Հա

Ազգային

27/02/2019 - 08:50

«Այսուհետ Ադրբեջանի ագրեսիւ իւրաքանչիւր քայլի դէպքում մեր սահմանը լրիւ այլ տեղ պէտք է գծւի». ՀՅԴ ԳՄ անդամ

Երէկ` փետրւարի 26-ին, Երեւանի Ազատութեան հրապարակում անցկացւեց «Հողեր չունենք տալու» կարգախօսով հանրահաւաքը` ի յիշատակ Սումգայիթի եւ Բաքւի ջարդերի 31-րդ տարելիցի:

«alikonline.ir» - Երէկ` փետրւարի 26-ին, Երեւանի Ազատութեան հրապարակում անցկացւեց «Հողեր չունենք տալու» կարգախօսով հանրահաւաքը` ի յիշատակ Սումգայիթի եւ Բաքւի ջարդերի 31-րդ տարելիցի: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Հաւաքի մասնակիցները, որոնց թւում էին մեծ թւով ազատամարտիկներ, հաւաքւեցին Ծիծեռնակաբերդում, որտեղից անմար կրակից վառւած ջահերով շարժւեցին դէպի Ազատութեան հրապարակ: Այստեղ ելոյթ ունեցան մի շարք ազատամարտիկներ, այդ թւում`ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Եղիազարեանը: Նա նշեց, որ այս հաւաքի միջոցով խօսք են ուղղում աշխարհին եւ Հայաստանի իշխանութիւններին:

«Սա իշխանութեան ւ ընդդիմութեան խնդիր չէ: Այս հաւաքը տեսակի խնդիր է` հայ ազգի այն տեսակի, որի համար հայրենիքը բացարձակ արժէք է: Ցաւօք, մի 20 տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ կը գայ ժամանակ, երբ վիճահարոյց կը լինի  հայրենիք հասկացութիւնը: Հայրենիքը բացարձակ արժէք է, այն չեն ընտրում: Կորցրած լինելով մեր պատմական հայրենիքի 90 տոկոսը` իրաւունք չունենք մեր յիշողութիւնից ջնջելու այն»,- ասաց Արթուր Եղիազարեանը:

Նա անդրադարձաւ Արցախի տարածքների խնդրին` ասելով, որ որոշ ուժեր այն դարձրել են վիճահարոյց թեմա: Արթուր Եղիազարեանը յայտարարեց, որ այսօր Արցախում գոյութիւն չունի գրաււած կամ ազատագրւած տարածք, կայ Արցախի Հանրապետութիւն` իր վարչական շրջաններով, իր Սահմանադրութեամբ, եւ այդ թեման քննարկման ենթակայ չէ:

«Ադրբեջանը մեր հակառակորդը չէ, այլ` թշնամին: Նրանց կատարած վայրագութիւններն ապացուցում են, որ նրանք մեզ ատող տեսակ են: Մենք չենք ընտրել պատերազմը, մեզ այն պարտադրել է Ադրբեջանը` Բաքւի ու Սումգայիթի ջարդերը կազմակերպելով: Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետութեան կազմում, մի պետութեան, որը գոյութիւն չի ունեցել»,- յայտարարեց Արթուր Եզիազարեանը` պատմական էքսկուրսում ներկայացնելով Ադրբեջանի պետութիւն արհեստական կազմաւորման պատմութիւնը:

«Այն սահմանը, որը գծւած է այսօր Արցախի ու Ադրբեջանի միջեւ, նւազագոյն անվտանգութեան սահմանն է, եւ վիճարկել որեւէ թիզ, որեւէ մետր հողի հարցը` ուղղակի չի կարելի: 1994-ից առ այսօր այս յարաբերական խաղաղութիւնն այդ սահմանների արդիւնքն է: Յաջորդ անգամ Ադրբեջանի ագրեսիւ յիւրաքանչիւր քայլի դէպքում մեր սահմանը լրիւ այլ տեղ պէտք է գծւի, ու դա պէտք է լինի մեր պետութեան դոկտրինը»,- շեշտեց Արթուր Եղիազարեանը:

Նրա խօսքով` այսօր կեղծ օրակարգով մարդիկ կան, որոնք ասում են, թէ մենք պատերազմասէր ենք, մինչդեռ իրենք` խաղաղասէր: «Նրանք ստում են, կեղծում են: Այս ազատամարտիկներից շատ որեւէ մէկը խաղաղութիւն չի ուզում, որովհետեւ նրանք պատերազմում ընկերներ են կորցրել, տեսել են այդ դժւարութիւնները, անցել են փորձութիւնների միջով: Տւողին չեն յարգում, տւողին ուրիշ բան են անում, ուրեմն` մենք տալու ոչ մի բան չունենք: Մենք անգամ բանակցելու ոչինչ չունենք Ադրբեջանի հետ, բացառութեամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի»,- ասաց Արթուր Եղիազարեանը` յաւելելով, որ Արցախը Հայաստան է,  ու դա բոլորիս մտքի մէջ է, եւ վաղ թէ ուշ, ունենալու ենք միացեալ, ազատ, անկախ Հայաստան` Արցախով հանդերձ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։