Հա

Ազգային

18/03/2019 - 09:50

Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ

«Factor.am»-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

«alikonline.ir» - «Factor.am»-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

 

- Պարոն Սարգսեան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութեանը յաջորդեց Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստը: ՀՅԴ-ն ինչպէ՞ս է գնահատում համանախագահների եւ Հայաստանի ղեկավարի յայտարարութիւնը:

- Մենք միանշանակ դէմ ենք Մադրիդեան սկզբունքներին եւ այն հիմնական կէտերին, որ դրւած է բանակցութիւնների սեղանին: Մենք կողմ ենք, որ պէտք է խաղաղ ճանապարհով լուծւի: Ողջունում ենք Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստը: Առաջին անգամ բաց ձեւով քննարկւեցին սկզբունքները, որոնցով պէտք է շարունակւեն բանակցութիւնները: Ոչ թէ բանակցութիւններից յետոյ ինֆորմացիա տրւեց արդիւնքների մասին, այլ քննարկւեցին սկզբունքները: Մենք կողմ ենք, որ Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ:

 

- Համանախագահները յայտարարում են, որ պէտք չէ բանակցային գործընթացի վերաբերեալ յայտարարութիւններ անել, որոնք համաձայնեցւած չեն հակառակ կողմի հետ` նկատի ունենալով Արցախին բանակցութիւններում ներգրաւելու հայկական փորձերը: Այս երկու տարբեր մօտեցումներն ինչի՞ կը յանգեցնեն:

- ՀՀ-ն առաջ է քաշել նոր գաղափար եւ ոչ թէ ենթարկւում է Մինսկի խմբի համանախագահների առաջադրած պայմաններին, այլ առաջարկում է նոր սկզբունքներ: Հայաստանն ինքն է առաջադրում, թէ ֆորմատը ինչպէս պէտք է լինի: Մինսկի խմբի յայտարարութիւնն այս փուլում պայմանաւորւած է այն հանգամանքով, որ Հայաստանի կողմից հնչեցւել է նոր գաղափար: Այն փոփոխութիւնները, որոնք առաջարկում է Հայաստանը, հիմնականում ճիշտ են եւ պէտք է զարգացնել:

 

- Սահմանի զօրավարժութիւններն Արցախում մտահոգութիւններ առաջացնո՞ւմ են:

- Մենք զգուշանում ենք, վերլուծում ենք, բայց չէի ասի, որ լուրջ մտահոգում է: Այնքան քաղաքական խաղեր ու զօրավարժութիւններ ենք տեսել, որ արցախցին կարողանում է լաւ կողմնորոշւել: Պէտք է զգուշանալ եւ պատրաստւել ամէն ինչի:

 

- Պարոն Սարգսեան, արցախցին մի իրավիճակում է, որ իր ճակատագիրը պէտք է որոշեն այլ պետութիւնները: Այս իրավիճակն ինչպէ՞ս էք գնահատում:

- Արցախի ժողովրդի ճակատագիրը պէտք է որոշւի Արցախի համապատասխան ղեկավարութեան մասնակցութեամբ:

 

- Պարոն Սարգսեան, առաջիկայում ընտրութիւններ են: Դաշնակցութիւնը պատրաստւո՞ւմ է, նախագահի հաւանական թեկնածուներ ունէ՞ք:

- Մենք կողմ ենք, որ առաջիկայ քաղաքական ընտրութիւններում լինի ծրագրային պայքար, ոչ թէ անհատական պայքար: Անհատական պայքարը չի բերում նրան, ինչը որ ժողովուրդը երազում է: Դաշնակցութիւնն ունի նախագահի երեք-չորս թեկնածուներ, բայց ՀՅԴ-ն այնպիսի կուսակցութիւն է, որ չի բացառւում, որ առաջադրի անկուսակցական թեկնածուի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։