Հա

Ազգային

12/02/2019 - 11:40

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը կառավարութեան ծրագրի եւ կառուցւածքի վերաբերեալ

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով կառավարութիւնը կազմաւորւեց Սահմանադրութեան եւ օրէնքի կամայական մեկնաբանութեամբ` հիմք ընդունելով առաջիկայում իրականացւելիք կառուցւածքային փոփոխութիւնների մտադրութիւնը, իսկ իրականում մի շարք նախարարութիւնների գործունէութեան չհիմնաւորւած (սպասւելիք) դադարեցումը:

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով կառավարութիւնը կազմաւորւեց Սահմանադրութեան եւ օրէնքի կամայական մեկնաբանութեամբ` հիմք ընդունելով առաջիկայում իրականացւելիք կառուցւածքային փոփոխութիւնների մտադրութիւնը, իսկ իրականում մի շարք նախարարութիւնների գործունէութեան չհիմնաւորւած (սպասւելիք) դադարեցումը:

Հակառակ իշխող ուժի հնչեցրած մօտեցումներին եւ յանձնառութիւններին՝ կառավարութեան ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարութեանը, մամուլի եւ խօսքի ազատութեանը, ընտրական համակարգին, սուպերվարչապետութեան վերացմանը: Մի կողմից անտեսւել են խոստացւած բարեփոխումները, միւս կողմից՝ փորձ է արւում կառավարութիւնը փոխարինել վարչապետով` գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազօրութիւնները, ինչը կարող է վտանգել երկրի  ժողովրդավարական զարգացման հեռանկարը:

Ծրագիրը բաւարար անդրադարձ չի կատարել ազգային անվտանգութեան ապահովմանը, այդ թւում՝ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական անվտանգութեան երաշխաւորման մեխանիզմներին:

Բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման եւ Սփիւռքի հետ կապերի ոլորտներում:

Նեոլիբերալ գաղափարախօսութիւնից բխող, կրաւորական սոցիալ-տնտեսական քաղաքականութիւնը, հակասելով Սահմանադրութեամբ ամրագրւած սոցիալական շուկայական տնտեսակարգին, չի կարող Հայաստանում անհրաժեշտ տնտեսական զարգացում եւ սոցիալական արդարութիւն ապահովել: Ազգային արդիւնքի բաշխման եւ սոցիալական արդարութեան հիմնահարցերի անտեսումը մեծացնելու է հասարակութեան բեւեռացումը, խորացնելու է հարուստների եւ աղքատների միջեւ գոյութիւն ունեցող անդունդը՝ վտանգելով հասարակութեան համերաշխութիւնը:

Թէեւ կառավարութիւնն իր առջեւ նպատակ է դրել իրականացնել «տնտեսական յեղափոխութիւն», սակայն ծրագիրը չի պատասխանում, թէ ի՞նչ է հասկացւում այդ եզրոյթի տակ, ինչպէ՞ս է այդ «յեղափոխութիւնն» իրականացւելու եւ ի՞նչ արդիւնք է այն արձանագրելու: Տնտեսութեան տարեկան 5% ակնկալւող աճը, որն արձանագրւած է ծրագրում, բաւարար չէ կառավարութեան տնտեսական քաղաքականութիւնը յեղափոխական կոչելու համար:

Ծրագիրը մշակւել է պատասխանատւութիւնից խուսափելու եւ հանրութեանը հաշւետու չլինելու մօտեցմամբ` հակասելով իշխող ուժի բազմիցս հնչեցրած հաւաստիացումներին: Ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային կեանքի որակի բարելաւումը բնութագրող նպատակադրումներ եւ ժամկէտներ, գերիշխում են դեկլարատիվ բնոյթի յայտարարութիւններ: Այն պարունակում է ներքին հակասութիւններ ունեցող բազմաթիւ մտքեր:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն արձանագրում է, որ կառավարութեան ներկայացրած ծրագիրը բաւարար նախադրեալներ չի ապահովում «Զարգանալ՝ չզիջելով» կենսական սկզբունքի իրացման համար, եւ այն գնահատում է ժամանակի մարտահրաւէրներին ոչ համարժէք:

Վերը նշւած ամփոփ գնահատականների մանրամասներն ու հիմնաւորումները ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը կը ներկայացնի առանձին հարցազրոյցներով եւ հրապարակումներով:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

12.02.2019

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։