Հա

Ազգային

02/01/2019 - 12:10

Շահումեանում անցկացրած Նոր տարին`անմոռանալի

Իւրաքանչիւրն իր կեանքում ունենում է առնւազն մէկ ամանորեայ յիշողութիւն, որը երբեք չի մոռացւում: Հայրենիքի սահմաններին կանգնած զինւորները նոյնպէս, լինելով իրենց ընտանիքներից եւ տան ջերմ ու տաք մթնոլորտից հեռու, իրենց զինւորական յուշերին յաւելում են եւս մէկը` անմոռանալին:

Իւրաքանչիւրն իր կեանքում ունենում է առնւազն մէկ ամանորեայ յիշողութիւն, որը երբեք չի մոռացւում: Հայրենիքի սահմաններին կանգնած զինւորները նոյնպէս, լինելով իրենց ընտանիքներից եւ տան ջերմ ու տաք մթնոլորտից հեռու, իրենց զինւորական յուշերին յաւելում են եւս մէկը` անմոռանալին:

Արցախեան ազատամարտի տարիներին անցկացրած Նոր տարիներից մէկը չի մոռացել Ազատամարտի առաջին իսկ օրւանից Հայրենիքում հաստատւած` ՀՅԴ Շուշիի առանձին գումարտակի փոխհրամանատար Հարմիկ Յովսէփեանը: Ասում է` ամենատպաւորիչ Նոր տարին 1990-ինն էր:

«Այդ օրը շատ խորհրդանշական էր ինձ համար, քանի որ առաջին  Նոր տարին էր, որ ընտանիքից հեռու էի անցկացնում, եւ առաջինն էր հայրենի հողում` Արցախ աշխարհում: Դեկտեմբերի վերջերն էր, համարեայ բոլոր տղերքը վերադարձել էին Հայաստան: Միայն Գետաշէնում ու Մարտունաշէնում Թաթուլը (Ազգային հերոս, դաշնակցական ազատամարտիկ Թաթուլ Կրպէյեանը- ԽՄԲ.) եւ մի քանի տղերք էին մնացել` ինքնապաշտանութեան գործերը վերահսկելու: Իմ գործն այդ ժամանակ Գիւլիստանի (գիւղ ԼՂՀ Շահումեանի շրջանում-ԽՄԲ.) ջոկատի կազմում, այսպէս կոչւած, «տրիւոգաները» վերահսկելն էր կամ էլ Շահէն Մեղրեանի հետ նորաստեղծ ջոկատներին հանդիպելը, նաեւ` կազմակերպական խնդիրներ լինելու դէպքում` դրանք լուծելը:

Դեկտեմբերի 31-ին ձիւն էր դրել Շահումեանի շրջանում, եւ լուսնեակ գիշեր էր: Երբ պատուհանից դուրս էիր նայում, բարձունքները, բնութիւնը նշմարելի էին: Դիմացի բլուրները շատ գրաւիչ գեղեցկութիւն ունէին: Հէնց այն բլուրները, որտեղ հիմա մեր հայկական բանակն իր մարտական հերթապահութիւններն է անցկացնում… Նոր տարւայ գիշերւայ ամենակարեւոր մասն այն էր, որ թոռնիկները փորձում էին համոզել Շահէն Մեղրեանի հօրը` Զինաւոր դայուն, որ իր ատրճանակը տայ, ու իրենք էլ 12:00-ին օդ կրակեն: Երբ մօտեցան Զինաւոր դայուն, ասաց. «Է՜, տղե´րք ջան, բալե´ք ջան, պիստալետը դրել եմ պահեստի առաստաղի այսինչ տեղը, չէք կարողանայ գտնել»: Թոռնիկներն էլ` շատ ճարպիկ, արագաշարժ, ասացին` կը գտնենք: Գնացին ու տան յարակից շինութեան առաստաղի  տակ սկսեցին փնտրել ատրճանակը: Երկար ժամեր փնտրելուց յետոյ չկարողացան գտնել, փոխարէնը մէկ տուփ փամփուշտ էին ճարել… Եկան, Զինաւոր դայուն ասացին` գտել ենք: Նա էլ խառնւեց իրար. «Ի՞նչ էք գտել»: Իմանալով, որ փամփուշտ են գտել, նորից պառկեց: Ինչ արեցին, Զինաւոր դային չասաց ատրճանակի տեղը:

Յետոյ թոռնիկներից մէկը` Զինաւոր դայու սիրելիներից մէկը, ասաց. «Էդ գործը թողէք ինձ վրայ»:  Գնաց եւ հինգ րոպէ յետոյ ատրճանակով եկաւ: Դու մի ասայ` Զինաւոր դային ատրճանակն իր բարձի տակ է դրել եւ երեխաներին ուղարկել ուրիշ գործի յետեւից: Եթէ չեմ սխալւում` «Նագան» ատրճանակ էր, եւ երբ 12:00-ն էր, երեխաները սկսեցին պատուհանից օդ կրակել»,- ծիծաղով պատմեց ազատամարտիկը:

Նա յիշեց, որ այդ ժամանակ իրենց է միացել նաեւ Պօղոս Մեղրեանը եւ իր «ներդրումն» ունեցել երեխաներին երջանկացնելու գործում:

«Նա էլ իր «Մակարով» տեսակի ատրճանակը տւեց, որպէսզի տղերքը մի քանի հատ էլ դրանով կրակեն օդ: Մէկ էլ տեսանք` Զինաւոր դային, խառնւած իրար, գիշերանոցով, բայց ամենակարեւորը` փափախը գլխին, եկաւ ու. «Ա՜յ, էդ ի՞նչ էք անում, ստրելբիշչա (հրաձգարան-ԽՄԲ.) էք բացել, ինչ էք արել…»: Դու մի ասա` հաշւում էր փամփուշտները»,- յիշեց Յովսէփեանը:

Նրա խօսքով` դա իր` Արցախում անցկացրած առաջին  Նոր տարւայ գիշերն է եղել, որը, թեկուզ ընտանիքից հեռու, այնուամենայնիւ, անցկացրել է ընտանեկան մթնոլորտում:

«Բայց ամենակարեւորն այն է, որ երբ տղերքի հետ խօսում ենք, միշտ կարծես ինչ-որ կիսատ բան ենք թողել Շահումեանի շրջանում: Միշտ երազում են, որ գնան եւ այդ կորցրածը վերականգնեն, վերադարձնեն: Ես վստահ եմ` օրերից մի օր վերադառնալու ենք Շահումեան, վերականգնելու ենք մեր, այսպէս կոչւած, կորցրածը, եւ վստահ եմ` Մեղրեանների վերականգնւած օջախում դիմաւորելու ենք Նոր տարին»,- ասաց Հարմիկ Յովսէփեանը:

ՀՅԴ Շուշիի առանձին գումարտակի փոխհրամանատարի մաղթանքը մէկն է` թող խաղաղութեան տարի լինի, եւ բոլոր զինւորներն անւնաս վերադառնան իրենց ընտանեկան օջախները:

Զրոյցը՝ ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆԻ

«yerkir.am»

Յարակից լուրեր

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի ճաշկերոյթ-ժողովը Ամանորի առթիւ
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի ճաշկերոյթ-ժողովը Ամանորի առթիւ

    Կիրակի, 27 յունւար 2019 թ.-ին Հ.Օ.Մ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեց ճաշկերոյթ, Նոր տարւայ եւ Ս. Ծնունդի առիթով:

  • Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում
    Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում

    Հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թեհրանի հայոց թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, նաեւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի համագործակցութեամբ այս տարի եւս Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, տեղի ունեցաւ այցելութիւն ծերանոց-հանգստեան տներում բնակւող հայ եւ քրիստոնեայ բնակիչներին: 

  • Ամանորի նախատօնակ՝ Շահինշահրի դպրոցում
    Ամանորի նախատօնակ՝ Շահինշահրի դպրոցում

    Կիրակի՝ 2018 թւականի դեկտեմբերի 30-ի առաւօտեան Շահինշահրի հայոց ազգ․ «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, կազմակերպւել էր ուրախ ժամանց, ուր ներկայ էին՝ արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու դպրոցների աշակերտ-ուհիները։ 

  • Սրբազան Հօր ամանորեան այցելութիւնները հայ անձնուրացների ընտանիքներին
    Սրբազան Հօր ամանորեան այցելութիւնները հայ անձնուրացների ընտանիքներին

    Երեքշաբթի, 1 յունւար 2019 թ.-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների եւ անձնուրացների ընտանիքներին:

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի Ամանորի հանդիսութիւնը
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի Ամանորի հանդիսութիւնը

    Չորեքշաբթի, 26 դեկտեմբեր 2018-ի երեկոյեան, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ ազգային իշխանութեան, Ուրմիայի Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» հանդիսասրահում տեղի ունեցաւ Հայ Օգնութեան միութեան Ուրմիայի մասնաճիւղի հովանաւորութեան ներքոյ գործող «Նայիրի» մանկապարտէզի Ամանորի հանդիսութիւնը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։