Հա

Ազգային

11/03/2019 - 10:50

Հայաստան-Իրան երրորդ ԷՀԳ-ի շինարարութիւնը մինչեւ աշուն կաւարտի

Էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարութիւնը մեկնաբանել է Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարութիւնը։

«alikonline.ir» - Էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարութիւնը մեկնաբանել է Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարութիւնը։

Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) եւ համապատասխան ենթակայանի կառուցման աշխատանքների աւարտի ժամկէտ է սահմանւել է 2019 թւականի սեպտեմբերի 1-ը։ Այս մասին յայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարութիւնը` ի պատասխան «Sputnik» Արմենիայի՝ հարցմանը։

«Փետրւարի 2-ին ծրագրի գլխաւոր կապալառու իրանական «Sunir» ընկերութեան, պատւիրատու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի է ունեցել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի եւ համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի խնդիրների քննարկում, որի արդիւնքում ստորագրւել է աշխատանքների իրականացման նոր ժամանակացոյց` աշխատանքների աւարտի ժամկէտ սահմանելով 2019 թ.-ի սեպտեմբերի 1-ը»,- գրւած է հաղորդագրութեան մէջ։

Նախարարութիւնից յայտնել են նաեւ, որ այժմ իրականացւում են սարքերի եւ սարքաւորումների ներկրման աշխատանքներ, իսկ շինարարութիւնը կը վերսկսւի` կախւած եղանակային պայմաններից։

ԷՀԳ-ի հետ նախատեսւում էր նաեւ կառուցել Նորաւան եւ Դդմաշէն ենթակայանները։

«Դդմաշէնի ենթակայանը դեռ չի կառուցւել։ Այն նախատեսւած է իրականացնել Կովկասեան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագրի շրջանակում։ Դդմաշէնի կայանի կառուցման նպատակայարմարութիւնը կորոշւի ծրագրի տեխնիկական լուծումների արդիւնքում։ Նորաւան ենթակայանի կառուցման աշխատանքներն ընթացքի մէջ են, դրանք իրականացւում են Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի ծրագրի շրջանակում»,- գրւած է հաղորդագրութեան մէջ։

Հարցին, թէ նախատեսւո՞ւմ է այնպիսի ենթակայան կառուցել, որը կը միաւորի Իրան եւ Վրաստան գնացող բարձրավոլտ գծերը, նախարարութիւնից յայտնեցին, Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան 400 կՎ օդային գծերի միացման տեխնիկական հարցերը քննարկման փուլում են։

«Նախկին նախագծերով որպէս միացման կէտ նախատեսւած էր ԴԴՄաշէնի ենթակայանը»,- նշւած է հաղորդագրութեան մէջ։

Ինչպէս աւելի վաղ յայտարարել էին Էներգետիկայի նախարարութեան ներկայացուցիչները, Հայաստան-Իրան 400 Կվ լարւածութեամբ ԷՀԳ-ի կառուցումը պէտք է աւարտւէր 2018 թւականին։ Սակայն գործընթացը ձգձգւեց։

Յիշեցնենք, որ դէպի Իրան գնացող գիծը կառուցւում է Իրանի միջոցներով։ Նախագծի համար նախատեսւած 107.9 մլն. եւրոյի 77%-ը տրամադրել է Իրանի արտահանման եւ զարգացման բանկը, 23%-ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերութիւնը։

Նոր գիծը թոյլ կը տայ եռակի (ներկայիս 350 ՄՎտ) մեծացնել թողունակութիւնը Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի սնուցման համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։