Հա

Ազգային

29/12/2018 - 09:40

Ի՞նչ ենք փնտրում Դաշնակցութեան շուրջ ու չենք գտնում

Ոչ ոք չի կարող ինձնից աւելի լաւ իմանալ, թէ ինչ է կատարւում իմ ընտանիքում: Իսկ եթէ ընտանիքը նաեւ աւանդական հայկական ընտանիք է, եւ նրա անդամները ներքին խօսակցութիւններն ու յարաբերութիւնները տան չորս պատերից դուրս քննարկման նիւթ չեն դարձնում, առաւել եւս անհնար է, որ «դուրսը» շատ աւելին իմանայ այդ ընտանիքի մասին, քան ընտանիքի անդամներն` իրենք:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

 

Ոչ ոք չի կարող ինձնից աւելի լաւ իմանալ, թէ ինչ է կատարւում իմ ընտանիքում: Իսկ եթէ ընտանիքը նաեւ աւանդական հայկական ընտանիք է, եւ նրա անդամները ներքին խօսակցութիւններն ու յարաբերութիւնները տան չորս պատերից դուրս քննարկման նիւթ չեն դարձնում, առաւել եւս անհնար է, որ «դուրսը» շատ աւելին իմանայ այդ ընտանիքի մասին, քան ընտանիքի անդամներն` իրենք:

Ինչու եմ սա ասում: Վերջերս մի քանի հրապարակումներ տեսայ հայաստանեան լրատւամիջոցներում, որոնցում «անդրադարձ» կար իմ ընտանիքի` Դաշնակցութեան ներքին կեանքին: Չէի ասի, թէ զարմացայ, բայց տհաճութիւն, այնուամենայնիւ, զգացի, որովհետեւ առանձնապէս հաճելի չէ, երբ «ուրիշից» բաներ ես լսում քո ընտանիքի մասին, որոնք կապ չունեն ոչ ընտանիքիդ, ոչ քեզ եւ ոչ էլ նոյնիսկ հեռաւոր ազգականիդ հետ: Մի խօսքով` բամբասանք:

Նման «հրապարակումները» ԱԺ արտահերթ ընտրութիւններից յետոյ սովորաբար այսպիսի նախամուտք ունեն. «Մամուլում լուրեր են շրջանառւում, որ հաշւի առնելով խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի գրանցած արդիւնքները, Դաշնակցութեան վերնախաւում փոփոխութիւններ են լինելու»: Բնականաբար, անհնար է գտնել որեւէ քաջատեղեակ աղբիւր, որից մամուլը նման «տեղեկութիւն» է քաղել եւ դրել շրջանառութեան մէջ: Այսինքն, սա աւելին չէ, քան ձեր հարեւանուհին մէկ ուրիշ հարեւանոհու հետ իր զրոյցն սկսի այսպէս. «Ախչի, բա լսե՞լ ես, ասում ա…»: Վերնագիր են դնում. «Դաշնակցութիւնում բունտ է հասունանում»: Չէ, հա… 128 տարի Դաշնակցութիւնում բունտ չի եղել, հիմա՞ պէտք է լինի: Ես այդ 128 տարիներից վերջին 28 տարում գոնէ չեմ յիշում մի դէպք, որ Դաշնակցութիւնում ինչ-որ բան հասունացած լինի առանց դաշնակցականների գիտութեան: Սա գեղեցիկ խօսք չէ, ոչ էլ դաշնակցականներին եւ Դաշնակցութեանը միւսներից շահեկանօրէն տարբերակելու փորձ: Սա, որպէս կառոյց` Դաշնակցութեան առանձնայատկութիւնն է, Կանոնագիրը, եթէ կուզէք` քաղաքական մեծ ընտանիքում աւանդոյթների պահպանութեան եւ շարունակականութեան պատճառը: Դաշնակցութիւնից վերցրէք Կանոնագիրը, եւ այն կը փլուզւի: Այդ «բարալիկ» գրքոյկում ասւած է մի շատ պարզ բան` դաշնակցական ժողովն է որոշումներ կայացնում տւեալ ժամանակահատւածի համար, իսկ ժողովների միջակայքում` տւեալ ժողովի ընտրած մարմինը:

Մարմինների կայացրած որոշումներն ու ձեռնարկած քայլերն անխտիր քննարկման նիւթ են դառնում յաջորդ ժողովներում, մարմինները հաշւետւութիւն են ներկայացնում իրենց ժողովներին: Բացի այդ` կուսակցական կեանքի ողջ անցուդարձը դաշնակցականների աչքի առջեւ է՝ համապատասխան գրութիւնների ու շրջաբերականների շնորհիւ, որոնք վերից վար իջնում են մինչեւ խմբեր ու քննարկման նիւթ դառնում խմբային ժողովներում: Ժամանակին այդ գրութիւնները փոխանցւում էին սուրհանդակների, զինատար խմբերի, քարաւանների միջոցով, մեր դարում` նորին մեծութիւն համացանցի: Եւ այսպէս արդէն 128 տարի:

Այս օրերին հայաստանեան մամուլի, այսպէս կոչւած, «ներդաշնակցական պրպտումները», որպէս կանոն, տպաւորութիւն են թողնում, որ ինչ-ինչ շրջանակներ փորձում են Դաշնակցութեան շուրջ աժիոտաժ ստեղծել առաջիկայ Ընդհանուր ժողովից առաջ: Ո՞ւր էր, թէ այս ամէնը լինէր պարզ հետաքրքրասիրութեան հետեւանք: Սեփական արշիններն առած` Դաշնակցութիւն են չափում: Ջիւանին կասէր` խելքի աշեցէք: Թէ ինչ արդիւնքներ են տւել այդ չափումները` դատէք ինքներդ: Հայաստանյան մամուլը բազմիցս անդրադարձել է Դաշնակցութեան «դրսի եւ ներսի հակասութիւններին»: 2008-ին գրում էին, որ «դուրսը» դժգոհ է Սերժ Սարգսեանի հետ կոալիցիա կազմելու` «ներսի» որոշումից: 2009-ին արդէն հայաստանեան մամուլն ինձ համոզում էր, որ «դուրսը» դժգոհ է կոալիցիան լքելու` «ներսի» որոշումից: Տրամաբանութեան նշոյլ կա՞յ այստեղ: Գոնէ ես տրամաբանութիւն չեմ տեսնում այստեղ, որովհետեւ թէ մէկ եւ թէ միւս որոշումը կայացւել է ՀՅԴ հայաստանեան կառոյցի ղեկավար մարմնի կողմից (ՀՅԴ ԳՄ), որն իր հերթին չի կարող «դժգոհել», օրինակ, ՀՅԴ ԱՄՆ արեւմտեան կամ արեւելեան կառոյցների ղեկավար մարմինների որոշումից` սատարել Թրամփի՞, թէ՞ Քլինթոնի թեկնածութեանը: Դաշնակցութեան մէջ սա կոչւում է կազմակերպական ապակենտրոնութիւն, որ ես սիրով խորհուրդ կը տայի նաեւ մեր միւս կուսակցութիւններին, որոնք մէկ անձի մատի շարժումից այն կողմ ոչինչ չեն տեսնում:

Ինչեր չեն ասել ու գրել ՀՅԴ «վերնախաւի երկարակեցութեան» եւ այդ պատճառով շարքերում եղած «դժգոհութիւնների» մասին: Աւելորդ է ասելը, որ հայաստանեան մամուլը դա անում է իրեն յատուկ մի «բանիմացութեամբ», որի վրայ չգիտես լաս, թէ խնդաս: Դեռ մի կողմ թողնենք այն փաստը, որ Հայաստանում գրանցւած 80 կուսակցութիւններից ոչ մէկի հանդէպ մամուլն այնպիսի հետաքրքրասիրութիւն չի ցուցաբերում, ինչպիսին Դաշնակցութեան նկատմամբ: Դա ինչ-որ տեղ բնական է, բայց կուսակցութիւնների միջեւ նման ցցուն խտրականութիւն դնելն էլ մի բան չէ: Կարող ենք յայտնւել ծիծաղելի իրավիճակներում: Ինչո՞ւ չենք գրում ՀՀՇ-ՀԱԿ-ի, ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգութեան» եւ միւսների վերնախաւի ու շարքերի «յարաբերութիւնների» մասին: Գուցէ չկա՞ն այդպիսի յարաբերութիւններ: Ես, առհասարակ, չեմ յիշում, որ մամուլը գրած լինի շարքային ՀՀՇ-ականների (եղե՞լ են այդպիսիք) եւ Լեւոն Տէր-Պետրոսեանի հակասութիւնների մասին: Պատկերացնո՞ւմ էք այսպիսի վերնագիր. «ԲՀԿ-ում Գագիկ Ծառուկեանի դէմ բունտ է հասունանում»… Բազմաթիւ կուսակցապետեր ուրիշ կուսակցութիւնների ցուցակներով պատգամաւոր էին դառնում, բայց նրանց կուսակցութիւններում բունտեր չէին հասունանում, շարքերը չէին բողոքում, չգիտես ինչու:

Ահա եւ տեղ հասանք: Դաշնակցութիւնն է այսօր դասական առումով միակ կուսակցութիւնը Հայաստանում, որտեղ կայ կարգապահութիւն եւ, միեւնոյն ժամանակ, քննարկումների եւ ընտրութիւնների ազատութիւն: Տւէք ինձ մէկ կուսակցութեան անուն, որի ղեկավար մարմնի ընդամենը մէկ անդամի է տրւում հաշւետու ժողովին վճռական ձայնով մասնակցելու իրաւունք: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր մամուլի պատկերացրած «դաշնակցական վերնախաւն» աւելի թոյլ դիրքեր ունի իր վերադաս ժողովում, քան տւեալ կառոյցի շարքային պատգամաւորները: Հետեւաբար, ՀՅԴ «վերնախաւում» մօտալուտ փոփոխութիւնների մասին բամբասելու փոխարէն կարելի է սպասել ժողովի աւարտին, երբ կընտրւի նոր մարմին:

Դաշնակցութեան երկարակեցութեան պատճառներից մէկն էլ այն է, որ իւրաքանչիւր նոր մարմին չի կրկնում նախորդին: Փոխւում են դէմքերը, փոխւում է մարմնի անդամների միջին տարիքը, իսկ եթէ նոյն մարդը թէկուզ 2-րդ, 3-րդ անգամ է ընտրւում տւեալ մարմնի կազմում, ապա պարտաւորւած է լինում աշխատել ու գործել հերթական ժողովի ու նորընտիր մարմնի որոշումներով: Ասւածի օրինակները մեր առջեւ են, եւ ցանկութեան դէպքում կարելի է ուսումնասիրել ու տեսնել այն բոլոր փոփոխութիւնները, որ հէնց շարքային դաշնակցականների քւէարկութիւններով են կատարւել՝ ՀՅԴ ղեկավար մարմիններում:

Իսկ եթէ ՀՅԴ «վերնախաւի փոփոխութիւն» ասելով հայաստանեան մամուլը յատկապէս ՀՅԴ Բիւրոյի կազմի փոփոխութիւնը նկատի ունի, ապա մեր երկու ձեռքի մատները չեն հերիքի հաշւելու համար, թէ որքան փոփոխութիւններ են կատարւել վերջին 30 տարիների ընթացքում: Ինձ ցոյց տւէք մէկ ուրիշ կուսակցութիւն, որի «վերնախաւը» գոնէ 4 տարին մէկ փոխւում է 50-60 տոկոսով: Չմտաբերեցի՞ք այդպիսի կուսակցութիւն: Չէք էլ մտաբերի, որովհետեւ այդպիսի կուսակցութիւն պարզապէս չկայ Հայաստանում: Նոյն վիճակն է ՀՅԴ ԳՄ-ի, Երեւանի ՔԿ-ի, մարզային կոմիտէների, Երեւանի կոմիտէների պարագայում: Հետեւաբար, ի՞նչ ենք փնտրում Դաշնակցութեան շուրջ ու չենք գտնում:

Յարակից լուրեր

  • Աղասի Ենոքեան. «Իշխանութիւնները մեդիայի դէմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի»
    Աղասի Ենոքեան. «Իշխանութիւնները մեդիայի դէմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի»

    Տարւայ սկզբին իշխանութիւնների կողմից մամուլի դէմ յայտարարւած պատերազմի շրջանակներում ճակատային յարձակումների մի քանի փորձերից յետոյ իշխանութիւններն անցել են պարտիզանական պատերազմի մարտավարութեանը։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնութեան ղեկավար Աղասի Ենոքեանը:

  • Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ
    Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ

    «Factor.am»-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

  • Մեր քաղաքում առաջնահերթութեան կարգով բազում խնդիրներ կան
    Մեր քաղաքում առաջնահերթութեան կարգով բազում խնդիրներ կան

    Ինչպէս յայտնի է, Օպերայի յարակից տարածքի ապամոնտաժւող սրճարաններից երկուսը ՀՅԴ-ականներինն է: Մասնաւորապէս, սրճարաններից մէկը պատկանում է ԱԺ նախկին պատգամաւոր դաշնակցական Միքայէլ Մանուկեանին, որ Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններում գլխաւորում էր ՀՅԴ համամասնական ցուցակը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին յայտնի դարձաւ, որ վերջինիս պատկանող սրճարանը դեռ չի ապամոնտաժւելու, որովհետեւ սրճարանի հետ կապւած գործը դատարանում է:

  • Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակ եւ մահուան 20-ամեակ
    Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակ եւ մահուան 20-ամեակ

    Կազմակերպութեամբ ՀՅԴ «Հրայր Մարուխեան» կոմիտէին, երէկ` երկուշաբթի, 11 մարտ 2019-ին, երեկոյեան ժամը 8:30-ին, Ազգային Եղիշէ Մանուկեան քոլեճի «Սիրան Մանուկեան» սրահին մէջ տեղի ունեցաւ ՀՅ Դաշնակցութեան պատմութեան մէջ իր ներկայութեամբ, դերակատարութեամբ եւ ղեկավարի ուրոյն յատկութիւններով իւրայատուկ դրոշմ ձգած Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակին եւ մահուան 20-ամեակին նուիրուած ձեռնարկ:

  • Հպա՛րտ ենք
    Հպա՛րտ ենք

    Մեզի հարց կը տրուի վերջերս, թէ արդեօ՞ք հպարտ ենք այն իրողութեամբ, որ մեր կուսակցութիւնը մաս կազմած է նախ. Քոչարեանի եւ նախ. Սարգսեանի գլխաւորած կառավարութեանց։ Արդեօ՞ք «մեղաւոր» կ՚ըզգանք այդ փաստին համար։ Արդեօ՞ք պատրաստ ենք զղջում յայտարարելու մեր անցեալի քաղաքական որոշումներուն համար՝ բաժին վերցուցած ըլլալով, այս երկու նախագահներու օրով, մեր անկախ պետականութեան կառուցման գործին մէջ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։