Հա

Ազգային

03/01/2019 - 12:30

Երեք յիշարժան Ամանոր, երեքն էլ` Արցախում

ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարեանը երեք յիշարժան Ամանոր է ունեցել, եւ ուշագրաւն այն է, որ երեքն էլ կապւած են Արցախի հետ: «yerkir.am»-ի հետ զրոյցում նա ասաց. «Կեանքիս մէջ երեք յիշարժան Ամանոր կայ` 1992 թւական, 1993 եւ 2012»:

«alikonline.ir» - ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարեանը երեք յիշարժան Ամանոր է ունեցել, եւ ուշագրաւն այն է, որ երեքն էլ կապւած են Արցախի հետ: «yerkir.am»-ի հետ զրոյցում նա ասաց. «Կեանքիս մէջ երեք յիշարժան Ամանոր կայ` 1992 թւական, 1993 եւ 2012»:

1992 թւականի Ամանորը 19-ամեայ Եղիազարեանի համար յիշարժան էր նրանով, որ պատերազմի թէժ պահին Շուշիում վարժարան հիմնելուց յետոյ հերթը հասել էր նրան, թէ ինչպես ուրախ Ամանոր կազմակերպեն վարժարանի 30 աշակերտների համար:

Նախքան ամանորեայ այդ միջոցառման պատմութեանն անցնելը, Եղիազարեանից խնդրեցինք պատմել, թէ ինչպէս են յաջողեցրել եւ´ պատերազմել, եւ´ վարժարան հիմնել` մտածել երեխաներին կրթելու մասին:

«Շուշիի ազատագրումից յետոյ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան մի քանի ընկերներով միտք յղացանք, որ Շուշիում հիմնենք վարժարան: Մենք այն գիտակցութիւնն ունէինք, որ Շուշին ոչ թէ ադրբեջանական կրակակէտ է, այլ եղել է Արեւելեան Հայաստանի պատմական մշակութային մայրաքաղաքը: Այդ գիտակրթական մշակութային կեանքն է, որ փորձում էինք վերականգնել»,- պատմեց նա:

Այսինքն` մի կողմից պատերազմ էր, միւս կողմից վարժարան էր հիմնւում: «Շատ հետաքրքիր էր. այդ ամէն ինչը անում էինք Շուշիի առանձնակի վաշտի /այդ ժամանակ դեռ գումարտակ չէր/ հետ: Դա Դաշնակցութեան գաղափարախօսութիւնից էր գալիս: Մտածում էինք, որ Շուշին պէտք է վերածնւի որպէս հայկական մշակութային քաղաք: Հաւատում ու համոզւած էինք, որ դրան հասնելու ենք եւ հասանք»,- ասաց Եղիազարեանը` յաւելելով, որ մայիսին` Շուշիի ազատագրումից յետոյ, որոշեցին ու յունիսին արդէն շէնքն ընտրել էին:

Վարժարանի համար ընտրւած շէնքը մտաւոր թերզարգացածների համար նախատեսւած ադրբեջանական դպրոցի հսկայական շէնքն էր: «Հիմնականում մտածում էինք այն մասին, որ ապրելու համար մի քանի պայմաններ պէտք է ստեղծել մարդկանց համար` աշխատատեղ եւ երեխաների համար կրթօջախ, որովհետեւ հայը չի ապրի այնտեղ, որտեղ չի կարող երեխային ուսման տալ: Սա ամենագլխաւոր պայմանն էր, եւ այս մտայղացմամբ սկսեցինք վարժարան հիմնել: Վարժարանի աշխատանքներին սկզբնական շրջանում աջակցում էր հէնց Շուշիի առանձնակի գումարտակը /արդէն գումարտակ էր/: Հոկտեմբերից վարժարանն իր դռները բացեց: Դա պատերազմի ամենաթունդ շրջաններից մէկն էր, բայց այդ ժամանակ մենք գնացինք այդ քայլին»,- ոգեւորութեամբ յիշեց Եղիազարեանը:

Վարժարանը տարբերւում էր բոլոր կրթական հաստատութիւններից` ամէն առումով: «Պատերազմի ժամանակ, երբ սկսւում էին մասսայական ռմբակոծութիւնները, Արցախի կրթութեան նախարարութիւնը հրաման էր իջեցնում դպրոցները փակելու մասին: Մեր հիմնած վարժարանն իր դռները նոյնիսկ այդ պայմաններում չէր փակում: Առաւօտները մեզ վրայ պատասխանատւութիւն վերցնելով` գնում էինք, երեխաներին տներից վերցնում, տանում վարժարան, դասերից յետոյ` տուն: Ռիսկ էր, բայց ամէն դէպքում մտածում էինք` երեխաների ուսման գործընթացը չպէտք է կանգնի»,- պատմեց մեր զրուցակիցը:

Դասաւանդողները սկզբնական շրջանում ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնիցէին, նաեւ` Դաշնակցութեան դրսի կառոյցներից հրաւիրւածները: «Աւստրալահայ մեր ընկերոջը հրաւիրեցինք` Արտեմիս Գրիգորեանին: Յետոյ էլ ամուսնացաւ իրանահայ մեր ընկերոջ` Արմոնդի հետ ու հաստատւեց Արցախում: Մինչեւ հիմա բնակւում են Արցախում: Դասաւանդում էին նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը, ՆԱՈՒՄ-ական Արտաշէս Տոռոզեանը, ես եւ Շուշիում հաստատւած մանկավարժներ, որոնք Արցախի տարբեր վայրերից էին եկել: Սկզբնական միջուկն այդպէս ձեւաւորւեց: Հետագայում Հայաստանից էլ էին գալիս մասնագէտներ: Ծնունդով լիբանանահայ Զաքար Քեշիշեանը, որ կոնսերւատորիայի ուսանող էր եւ ՆԱՈՒՄ-ից, վարժարանի սաների հետ պարապեց ու հիմնեց «Վարանդա» երգչախումբը, որն այն որակի հասաւ, որ այսօր Արցախի պետական երգչախումբ է դարձել»,- հպարտութեամբ նշեց Արթուր Եղիազարեանը:

Վարժարանը նաեւ այլ գործեր էր անում: «Մենք նաեւ տարբեր խմբակներ էինք հիմնում: Օրինակ` Գորիսից հրաւիրեցինք տիկնիկագործների եւ վարժարանում հիմնեցինք «Երւանդ Մանարեան» տիկնիկային խումբը: Այն ղեկավարում էին հրաւիրւած մասնագէտներ, բայց տիկնիկային դերասանների գործն անում էին աշակերտները: Մենք հասանք նրան, որ «Երւանդ Մանարեան» տիկնիկային խումբը յետոյ դարձաւ Արցախի «Պըլը Պուղի» տիկնիկային թատրոնը»,- տեղեկացրեց Եղիազարեանը:

Վարժարանի բոլոր աշխատանքներին աջակցել է Շուշիի առանձնակի գումարտակը: «Ռազմագիտութեան ուսուցչի գործը գումարտակը վերցրել էր իր վրայ: Ռազմագիտութեան ուսուցիչ չունեինք, բայց ամէն դասի գումարտակի տղաներից մէկը պարապում էր: Հակառակ դէպքն էլ կար. երբ կռւի ժամանակ մարդուժի պակաս էր, կամ խնդիր էր լինում, վարժարանի տղամարդկանց մեծ մասը գումարտակի կազմում մասնակցում էր ռազմական գործողութիւններին: Կարեւորն այն էր, որ գաղափարական դաշտում էինք գործում: Կարող եմ օրինակ բերել. 92-ին, երբ որոշեցինք վարժարան հիմնել, ես էլ էի գումարտակում: Այդ ժամանակ Արցախում սկսւեցին ռազմական լուրջ գործողութիւններ հակառակորդի կողմից, Շահումեանի շրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասն ընկան, եւ, բնականաբար, աւելի կարեւորւում էին ռազմական գործողութիւնները: Վարժարանի հիմնական աշխատանքները կիսատ թողեցինք: Բայց նոյն աշնանը սկսւեց հայկական ուժերի հակագրոհը, ճիշտ է, թէժ ռազմական գործողութիւններ էին, բայց արդէն` ազատագրական բնոյթի, ամռանը կորցրածը յետ բերելու գործընթաց էր գնում, եւ երջանկայիշատակ Պետոն` /Պետրոս Ղեւոնդեանը/ մեր գումարտակի փոխհրամանատարը, ինձ կանչեց եւ ասաց` գնայ, շարունակէք վարժարանի կառուցումը: Ասաց` շատերը կը կռւեն, բայց ամէն մէկը չէ, որ սերունդ կը դաստիարակի, կը կրթի: Դա էլ է կարեւոր, որովհետեւ վաղը կռիւը կանցնի, իսկ այս սերունդը չպէտք է անկիրթ մնայ: Մենք պէտք է պետութիւնը զարգացնենք, շենացնենք: Այսինքն` Դաշնակցութեան համար ռազմական գործն ու կրթութիւնը նոյն հարթութեան վրայ են` ՀՅԴ զինանշանի խորհուրդը»,- ասաց մեր զրուցակիցը:

Անցնելով ամանորեայ թեմային` Եղիազարեանը նշեց, որ իրենց համար կարեւոր էր` հէնց առաջին տարւանից վարժարանում նշել բոլոր աւանդական տօները: «Ամանորն էր մօտենում, որոշեցինք երեխաների համար գեղեցիկ տօն կազմակերպել: Այդ ժամանակ ուսուցիչները Ձմեռ պապի, ձիւնանուշի դերերը խաղացին»,- ժպիտով պատմեց նա` յաւելելով, որ Ձմեռ պապը հէնց ինքն էր:

Այդ ժամանակ Արցախում նւէր գտնելը խնդիր էր: «Կարեւոր էր, որ երեխաները նաեւ նւէր ստանային Ձմեռ պապիկից: Վարժարանի կողքին էր տեղակայւել Շուշիի առանձնակի գումարտակը: «Բանակցութիւններ» վարեցինք գումարտակի հրամանատարութեան հետ, օգնելու պատրաստակամութիւնը հէնց սկզբից էլ եղաւ` ինչով կարողանան` կօգնեն: Դէ, զինւորական պահեստում ի՞նչ պէտք է լինի, հիմնականում` սնունդ: Մեր գումարտակին աշխարհի տարբեր երկրներից դաշնակցական կառոյցները փորձում էին օգնել, եւ սննդի հետաքրքրիր տեսակներ էին յայտնւում` տուփերով թխւածքաբլիթներ, չամիչ՝ գեղեցիկ փաթեթաւորումներով եւ այլն: Չամիչի ամբողջ խմբաքանակը վերցրեցինք: Մտածում էինք` զինւորներն առանց չամիչի կարող են, իսկ երեխաներին նւէր է պէտք»,- պատմեց Եղիազարեանը:

Այսպիսին էր նրա առաջին հիշարժան Ամանորը, իսկ երկրորդը, ինչպէս նշել ենք, 1993 թւականինն էր. 19-ամեայ Եղիազարեանը 92 թւականին հասցրել էր ամուսնանալ, իսկ 93-ին ծնւել էին նրա երկւորեակ որդիները` Արան ու Արամը: Ի դէպ, նրանք անկախ Արցախի առաջին երկւորեակներն էին: «93-ին արդէն իմ սեփական ընտանիքով Ամանորը նշեցի Շուշիում»,- հպարտութեամբ ասաց նա:

Հէնց 1993 թւականն էր, երբ փողերը փոխւեցին: «Հետաքրքիր բան կայ 93 թւականի հետ կապւած: Փողերը փոխւեցին. խորհրդային ռուբլին վերացաւ, եւ հայկական դրամը մտաւ շրջանառութեան մէջ: Տուն գնելու համար գումար էի հաւաքել: Մի քանի րոպէում ամբողջ հաւաքածս գումարն արժեզրկւեց: Երեխաներս զոյգ էին, ուստի նրանց կերակրելու խնդիր առաջացաւ: Մանկական սնունդ հայթայթելու հարց էր առաջացել: Մի երկու օրով արագ վերադարձայ Երեւան /«Ուրալ»-ով, ճանապարհ չկար/: Տուն գնելու համար հաւաքած ամբողջ գումարով գնեցի 10 մանկական կեր եւ 2 ռետինէ խաղալիք` փիսիկ եւ արջուկ: Ինչեւէ: Յիշարժան էր, որ այդ Նոր տարւայ գիշերը նշեցինք սեփական ընտանիքով, երբ այդ ժամանակ իմ 20 տարեկանը մի քանի օր առաջ էր լրացել ընդամենը»,- նշում է նա:

Երրորդ յիշարժան Ամանորը դարձեալ կապւած է Արցախի հետ: «2012 թւականն էր, արդէն երրորդ որդիս` Արգամն էլ էր զօրակոչւել բանակ: Երեք որդիներս էլ Արցախում ծառայեցին: Այդ տարի ես եւ կինս` Նոնան, չուզեցինք այստեղ միայնակ անցկացնել Ամանորը: Այնպէս չէ, որ Արցախում ամանորեայ գիշերը որդիներիս հետ նշեցինք, բայց այնտեղ է մեր ընտանիքի մեծ մասը: Այդ օրերին, իհարկէ, տեսակցութիւն ունեցանք: Յիշարժան էր. երեք զինւորի հետ Ամանոր նշելը ներքին մի այլ զգացում է, հպարտութիւն: Բառերով դա չեմ կարող բնորոշել»,- ասաց Եղիազարեանը:

Յարակից լուրեր

  • Արցախի ի նպաստ յաղթանակ մը
    Արցախի ի նպաստ յաղթանակ մը

    Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը հինգշաբթի, 11 յուլիսին որդեգրեց բանաձեւ մը, որ ամերիկեան կառավարութեան կ՛արգիլէ Ատրպէյճանին ծախել այնպիսի զէնքներ, որոնք կրնան գործածուիլ Ստեփանակերտի օդակայանը օգտագործող օդանաւերու դէմ։ Ատրպէյճանի այս սպառնալիքին եւ անոր յաճախակի գործադրութեան հետեւանքով, Արցախի մայրաքաղաքին օդակայանը անդամալոյծ կը մնայ տասնամեակներէ ի վեր։

  • Արցախի մէջ հիմնուեցաւ Հ.Մ.Ը.Մ.-ի 111-րդ մասնաճիւղը
    Արցախի մէջ հիմնուեցաւ Հ.Մ.Ը.Մ.-ի 111-րդ մասնաճիւղը

    Հ.Մ.Ը.Մ.-ի երկրորդ հարիւրամեակի ծրագիրներուն առաջնահերթութիւնը Արցախի մէջ Հ.Մ.Ը.Մ.-ի մասնաճիւղ հիմնելու անհրաժեշտութիւնն էր։

  • Ծաւալւած գործընթացն իր մէջ պարունակում է լուրջ վտանգներ
    Ծաւալւած գործընթացն իր մէջ պարունակում է լուրջ վտանգներ

    Սամուէլ Բաբայեանը եւ նրա թիմակիցները փորձում են մեր հանրութեանը մոլորութեան տանելով եւ զգացական թելերի վրայ խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կը միաւորւի մայր Հայաստանին:

  • «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը հանդիպել է Արարատ Դանիէլեանին
    «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը հանդիպել է Արարատ Դանիէլեանին

    Երէկ՝ յուլիսի 12-ին, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են ԱՀ արդարադատութեան նախարար Արարատ Դանիէլեանի հետ՝ մանրամասն քննարկելու առաջին ընթերցմամբ ընդունւած ԱՀ Ընտրական օրէնսգրքի եւ Կուսակցութիւնների մասին օրէնքի նախագծերը, բանաւոր ներկայացնելու խմբակցութեան առաջարկութիւնները եւ մտքեր փոխանակելու մի շարք այլ հարցերի շուրջ:

  • Տակից ռազմատենչութիւնը խրախուսելով՝ առերես խաղաղութեա՞ն են պատրաստում
    Տակից ռազմատենչութիւնը խրախուսելով՝ առերես խաղաղութեա՞ն են պատրաստում

    Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցի ընթացքում, ինչ խօսք, չէր կարող շրջանցւել Արցախի հիմնախնդրի թեման: Այն, բնականաբար, շօշափւեց: Արտաքուստ, թւում է, որ ե՛ւ Բաքւում, ե՛ւ Երեւանում Դոնալդ Տուսկը նոյնական կամ գրեթէ նոյնական յայտարարութիւններ արեց: Բայց այդպէ՞ս է արդեօք:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։