Հա

Ազգային

05/02/2019 - 11:10

ՀՅԴ-ն չի հրաժարւում իր քաղաքական պատասխանատւութիւնից

ՀՅԴ-ն չի հրաժարւում իր քաղաքական պատասխանատւութիւնից, յատկապէս այն ոլորտների հետ կապւած, որոնք ղեկավարել է։ «Tert.am»-ի հետ զրոցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը: Միեւնոյն ժամանակ նա գտնում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա ունենալն անգամ չի կարող ժխտել, որ Դաշնակցութիւնը պահել է իր իւրայատկութիւնը, պահել է այնքան, որ այսօրւայ իշխանութիւնները գնահատեն ու նշեն, որ մենք ՀՀԿ-ի ու միւսների նման չենք։ 

«alikonline.ir» - ՀՅԴ-ն չի հրաժարւում իր քաղաքական պատասխանատւութիւնից, յատկապէս այն ոլորտների հետ կապւած, որոնք ղեկավարել է։ «Tert.am»-ի հետ զրոցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը: Միեւնոյն ժամանակ նա գտնում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա ունենալն անգամ չի կարող ժխտել, որ Դաշնակցութիւնը պահել է իր իւրայատկութիւնը, պահել է այնքան, որ այսօրւայ իշխանութիւնները գնահատեն ու նշեն, որ մենք ՀՀԿ-ի ու միւսների նման չենք։ Նա յաւելեց, որ իրենք վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ որեւէ խնդիր ու խոչընդոտ չունեն՝ յատկապէս ազգային խնդիրները լուծելու հարցում:

 

- Պարոն Տէր-Խաչատուրեան, սկսենք Ձեր՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընտրւելուց։ Տեսակէտ կայ, որ 18 տարի ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը փոխարինւեց, որպէսզի ՀՅԴ-ն ռեբրենդինգ անի՝ կրկին վերարժեւորելով կուսակցութիւնը, հաշւի առնելով, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխւել, իսկ ՀՅԴ-ն հեռացւած իշխանութեան հետ սերտ համագործակցել է։

- Ես մէկ բան ասեմ, որ իսկապէս հաւատում եմ սրան․ ամէն անգամ, երբ Ընդհանուր ժողով է տեղի ունենում, ասում ենք, որ մենք ցանկանում ենք տալ նոր սկիզբ, նոր գաղափարներ, այժմէականացման խնդիրներ ենք առաջ քաշում, երիտասարդութեան ներգրաւում եւ այլն։ Այս ժողովն էլ բացառութիւն չէր, քանի որ կրկին ասացինք, որ ցանկանում ենք դասեր քաղել անցեալից, մեր փորձառութիւնից, որովհետեւ ամենակարեւոր բանն այն է, որ պէտք է սովորես։ Մենք հասկացանք, որ կա՛մ Դաշնակցութեան խօսքը պէտք եղած ձեւով չեն կարողացել հասցնել ժողովրդին, այսինքն՝ իրականութեան մէջ միջոցի խնդիր է, կա՛մ այն է, որ կան հիմնական հարցեր, որոնք այս Բիւրոն պէտք է վերանայի։ Սակայն այդ վերանայումը ենթադրում է Ընդհանուր ժողովի համատեքստում, այսինքն՝ Ընդհանուր ժողովի որոշումները պարտադիր են բոլորի, այդ թւում՝ Բիւրոյի համար, այսինքն՝ այս առումով հիմնական հարցերի հետ քայլ չի կարող լինել, իսկ այդ հարցերն են ընկերատնտեսական ուղղւածութիւնը, Արցախի հիմնահարցը, մեր ՀՀ-ի ապագայի մասին պատկերացում՝ ազատ, անկախ ու միասնական Հայաստանը։ Եթէ այս դրոյթներին հակասող որեւէ դրոյթ կը լինի մեզ համար, ապա կը մնայ անընդունելի։ Բայց այն, որ կարող են մտցնել որոշ փոփոխութիւններ միջոցի, ձեւի, ժամկէտների առումով, մենք կարող ենք փոխել, լսել նաեւ մեզ համակիր կամ հակադիր մարդկանց։

 

- Այսինքն՝ համակարծիք չէ՞ք, որ ՀՅԴ-ն այս տարիների ընթացքում վարկանիշի կորուստ է ունեցել, ինչի մասին խօսում է նաեւ այն, որ 1999 թ.-ից յետոյ առաջին անգամ է, որ ՀՅԴ-ն չի յայտնւում խորհրդարանում։

- Համակարծիք չեմ։ Բանն այն է, որ անցնող 8-9 ամիսներին Հայաստանը բոլորովին տարբեր իրավիճակներում էր, եւ ընդհանուր էյֆորիան, որը գոյութիւն ունէր, բոլորի հեղինակութեան վրայ ազդել է։ Կար մի շարժում, որը սկսւեց անձի մերժումով եւ վերջացաւ ընդհանուր փոփոխութիւնների պահանջով։ Այս համատեքստում կասկած չկար, որ այս շարժումն իրականացրած ուժը պէտք է ջախջախիչ մեծամասնութիւն ունենար, իսկ շատ ուժեր, որոնք դարձան ընդդիմադիր, այդ թւում նաեւ Դաշնակցութիւնը, չանցան խորհրդարան։ Տոկոսային առումով բոլորս էլ պիտի փափագէինք, որ աւելին լինէր, բայց մենք նման դէպքեր ապրել ենք։ Վերջիվերջոյ, անկախութեան առաջին տարիներին, երբ մենք նախագահի թեկնածու ունեցանք, 4 տոկոս էինք հաւաքել։ Այո, վայրիվերումներ տեղի են ունենում, բայց դա քաղաքական պայմանների արդիւնք է։

 

- Դուք եւ ձեր կուսակիցները յայտարարել էք, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ լարւածութիւն չկայ, աւելին՝ կարող էք համագործակցել։ Փաշինեանի՝ ՀՅԴ-ին ուղւած ուղե՞րձն է ՀՅԴ – Փաշինեան յարաբերութիւնները կարգաւորել։

- Այո՛, պրն․ Փաշինեանի հետ որեւէ խնդիր ու խոչընդոտ չունենք՝ յատկապէս ազգային խնդիրները լուծելու հարցում։ Ըստ մեր ունեցած գաղափարական սկզբունքների ենք հարաբերակցւելու։ Վարչապետի հետ կառուցողական մթնոլորտում ենք շփւում, լաւատեսօրէն եմ տրամադրւած։

 

- Վարչապետը, խօսելով նախկին իշխանութիւնների մասին, շատ անգամ օգտագործում է «յանցաւոր ռեժիմ» որակումը։ Ձեզ մօտ դիսկոմֆորտ չի՞ առաջանում Փաշինեանի հետ զրոյցում, քաղաքական քննարկումներում, որ Դուք նախկինում ՀՀԿ-ի հետ կոալիցիոն յուշագիր էք ունեցել, կառավարութեան մաս էք կազմել, իսկ ձեր պատգամաւորներն ու նախարարները յայտարարել են, որ ՀՀԿ-ի հետ կիսում են քաղաքական պատասխանատւութիւնը։

- Ոչ միայն մենք, այլեւ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ ինքը շատ լաւ տարբերակում է Դաշնակցութեան ու Հանրապետականի դերը։ Նաեւ իր ուղերձում էր նշել, որ ինքը յատուկ ու բարձր է գնահատում ՀՅԴ-ի դերն ու քաղաքական ճանապարհը։ Ինքն էլ ասում է, մենք էլ համակարծիք են, որ ՀՅԴ-ն ունեցել է իր իւրայատուկ մօտեցումները։ Այո՛, գործակցել ենք իշխանութեան հետ, երբ կարողացել ենք որոշ պայմանաւորւածութիւն ձեռք բերել մեր առաջարկած 7 կէտերի շուրջ։ Յատկանշական է այն, որ վերջին 10-15 տարիները, որոնց մասին նշում էք, նոյն կոալիցիոն յուշագիրն ունեցել է նաեւ ԲՀԿ-ն։ Չգիտեմ՝ ինչու այս մասին չեն հարցնում Գագիկ Ծառուկեանին, որովհետեւ վերջիվերջոյ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ երկխօսութեան է պատրաստ նաեւ ԲՀԿ-ի հետ, այդպէս էր նաեւ նախընտրական շրջանում։ Անշուշտ, ՀՅԴ-ն իր պատասխանատւութեան բաժինն ունի, յատկապէս այն ոլորտների, որոնց պատասխնատւութիւնը ստանձնել ենք։ Սակայն սա չի հերքում իրողութիւնը, որ Դաշնակցութիւնը չի պահել իր իւրայատկութիւնը, պահել է այնքան, որ այսօրւայ իշխանութիւնները գնահատեն ու նշեն, որ մենք ՀՀԿ-ի ու միւսների նման չենք։

 

- Դաշնակցութիւնն այն կուսակցութիւններից է, որն իրեն համարում է կայացած՝ նկատելով, որ այն քչերից է, որոնք ունենք գաղափարական հէնք։ Այդ դէպքում ինչպէ՞ս սոցիալիզմի գաղափարախօսութիւն ունեցող կուսակցութիւնը կոալիցիոն յուշագիր ստորագրեց պահպանողական ՀՀԿ-ի հետ։

- Մենք մեր նախկին դասերից սովորել ենք, որ մենք այլեւս որեւէ գունաւորման՝ ձախ, աջ, թէ այլ իշխանութեան հետ կոալիցիա չենք կազմի, եթէ մենք վճռորոշ դեր չունենանք։ Այսինքն՝ առնւազն պէտք է լինի իրավիճակ, որ խորհրդարանում մեծամասնութիւնը լինի 48 տոկոս, իսկ 10 տոկոս լինի ՀՅԴ-ն, եւ 2-ը միասին ստիպւած լինեն համագործակցել, որ խորհրդարանը մեծամասնութիւն ունենայ։ Եթէ ոչ, ապա չի կրկնւի այն, ինչ եղել է անցեալում։ Բայց մի բան ասեմ՝ համաշխարհային փորձառութեան մէջ շատ կան դէպքեր, որ աջ ու ձախ ուժերն իրար հետ համագործակցել են, օրինակ՝ Իսրայէլը, որի կառավարութիւնը մի քանի թեւից է բաղկացած՝ աջակողմեայ, ձախակողմեայ, ծայրայեղ կրօնական։ Այս բոլոր կուսակցութիւններին համախմբում է պետական եւ համազգային շահը, թէպետ տեղ-տեղ կարող են իրար հետ չհամաձայնել։ Մենք նեոլիբերալ չենք, եթէ «Իմ քայլը» խմբակցութեան հիմնական հատւածն աջ է, չի կարելի ստեղծել միջավայր, թէ չպէտք է համագործակցենք միմեանց հետ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։