Հա

Ազգային

19/01/2019 - 13:00

Դաշնակցութեան միտքը, կամքն ու խիղճը. Ռոստոմին յիշելիս (Մահւան 100-ամեակի առիթով)

Եթէ դժւար է պատկերացնել հայ ժողովրդի ազգային-ազատագրական, յեղափոխական պայքարն առանց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, ապա Հայ Յեղափոխական Դաշնակցութեանն անհնար է պատկերացնել առանց Ստեփան Զօրեանի, նոյն ինքը՝ Ռոստոմի:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Եթէ դժւար է պատկերացնել հայ ժողովրդի ազգային-ազատագրական, յեղափոխական պայքարն առանց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, ապա Հայ Յեղափոխական Դաշնակցութեանն անհնար է պատկերացնել առանց Ստեփան Զօրեանի, նոյն ինքը՝ Ռոստոմի:

1867 թւականին յունւարի 18-ին Գողթան գաւառի Ցղնա գիւղում ծնւած Ռոստոմը հէնց դպրոցական տարիքից ներգրաււում է ժամանակի ազգային-հասարակական կեանքում, ապագայում՝ ուսանողական տարիներին դառնալով համառուսական յեղափոխական շարժման ամենաակտիւ մասնակիցներից մէկը, յայտնւելով ցարական ոստիկանութեան ուշադրութեան կենտրոնում:

Նա մի քանի անգամ ձերբակալւում է ուսանողական ցոյցեր կազմակերպելու, հրահրելու եւ դրանց մասնակցելու մեղադրանքով: Սակայն դրանք երիտասարդ Ստեփանի ընկրկման պատճառը չեն դառնում: Նա արդէն ընտրել էր յեղափոխական իր ուղին եւ մտադիր չէր հրաժարւել դրանից:

1889 թւականին Մոսկւայում ուսանողական ցոյցեր կազմակերպելու մեղադրանքով, Ռոստոմը ձերբակալւում եւ աքսորւում է հայրենի Գողթն գաւառ:

Այս աքսորը ճակատագրական է դառնում նրա համար: Ռոստոմը չի կարողանում մասնակցել 1890 թւականի ամռանը Թիֆլիսում ընթացող ՀՅԴ հիմնադիր ժողովներին:

Այդուհանդերձ նրա անունը յիրաւի ներառւած է Դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան մէջ, եւ դա պայմանաւորւած է այն հսկայական աւանդով, որ Ռոստոմն ունեցել է ՀՅԴ կազմաւորման, նրա գաղափարախօսութեան ձեւաւորման, եւ կուսակցութեան գործունէութեան աշխարհագրութեան ընդլայնման, տարածման ինչպէս նաեւ ամրապնդման գործում:

Այս կապակցութեամբ բաւական է նշենք մի քանի փաստ.

Ա- Իր անւան համար Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մեծապէս պարտական է Ռոստոմին: Հիմնադիր ժողովում ռուսական «ՌՈՒՍ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ» յեղափոխական կազմակերպութեան օրինակով, նորաստեղծ կուսակցութիւնը կոչւում է ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ: 1892 թւականին, ելնելով առկայ քաղաքական իրականութիւնից, Ռոստոմի առաջարկով սրփագրում է այն, դարձնելով ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ:

Բ- Ռոստոն է նաեւ ՀՅԴ զինանշանի ստեղծողը, որը մինչ օրս պահպանւել է նոյնութեամբ:

Այս երկու փաստերը թերեւս երկրորդական են այն ահռելի ներդրման համեմատութեամբ, որ Ռոստոմն ունեցլ է Դաշնակցութեան գաղափարախօսութեան եւ աշխարհայեացքի ձեւաւորման գործում:

1892 թւականին, ՀՅԴ առաջին Ընդհանուր ժողովի նախօրէին, Ռոստոմն է կազմում կուսակցութեան առջին ծրագիրը, նոյն ինքը՝ «Ընդհանուր տեսութիւնը», որը ժողովից առաջ արժանանալով նաեւ Քրիտսափոր Միքայէլեանի եւ Սիմոն Զաւարեանի հաւանութեանը, ընդունւում է ժողովի կողմից եւ դառնում ՀՅԴ հետագայ բոլոր ծրագրերի առանցքն ու հիմնաքարը:

Հ. Յ. Դաշնակցութիւնն իր գաղափարախօսութեան ընկերվարական սկզբունքի համար մեծապէս պարտական է հէնց Ռոստոմին: Արեւմտեան Հայաստանի ազատագրման, արեւմտահայոց դատի պաշտպման կողքին, հիմնականում Ռոստոմի ջանքերով է, որ ընկերվարութիւնն ամրագրւում է ՀՅԴ ծրագրում եւ դրա միջոցով հայութեան սոցիալական ամբողջական ազատագրման հասնելու գաղափարը դառնում ծրագրի հիմնական նպատակներից մէկը:

Սրանից բացի, Դաշնակցութիւնն իր երկաթէ կարգապահութեան համար նոյնպէս մեծապէս պարտական է Ռոստոմին:

Նրա համար կուսակցական յանձնարարութեան կատարումը սրբոց սրբութիւնն էր: Դրա համար նա պահպանում էր երկաթեայ կարգապահութիւն եւ խստապանջօրէն նոյնն էր պահանջում նաեւ ուրիշներից: Ինչպէս ինքն է ասել՝ նրա համար չկային կարեւոր ու անկարեւոր, մեծ ու փոքր, առաջնային կամ երկրորդական գործեր, կային միայն գործեր, որոնք պէտք է կատարւէին: Իզուր չէ, որ նրան համարում են ՀՅԴ կամքը:

Կարծում ենք, թէ վերը նշւած փաստերից մէկն ընդամենը կը բաւարար որեւէ անձի անունը պատմութեան մէջ յաւերժացնելու համար: Ռոստոմն այս բոլորն ունէր մէկտեղ, միաժամանակ:

Իհարկէ այս բոլորը Ռոստոմի բեղմնաւոր գործունէութեան փոքրիկ հատւածն է միայն, խիստ նեղ՝ ներկուսակցականը:

Յեղափոխական գործի արդիւնաւորման համար, նա կարեւորել է լուսաւոր եւ կիրթ երիտասարդութեան գործօնը: Այս իսկ պատճառով, ուր էլ որ եղել է նա, Թաւրիզ, Կարին կամ Ֆիլիպէ (Բուլղարիա) զբաղւել է ուսուցչութեամբ՝ մատաղ սերնդին կրթելու սուրբ գործով:

1903-1905 թթ.-ին նա նախ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմեան Հայրիկի հետ ղեկավարեց ցարական կառավարութեան դէմ պայքարը՝ Հայ Առաքելական Եկեղեցու ունեցւածքի բռնագրաւման եւ հայկական դպրոցները փակելու դէմ, իսկ յետոյ, հայ-թաթարական կռիւների ժամանակ ստանձնեց հայոց ինքնապաշտպանութեան ընդհանուր ղեկավարումը:

Ռոստոմը հաւատացած էր, որ հայ ժողովրդի ամբողջական ազատագրումը հնարաւոր է միայն, երբ շրջապատի միւս ժողովրդները եւս կապրեն ազատ եւ արդար պայմաններում: Հէնց այդ պատճառով էլ, նա ապահովեց ՀՅԴ ակտիւ գործակցութիւն բալկան յեղափոխականների հետ, իսկ աւելի ուշ, նաեւ կուսակցութեան մասնակցութիւնը՝ Իրանի սահմանադրական յեղափոխութեանը:

1914 թւականին, Առաջին աշխարհամարտի մեկնարկից յետոյ, Ռոստոմը դարձաւ հայոց կամաւորական գնդերի ձեւաւորման եւ ղեկավարման առանցքն ու ոգին:

1918 թւականին նա զէնքը ձեռքին կռւում էր Բաքւի պաշտպանների կողքին եւ միայն քաղաքի անկումից յետոյ էր, որ հեռացաւ Բաքւից եւ տեղափոխւեց Թիֆլիս:

Հայաստանի Հանրապետութեան հռչակումից յետոյ, Ռոստոմը Թիֆլիսից հետեւում էր նորանկախ Հայաստանում կառավարութեան ձեւաւորման գործին, հետեւում էր Ռուսաստանի զարգացումներին եւ, միեւնոյն ժամանակ, օգտագործելով իր կապերը Վրաստանում իշխանութեան եկած վրայ մենշեւիկների հետ, ինչպէս նաեւ նրանց մօտ իր բացառիկ հեղինակութիւնը, ամէն ինչ անում էր կարգաւորելու եւ ամրապնդելու հայ-վրացական յարաբերութիւնները, որոնք կենսական նշանակութիւն ունէին նորանկախ Հայաստանի համար:

Ռոստոմի կեանքի հաւատամքն էր. «Յեղափոխութիւնը նախ գործ է, յետոյ՝ գաղափար, սա է ճշմարտութիւնը: Աւելի ճիշտ՝ յեղափոխութիւնը գործ է գաղափարի համար»:

Իր ողջ գիտակցական կեանքը Ռոստոմն ապրեց հաւատարիմ այս հաւատամքին:

Նա ապրեց ու գործեց հէնց այդպէս. անուշադիր սեփական առողջութեանն ու կենցաղին: Ռոստոմը հիւանդ էր թոքախտով, ինչն էլ երկար տարիներ հիւծում էր նրա առողջութիւն: 1919 թւականի յունւարին նա վարակւեց Թիֆլիսում եւ Երեւանում մոլեգնող բծաւոր տի‎ֆով: Նրա յոգնած մարմինն ու հիւծւած առողջութիւնն այլեւս ի վիճակի չէին դիմանալու ծանր հիւանդութեանը: Ռոստոմը մահացաւ 1919 թւականի յունւարի 18-ի՝ լոյս 19-ի գիշերն իր ծննդեան 52-ամեակին: Նրա մահը մեծ կորուստ էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, նորանկախ Հայաստանի եւ ողջ հայութեան համար:

Ռոստոմի ամենաամբողջական եւ կատարեալ բնութագիրը երեւի թէ տւել է Սիմոն Վրացեանը. «Եթէ Քրիստոսը եղաւ Հ. Յ. Դաշնակցութեան միտքն ու կամքը, եւ Զաւարեանը նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը ե՛ւ միտքն էր, ե՛ւ կամքն ու խիղճի՝ Դաշնակցութիւնը ինքն իր բովանդակ էութեամբ»:‎‎‎

Յարակից լուրեր

  • Յովհաննէս Թումանեանի յուշերը Ռոստոմի մասին
    Յովհաննէս Թումանեանի յուշերը Ռոստոմի մասին

    1883 թւականին էր:

    Ինձ մեր գիւղից Թիֆլիս էին բերել Ներսիսեան դպրոցը տալու: Պէտք է ապրէի մօրս կողմից իմ ազգական Բաղդասար քեռու, կամ ինչպէս մենք էինք ասում, Բաղդի քեռու տանը:

  • Վերարժեւորելու եւ հանրահռչակելու պահը (Փետրւարի 18-ի առիթով)
    Վերարժեւորելու եւ հանրահռչակելու պահը (Փետրւարի 18-ի առիթով)

    Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը դարձաւ 98 տարեկան:

  • Արամը՝ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայրը
    Արամը՝ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայրը

    100 տարի առաջ, ճիշտ այս օրը՝ 1919 թւականի յունւարի 29-ին մահացաւ 20-րդ դարի հայ քաղաքական մտքի ամենավառ ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետութեան փաստացի հիմնադիրը՝ Արամ Մանուկեանը:

  • Ռոստոմ եւ Արամ
    Ռոստոմ եւ Արամ

    Տարբեր սերունդի եւ տարբեր տարիքի մարդիկ, բայց մեր այս երկու թանկագին ընկերները ո՜րքան կը նմանէին իրարու շատ մը տեսակէտներով:

    Ամենէն առաջ՝ իբրեւ սերմանացան: Ուսուցիչ՝ երկուքն ալ, իրենց տքնութիւնը խոր հետքեր կը ձգէր նոյնիսկ այս տարրական եւ խաղաղ ասպարէզին մէջ: Կը յիշենք Ռոստոմը, երբ թւաբանութեան դաս կուտար 8-10 տարեկան մանուկներու, ի հարկին ամբողջ դասաժամը յատկացնելով միայն մէկ դանդաղամիտ աշակերտի դասը սորվեցնելու:

  • Ռոստոմ. Հայ Ժողովրդի ամբողջական ազատագրութեան առաքեալը
    Ռոստոմ. Հայ Ժողովրդի ամբողջական ազատագրութեան առաքեալը

    Յու­նո­ւար 19-ի կը լրա­նայ մա­հո­ւան հա­րիւ­րա­մեա­կը մեր ժո­ղո­վուր­դի բա­ցա­ռիկ ծնունդ­նե­րու հա­մաս­տե­ղու­թեան մէջ ան­մա­հա­ցած հայ մեծ ՅԵՂԱՓՈԽԱԿԱ­Ն-ին՝ ՌՈՍՏՈ­Մի, որ իր պայ­ծառ ու խրոխտ ճա­կա­տով եւ խո­հա­կա­նու­թեամբ ու խստա­պա­հան­ջու­թեամբ կի­տո­ւած յօն­քե­րով՝ հու­նա­ւո­րեց ու­ղին հա­յու­թեան ազ­գա­յին ա­զա­տագ­րու­թեան ա­րիւ­նոտ, այ­լեւ անձ­նո­ւէր պայ­քա­րին՝ մեր սե­րունդ­նե­րուն կտա­կե­լով Ազ­գի եւ ­Հայ­րե­նի­քի ամ­բող­ջա­կան ու լիար­ժէք ա­զա­տու­թեան մե­ծա­գոյն տես­լա­կա­նը, ա­նոր ձեռք­բեր­ման հա­մար գե­րա­գոյն զո­հա­բե­րու­թեան պատ­րաստ գտնո­ւե­լու իր կեն­դա­նի եւ ա­ռաջ­նոր­դող օ­րի­նա­կը վա­րա­կիչ դարձ­նե­լով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։