահարման պատրաստակամութիւն: Այնուհանդերձ, մեր բոլորի երազների մէջ 2019 թ. եւ նրան յաջորդող տարիները փորձում ենք տեսնել աւելի խաղաղ պայմաններում՝ տնտեսական աճի ցուցանիշների արձանագրմամբ եւ արտաքին քաղաքականութեան մէջ նոր յաջողութիւններ գրանցելով:

Նախորդ տարիների Արցախի ներքաղաքական կեանքում կարեւոր ձեռքբերում է համախոհութեան եւ միասնութեան մթնոլորտի առկայութիւնը, որը պէտք է լինի Արցախի ներքին եւ արտաքին մարտահրաւէրների յաղթահարման հիմնաքարը:

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը
    ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը

    Յունւարի 19-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր-Խաչատրեանի գլխաւորած պատւիրակութեանը։

  • Լիացած Ռոստոմի յիշատակով
    Լիացած Ռոստոմի յիշատակով

    Երէկ՝ Յունուարի 18-ին լրացաւ ազգային պատմութեան ազատագրական պայքարի, հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան փուլի առասպելական գործիչներէն, ՀՅԴ հիմնադիր երրորդութեան կրտսերագոյն անդամի՝ Ռոստոմի (Ստեփան Զօրեան) մահուան հարիւրերորդ տարելիցը: Ան այս աշխարհէն հեռացաւ 1919-ի այդ օրը, վարակուած բծաւոր տիֆէ:

  • Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն
    Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն

    «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հետ կապւած հարցերի լայն շրջանակ եւ համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելուն ուղղւած կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատւած է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնից, որ տարածւել է Փարիզում յունւարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ: 

  • Յիմարների համաձայնութիւն. Հայ Դատի սուր արձագանգը` Արցախի հարցով ձեռք բերւած «համաձայնութեանը»
    Յիմարների համաձայնութիւն. Հայ Դատի սուր արձագանգը` Արցախի հարցով ձեռք բերւած «համաձայնութեանը»

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրիւ Շոֆէրը (ԱՄՆ) յունւարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի միջեւ տեղի ունեցած հանդիպումից յետոյ հանդէս էին եկել յայտարարութեամբ:

  • Մուրադ Փափազեան. «Դաշնակցութիւնն այն կազմակերպութիւնն է, որի կարիքն ունի հայ ժողովուրդը»
    Մուրադ Փափազեան. «Դաշնակցութիւնն այն կազմակերպութիւնն է, որի կարիքն ունի հայ ժողովուրդը»

    «Tert.am»-ը ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի հետ խօսել է այս օրերին Արցախում տեղի ունեցող ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում իրենց կուսակցութեան պարտւելու պատճառների եւ քաղաքական ուժի ծրագրերի մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։