Հա

Ազգային

16/01/2019 - 12:30

Հրանտ Մարգարեան. «Այդպէս էլ չհասկացան, որ կայ ու կը մնայ Դաշնակցութիւնը»

Արդէն սովորոյթի ուժ է ստացել իւրաքանչիւր Ընդհանուր ժողովի առիթով ասելը, որ այն բացառիկ ազգային-քաղաքական իրավիճակում է տեղի ունենում։ Այսուհանդերձ, ընդունենք, որ նախորդ ժողովին յաջորդած տարիներից իւրաքանչիւրը իսկապէս բացառիկ կարեւոր ու լարւած է եղել մեր ժողովրդի եւ կուսակցութեան համար. յիշենք Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակը, ապրիլեան քառօրեայ պատերազմը, ՊՊԾ գնդի գրաւումը, նոր Սահմանադրութեան ընդունումը, վերջապէս`ժողովրդական մեծ շարժումն ու իշխանափոխութիւնը:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը՝ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ

 

Արդէն սովորոյթի ուժ է ստացել իւրաքանչիւր Ընդհանուր ժողովի առիթով ասելը, որ այն բացառիկ ազգային-քաղաքական իրավիճակում է տեղի ունենում։ Այսուհանդերձ, ընդունենք, որ նախորդ ժողովին յաջորդած տարիներից իւրաքանչիւրը իսկապէս բացառիկ կարեւոր ու լարւած է եղել մեր ժողովրդի եւ կուսակցութեան համար. յիշենք Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակը, ապրիլեան քառօրեայ պատերազմը, ՊՊԾ գնդի գրաւումը, նոր Սահմանադրութեան ընդունումը, վերջապէս`ժողովրդական մեծ շարժումն ու իշխանափոխութիւնը:

Յատկապէս վերջինս եւ դրան յաջորդած իւրաքանչիւր օրը բերել են մի իրավիճակի, երբ օդում կախւած հարցերը չափազանց շատ են, րոպէ առ րոպէ աճում է լարւածութիւնը եւ վտանգի զգացողութիւնը: Ժամանակահատւածը, քաղաքական պահը շատ լուրջ է եւ մենք մեր հերթական ժողովն ենք սկսում։

Պատասխանատւութիւնը մեծ է։

Անցած քառամեայ շրջանը Հարաւային Կովկասի համար յատկանշւեց նորանոր ընդհանրութիւններով, որոնց հիմքում ընկած էր յետխորհրդային տարածքում որոշակի յենակէտերի ձեւաւորման եւ ապա՝ Միջերկրականից մինչեւ Կասպիականն ընկած տարածաշրջանի միասնականացման ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմավարութիւնը։

Անցած քառամեակում մեր տարածաշրջանը վերածւեց համաշխարհային մրցապայքարի իւրօրինակ առաջնագծի ու նաեւ մանրակերտի։ Ուստի այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի ներսում՝ մեր շուրջը տեղի ունեցող բարդ ու վտանգաւոր գործընթացի հայելային արտացոլումն է։

Միջերկրականից մինչեւ Կասպիականն ընկած տարածաշրջանի օտար նպատակներին ծառայող ռազմավարութեան գործադրման առաջին հանգրւանի մէջ էր ներառւած Հայաստանը: Այն պէտք է իրագործւէր 2015 թւականից սկսեալ, սակայն ինչ-ինչ պատճառներով յետաձգւեց: Սկսեց իրագործւել 2016 թւականի ապրիլեան քառօրեայ պատերազմով։ Ձախողւեց։ Սակայն յաղթանակած բանակը սկսեց պախարակւել ներքին կասկածելի ծագում ունեցող խմբակների, հասարակական կազմակերպութիւնների եւ Արեւմտեան պատկանելութիւն ու ֆինանսաւորում ունեցող լրատւամիջոցների կողմից: Ոչ մի բան Հայաստանում չպէտք է դրական համարւէր, նոյնիսկ սխրանքներ գործած բանակն ու համաժողովրդական զարթօնքը՝ յանուն վտանգւած հայրենիքի պաշտպանութեան։ Ակնյայտ էր նպատակը՝ վարկաբեկել յաղթանակը, այն կերտած բանակը եւ ժողովրդական միասնական ալիքը։

Եթէ ժամանակին ամէն ինչ արւում էր ներհայաստանեան կեանքում դրական ոչինչ չտեսնելու, հիմա նոյնը ինքնաբերաբար սկսել է վերաբերել անցեալին, ուր ամէն ինչ ներկայացւում է բացասական երանգի ներքոյ: Անցեալն ամէն կերպ մերժող այս ընթացքը մեզ տանելու է ինքնակործանման։

Արտաքին գործօնով հնարաւոր չեղաւ ապակայունացնել երկիրը, վրայ հասաւ ներքին գործօնը՝ տեղի ունեցաւ ՊՊԾ գնդի գրաւումը։ Այս անգամ նոյն ուժերը՝ կասկածելի ծագում ունեցող խմբակները, հասարակական կազմակերպութիւնները եւ արեւմտեան պատկանելութիւն ու ֆինանսաւորում ունեցող լրատւամիջոցները, որոնք միշտ հայրենիքի ազատագրման համար մղւող պայքարը համարել ու համարում են տեռորիզմ, ի զարմանս բոլորի, ձայն ձայնի տւած պաշտպանեցին ու հերոսացրին ակնյայտ տեռորիստական արարքը։

Քառօրեայ պատերազմն ու ՊՊԾ գնդի գրաւումը, թւում էր, թէ կարող են բաւարար հիմք դառնալ երկրի ներսում մի շարք բարեփոխումների եւ երկրում առկայ արդարացի դժգոհութիւնների լիցքաթափման համար, սակայն, աւաղ, բարեփոխումները կրեցին ձեւական բնոյթ: Արտաքին քաղաքականութեան առումով սրան գումարւեց Ռուսաստանի նկատմամբ որոշակի նեղւածութեան դրսեւորումներով պայմանաւորւած՝ Հայաստանի քաղաքական վերնախաւի զգալի մասի արեւմտամէտ դիրքորոշումը, ինչն էլ հիմք դարձաւ թաւշեայ յեղափոխութեան խթանմանը։

2018 թւականի դեկտեմբեր 9-ի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ մեր երկիրը յայտնւել է այդ նոյն գործընթացի երկրորդ հանգրւանում։ Ղարաբաղեան հարցի սառեցման ռազմավարութիւնը սկսում է փոխարինւել գերտէրութիւնների հակամարտութեամբ պայմանաւորւած Միջերկրականից մինչեւ Կասպիականն ընկած տարածաշրջանում ուժերի վերադասաւորմամբ, ինչն իր հիմքում ունի մի կողմից՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, իսկ միւս կողմից՝ հակաիրանական ճակատ ձեւաւորելու նպատակադրումներ։

Համաշխարհային մրցապայքարի այս թատերաբեմում, որի մէջ ակամայ յայտնւել ենք մենք, նկատի չեն առնւում կոնկրետ երկրների արտաքին ու ներքին քաղաքականութեան մէջ առկայ առանց այդ էլ չափազանց նուրբ իւրայատկութիւններն ու շահերը։

Իշխանափոխութիւնից յետոյ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան յարաբերութիւններում առաջ եկած բարդութիւնները վկայում են, որ սկսել է գործել մշակւած ռազմավարութիւնը։ Այժմ, Ղարաբաղեան հարցում, ստատուս-քւոյի պահպանման ջատագովն են Ռուսաստանը եւ Իրանը, ուստի այս պետութիւնների հետ առաջ եկած հարցերի արագ կարգաւորումը այլընտրանք չունի։

Պէտք է գիտակցել՝ տարածաշրջանային ներկայ քաղաքական ներկապնակում մեր կամքից անկախ, գտնւում ենք Արեւմուտք-Թուրքիա-Ադրբեջան եւ ՌԴ-ՀՀ-Իրան ռազմաքաղաքական հատման դիրքում։ Առանց որեւէ բեւեռի հանդէպ հակակեցւածք ընդունելու պէտք է ձեւաւորել սեփական օրակարգը, որը չի կարող լինել միջազգային ազդեցութիւնների բաժանման այլոց օրակարգը, այլ պէտք է լինի մեր անվտանգութիւնը, որը խարսխւած է ՀՀ առանցքի եւ ՌԴ հետ ռազմավարական դաշինքի ու դարաւոր բարեկամ Իրանի հետ:

Նման պայմաններում տարածաշրջանով շահագրգիռ գերուժերի շահերի միջեւ հաւասարակշռութեան պահպանման խնդրի հետ միասին անհրաժեշտ է նաեւ Արցախեան հարցում ներազգային կոնսեսուսի ապահովումը, ինչը, մեղմ ասած, չի կարեւորւում մեր այսօրւայ իշխանութիւնների կողմից։

Դժւար չէ հասկանալ, որ մենք մաս ենք կազմել մի ծրագրի, որը գործադրւել է հանգրւան առ հանգրւան՝ քառօրեայ պատերազմ, ՊՊԾ գնդի գրաւում, իշխանափոխութիւն, դեկտեմբեր 9-ի Ազգային Ժողովի ընտրութիւններ։

Թիւր ըմբռնումներից խուսափելու համար, անմիջապէս անդրադառնանք, որ գարնանը տեղի ունեցած իրադարձութիւնները մենք համարում ենք համաժողովրդական զարթօնք, որը եկաւ թօթափելու երկրում երկար տարիներ ծանրացած անարդարութիւնները։ Այն եկաւ վճռական եւ վերջնական ոչ ասելու երկրում առկայ խտրական քաղաքականութեանը, սոցիալական անարդարութեանը, կաշառակերութեանը, անգործութեանն ու աղքատութեանը։ Սակայն ինչ որ ուժեր լաւագոյնս օգտագործեցին ժողովրդի արդարացի դժգոհութիւններն ու պոռթկումը հետապնդեցին նպատակներ, որոնք ոչ մի առնչութիւն չունէին ժողովրդի դժգոհութիւնների, ցանկութիւնների, պահանջների հետ։

Ժողովրդական շարժումը գեղեցիկ էր ու յուժկու, արդարացի էր ու տարերային եւ միեւնոյն ժամանակ՝ անխուսափելի: Չնայած շարժման առաջնորդերի հետապնդած նպատակներն ու ծրագրերը մեզ համար անորոշ էին, այդուամենայնիւ ուզեցինք հաւատալ, որ ժողովրդական նման մեծ ալիքը ընդունակ է զգաստութեան, պատասխանատւութեան այնպիսի մակարդակի բարձրացնել նրանց, որ կարողանան ձեռք բերած վստահութեան բացառիկ մանդատը լաւագոյնս օգտագործել իրապէս ազգային, անկախ, ժողովրդավարական հզօր երկիր ունենալու համար։ Մենք համագործակցութեան ձեռք մեկնեցինք, բանակցութիւնների մէջ մտանք, Նիկոլ Փաշինեանի մակարդակով մեզ հաւատացրին, որ յարգանքով են վերաբերում մեր կուսակցութեանը, շատ լաւ գիտակցում են, թէ մենք ինչի համար եւ ինչ անելու համար ենք կոալիցիայի մաս կազմել։ Պայմանաւորւեցիք հինգ հիմնական հարցերի շուրջ, թւում էր ամէն ինչ դէպի լաւն է գնում, սակայն շատ կարճ ժամանակ յետոյ հասկացանք՝ ոչ յարգանք կայ, ոչ պայմանաւորւածութիւնների նկատմամբ հաւատարմութիւն, ոչ էլ այլ տեսակէտ լսելու հանդուրժողականութիւն։

Պարզ էր՝ եթէ ընդհանուր ծրագրիր կայ երկիրն իր ազգային ուղեգծից հանելու, անտեսելու ազգային շահերն ու օրակարգերը՝ այդտեղ Դաշնակցութիւնը ոչ միայն տեղ չունի, այլեւ` անընդունելի է: Ուստի ամէն ինչ պէտք էր անել այն պառակտելու, վարկաբեկելու համար։ Մի խօսքով՝ հեռու ու մօտ պատմութեան ընթացքում քանիցս կատարւած փորձերի կրկնութիւն, որոնց հեղինակներն այդպէս էլ չհասկացան, որ կայ ու կը մնայ Դաշնակցութիւնը։

Իհարկէ գլխաւորը չի սահմանափակւում կուսակցութիւն-վարչապետ փոխյարաբերութիւններով, ուրեմն փորձենք անդրադառնալ մի շարք կէտերի, որոնք շատ աւելի ցայտուն կը բնորոշեն մեր օրակարգերը եւ ներկայ իշխանութիւնների էութիւնն ու որդեգրած ուղղութիւնը։

 

Արցախեան օրակարգ

Արցախը վերջին 30 տարիների ընթացքում եղել է մեր կենսագրութիւնը, մեր գերխնդիրը։ Մի քանի հարիւր ընկերներ մեր շարքերից այս հողի ազատագրման համար են իրենց կեանքը տւել, մեզանից շատերն են իրենց առողջութիւնը վնասել։ Արցախը եղել է մեր կեանքի իմաստը։ Մեզանից շատերի համար սեփական կեանքը արդարացւած է Արցախով։ Յաջորդ սերունդներին թողել ենք աւելի մեծ հայրենիք ու 2-րդ հայկական անկախ հանրապետութիւնը։

Պայքարը դեռ շարունակւում է, 30 տարի կռիւ է, ու կռիւը դեռ չի աւարտւել։ Կռիւ թշնամու դէմ՝ մեր ազատագրածը յաւէրժացնելու համար, կռիւ աշխարհի դէմ Արցախի ազատագրման արդարացիութիւնն անընդհատ ապացուցելու համար, կռիւ մերոնց հետ՝ կռւից չյոգնելու, չտատանւելու, չշեղւելու, չտկարանալու, չքաղքենիանալու, չնահանջելու, Արցախից ձերբազատւելու նպատակ չհետապնդելու համար։

Անցած 30 տարիներին թէ՛ Արցախը՝ իբրեւ ինքնուրոյն, միասնական քաղաքական միաւոր, թէ՛ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ունեցել են աշխարհը տեսնելու մի միջոց՝ դիտակէտ, դա արցախեան դիտակէտն է եղել։

Աշխարհը տեսել ենք, աշխարհում ծաւալւող իրադարձութիւնները գնահատել ենք, մեր շահը ամենուր փնտրել ենք արցախեան դիտակէտից։

Այժմ վտանգ կայ. Արտաքին քաղաքականութեան մեր ձախողումները, ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնութեան հետ յարաբերութիւններում առկայ, մեղմ ասած, դժւարութիւնները ուղղակիօրէն առնչւում են մեր անվտանգութեանն ու Արցախի պայքարին։ Անհրաժեշտ է կարգաւորել յարաբերութիւնները։

Պետութեան կազմակերպական ընթացքը, բարոյական, քարոզչական մթնոլորտը ամենեեւին վստահութիւն չեն ներշնչում, թէ մենք ընթանում ենք չզիջելով զարգանալու ուղիով։ Մենք մի կողմ ենք դրել ազգ-բանակ ծրագիրը, ու լրջօրէն չենք պատրաստւում պատերազմի, որպէսզի իսկապէս խուսափենք պատերազմից։

Պարտադրւած պատերազմ դիմագրաւելու համար մեզ պէտք է միասնութիւն, հայրենասիրութիւն ու պայքարի ոգի, իսկ այն ինչ քարոզւում է այսօր` այլ բան է: Կազմակերպւած պետութիւն, հասարակութիւն ունենալու փոխարէն մեզ հրամցւում են օտարածին ինչ-ինչ արհեստական օրակարգեր։ Կոտրւում է մեր ժողովրդի միասնութեան, պայքարի ոգին։

Մեծ շփոթ կայ, հնարաւոր է նաեւ գիտակցաբար ստեղծւող շփոթ, որպէսզի հետզհետէ ընդունելի դառնայ անընդունելին: Ասածս վերաբերում է Արցախեան հարցի շուրջ բանակցութիւններում մեր դիրքորոշումներին։ Շրջանառութեան մէջ են դրւել «տարածքներ խաղաղութեան դիմաց», «տարածքներ անվտանգութեան դիմաց» բանաձեւեր, խօսւում է, թէ Արցախը պէտք է բանակցի, ապա խօսւում է թէ Արցախում իշխանափոխութիւն պիտի տեղի ունենայ։ Իսկ ո՞րն է մեր ռազմավարութիւնը, ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման փաստը, Արցախի Սահմանադրութիւնը, որը հաստատւել է ժողովրդական հանրաքւէով։ Արցախի ինքնորոշման փաստի հետ հաշւի նստո՞ւմ է պաշտօնական Երեւանը, թէ՞ ամէն ինչ նորովի պէտք լինի ու քննելի։

Պարզ է՝ քննարկումը առաջին քայլն է, անընդունելին հասկանալի իսկ յետագայում նաեւ ընդունելի ու նոյնիսկ ցանկալի դարձնելու համար։ Բայց մեր ժողովուրդը անգամներ է փաստել՝ Արցախը մերն է ու վերջ։ Մնացածը զուր ջանքեր են։

Կայ ընթացք՝ Արցախն իբրեւ ինքնուրոյն, միասնական ազդակ հայկական քաղաքական իրականութիւնից դուրս մղելու։ Ճիգ կայ ապակայունացնելու Արցախի ներքաղաքական կեանքը, որի միակ նպատակն այն է, որ համահայկական կեանքում Արցախը դադարի ինքնուրոյն, միասնական գործօն լինելուց։ Արցախում եւս «սեւ ու սպիտակ»-ի բաժանում են ուզում մտցնել: Ուզում են, որ ոչ ոք Արցախի անունից խօսելու ինքնուրոյն իրաւունք չունենայ, իսկ խօսելու դէպքում, ակամայ «սեւ» կամ «սպիտակ» համարւի։

Արցախը պէտք է մնայ միասնական, ոչ ոք իրաւունք ունի Արցախը սպիտակ կամ սեւ ներկելու։ Արցախը պէտք է մնայ ազգային, ինքնուրոյն, վճռական հայկական հզօր ազդակ համազգային մեր կեանքում։

 

Սոցիալական արդարութիւն

Սոցիալական անարդարութեան զոհը ժողովրդական լայն զանգւածներն են, հետեւաբար առանց սոցիալական արդարութեան չկայ ամբողջական արդարութիւն։ Սահմանադրութեան համաձայն՝ Հայաստանի Հանրապետութիւնը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրաւական պետութիւն է։

Հ․Յ․Դաշնակցութեան համար սոցիալական պետութեան հիմնականառաքելութիւնը Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու համար աղքատութիւնից զերծ կեանքի ապահովումն է։

Այսօր եւս կիրառւում է նոյն տնտեսական քաղաքականութիւնը, ինչ նախորդ իշխանութիւնների օրօք՝ նէոլիբերալիստական տնտեսական քաղաքականութիւն, ուր օրըստօրէ պետութեան հարստութեան բեւեռացմանը զուգընթաց մեծանում է աղքատութիւնը։

Հայաստանում այդպէս էլ դեռ չի հաստատւել սահմանադրութեամբ նախատեսւած սոցիալական ուղղւածութեան տնտեսական կարգը։ Տնտեսական այնպիսի կարգ, որը պէտք է ապահովի Հայաստանի եւ Արցախի առաջընթաց զարգացումը շրջափակման եւ պատերազմական պայմաններում։

Մեզ համար սոցիալական արդարութեան հարցը ազգային հարցերի հետ շաղկապւած հիմնական օրակարգ է։

 

Ժողովրդավարութիւն եւ արդարադատութիւն

Ժողովրդավարութիւնը նախ հակառակ, այլ տեսակէտ ու կարծիք հանդուրժելու մթնոլորտի ստեղծման մէջ է, մինչդեռ ներկայումս մեզ մօտ այլ է, հակառակ տեսակէտը ընդունւում է հիստերիայով, ահաբեկումով, լրատւամիջոցներում ու սոցիալական ցանցերում սանձազերծւող արշաւով: Իսկ դատական համակարգը, անկախ նրանից թէ որքանով է կարող արդարամիտ լինել, ակնյայտօրէն ենթակայ է ճնշումների։ Մենք շատ հեռու ենք ժողովրդավարութիւնից ու անկախ դատական համակարգ ունենալուց։

Խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորւել է, ըստ էութեան, մէկ քաղաքական ուժի իշխանութիւն, որն իր ձեռքում կենտրոնացնելով թէ օրէնսդիր, թէ գործադիր իշխանութիւնը, իր ճնշման տակ է պահում նաեւ դատական իշխանութիւնն ու, այսպէս կոչւած, չորրորդ իշխանութիւնը`զանգւածային լրատւամիջոցները: Ըստ էութեան խախտւել է կառավարման խորհրդարանական համակարգի կարեւորագոյն յատկանիշը` իշխանութեան հակակշռելիութեան ու հաշւետւողականութեան սկզբունքը:

Չի ձեւաւորւել կոռուպցիայի դէմ պայքարի անկախ համակարգ, չափազանց մեծ է վտանգը օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնների միաձուլման եւ անձնակենտրոն իշխանութեան ամրապնդման։

 

Ազգային կառոյցներ, Սփիւռք

Ակնյայտ է, որ ազգային կառոյցները համարւում են անընդունելի եւ ուղղակի կամ անուղղակի միջոցներով, հակառակ հրապարակաւ հնչեցրած հաւաստիացումների, դառնում են թիրախ, որոնց շուրջ փորձում են բացասական մթնոլորտ ստեղծել, վարկաբեկել կամ պառակտել։ Այդ թիրախների շարքում են հայկական բանակը, հայկական ազգային եկեղեցին, հայկական ազգային կուսակցութիւնները, կազմակերպւած Սփիւռքը, ազգային արժեհամակարգը։

Այս ամէնը նկատի ունենալով, կարելի է փաստել, որ նոր իշխանութիւնները չեն արտայայտում ժողովրդական շարժման տրամադրութիւնները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առաւ այդ շարժումը:

Բայց սա դեռ ամենավտանգաւորը չէ: Անփորձութեամբ, սխալ կառավարմամբ եւ անորակ կադրերով իշխանութիւնները կարող են վատագոյն դէպքում երկիրը մի քանի տարով յետ գցել իր բնականոն զարգացումից: Աւելի վտանգաւոր են այն միտումները, որոնք երեւակւում են ազգային խնդիրներին վերաբերող նոր իշխանութիւնների որդեգրած քաղաքականութեան մէջ: Այդ միտումները, եթէ ընդամենը սխալմունքի հետեւանք են՝ դարձեալ վտանգաւոր են, բայց եթէ ծրագիր են՝ ապա կարող են կործանարար լինել, եւ այլեւս խօսք չի կարող գնալ երկիրը մի քանի տարով իր զարգացումից յետ գցելու մասին, այլ խօսք կարող է գնալ երկիրը կորցնելու մասին:

Ուստի այս պայմաններում մեզ այլ ելք չի մնում, քան դիրքաւորւել ներքին վտանգներին դիմակայելու համար: Լինելով կառավարութիւնից եւ խորհրդարանից դուրս՝ շարունակել լինել ժողովրդի կողքին՝ անընդհատ եւ ամենուրէք եւ ժողովրդի հետ միասին չթողնել, որ մինչեւ յաջորդ ընտրութիւններ կառավարութիւնը եւ խորհրդարանը ճակատագրական սխալներ անեն, իսկ յաջորդ ընտրութիւններին արդէն տուն ուղարկել այս իշխանութիւններին եւ ստանձնել երկրի ամբողջական ղեկավարման գործը։

 

Մինչեւ յաջորդ ընտրութիւններ Հայաստանը պէտք է ապրի, ուրեմն՝

Մեր երկրի անվտանգութեան ապահովման եւ Արցախի հարցի արդարացի լուծման խնդիրների համադրումը Հայաստանի յետագայ զարգացման ռազմավարութեան հետ որեւէ այլընտրանք չունի։

Չզիջելով զարգանալու եւ առաջադիմելու նախապայմանը խաղաղութեան արտաքին ու ներքին կռւանների ամրապնդումն է, երկրի արտաքին հաւասարակշռութեան շուտափոյթ վերականգման եւ նրա դիմադրողականութիւնը ապահւող կառոյցների հզօրացումը։

Օրւայ մարտահրաւէրները խորապէս գիտակցելուց յետոյ անհրաժեշտ է վերադիրքաւորւել արդիւնաւէտ պայքարի համար:

Դաշնակցութեանը խանգարողներ միշտ էլ եղել են ու միշտ էլ լինելու են: Առաւել եւս հիմա, երբ օրախնդիր է ազգայինի պահպանումը՝ առաւել արտայայտւելու է հակադաշնակցական պայքարը:

Չափազանցրած չեմ լինի, եթէ ասեմ, որ ինձ յաճախ թւում է՝ մեր դէմ աշխարհն է պայքարի դուրս եկել։ Պայքարում են պետութիւններ, միջազգային կազմակերպութիւններ, քաղաքական, հասարակական միաւորումներ, զանգւածային լրատւամիջոցներ։ Շատ-շատերը, երբ փորձում են հայկական իրականութեան մէջ ինչ-որ դերակատարութիւն ունենալ, ինչ-որ այլ նպատակ հետապնդել, անպայման նախ փորձում են հարւածել Դաշնակցութեանը։

Դաշնակցութեան դէմ պայքարը շատ-շատերի համար ինքնանպատակ է, գոյութեան իմաստ։ Թւում է թէ, եթէ չլինէր Դաշնակցութիւնը, կը շարունակւէր Դաշնակցութեան դէմ պայքարը։ Այդ պայքարը ոչ մի առնչութիւն չունի Դաշնակցութեան որոշումների, կեցւածքի, մօտեցումների ու գործունէութեան հետ։ Բուն հարցը՝ Դաշնակցութեամբ մարմնաւորւած ազգային արժեհամակարգն է։

Մեր դէմ պայքարում են, քանի դեռ առկայ է մեր ազգային տեսակը, մեր գաղափարական էութիւնը, մեր արժեհամակարգը, մեր պայքարի անհաշտ ոգին։

Այդ պայքարը եղել է անցած 128 տարիներին եւ հաւատում եմ` շարունակւելու է դեռ երկար-երկար տարիներ։ Այդ պայքարը ամէն Ընհանուր ժողովի շեմին նոր թափ է առնում, բորբոքւում է, նպատակ ունենալով ազդել ժողովրդի վրայ:

Սակայն այսօր ուզում եմ նաեւ անդրադառնալ, այսպէս կոչւած, ներկուսակցական ընդդիմութեանը, որը ընդհանուր մթնոլորտից ազդւած՝ ունեցաւ պահեր ու պարագաներ, ուր մոռացւեցին մեր աւանդոյթները, մեր կարգն ու բարոյական հասկացութիւնները՝ ակամայ ջուր լցնելով այլոց ջրաղացին։

Նախ կատարեմ մի հաստատում՝ ներկուսակցական ընդդիմութիւնը նոյնքան դաշնակցական է ինչքան բոլորս ու դրանով թող մտահոգ լինեն հակադաշնակցական տարրերը եւ նւազ մտահոգ՝ անկեղծ շարքային-համակիրները։

Ապա՝ անցած երկար տարիներին ընդդէմի պայքարը հասկանալիօրէն կենտրոնացւած է եղել իմ անձի դէմ, սակայն մնացել է անպատասխան, որովհետեւ մենք մեզ թոյլ չենք տւել հակականոնագրային, մեր բարոյական, աւանդական հասկացութիւններին հակառակ պատասխանել այդ արշաւին, եւ արդիւնքում ստեղծւել է մթնոլորտ, որից մենք չենք շահում։

Ինչպէս ցանկացած շարքային-գիտակից դաշնակցական ես էլ՝ մշտապէս իմ անձը ստորադասել եմ կուսակցութեանը եւ այլ կերպ չէր էլ կարող լինել: Ուժեղ եմ եղել Դաշնակցութեամբ, խորիմաստ եմ եղել Դաշնակցութեամբ, ամուր եմ եղել Դաշնակցութեամբ: Իմ ամբողջ գործունէութիւնը եղել է կուսակցութեանը միաձուլւած, իբրեւ կուսակցութեան զինանշանի մի մասնիկ՝ յանուն Հայաստանի զինանշանի:

Այսօր յայտնւել ենք մի հանգրւանում, ուր, ինչպէս վերը նշեցի՝ վերադիրքաւորւելու անհրաժեշտութիւն կայ: Այդ վերադիրքաւորման համար անհրաժեշտ են նաեւ որոշակի փոփոխութիւններ: Եւ առաջին փոփոխութիւնը, որն առաջարկում եմ՝ ինձանից սկսելն է:

Ուստի գալիս եմ ամենայն լրջութեամբ ու պատասխանատւութեամբ, առանց դոյզն իսկ չափով նեղւածութեան յայտարարելու՝ իմ թեկնածութիւնը չեմ դնելու Բիւրոյի կազմի ընտրութիւնների ժամանակ։ Նախապէս հայցում եմ բոլոր ընկերների, որոնք վստահ եմ այս ժողովում եւ կազմակերպութեան մէջ ծանրակշիռ ներկայութիւն են, ներողամտութիւնը։

Իմ որոշումը ոչ նահանջ է, որովհետեւ չեմ հեռանում աշխատանքներից ու մեր ընդհանուր պայքարից, ոչ պարտութիւն է, որովհետեւ չեմ պարտւել, ոչ յոգնածութիւն է, որովհետեւ իրաւունք չունենք յոգնելու, այլ պարզապէս մարտավարական ճկունութիւն է ու վերջ։

Կեցցէ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը

Կեցցէ հայ ժողովուրդը

Արցախը մերն է ու վերջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։