Հա

Ազգային

06/02/2019 - 09:40

«Մեզ համար ահաւոր ու անտանելի է պատկերացնել, որ հայեր սպանւեն ֆրանսիական զինամթերքով». ՀՅԴ Բիւրոյի անդամը` Մակրոնին

Փետրւարի 5-ի երեկոյեան Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհուրդը կազմակերպել էր ֆրանսահայ համայնքի ամենամեայ ընթրիք, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, կրթութեան նախարարը, Փարիզի քաղաքապետը, Սենատի անդամներ, բարձրաստիճան այրեր եւ յայտնի մարդիկ:

 

«alikonline.ir» - Փետրւարի 5-ի երեկոյեան Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհուրդը կազմակերպել էր ֆրանսահայ համայնքի ամենամեայ ընթրիք, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, կրթութեան նախարարը, Փարիզի քաղաքապետը, Սենատի անդամներ, բարձրաստիճան այրեր եւ յայտնի մարդիկ:

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը «Yerkir.am»-ի հետ զրոյցում տեղեկացրեց, որ ընթրիքին հրաւիրւած են եղել նաեւ հայկական բոլոր կազմակերպութիւնները, ազգային ու կրօնական այլ համայնքների ներկայացուցիչներ, տարբեր երկրների դեսպաններ՝ շուրջ 480 մարդ:

ՀՅԴ Բիւրոյի անդամի բնորոշմամբ` հայ համայնքի ամենամեայ ընթրիքը շատ մեծ քաղաքական «ժամադրութիւն» է, որի ընթացքում կարողանում են բոլորին փոխանցել իրենց քաղաքական պատգամը:

Մուրադ Փափազեանը, ելոյթ ունենալով, ասել է.

«Մեծարգո՛յ պարոն նախագահ, մեծայա՛րգ տիկին քաղաքապետ, մեծայա՛րգ խորհրդարանականներ, մեծայա՛րգ դեսպաններ, գերաշնորհ հոգեւորականներ

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի անունից սրտագին շնորհակալութիւն եմ յայտնում ձեզ՝  մեր տարեկան ընթրիքի երեկոյին ձեր ներկայութեան համար: Այո, սրտագին, որովհետեւ հայ ժողովրդի ու Ֆրանսիայի միջեւ գոյութիւն ունեցող դարաւոր կապը հոգեկան է` ե՛ւ հաւատարմութիւն,  ե՛ւ վստահութիւն, ե՛ւ յարգանք: Այս երեկոն բնորոշւում է մեր փոխադարձ անկեղծութեամբ, որն արտայայտում ենք ամենայն անկաշկանդւածութեամբ, որովհետեւ այստեղ ենք գտնւում բարեկամական շրջանակի մէջ, ուր, հետեւաբար, հարցերը պէտք է ներկայացւեն իրենց անկեղծութեան մէջ:  Նախորդ բանախօսի խօսքին ցանկանում եմ յաւելել 3 կէտ:

Առաջինն առնչւում է 2018 թ. նոյեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի  այցելութեանը Փարիզ: Արդարեւ, ինչպէ՞ս կարելի է Առաջին աշխարհամարտի 100-ամեակի առիթով այդ նախագահը յարգանքով հիւրընկալւի Փարիզում: Նախագահ, որը Թուրքիան լրագրողների համար վերածել է աշխարհի մեծագոյն բանտի, ուր բանտարկւած են հազարաւոր ընդդիմադիրներ, ակադեմիականներ ու տարբեր պաշտօնատարներ: Այս ընդունելութեանն ի տես, ֆրանսահայութիւնը ապրեց մեծ յուսախաբութիւն եւ հիասթափութիւն, մանաւանդ, որ Հայոց Ցեղասպանութիւնն իրականացւել է նոյն  Առաջին աշխարհամարտի ժամանակ: Ուստի, այո՛, այս անընդունելի այցը խստիւ ու արդարօրէն մերժեցինք, դատապարտեցինք` յանուն այն արժէքների, որոնք դասաւանդել ու փոխանցել են մեզ Ֆրանսիայում, ֆրանսիական պետական դպրոցներում՝ ի կատար  ֆրանսիական լուսաւորութեան համամարդկային արժէքների ու չափանիշների:

Այս սրահում անխտիր բոլորս բաժանում ենք ազատութեան եւ ժողովրդավարութեան արժէքները, մարդկային իրաւունքների յարգումը եւ ազգերի ու ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը: Եւ այս արժէչափերով եւ սկզբունքներով է, հետեւաբար, որ մենք պաշտպանում ու զօրակցում ենք Արցախի հայութեանը: Որովհետեւ 1988-ին ծաւալւած ժողովրդավար արդար շարժմանը Ադրբեջանը հակազդեց պատերազմով, սպանդով, հազարաւոր զոհերով, բռնագաղթով: Սպանդ եւ պատերազմ էր 1988, 1989, 1990 թւականներին, եւ դեռ պատերազմ է մինչեւ այսօր, փաստ` 2016-ի քառօրեայ ատերազմը: Ու մինչև այսօր Բաքուն շարունակում է հազարաւոր անգամ խախտել զինադադարը: Արդ, պարո՛ն նախագահ, ի՞նչ կարող ենք անել մենք,  բացի զօրավիգ կանգնելուց  անընդհատ յարձակման ենթակայ մեր ժողովրդին, որն ուզում է  ազատ ու խաղաղ ապրել պապենական իր հողի վրայ: Ի՞նչ կարող ենք անել, բացի զօրակցելուց  արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի պահանջին: Եւ այստեղ հասնում եմ երկրորդ շեշտադրմանս: Ի՞նչ պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն աշխարհի միակ հակամարտութիւնը պիտի շարունակի մնալ, ուր հիմնական կողմերից մէկը բացակայ է բանակցութիւնների սեղանից: Ինչո՞ւ: Այլ հակամարտութիւնների պարագայում` Հարաւային Օսիա, Աբխազիա, Կոսովօ, Պաղեստին, խնդրոյ առարկայ բոլոր կողմերը ներկայ են բանակցութիւնների սեղանի շուրջը: Ուրեմն ինչո՞ւ վարել վանողական այս դիւանագիտութիւնը, մանաւանդ, որ տասնամեակներ ի վեր այն ապացուցեց  իր ապարդիւնութիւնը:

Պարո՛ն նախագահ, գնահատանքով ընկալեցինք մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետին շնորհաւորական ձեր ուղերձում այն կոչը, թէ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը պէտք է գտնի արդար լուծում: Ի՞նչ կարող ենք հասկանալ` «արդար լուծում» ասելով, պարո՛ն նախագահ:

Պարո՛ն նախագահ, մէկ տարի առաջ Ձեզ հրաւիրեցինք Լեռնային Ղարաբաղ, որը մենք անւանում ենք պատմական բուն իր անունով` Արցախ: Շատ քաղաքավարի այն կանխեցիք` հիմնաւորելով, թէ Ֆրանսիան հակամարտութեան լուծման մէջ, իբրեւ Մինսկի խմբի եռանախագահ, ունի կարեւոր պատասխանատւութիւն, հետեւաբար` պէտք է խիստ ուշադիր լինի չեզոքութեան հանգամանքին: Յանուն խաղաղութեան` չեզոքութիւնը չի ենթադրում նաեւ զենքի, հրթիռի ու ռազմական այլ տեսակի հաւաքածուների վաճառքի արգելումը հակամարտող կողմերից մէկին: Պարո՛ն նախագահ, մեզ համար ահաւոր ու անտանելի է պատկերացնել, որ հայեր սպանւեն ֆրանսիական զինամթերքով: Եւ այստեղ հաւաքաբար յոյս ունենք, որ Ձեզ համար եւս անտանելի կը լինի նման բան:

Այժմ 3-րդ կէտը. ներկայիս նրբանկատ կացութեան մէջ մենք կարիքն ունենք մեր բոլոր բարեկամների: Ղարաբաղի հարցը մեր առաջնահերթութիւնն է: Հետեւաբար, կոչով դիմում ենք ազատութեան եւ ժողովրդավարութըան մեր բոլոր բարեկամներին` այցելել Ղարաբաղ` զօրակցելու մի ժողովրդի, որը դեռեւս 2019 թւականին դիմագրաւում է լուրջ վտանգներ: Այցելել այնտեղ` նշանակում է շունչ ներարկել տեղի բնակչութեանը, որի կարիքն այն ունի: Այցելել այնտեղ` նշանակում է խրախուսել  այն կանանց  ու երեխաներին, այն մարդկանց, որոնք պահանջում են խաղաղ կեանք իրենց գիւղերում, ծննդավայրերում, իրենց պապենական հարազատ հողի վրայ:

Նրանք ունեն այդ իրաւունքը: Ուրեմն, այո՛, վստահաբար Դուք էլ կը յայտնւէք Ադրբեջանի սեւ ցուցակում, որում արդէն կան բազմաթիւ խորհրդարանականներ, որոնք գիտակցաբար եւ քաջաբար այցելել են Արցախ, եւ որոնց ցանկանում եմ մէկ անգամ եւս յայտնել  մեր խորին երախտագիտութիւնը, յանձինս  Պատրիկ Դեւեջեանի, Ֆրանսուա, Ռոշբլուանի, Ռընէ Ռուքէի, Բրիւնո լը Ռուի, Վալերի Բուայէի, Լիւք Քարւունասի, Ֆրանսուա Փուփոնիի, Ժան-Մարկ Ժերմէնի,  Ժան Լոնէի, Նատալի Նիելսոնի, Ֆրանսուազ  Դիւմայի...

Կոչով դիմում ենք նաեւ Ֆրանսիայի քաղաքներին, գաւառներին եւ շրջաններին, որ բազմապատկեն բարեկամութեան յուշագրերի կնքումը Արցախի համապատասխան քաղաքների հետ, որպէսզի ոչ թէ նեղ կացութեան մատնեն ֆրանսիական դիւանագիտութիւնը, այլ զօրացնեն»:

Ելոյթ է ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը: Նրա խօսքով` Ֆրանսիան 1915 թւականից ի վեր Ցեղասպանութիւնը բնորոշում է որպէս յանցագործութիւն մարդկութեան ու քաղաքակրթութեան դէմ, ընդ որում` 2001 թւականից երկարատեւ պայքարի շնորհիւ այդպիսին է ճանաչւել արդէն օրէնքով: Մակրոնը յայտարարել է, որ Հայոց Ցեղասպանութեան յիշատակը պէտք է յարգւի նաեւ Ֆրանսիայում, եւ ինքն էլ  կը պայքարի ժխտման ցանկացած դրսեւորման դէմ, որն «անարգում է զոհերի յիշատակն ու ողջերի արժանապատւութիւնը»:

«Միայն մէկ պետութեան ղեկավար՝ Թուրքիայի նախագահը, չի կիսում Ֆրանսիայի տեսակէտն ու մեր արժէքները տւեալ համատեքստում», - նշել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռեւս ամբողջ թուրք ժողովուրդը չէ, եւ իր` որպէս Ֆրանսիայի նախագահի պատասխանատւութիւնն է երկխօսութեան հրաւիրել Թուրքիայի նախագահին:

Մակրոնը մէկ անգամ եւս յայտարարել է, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում  հռչակւելու է  որպէս Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։