Հա

Ազգային

17/02/2019 - 12:53

Յատուկ պատգամ, որից հայ ժողովուրդը պէտք է հետեւութիւններ անի

«Առաւօտ»-ը  զրուցել է ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հետ:

«alikonline.ir»- «Առաւօտ»-ը  զրուցել է ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հետ:

Ադրբեջանական «Real TV» հեռուստաալիքի հետ զրոյցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է. «Այսօր աշխարհում գերիշխում է «ով ուժեղ է, նա ճիշտ է» սկզբունքը: Ուստի ուժային գործօնը միշտ եղել է եւ կը մնայ օրակարգում»: Արցախի հարցի կարգաւորման գործընթացում Ադրբեջանի ղեկավարը երբեք էլ չի թաքցրել իր ռազմական նկրտումները, սակայն ՀՀ նոր իշխանութիւնների հետ ընթացող «բանակցային գործընթացի» ֆոնին նման յայտարարութիւնը ի՞նչ է փաստում:

– Ես կարծում եմ, որ սա շատ խիստ եւ իւրայատուկ պատգամ էր՝ ոչ միայն ՀՀ իշխանութիւններին, ոչ միայն Արցախի իշխանութիւններին, այլեւ ողջ հայ ժողովրդին: Ինչպէս եւ 30 տարի առաջ, Արցախի հիմնահարցի հետ կապւած Ադրբեջանն այլ դիրքորոշումներ չի որդեգրել: Ուժային մեթոդով հարցը հանգուցալուծելու դիրքորոշումներն Ադրբեջանի ղեկավարութեան մոտ երեւան եկան 1990-ականներին, երբ խորհրդային պետութեան փլուզման շեմին հնարաւոր էր ամէն ինչ կարգաւորել սահմանադրական իրաւունքի նորմերից ելնելով: Ադրբեջանը որդեգրեց ռազմական ագրեսիան եւ ստացաւ այն, ինչ ունի: Եւ այն, որ զինադադարի պայմանագրի ստորագրումից յետոյ Ադրբեջանը շարունակում էր նոյն այդ հռետորաբանութեամբ իր քաղաքականութիւնը ոչ միայն սեփական ժողովրդին, ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում աւելի լսելի դարձնել, այսօր էլ նոյն ոճն է շարունակում: Զարմանալի, ինձ համար գոնէ, ոչինչ չկայ: Սա յատուկ պատգամ էր, որից պէտք է մենք հետեւութիւններ անենք՝ ոչ միայն առօրեայ, այլ նաեւ ապագայ քաղաքականութեանը միտւած: Ադրբեջանի կողմից նման դիրքորոշման հետեւանքն է նաեւ Ադրբեջանի շարունակական սպառազինումը, աշխարհաքաղաքական գործընթացներում եւ տարբեր երկրների հետ երկուստէք յարաբերութիւնների զարգացումը:

Իլհամ Ալիեւը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի այն դիրքորոշումը, որ Արցախի հակամարտութեան լուծման բանակցութիւններին պէտք է մասնակցի Արցախի ժողովուրդը, եւ յայտարարել, որ ի սկզբանէ թէ՛ ինքը, թէ՛ միջնորդները մերժել են Նիկոլ Փաշինեանի առաջ քաշած այն թէզը, որ Ադրբեջանը պէտք է բանակցութիւններ վարի ոչ թէ Հայաստանի, այլ Արցախի հետ: Նա յաւելել է, որ կայացել է բանակցութիւնների մի քանի փուլ, ինչը ցոյց է տալիս, որ սկզբնական փուլում Հայաստանի նոր ղեկավարութեան կողմից առաջ քաշւած սկզբունքները բացարձակապէս անընդունելի են: Ըստ Ձեզ՝ սրանք զուտ եւ հերթական մանիպուլեացիանե՞ր են Ադրբեջանի կողմից:

– Կը ներէք, բայց հարցին հարցով պէտք է պատասխանեմ. իսկ բանակցային գործընթաց, որպէս այդպիսին, կա՞յ:

Ամէն դէպքում, երկու երկրների արտգործնախարարները արդէն մի քանի հանդիպումներ են ունեցել, մի քանի հանդիպումներ էլ նախագահներն են ունեցել, անգամ 1.5 ժամ տեւողութեամբ, թէպետ ՀՀ վարչապետը դրանք որակում է ոչ պաշտօնական հանդիպումներ:

– Այո, իրաւացի էք: Բայց խնդիրը նաեւ այն է, որ Հայաստանի պաշտօնական շրջանակները փորձում են ներկայացնել, որ բանակցային գործընթաց, որպէս այդպիսին, չկայ, եւ այդ հանդիպումները որեւէ պաշտօնական բանակցային գործընթաց չեն: Այդ իսկ առումով թոյլ տւէք շրջանցել հարցը:

Իսկ Ձեր կարծիքով՝ բանակցային գործընթաց կա՞յ, թէ՞ ոչ:

– Այո, իմ կարծիքով՝ կայ: Երբ կան յարաբերութիւններ, երբ կան ճշգրտւած ձեւաչափեր, չեն կարող բանակցութիւններ չլինել: Բանակցութիւնները քաղաքականութեան մէջ չեն լինում միայն հրապարակային հանդիպումներով եւ առաջին դէմքերի մակարդակով: Բանակցային գործընթացը, պաշտօնականից զատ, ունի նաեւ ոչ պաշտօնական մաս: Ես կարծում եմ՝ այդ գործընթացն առկայ է, եւ այդ գործընթացի մասին պէտք է աւելի թափանցիկ եւ յստակ տեղեկատւութիւն ներկայացնել հանրութեանը:

Կռահո՞ւմ էք՝ ինչի շուրջ են բանակցութիւնները:

– Աւելի շատ մտահոգութիւններ ունեմ:

Որո՞նք են դրանք:

– Այս պահին չեմ ցանկանում մանրամասնել:

Իսկ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնները, կարծում էք, դեռ կենսունա՞կ են, թէ արդէն սպառւած են եւ անցեալ:

– Գիտէք, քաղաքական այս կամ այն իրավիճակներում կամ իրադարձութիւնների բերումով միշտ էլ հնարաւոր է նոր մօտեցումներ ցուցաբերել, եւ ողջունելի է պարոն Փաշինեանի կողմից օգտագործւած այդ պահը՝ նոր ձեւաչափ որդեգրելու եւ Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու: Մեզ մնում է միայն յուսալ:

Վերջերս ՊԲ նախկին հրամանատար Սամուէլ Բաբայեանը մեղադրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանին, որ 2017-ին նա պատրաստ է եղել տարածքները վերադարձնելու ծրագրին, ինչի մասին իրազեկել է նաեւ Արցախի էլիտային

– Ներող եղէք, պիտի ընդհատեմ ձեզ. այդ յայտարարութիւնների եւ գործընթացների հետ կապւած մենք որեւէ մեկնաբանութիւն չենք տւել, ձեր հարցին էլ մեկնաբանութիւն չեմ տալու:

Պատճառը ո՞րն է:

– Մեկնաբանութիւններ տւողներ եղել են: Մենք ունենք մեր գիծը եւ հաւատարիմ ենք մեր որդեգրած գծին:

2016 թւականի ապրիլեան պատերազմից յետոյ, Ձեր կարծիքով, հայկական պետութիւններում անհրաժեշտ դասեր քաղե՞լ են, պատրա՞ստ ենք Ադրբեջանի հետ պատերազմի:

– Միանշանակ պէտք է ասել՝ դասեր քաղել ենք, եւ այն փոփոխութիւնները, ինչ-որ տեսել ենք, տեսնում ենք եւ լինելով առաջնագծին շատ մօտ` շօշափում ենք, դա են փաստում: Որքանո՞վ ենք պատրաստ պատերազմի, ես կարծում եմ՝ մենք մեր պաշտպանութեան եւ անվտանգութեան համակարգը հզօրացնելու, զինանոցը համալրելու տեղ ունենք: Այդ առումով բացարձակ պատրաստւածութեան մասին չենք կարող խօսել: Բայց որ լուրջ դասեր քաղել ենք՝ միանշանակ է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։