Հա

Ազգային

17/01/2019 - 12:50

Մուրադ Փափազեան. «Դաշնակցութիւնն այն կազմակերպութիւնն է, որի կարիքն ունի հայ ժողովուրդը»

«Tert.am»-ը ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի հետ խօսել է այս օրերին Արցախում տեղի ունեցող ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում իրենց կուսակցութեան պարտւելու պատճառների եւ քաղաքական ուժի ծրագրերի մասին:

«alikonline.ir» - «Tert.am»-ը ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի հետ խօսել է այս օրերին Արցախում տեղի ունեցող ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում իրենց կուսակցութեան պարտւելու պատճառների եւ քաղաքական ուժի ծրագրերի մասին:

 

- Պարո՛ն Փափազեան, այս օրերին Արցախում տեղի է ունենում ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին մասնակցում են ՀՅԴ Բիւրոյի՝ աշխարհի 30 երկրների ներկայացուցիչներ: Ի՞նչ խորհուրդ ունէր Արցախում համաժողովն անցկացնելը:

- Պատմութեան մէջ երբեք ՀՅԴ Ընդհանուր ժողովը չէր անցկացւել Արցախում: Պատմական նախաձեռնութիւն է Արցախում ժողովն անցկացնելը: Դաշնակցութեան համար Արցախը սիմւոլ է, եւ այսօր, քանի որ կարող է փոքր-ինչ վտանգւած լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութիւնը՝ Ադրբեջանի ճնշումների պատճառով, մենք ցանկացանք յայտարարել Դաշնակցութեան զօրակցութիւնը Արցախի ժողովրդին՝ կազմակերպելով գերագոյն ժողովը Արցախում:

Արցախի ճանաչումը Դաշնակցութեան համար առաջնահերթութիւն է այսօր, ինչպէս երէկ էր, բայց այսօր առաւել շատ է: Աշխարհի բոլոր վայրերում գտնւող դաշնակցականները տարիներ շարունակ աշխատանք են տանում Արցախի համար, Դաշնակցութիւնը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին 1980-ականներին՝ իր ընկերներով, իր ջոկատներով, եւ հիմա էլ շարունակում է աշխատել Արցախի մէջ՝ մաս կազմելով Արցախի խորհրդարանին, կառավարութեանը, թիկունք կանգնելով այսօրւայ իշխանութիւններին:

Այնպէս որ բոլոր հիմքերը կային, որ այս Ընդհանուր ժողովն էլ տեղի ունենար Արցախում:

 

- Նախապէս յայտարարւել է, որ ընտրւելու է կուսակցութեան Բիւրոյի նոր կազմը: Բացի Հրանտ Մարգարեանի՝ ընտրութեանը մասնակցելուց հրաժարւելու փաստից, հետաքրքիր է, այլ փոփոխութիւններ նախատեսւո՞ւմ են:

- Յունւարի 24-ին Ընդհանուր ժողովի վերջին օրը կազմը կընտրւի: Հրանտ Մարգարեանը, ով Բիւրոյի ներկայացուցիչ է, որոշել է այլեւս Բիւրոյի մաս չկազմել եւ դա յայտարարել է իր պաշտօնական խօսքում: Դա տւեալ է, որը փոփոխելի չէ: Չեմ կարող ասել՝ այլ ինչ փոփոխութիւններ կը լինեն Բիւրոյի կազմում, 24-ին արդէն դա պարզ կը լինի:

 

- Ի՞նչ սկզբունքով են ընտրւելու Բիւրոյի ներկայացուցիչները: Ի՞նչն է կարեւորւելու:

- Այս Բիւրոն բաղկացած էր 11 հոգուց: 4-ը մաս էին կազմում հայաստանեան կազմակերպութեանը, իսկ 7 հոգի Սփիւռքի տարբեր շրջաններից էր՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Լիբանան, Իրան: Կը փորձենք նորից ճշգրտել այս շրջանների կարեւորութիւնը:

 

- Պարո՛ն Փափազեան, նախորդ տարւայ դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում ՀՅԴ-ն խորհրդարան չանցաւ: Արդեօք դա չի՞ նշանակում, որ ունէիք բացթողումներ ու խնդիրներ կուսակցութեան քաղաքականութիւնում, չէ՞ք քննարկել՝ ինչը կարող էր Ձեր ընտրողներին հիասթափեցնել:

- Տեղի ունեցած յեղափոխութիւնն ամբողջովին խառնեց Հայաստանում իրավիճակը, եւ ոչ կառավարական կուսակցութիւնները կարիք ունէին իրենց գտնել, ընտրողների հետ կապ գտնել նոր մթնոլորտում: Յստակ է, որ Նիկոլ Փաշինեանի եւ իր դաշնակից կուսակցութիւնները ջախջախիչ մեծամասնութիւն կունենային: Նրանք էին կազմակերպել յեղափոխութիւնը, եւ նորմալ էր դա:

Հիմա մենք կարիք ունենք կապ հաստատել Հայաստանի ժողովրդի հետ, մեր առաջարկները բացատրել, բացատրել նաեւ, որ Դաշնակցութիւնն այն կազմակերպութիւնն է, որի կարիքը ունի հայ ժողովուրդը․ եւ ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրապէս՝ Սփիւռքի, Արցախի եւ Ջաւախքի հայ ժողովուրդը:

Այն, որ Դաշնակցութիւնը չկարողացաւ ունենալ իր պատգամաւորները Հայաստանի խորհրդարանում, հայ ժողովրդի որոշումն է: Մենք պէտք է աշխատենք, որ ապագայում այդ որոշումը փոխւի: Պէտք է բացատրել, որ Դաշնակցութիւնը լաւագոյն կազմակերպութիւնն է հայ ժողովրդի համար՝ ներկայանալով աշխարհում՝ իր միջազգային կապերով, յաղթած պայքարներով եւ համոզենք, որ Հայաստանի ապագայի համար Դաշնակցութեան ուժը յարմարագոյն ուժն է՝ արդարութիւն հաստատելու, աղքատութեան դէմ պայքար եւ երկրի տնտեսական զարգացման համար:

Մենք պէտք է աշխատենք, որ իրավիճակը փոխւի, եւ այդ հարցում բաւականին լաւատես ենք:

 

- Կարծիք կայ, որ Սփիւռքի Դաշնակցութիւնը տարաձայնութիւններ է ունենում կուսակցութեան՝ Հայաստանի ներկայացուցիչների հետ: Արդեօք այդ կարծիքները հիմնաւո՞ր են:

- Չեմ կարող ասել՝ տարաձայնութիւններ չկան: Բնականաբար, կան դժգոհութիւններ, տարաձայնութիւններ, տարբերութիւններ, բայց դրանք այնպիսին չեն, ինչպէս ներկայացւում է: Մենք ապրում ենք 30 երկրներում, մենք 30 երկրների քաղաքացիներ ենք, եւ դա է մեր ուժը. մեր ուժը մեր տարբերութիւնների մէջ է: Ոչինչ, որ դժգոհութիւններ կան, ինչպէ՞ս չլինեն դժգոհութիւններ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի կազմակերպութեան դէմ են այդ դժգոհութիւնները: Ստեղծւած իրավիճակի համար ամբողջ կուսակցութիւնն է պատասխանատու. այս ընդհանուր ժողովը պէտք է քննարկի մանրամասնութիւնները, հաշւեկշիռ կազմի, որպէսզի աւելի լաւ արդիւնք ներկայացնենք հայ ժողովրդին:

Այս ընտրութիւնների արդիւնքը չի ներկայացնում Դաշնակցութեան ազդեցութիւնը: Մենք պէտք է ցոյց տանք ճիշտ ուղին, որ հայ ժողովուրդը հասկանայ, համոզւի, մենք պէտք է համոզւենք, որ Դաշնակցութիւնը լաւագոյն կազմակերպութիւնն է ՀՀ ապագայի համար: Անշուշտ, կան դժգոհութիւններ, եւ դա առողջ իրավիճակ է: Չենք կարող բոլորս գոհ լինել ընտրութեան արդիւնքներով:

 

- Այսօր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը բաւական ուշագրաւ յայտարարութիւն արեց։ Նրա խօսքով՝ յաջորդ ընտրութիւններին տուն էք ուղարկելու այս իշխանութիւններին եւ ստանձնելու էք երկրի ամբողջական ղեկավարման գործը: Ուժը, որ խորհրդարանում չկարողացաւ հաւաքել անցողիկ շեմը, ինչպէ՞ս է պատկերացնում հինգ տարի յետոյ երկրի կառավարման ղեկը վերցնելը:

- Ինչպէս ցանկացած այլ կուսակցութեան, այնպէս էլ Դաշնակցութեան նպատակն է դառնալ իշխանութիւն, որ այս հինգ տարիներն օգտագործի, որ ներկայացնի ժողովրդին իր ծրագրերը, իր պատգամները, իր նախաձեռնութիւնները: Դա բոլոր կուսակցութիւնների նպատակն է: Մենք էլ ունենք այդ ամբիցիան, որ այս 5 տարիների ընթացքում մեզ կը յաջողւի կապ հաստատել հայ ժողովրդի հետ:

 

- Հրանտ Մարգարեանն այսօր իր ելոյթում նաեւ քննադատեց ներկայիս իշխանութիւններին, մտահոգութիւններ յայտնեց վերջիններիս քաղաքականութեան վերաբերեալ: Դա իր անձնակա՞ն մտահոգութիւնն է, թէ՞ կուսակցութիւնը եւս ունի մտահոգութիւններ այսօրւայ իշխանութիւնների ընտրած քաղաքականութեան վերաբերեալ:

- Իհարկէ, մտահոգութիւններ կան: Պէտք է կարողանանք ցանկացած ժողովրդավարական երկրում ազատ ձեւով արտայայտել մեր մտահոգութիւնները: Հայաստանում էլ պէտք է ընդունւի ընդդիմութեան գաղափարը: Ընդդիմութիւն լինել՝ չի նշանակում երկրին դէմ լինել, ընդհակառակը, Դաշնակցութիւնը երկրի համար, Հայաստանի, Արցախի, Սփիւռքի համար է աշխատում: Պէտք է իշխանութիւնները գիտակցեն, որ շատ նորմալ է, որ իրեն քննադատում են. այս երեւոյթը պէտք է նաեւ ամրանայ հայաստանեան հասարակութեան մէջ, որովհետեւ դա առողջ երեւոյթ է:

Յարակից լուրեր

  • Մեկնարկել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը
    Մեկնարկել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը

    Օգոստոսի 22-28-ը Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում ընթանում է նախօրէին հիմնւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը:

  • ՀՄԸՄ պաշտօնական մուտքն Արցախ
    ՀՄԸՄ պաշտօնական մուտքն Արցախ

    Ինչպէս տեղեկացրել էինք, օգոստոսի 22-ին Ստեփանակերտում կայացել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի բացման արարողութիւնը:

    Բացման արարողութեանը ներկայ էին ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսեանը, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչութեան անդամներ, հիւրեր:

  • Արցախում բացւել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղը
    Արցախում բացւել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղը

    Օգոստոսի 22-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսաւորութեամբ նշւել է Հայ Մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) Արցախի մասնաճիւղի բացման արարողութիւնը: ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճիւղը թւով 111-րդն է եւ բացւել է մօտ մէկ ամիս տեւած նախապատրաստական աշխատանքներից յետոյ:

  • Խմբագրական. Ուղղակի ժողովրդավարութեամբ` հանրաքուէով
    Խմբագրական. Ուղղակի ժողովրդավարութեամբ` հանրաքուէով

    Ամուլսարը հանքարդիւնաբերական նպատակներով շահագործելու խնդիրը համատարած եւ սուր հնչեղութիւն ստացած է մեր երկրին մէջ: Տեղեկատուական բաց համակարգը բնականաբար կը նպաստէ, որ երկրի սահմանները հատուին դէպի ընդհանրապէս հայկական աշխարհ եւ հրապարակային քննարկումները շարունակուին այս առումով: 

  • ՄԱԿ-ում տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը
    ՄԱԿ-ում տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը

    ՄԱԿ-ում, որպէս պաշտօնական փաստաթուղթ, տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառւած կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերեալ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։