Հա

Ազգային

05/03/2019 - 13:50

Կառավարութեան ծրագիրը՝ չկտրած ձմերուկ

Օրերս հրապարակւեց կառավարութեան` 2018 թւականի ծրագրի կատարողականի զեկոյցը: Համեմատելով ծրագիրը դրա ընթացքի եւ արդիւնքների մասին զեկոյցի հետ՝ ակամայից յիշում ես յայտնի արտայայտութիւնը՝ չկտրած ձմերուկ: Ցաւօք, կտրելուց յետոյ էլ այն փաստացի չի արդարացնում օբեկտիւ սպասումները:

Օրերս հրապարակւեց կառավարութեան` 2018 թւականի ծրագրի կատարողականի զեկոյցը: Համեմատելով ծրագիրը դրա ընթացքի եւ արդիւնքների մասին զեկոյցի հետ՝ ակամայից յիշում ես յայտնի արտայայտութիւնը՝ չկտրած ձմերուկ: Ցաւօք, կտրելուց յետոյ էլ այն փաստացի չի արդարացնում օբեկտիւ սպասումները:

Անդրադառնանք ծրագրի եւ կատարողականի «Աղքատութեան յաղթահարում, սոցիալական աջակցութիւն» բաժիններին: Տեսնենք՝ ծրագրով ի՞նչ էր խոստացել կառավարութիւնը, եւ փաստացի ի՞նչ է արւել:

Ըստ ծրագրի` կառավարութեան համար գերակայ է լինելու բնակչութեան կենսամակարդակի էական բարելաւումը, զբաղւածութեան շարունակական աճը, կենսաթոշակների եւ աշխատավարձերի իրական աճը, բեւեռացման մեղմումը, աղքատութիւն ծնող ռիսկերի դէմ կանխարգելիչ գործունէութիւնը։ Կառավարութեան նպատակը լինելու է սոցիալապէս անապահով ընտանիքներին ցուցաբերւող օգնութեան հասցէականութիւնը, արդարացիութիւնը եւ արդիւնաւէտութիւնը։ Էականօրէն վերանայւելու են կենսաթոշակների սկզբունքները, այդ թւում՝ դիտարկելով կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակայարմարութիւնը։ Կառավարութիւնը ծնելիութեան խրախուսման եւ բազմազաւակ ընտանիքների սոցիալական աջակցութեան արդիւնաւէտութեան բարձրացման համար իրականացնելու է արագ եւ արդիւնաւէտ միջոցառումներ, մասնաւորապէս` աւելանալու են երեխայի ծննդեան նպաստները, բազմազաւակ ընտանիքներին տրամադրւող արտօնութիւնները եւ օժանդակութիւնները:

Փաստ է, որ մեր երկրում աղքատութիւն ծնող հիմնական գործօններից են գործազրկութեան պահպանվող բարձր իրական մակարդակը, ինչպէս նաեւ աշխատանքի վարձատրութեան ցածր մակարդակը: Վերջինիս արդիւնքում ունենք աշխատող աղքատների էապէս բարձր ցուցանիշ՝ աշխատողների շուրջ 25 տոկոսն աղքատ է: Սա նաեւ ապախթանում է օրինական հիմքով կայուն աշխատանքը:

Պետութեան ձեռքում այս ուղղութեամբ կան շուկային միջամտելու անհրաժեշտ գործիքներ՝ ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտներն առաջանցիկ աւելացնելու եւ, յատկապէս, երկարատեւ գործազուրկներին կայուն աշխատանքով ապահովելու համար: Պետական կարգաւորման եւ աջակցութեան առաջնային այս գործիքներն են՝

- զբաղւածութեան աջակցութեան պետական ծրագրերը, որոնց ամփոփ արդիւնքները սահուն կերպով անտեսւած են կատարողականի զեկոյցում, իսկ իրականում, նախորդ տարւայ համեմատ, 2019 թւականի պետական բիւջէում հաշմանդամութիւն ունեցող անձանց զբաղւածութեան ծրագրերին ուղղւող ֆինանսական միջոցները կրճատւել են աւելի քան երկու անգամ, շահառուների թիւը՝ աւելի քան չորս անգամ, 

- նւազագոյն ամսական աշխատավարձի չափի կարգաւորումը, որը չի բարձրացել արդէն շուրջ երեք տարի եւ շարունակում է ցածր մնալ կենսապահովման նւազագոյն զամբիւղի աւելացող արժէքից, ընդ որում՝ կառավարութեան նոր ծրագրով 2019 թւականին եւս նւազագոյն աշխատավարձի բարձրացում նախատեսւած չէ,

- պետական հատւածում աշխատողների աշխատավարձը, որը չի բարձրացել նախորդ շուրջ երեք տարիներին, թէեւ արդէն մեկնարկել է աշխատատեղերի կրճատումների գործընթացը, այս դէպքում եւս՝ կառավարութեան նոր ծրագրով 2019 թւականին պետական հատւածի աշխատավարձերի բարձրացում նախատեսւած չէ,

- եկամտայարկի քաղաքականութիւնը, որի վերաբերեալ առաջ քաշւող փոփոխութիւններն էլ իրականում աւելի են խորացնելու եկամուտների բեւեռացման բարձր աստիճանը, մասնաւորապէս՝ կառավարութիւնը նախատեսում է գործող եկամտայարկի եռաստիճան պրոգրեսիւ սանդղակը համահարթեցնել եւ աշխատող աղքատների յարկային բեռը թողնել նոյնը՝ 23 տոկոս, փոխարէնը էապէս նւազեցնել բարձր եկամուտ ունեցողների եկամտայարկի դրոյքաչափը՝ 36 կամ 28 տոկոսից դարձնելով 23 տոկոս:

Կառավարութեան ծրագրի կատարողականի զեկոյցում նշւած է կուտակային կենսաթոշակային համակարգում իրականացւած փոփոխութիւնը, ըստ որի՝ շուրջ 209 հազար քաղաքացու ծախսային բեռն էականօրէն նւազել է: Իրականում ցածր եկամուտ (օրինակ՝ մինչև 150 հազար դրամ) ունեցողների համար այն նւազել է ոչ թէ էապէս, այլ ընդամէնը 2-3 հազար դրամով: Փոխարէնը կենսաթոշակային համակարգում կուտակային բաղադրիչն առաւել արմատաւորւում է՝ շարունակաբար աւելացնելով այս ուղղութեամբ պետութեան անարդիւնաւէտ ծախսերը, որին, ի դէպ, նախկինում սկզբունքօրէն դէմ էր նաեւ ներկայումս իշխանութեան եկած քաղաքական ուժը:

Կատարողականի զեկոյցում նշւում է նաեւ, որ շուրջ 85 հազար անձանց համար տարբեր տեսակի կենսաթոշակների եւ նպաստների նւազագոյն չափը բարձրացւել եւ սահմանւել է 25500 դրամ: Իրականում այս չափը եւս շարունակում է էապէս ցածր մնալ կենսապահովման նւազագոյն զամբիւղի աւելացող արժէքից: Աւելին՝ այս չափից ցածր ստացող կենսաթոշակառուները կազմում են ընդհանուրի միայն 14 տոկոսը, եւ նրանց զգալի մասն աղքատ չէ, իսկ դրանից բարձր ստացողների մէջ էլ կան մեծ թւով աղքատ կենսաթոշակառուներ, որոնց կենսաթոշակը չի բարձրացւել: Այս փոփոխութիւնը խնդրայարոյց է նաեւ սոցիալական արդարութեան տեսանկիւնից՝ կենսաթոշակի չափի վրայ աշխատանքային ստաժի ազդեցութեան բաղադրիչն էապէս նւազեցւում է:

Կառավարութիւնն իր ծրագրի կատարողականով փաստում է՝ ծնելիութեան խրախուսման նպատակով եռապատկւել է երկրորդ երեխայի ծննդեան միանւագ նպաստի չափը՝ 50 հազարից դրամից այն դարձել է 150 հազար դրամ: Այս փոփոխութիւնը դրւած նպատակի իրացման տեսանկիւնից առաջացնում է առարկայական որոշ հարցեր, որոնք այդպէս էլ մնացին անպատասխան: Մասնաւորապէս՝ 100 հազար դրա՞մ էր պակասում, որ ընտանիքներում ծնւեն երկրորդ երեխաները: Գնահատւա՞ծ է այս փոփոխութեան իրական ազդեցութիւնը ծնելիութեան ցուցանիշի աւելացման վրայ, թէ՞ սա կը դառնայ պետական բիւջէից կատարւող անարդիւնաւէտ հերթական ծախսը:

Միւս կողմից` յատկանշական է նաեւ, որ ինչպէս կառավարութեան նախորդ ծրագրի կատարողականի զեկոյցում, այնպԷս էլ օրերս հաստատւած` կառավարութեան հնգամեայ նոր ծրագրում ոչ մի խօսք չկայ բազմազաւակ ընտանիքներին պետական աջակցութեան մասին, որն, ի դէպ, ՀՀ Սահմանադրութեան պահանջն է եւ ժողովրդագրական զարգացման առումով ունի օբեկտիւ անհրաժեշտութիւն: Չմոռանանք նաեւ նշել, որ ներկայումս իշխանութեան եկած քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրով խոստանում էր 20 տարում կրկնապատկել մեր երկրի բնակչութեան թիւը:

 

Թադէոս Աւետիսեան

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։